Երբ փոփոխությունը գետանցից առաջ է – Ինքնաթարմացում՝ խորհրդարանական Հայաստան մտնելիս… (այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այսօր իրական ընդդիմությունից զուրկ իշխանությունը վերարտադրելու տանող իշխող կուսակցությունը – ՀՀԿ ընտրացուցակի մանրամասները եւ առաջին եռյակի, հնգյակի, տասնյակի … ռազմավարությունը)…

Ապրիլի 2-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Հաստատած ժամանակացույցի համաձայն, առաջադրումների վերջին օրը, ԿԸՀ իրենց փաստաթղթերն են ներկայացրել Հանրապետական, Հ.Յ.Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» եւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունները: Իսկ դաշինքները, որոնք նույնպես ներկայացրել են առաջադրման փաստաթղթեր, հետեւյալն են՝ «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:

«Լուսանցք»-ը անդրադարձել է իշխանական եւ ընդդիմադիր ուժերի անցյալին ու ներկային (ինչից բխում է նրանց ապագան) եւ տեսակետը նույնն է. ինչպես նախորդ ընտրություններին, այնպես էլ այս՝ իշխանական եւ ընդդիմադիր հռչակված ուժերը նույն մարմնից պոկված, անձնավորվելով տարբերակված կտորներ են, որ արդեն հոգնեցնում են մոտ 25 տարի… Ասել եւ ասում ենք՝ իշխանության եւ այսօր արձանագրված ընդդիմությունների «նախնիները» Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են (ովքեր եւս նույն մարմնից են զատվել) եւ այսօր բոլոր գրանցված ուժերը պտտվում են նրանց շուրջը:

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանը զարմանում է ստեղծված քաղաքական դաշտի վրա. «Մարդիկ դաշինք են կազմում առանց գաղափարախոսության: Միայն ու միայն հայտնվեն Ազգային Ժողովում, մոտենան կերակրատաշտին, ուրիշ բան չկա, եւ ժողովրդին գցում են թյուրիմացության մեջ: Ո՞նց կարող է երեկվա իշխանության մեջ կարեւոր դերակատարություն ունեցող անձնավորությունը մի օր հետո դառնա ընդդիմություն: Այդպիսի բան չի կարող լինել: Ո՞նց կարող է միանան 2-3 կուսակցություն, որոնց գաղափարախոսությունը լրիվ տարբեր է. կամ ընդհանուր առմամբ գաղափարախոսության մասին կարծիք լինել չի կարող: Մենք դեմ ենք եւ նման ընդդիմությանը, նման մարդկանց, նման կուսակցություններին, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին»,- ասել է Կոմկուսի նախագահը:

Չնայած պետք է նրան էլ հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզումից եւ համայնավարական-կոմունիստական կարգերի վերացումից հետո (մինչ այդ էլ) բռնատիրական ու անհավատ կարգերի պաշտպան հարյուրավոր կոմունիստներ դարձան ժողովրդավար-ՀՀՇ-ականներ, ապա ազգային-անկախականներ, հետո պահպանողական-քրիստոնյաներ, այժմ արդեն մտնում են հայ ազգայնական ոլորտ, որպես ազգային գաղափարախոսության կրողներ… Դրա ամենավառ օրինակներից մեկը վքաղուց ժողովրդավար եւ քրիստոնյա Խոսրով Հարությունյանն է, ով վերստին հանգրվանել է ՀՀԿ եվրոպական պահպանողական եւ նժդեհյան ցեղակրոն գաղափարակիր կառույցի ընտրացուցակում…  

Այնպես որ, ներքին թարմացումները շարունակող ՀՀԿ-ն, որպես իշխանական կազմակերպություն, ինքն էլ իր միակ ընդդիմադիրն է այսօր՝ ներկայիս նախընտրական ընդդիմադիր ամպագոռգոռ ուժերի համապատկերին:

Ինչեւէ, քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին եւ կտեւի մինչեւ մարտի 31-ը:

* * *

Հայաստանը մոտենում է խորհրդարանական երկիր դառնալու կարգավիճակին, ինչպես Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան եւ այլ՝ արեւմտյան քաղաքակրթության հետեւորդ երկրներ աշխարհի տարբեր մայցամաքներում: Բայց դա չի նշանակում, որ այս համակարգը Հայաստանին դարձնելու է տնտեսապես հզոր Գերմանիա կամ Ճապոնիա: Նման խնդիրը պետական համակարգի ձեւով չի լուծվում, Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը կամ Չինաստանը նախագահական երկրներ են եւ աշխարհր առաջատարներն են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում:

Եվ մեր երկրի տնտեսական զարգացումը խորհրդարանական երկրի անցման հետ պայմանավորելը հիմնարար տեսություն չէ: Բայց այն փաստը, որ թշնամիներով շրջափակված Հայաստանը պիտի լիներ կենտրոնաձիգ ու խիստ նախագահական (ոչ ներկայիս կիսանախագահական) երկիր, որպեսզի առավել հավաքված եւ կենտրոնացված դիմակայեր դեռ սպասվող փորձություններին, հիմնարար տեսություն է եւ դեռ կզգանք դրա կարիքը:

Անգամ կիսանախագահական համակարգում օտարերկրացիների ներդրած բազմակարծությունը (որը ոչ մի կապ չունի հայկական շահերի բազմակարծության հետ) մեջ-մեջ է արել Հայաստանի քաղաքական բնագավառը, ինչը ավելի կխորանա խորհրդարանական բազմակարծության ներդրմամբ: Չպետք է մոռանալ, որ չնայած վերոնշյալ քաղաքական ուժերը ՀՀ 1-3 նախագահների շրջակայքում են գործում, բայց նաեւ օտար սնուցումներին դեմ չեն… Ինչի ականատեսն ենք արդեն իսկ:

* * *

Իսկապես ՀՀԿ-ն լուրջ քայլ է կատարել այս ընտրությունների շեմին եւ նախորդ ընտրացուցակներից տարբերվող ընտրացուցակ է ներկայացրել: Մի փաստ էլ կա, որ պիտի նշենք, այն է, որ ընտրացուցակը նաեւ երիտասարդականացվել է: Երիտասարդ այն ՀՀԿ-ականները, ովքեր քաղաքականության մեջ մտան տարիներ առաջ, ովքեր կայացան որոշակիորեն, այսօր առաջնային դիրքերում են եւ որոշակիորեն տարբերվում են նաեւ իրենց մտածելակերպով:

Մի բան կիսատ արվեց մեր կարծիքով: Եթե ՀՀԿ-ն գնում էր այս քայլին, ապա երիտասարդականացմանը զուգահեռ պիտի կատարեր նաեւ իրական թարմացում, նոր մարդկանց, ովքեր երկրի քաղաքական դաշտում կայուն դիրքեր ունեն, համեմատաբար ավելի մաքուր են, ներգրավեր երիտասարդականացվող կուսակցության մեջ եւ ամրացներ ազգային դիմագիծը:

Դա չարվեց, ինչը նշանակում է, որ մտածողությամբ իրենց հներից որոշակիորեն տարբերվող երիտասարդները իրենց կողքին նոր եւ թարմ մարդկանց բացակայությամբ կարող են ներքաշվել հների ստեղծած ճահճի մեջ: Դեռ ուշ չէ, անգամ խորհրդարանական ընտրություններից հետո դա կարելի է անել գործադիր մարմնում եւ այլ ոլորտներում: Առավել ես, ո ՀՀԿ-ն վաղուց է խոսում ազգային համաձայնության կառավարության մասին:

Դեռ ամիսներ առաջ էր խոսվում, որ շատ գործարարներ եւ մականունավորներ կբացակայեն ՀՀԿ ընտրական ցուցակից ինչպես՝ Ռուբեն հայրապետյանը (Նեմեց Ռուբո), գեներալ (Սարոյան) Սեյրանը եւ այլ «գեներալացուներ», Գագիկ Բեգլարյանը (Չոռնի Գագոն, չնայած նրա եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը 101-րդն է) եւ այլք: Իսկ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն), Առաքել Մովսիսյանը (Շմայսը), Տիգրան Արզաքանցյանը եւ Հակոբյան Հակոբը (Թունելի Հակոբը) եւ այլք համապատասխանաբար 73, 91, 130, 142 եւ 147 եւ ավելի բարձր տեղերում են, ինչը անցողիկ համարվել չի կարող: Հին «գվարդիականները» այսքան վատ վիճակում չեն, սակայն «պրիստիժնի» եւ ապագային նայող տեղերում չեն ինչպես՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (11), ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը (12), Գագիկ Մինասյանը (13), Սամվել Նիկոյանը (14), ԵԿՄ նախագահ Մանվել Գիրգորյանը (Գեներալ Մանվելը) (17), եւ ուրիշներ:

Այլ կուսակցություններ ներկայացնող, բայց անցողիկ տեղերում են հավերժ ՀՀԿ-ականներ Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հայկ Բաբուխանյանը, ովքեր հաջորդում են երկրապահ գեներալին, նրանք 18, 19 եւ 21 հորիզոնականներում են: Զարմանալի չէ, որ նրանց մեջ է «տեղավորվել» նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը՝ Շուշան Սարդարյանը, ով բոլորովին վերջերս է ՀՀԿ-ական դարձել: Շուշան Սարդարյանը նախկինում ՀՀԿ-ական գործ արել է՝ կենտրոնական շտաբում մամուլի հետ աշխատելով: Զարմանալի է, որ անցողիկ՝ 20-րդ տեղում է:

Կարելի է նոր կարգավիճակներ եւս հավելել ու ներկայացնել, սակայն շատ բան չի փոխվի դրանից: Այնուամենայնիվ, ինչ որ բան սկսել է շարժվել, որը գուցե շարունակվի ընտրություններից հետո էլ:

Հատկապես նշենք այն փաստը, որ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծված կերպով չնշանակեց նախընտրական շտաբի պետ: Երկար տարիներ այդ գործը վստահում էին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով զարմանալիորեն, ոչ իրեն հատուկ բնույթով, ընդգծված՝ անզգույշ եւ մեծամիտ կեցվածք որդեգրեց ու առհասարակ դուրս հրավիրվեց ՀՀԿ-ից…

Մեր կարծիքով, շտաբի պետի «դե ֆակտո» ստվերային պարտականությունները կիրականացնի վարչապետ Կարեն Կարապետյանը, ով դրա համար ազատվել է նախընտրական ցուցակում ընդգրկվելու եւ գործելու պարտականությունից եւ կզբաղվի կազմակերպչական ու քարոզչական գործունեությամբ: Բայց շտաբի «դե յուրե» ստվերային պարտականությունները կկատարի նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս համապատկերին առավել հետաքրքիր են դարձել ՀՀԿ ընտրացուցակի առաջին եռյակը, անգամ առաջին հնգյակն ու տասնյակը ունեն որոշակի հետաքրքրություններ: 1-3 կազմը՝ Վիգեն Սարգսյան (Պաշտպանության նախարար), Տարոն Մարգարյան (Երեւանի քաղաքապետ) եւ Արփինե Հովհաննիսյան (Արդարադատության նախարար) իսկապես անսպասելի էր:

Վիգեն Սարգսյանը լինելով 1-ինը, հսկայական հնարավորություններ է ստանում ապագայում իր առաջխաղացման համար:

Բայց նախ եւ առաջ դիտարկվում է որպես երկրի նախագահի ամենավստահելի մարդկանցից մեկը: Որպես այդ մարդկանցից մեկը՝ կարելի է դիտարկել նաեւ Տարոն Մարգարյանի 2-րդը լինելու կարգավիճակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր տարիների 2-րդ հորիզոնականը Հովիկ Աբրահամյանինն է եղել, այս դեպքում Տարոն Մարգարյանի քաղաքական կշիռը կրկնապատկվել է: Բացի այս՝ Երեւանի քաղաքապետը առավել հաճախ էր հայտնվում Սերժ Սարգսյանի կողքին ամենատարբեր միջոցառումներում, անգամ եթե դա արարողակարգային «պահանջ» չի եղել, ինչը նույնպես ցուցանիշ է մեր քաղաքական կյանքում: Տարոն Մարգարյանը նաեւ վերընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, ինչը եւս գործուն պայման է այս դեպքում:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի հաջորդ ընտրությունները կհետեւեն խորհրդարանական ընտրություններին, եւ այդ պաշտոնին դեռ ամիսներ առաջ հավակնում էին նաեւ Հովիկ Աբրահամյանի տղան, ով Գագիկ Ծառուկյանի փեսան է, ինչպեսեւ՝ Գագիկ Բեգլարյանը, ով ներկուլիսային զրույցներում խոսում էր արդեն որպես հաղթանակած քաղաքապետ: Սակայն, Տարոն Մարգարյանն այսօր թերեւս անմրցակից է, եւ եթե ավելի բարձր պաշտոն չառաջարկի նրան երկրի նախագահը, ապա Երեւանի քաղաքապետի ընտրություններում նրա հաղթանակը գրեթե անկասելի է:

Ցուցակում 3-րդը Արփինե Հովհաննիսյանն է: Այս առումով դժվար է միանշանակ խոսել արդարադատության նախարարի եւ երկրի նախագահի փոխվստահության մասին, ինչպես առաջին երկու դեպքերում էր առկա, սակայն նախարարը ապացուցեց, որ կարող է գործել նաեւ անկախ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կամքի բավարարման, եւ կարող է հանդես գալ որպես մտավոր ունակություններ ունեցող կին պաշտոնյա, ով ոչ միայն կպաշտպանի պետության շահերը, այլեւ ունի ժամանակակից եւ գեղեցիկ երեւալու շնորհ: Այս վերջինը եւս հարգի է եվրոպական չափանիշների սանդղակում:

Ստացվում է այսպես՝ առաջին եռյակը ՀՀԿ դեմքը ցույց է տալլիս այլ կերպ: 2012թ. ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Սերժ Սարգսյանը, 2-րդում Հովիկ Աբրահամյանն էր, 3-րդում՝ Տիգրան Սարգսյանը, երկրի նախագահը, խորհրդարանի եւ կառավարության ղեկավարները: Նշանակում է՝ 2017թ. ՀՀԿ դեմքը այսօրինակ խորհուրդ ունի: Վիգեն Սարգսյանը ժամանակին լինելով Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, հսկայական փորձ ունի համապետական նաեւ (համահայկական) կազմակերպչական, ռազմավարական, քաղաքական ու գաղափարախոսական կարեւորագույն ոլորտներում, այժմ՝ լինելով պաշտպանության նախարար, իր փորձին հավելում է ռազմա-պաշտպանական ու անվտանգության բնագավառների ունակությունները: Տարոն Մարգարյանը ինքնահաստատված է պետական կառավարման ոլորտում, զբաղվելու է կուսակցական մեծածավալ գործունեությամբ, ՀՀԿ Երեւանի կառույցի պատասխանատուն է փաստացի: Արփինե Հովհաննիսյանը կարողացավ իրեն դրսեւորել երկրի դատա-իրավական ոլորտում, նաեւ օրենսդրական բնագավառում, ազատ է նաեւ միջազգային շփումներում:

Եթե դիտարկենք առաջին հնգյակը, ապա Արա Բաբլոյանը (4) եւ Արմեն Ամիրյանը (5) գալիս են լրացնելու ՀՀԿ-ի դեմքը փոխելու քաղաքականությունը: Առողջապահության եւ մշակույթի ոլորտի այս գործիչները հայտնի են եւ մասնագիտական առումով ընկալելի: Սա մտածված միջանկյալ քայլ է, որը հաջորդ հնգյակից առաջ ՀՀԿ-ի նոր՝ մտավորականության հետ համատեղ առաջ գնալու խորհուրդ ունի: Քանի որ տասնյակի երկրորդ կեսում քաղաքական գործիչներ են, որ չնայած ավագ չեն, բայց փորձառու են՝ Արմեն Աշոտյանը (6), էդուարդ Շարմազանովը (7), Մարգարիտ Եսայանը (8), Սամվել Ֆարմանյանը (9) եւ Կարեն Ավագյանը (10): Նշենք նաեւ, որ առաջին եւ երկրորդ հնգյակներում ներկա 2 կին գործիչները քաղաքականության մեջ մասնագիտական առումով էլ առաջնային համարվող մասնագիտություն ունեն՝ Արփինե Հովհաննիսյանը իրավագիտական, Մարգարիտ Եսայանը՝ լրագրողական ոլորտներում:

Ներկա առաջատար գործիչները տեղավորվել են տասնյակից դուրս եւ դա հետագայի գնահատական է: Այսինքն հարգվել է նրանց ներդրումը կուսգործունեության մեջ, բայց ապագան նրանցը չէ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 11-րդ հորիզոնականում է, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ 12-րդ, Գագիկ Մինասյանը 13-րդ, Սամվել Նիկոյանը՝ 14-րդ եւ այսպես շարունակ:

Ընտրացուցակում անուններ են հայտնվել, որոնք հաստատ կգան լրացնելու թարմացման քաղաքականությունը, ինչը երեւի թե ժամանակի խնդիր է, ինչպես՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը (25) եւ նախագահի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը (27), (չի բացառվում «հին ընկերների» տարբերակով նրանց միանա նաեւ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը (83), կամ՝ երկրորդ տասնյակում նշված արվեստի աշխարհի ներկայացուցիչ Շուշան Պետրոսյանը (16)), վարչապետի ներկայիս խորհրդական Շուշան Սարդարյանը (20), Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը (59) եւ այլք:

«Լուսանցք»-ը առաջին եռյակի համար դիտարկում է մի տարբերակ, որը կարող է առաջին հայացքից անհավանական թվալ, սակայն, երբ խնդրին նայում ենք գործող նախագահ Սերժ Սարգսյանի տեսանկյունից, ապա հնարավոր ենք համարում:

Մինչ այդ դիտարկումը նշենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո թերեւս վարչապետի պաշտոնը կրկին կստանձնի Կարեն Կարապետյանը, քանի դեռ նախագահ Սերժ Սարգսյանը չի ավարտել իր նախագահական գործառույթը 2018-ին:

Չի բացառվում, որ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնի ներկայիս փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը:

Վերջինիս կերպարը համապատասխանում է այս պաշտոնին այն պատճառով, որ ԱԺ փոխնախագահն է եղել տարիներ շարունակ, ինչպես նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակն է, ով տիրապետում է իշխող կուսակցության ներքին նրբերանգներին: Նա մեկ այլ առավելություն էլ ունի միջազգային չափորոշիչների համապատկերում: Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ-ում ՀՀ ազգային փոքրամասնություններն իրենց օրենքով սահմանված տեղը կունենան որպես պատգամավորներ, իսկ Էդուարդ Շարմազանովը հայկական եւ հունական գեների կրող է ու նրա՝ ԱԺ նախագահի կերպարը կարող է դիտարկվել նաեւ այս առումով:

Վստահ ենք, որ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների վայր դնելուց հետո հենց նրան էլ վիճակված է լինել խորհրդարանական երկրի այն վարչապետը, ով հանդես կգա պետական նախաձեռնություններով ու ազգային շահերի պաշտպանության հարցերով, ինչպես այսօր դա իրականացնում է որպես երկրի նախագահ:

Չենք բացառում, որ շախմատային լեզվով ասած՝ փոխատեղումից հետո երկրի նախագահի աթոռին կհայտնվի Կարեն Կարապետյանը, եթե մինչ այդ նա կարողանա իրապես դրական արդյունքներ արձանագրել կառավարության գործունեության մեջ:

Դառնալով ներկայիս ընտրացուցակի առաջին եռյակին՝ նշենք, որ չի կարելի բացառել, որ 5-6 տարի հետո Սերժ Սարգսյանը կարող է ընդհատել ակտիվ քաղաքականությունը, բայց դա հաստատ կանի միայն վստահելի փոխարինողների դեպքում, ովքեր նաեւ կշարունակեն արդեն նախաձեռնած եւ ապագային միտված քայլերը:

Ինչպես ասացինք վերեւում՝ եռյակի երկյակի մասով փոխվստահության խնդիր չկա, իսկ երրորդի պարագան էլ ժամանակը ցույց կտա:

Արամ Ավետյան եւ Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 7 (440), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։