Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… ՀՀ նախագահը ներկա էր «Հայկյան» մրցանակաբաշխությանը… Քաղաքականացված «Օսկար»-ի կանխատեսումները եւ անակնկալները, հետօսկարյան զարգացումները… Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը փակվեց… Թուրքիայում հայկական եկեղեցին գրադարանի է վերածվելու… Հիմա էլ վրացիներն են հայկական եկեղեցիներ զավթում…

Սերժ Սարգսյանը ներկա էր «Հայկյան-2016» մրցանակաբաշխությանը

ՀՀ նախագահ. Մենք պետք է կարողանանք այս լավ օրինակները դարձնել ուրիշների համար ձգտման առարկա, ձգտման ցուցանիշ

Նախագահ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի բացահայտել ու գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։

«Հայկյան-2016» մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երեւան քաղաքում», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր», «Լավագույն երիտասարդական հաղորդում», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» եւ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»:

Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաեւ հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է նախագահը: Հատուկ մրցանակներ են շնորհվել Կոնստանտին Ենկոյանին՝ «Նոբելյան օրեր՝ Երեւանում» գիտական միջոցառումը նախաձեռնելու համար, Տիգրան Քոչարյանին՝ 2016թ. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում կազմակերպելու եւ ինտելեկտուալ շարժումը զարգացնելու համար, «ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիր» կազմակերպությանը՝ «Երիտասարդության ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կազմակերպություն» անվանակարգում, Արթուր Ալեքսանյանին՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման եւ նվիրումի համար, Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ հայկական սպորտի հանրահռչակման համար:

«Հայկյան-2016» հատուկ մրցանակ է շնորհվել նաեւ 2016թ. ՀՀ «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։

«Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, ստացել են «ԱրմԹաբ» հայկական պլանշետներ։

Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, կարեւորել ավանդական դարձած այս նախաձեռնությունը եւ մաղթել հետագա հաջողություններ:  

«Մեր զոհված մարտական ընկերների սիրելի՛ ծնողներ, Պարոնա՛յք սպաներ, Սիրելի՛ երիտասարդներ,

Ուզում եմ բոլորիդ ներկայությամբ շնորհակալություն հայտնել այսօրվա այս գեղեցիկ երեկոյի կազմակերպիչներին նաեւ այն բանի համար, որ այսօր հնարավորություն ունեմ շփվելու ձեզ հետ, որովհետև այսպիսի շփումները միշտ նոր լիցք են հաղորդում, եռանդ են հաղորդում: Եվ ես մշտապես հաճույքով եմ հանդիպում երիտասարդների հետ՝ լինեն նրանք զինվորականներ, գիտնականներ, ուսանողներ, թե մեր կուսակից ընկերները: Սա նաեւ հնարավորություն է տալիս ճշտելու մեր ուղին, ճշգրտումներ մտցնելու մեր աշխատանքի մեջ: Իհարկե, թախիծով ու նաեւ հպարտությամբ շնորհավորում եմ հայրենիքի սահմանները պաշտպանելիս քաջի մահով ընկած մեր զինվորականներին ու նրանց ծնողներին: Թախիծով, բնականաբար, որովհետև նրանք չկան, ավելի ճիշտ՝ այս դահլիճում չեն, ու հպարտությամբ, որովհետև մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ունեն արժանապատվություն, պարտքի զգացողություն, ովքեր ունեն հայրենասիրական ջերմ զգացումներ:

Իհարկե, շնորհավորում եմ նաեւ մյուս մրցանակակիրներին, որոնց պատմությունը հաջողությունների պատմություն է: Եվ ես կարծում եմ, որ այսպիսի միջոցառումները չափազանց կարևոր են, որովհետեւ մենք պարտավոր ենք ուղղակի առանձնացնել եւ ուրիշներին ի ցույց դնել մեր լավագույններին՝ այն մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, իրենց տաղանդի, շնորքի շնորհիվ կարողանում են հասնել հաջողությունների: Ես չեմ հավատում այն խոսքերին, որ հատկապես ծնողներն են սիրում երեխաներին ասել, որ վատ օրինակը վարակիչ է: Այդպես չէ՝ լավ օրինակը շատ ավելի վարակիչ է, եւ մենք պետք է կարողանանք, անպայման, այս լավ օրինակները դարձնել ուրիշների համար ձգտման առարկա, ձգտման ցուցանիշ: Դրա համար ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում եւ ուզում եմ մեկ անգամ եւս հրապարակավ հայտարարել, որ բոլոր դժգոհների, բոլոր հոռետեսների այն ասածին, որ Հայաստանն ապագա չունի, պատասխանը ձեր գործունեությունն է, այսօրվա մեր երիտասարդությունն է, նրա ձեռքբերումները: Շատ շնորհակալ եմ եւ բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,- ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Քաղաքականացված «Օսկար»-ի կանխատեսումները

Բազմաթիվ կինոտեսաբանների կարծիքով` Դամիեն Չազելի «Լա լա լենդ» նոստալգիկ մյուզիքլը այս տարվա Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգի ամենահավանական հաղթողն է: 14 տարբեր անվանակարգերում ներկայացված «Լա լա լենդը» առանձնանում է իր սենտիմենտալ սցենարով, երաժշտականությամբ եւ կինոմատոգրաֆիայով: Սակայն արդյո՞ք այս ֆիլմը արժանի է այսքան ուշադրության: Հոլիվուդի ամբողջ պատմության ընթացքում 14 անվանակերգերում ներկայացված են եղել միայն 1950թ. նկարահանված «Ամեն ինչ Եվայի մասին» դրաման եւ Ջեյմս Կամերոնի՝ «Տիտանիկը»:

Ջորջ Մեյսընի անվան համալասարանի կինոգիտության բաժնի տնօրեն Ջիովանա Չելսերի կարծիքով, ֆիլմի գովազդային արշավն ու մամուլի լուսաբանումները ավելի կարեւոր դեր են խաղում ֆիլմի հաջողության հարցում` երկրորդ պլան մղելով ֆիլմի գեղարվեստական արժեքները: «Անվանակարգերում հաջողություն գրանցելու նախապայմանն է համապատասխան կինոշուկաներում ճիշտ ժամանակին ցուցադրություններ կազմակերպելն ու հզոր փի-ար արշավը»,- գտնում է Ջորջ Մեյսընի անվան համալասարանի կինոգիտության բաժնի տնօրեն Ջիովանա Չելսերը: Նա, ով նաեւ ռեժիսոր է, լավատեսորեն է տրամադրված այս տարվա «Օսկար»-ի հանդեպ, քանի որ անվակարգերում ավելի մեծ տեղ է հատկացվել ազգային եւ ռասայական փոքրամասնություններին: Նաեւ առանձնացնում է «Լուսնկա» դրաման, որը պատմում է թմրանյութերի կողքին՝ վատ թաղամասում մեծացած մի տղայի մասին, ինչպես նաեւ Դենզել Վաշինգտոնի՝ ադապտացված պիեսի հիման վրա նկարահանված «Ցանկապատներ» ֆիլմը, որը մի մարդու պատմություն է, ով չնայած իր թերություններին, ձգտում է լավ հայր լինել եւ իր հետքը թողնել այս կյանքում: Նշված ֆիլմերը դժվար թե ընդգրկված լինեին այս տարվա «Օսկար»-ի անվանակարգերում, եթե չլինեին անցյալ տարվա աղմկահարույց բողոքի ցույցերը:

«Ամերիկյան կինոակադեմիան վերանայել է իր անդամների ցանկը, քանի որ նախորդ տարիներին ֆիլմերի ընտրության որոշիչ քվեարկությանը մասնակցում էին հիմնականում սպիտակամորթ հետերոսեքսուալ տղամարդիկ, իսկ այս տարի քվեարկող անդամների ցանկը դիվերսիֆիկացված էր»,- նշում է Ջիովանա Չելսերը: Նրա խոսքերով՝ անցած տարվա բողոքի ցույցերը նպաստեցին, որ սևամորթների մասնակցությամբ ֆիլմերը կրկին հայտնվեն Հոլիվուդյան էկրաններին: «SAG AWARD-ի մրցանակակիր «Թաքնված թվեր» կինոնկարը դեռ շարունակում է ամրապնդել իր դիրքերը կինովարձույթներում»,- ասում է Ջիովանա Չելսերը:

Այս տարվա «Օսկար»-ի հավակնորդների ցանկում է նաեւ «Թաքնված թվերը», որը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն 3 սեւամորթ գիտնական կանանց ոգեշնչող պատմություն է, ովքեր մեծ դեր են ունեցել ամերիկացի առաջին տիեզերագնացին տիեզերք և լուսին ուղարկելու NASA-ի առաքելություններում: Քաղաքական զարգացումները ուղակիորեն են ազդում կինոյի ոլորտի վրա: Դոնալդ Թրամփի աղմկահարույց որոշումների համատեքստում ներգաղյալների թեման այս տարի կրկին արդիական է: Ջիանֆրանկո Ռոսիի ժամանակագրական «Հրդեհ ծովում» վավերագրան ֆիլմը ներկայացնում է Իտալիայի Լամպեդուզա կղզու փախստականների պատմությունը եւ փրկարարների ջանքերը, ինչի շնորհիվ շատերը տեղ են հասնում, իսկ ոմանք՝ոչ: «Մենք ապրում ենք վավերագրական ֆիլմերի ժամանակաշրջանում եւ որքան մեծ տեղ եւ ուշադրություն հատկացվի վավերագրական ֆիլմերին ու նրանց բարցացրած հարցերին, այնքան` լավ»,- գտնում է Ջիովանա Չելսերը:

Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի ամենահավանական հաղթողը պարսիկ ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառականը» ֆիլմն է, որը ուշադրության կենտրոնում հայտնվեց Դոնալդ Թրամփի ներգաղթի վերաբերյալ ստորգրած որոշումից հետո, որը արգելք էր առաջացնում 7 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Չնայած արգելքի չեղարկմանը, Ֆարհադին հայատարարել է, որ ներկա չի գտնվի «Օսկար»-ին նույնիսկ, եթե իրեն թույլատրեն մուտք գործել ԱՄՆ:

Հաշվի առնելով ներկայիս լարված քաղաքական մթնոլորտը, սակայն, Ջիովանա Չելսերի կարծիքով, ամերիկյան կինոակադեմիայի անդամները ամենայն հավանականությամբ կքվեարկեն մեկ այլ ֆիլմի օգտին: «Դե, «Լա լա լենդը» բարոմետր է, որը ի տարբերություն մյուս ֆիլմերի, ամենաշատ անվանակարգերում ներկայացված կինոնկարն է: Ես չեմ ուզում այն անվանել Թրամփի ֆիլմ, բայց միևնույն ժամանակ այն ուղղված է միջակ սպիտակամորթ խավին: Մյուզիքլի գլխավոր կերպարները երկու հոգի են, որոնք ոչ լավ պարում են, ոչ լավ երգում, ովքեր չունեն դասական երաժշտական կրթություն եւ չեն կարող ոտք մեկնել Ջոն Լեգենդի հետ, ով երգել գիտի»,- ասում է Ջիովանա Չելսերը: Նա լիահույս է, որ այս տարվա «Օսկար»-ը չի անտեսի փոքրամասնություն ներկայացնող արվեստագենտերին, եւ որ այդ ճանաչումը կկոտրի Հոլիվուդյան պատնեշները:

«Օսկարի» սկանդալային ավարտի մեղավորը գտնվել է

«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ֆիլմի անունը հայտարարելու ժամանակ խառնաշփոթն առաջացել էր PricewaterhouseCoopers (PwC) աուդիտորական-խորհրդատավական ընկերության աշխատակիցների սխալի պատճառով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է ընկերության ամերիկյան բաժնի ղեկավար Թիմ Ռայանը: «Վերջին հաշվով մենք սխալ ենք թույլ տվել՝ պայմանավորված մարդկային գործոնով: Մեր գործընկեր Բրայան Կուլլինան, ով կանգնած է եղել բեմի ձախ կողմում, հաղթող ֆիլմի անունը հայտարարող Ուորրեն Բիթթին տվել է սխալ ծրար: Երբ մենք հասկացանք, որ տեղի է ունեցել սխալմունք, մենք այն ուղղեցինք՝ տեղեկացնելով համապատասխան անձանց»,- ասել է նա:

PricewaterhouseCoopers-ին 1934թ.-ից վստահվում է քվեաթերթիկների առաքումն ու կինոակադեմիայի անդամների ձայների հաշվարկը, որոնցով որոշվում է ֆիլմերի ճակատագիրը: Մրցանակաբաշխության ժամանակ սկզբում հայտարարվել էր, որ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել «Լա Լա Լենդ»  ֆիլմը: Երբ ֆիլմի ստեղծագործական կազմը դուրս էր եկել բեմահարթակ եւ սկսել շնորհակալական խոսքեր ասել, կազմակերպիչները հայտարարել էին, որ այս անվանակարգում հաղթող ֆիլմի հետ կապված սխալմունք է եղել եւ «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Լուսնի լույս»-ը: Մի քանի րոպե բեմում գտնվող մարդիկ չէին հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, արդյո՞ք կատակ չէ: Բայց արդյունքում պարզվել էր, որ կազմակերպիչները չեն  կատակել եւ իրականում շփոթել են ֆիլմերը:

Ամերիկյան կինոակադեմիան ներողություն է խնդրել «Լա Լա Լենդ» եւ «Լուսնի լույս» ֆիլմերի ստեղծագործական խմբերից:

Իրանի իշխանությունները շնորհավորել են Ասգար Ֆարհադին «Օսկար» մրցանակի արժանանալու համար

Իրանի իշխանությունները շնորհավորել են ռեժիսոր Ասգար Ֆարհադին «Օսկար» մրցանակին արժանանալու համար: Նրա «Վաճառողը»  կինոնկարը ճանաչվել է լավագույն օտարալեզու ֆիլմը: Գազետա.ռու կայքը, հղում անելով Ասոշիեյթիդ պրեսին, գրում է, որ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հպարտանում է ֆիլմում նկարահանված դերասաններով եւ նկարահանող խմբով, ովքեր դեմ են արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությանը: Իրանի փոխնախագահը շնորհավորել է ռեժիսորին եւ նշել, որ Ֆարհադին որոշել էր բոյկոտել մրցանակաբաշխության արարողությունը՝ ի նշան բողոքի:

Նշենք, որ ավելի վաղ ռեժիսորը հայտարարել էր, որ չի գնա ԱՄՆ՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Ասգար Ֆարհադին ուղերձ էր հղել, որը կարդացվել է մրցանաբաշախության ժամանակ. «Իմ ներկայությունը կլինի անհարգալից քայլ իմ երկրի եւ մյուս 6 երկրի նկատմամբ, որոնց քաղաքացիների մուտքն արգելվում է ԱՄՆ: Աշխարհի բաժանում «մեր» եւ «մեր թշնամիների» միջև վախ է առաջացնում, ռեժիսորները համակրանք են ստեղծում «մեր միջեւ» եւ «մյուսների», ինչն այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է մեզ»:

ԱՄՆ-ի նախագահը՝ «Օսկարի» սկանդալի մասին

Հոլիվուդը չափից դուրս խրվել է քաղաքականության մեջ, ինչն էլ 89-րդ արարողության ժամանակ հանգեցրեց «Օսկարի» մրցանակի հանձնման հետ կապված սկանդալին: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ Breitbart ցանցային հրատարակությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Կարծում եմ՝ նրանք այնքան են կենտրոնացել քաղաքականության վրա, որ վերջում չկարողացան միասնական գործել: «Օսկարներին» հատուկ գլամուր չկար: Ես այն զգացումը չունեի, թե դա շատ գլամուրային երեկո Էր»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ֆիլմի անունը հայտարարելու ժամանակ խառնաշփոթն առաջացել էր PricewaterhouseCoopers (PwC) աուդիտորական-խորհրդատվական ընկերության աշխատակիցների սխալի պատճառով:

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը փակվեց

Կայացավ Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի եզրափակիչ երեկոն։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի  հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ փառատոնի երկու շաբաթ տևող համերգների ընթացքում երաժշտասեր ունկնդրին են ներկայացվել Հարո Ստեփանյանի սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունները, դրան զուգահեռ, արտացոլվել են հայ կոմպոզիտորական արվեստի մի քանի սերունդ՝ հայաստանաբնակ եւ սփյուռքի։ Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի նվիրված էր հայ կոմպոզիտորական արվեստի երևելի կոմպոզիտորներից մեկին՝ Հարո Ստեփանյանին, եւ կրում էր Հարո Ստեփանյան-ֆեստ խորագիրը։

Փառատոնի փակման համերգի ծրագրում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել են հատվածներ Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը» բալետից, Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրի կոնցերտը, համաշխարհային պրեմիերա, մենակատար՝ Նարե Արղամանյան (Ավստրիա), Ջոն Տեր-Թադեւոսյանի Երկրորդ սիմֆոնիան «Մարդու ճակատագիրը», որը նվիրված է Էդվարդ Միրզոյանին:

«Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը համախմբում է մեր լավագույն կոմպոզիտորներին եւ մենակատարներին։ Երաժշտական այս նախաձեռնության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ժամանակակից կոմպոզիտորները ստեղծագործություններ են գրում հատուկ այս փառատոնի համար։ Փառատոնն անցկացվում է հանրապետության Նախագահի հովանու ներքո, ինչը մեզ վստահություն է ներշնչում, որ այն գործը, ինչին մեզ նվիրել ենք, անհրաժեշտ է մեր երկրին»,- ՀՊԵՆ-ի փոխանցմամբ ասել է երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Աղբյուրը հիշեցնում է, որ Հայ կոմպոզիտորական արվեսի փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։ Հարո Ստեփանյան-ֆեստի փակման համերգն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է հանրահայտ LiveList.com կայքը։ Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման համերգի տեսագրությունը կարելի է դիտել համացանցում:

Թուրքիայում հայկական եկեղեցիները վտանգի տակ են

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի: «Էրմենիհաբեր»-ը վկայակոչելով «Hurriyet» թերթին, գրում է. Եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, եղել է ոստիկանության բաժանմունքի շենք: Մինչ գրադարանի բացումը Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի, որի համար հատկացվել է 6 մլն. թուրքական լիրա (մոտ 1 մլն. 6 հազար դոլար):

Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքը, եկեղեցին մարզասրահից գրադարանի վերածելու որոշման անդրադառնալով, նշել է, որ գրադարանն ավելի հարմար կիրառություն է եկեղեցու համար: Ըստ Չելիքի՝ գրադարանը համալվելու է 50 հազար գրքով եւ դառնալու է քաղաքի գլխավոր գրադարանը: Եկեղեցու մի հատվածում էլ նախատեսվում սրճարան-գրադարան բացել: Գրադարանը կբացվի 2017թ աշնանը, եկեղեցու վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո:

Կայքը հայտնում է, որ եկեղեցու կառուցման տարեթիվը հայտնի չէ, քանի որ  եկեղեցու վերաբերյալ որեւէ արձանագրություն չի հայտնաբերվել: Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից 2-ը կվերակառուցվեն:

The New York Times-ը նշել է, որ թուրքական կառավարությունը ցանկանում է քանդել Դիարբեքիրի հայկական եկեղեցին, իսկ Սինճարի հայկական եկեղեցին հիմնահատակ քանդվել է: Որոշ զլմ-ներով էլ տարածվել է, որ Թուրքիայում 1,5 մլն. դոլարով վաճառքի է հանվել 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը…

Հիմա էլ վրացիները…

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվելու ընթացքում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի հետ: Կաթողիկոսարանից հայտնել են, որ հանդիպումը շատ կարեւոր էր: Վրաց պատրիարքը խնդրել է Հայաստանում գործող վրացական եկեղեցիներին իրավաբանական անձի կարգավիճակ տալ, ինչպիսիք ունեն Վրաստանում գործող հայկական եկեղեցիները:

2011-ի հուլիսին Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, հայկական առաքելական եկեղեցուն, ինչպես նաեւ կոթիլիկ ու այլ եկեղեցիներին տրվեց իրավաբանական անձանց կարգավիճակ:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։