Ուժ՝ մասիսաերդումը չդրժելու – Հայ արիականները նշեցին Հայր Արայի Հրաշագործության տոնը… Բնական վերազարթոնքի հովանավորը Աստվածահայրն է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր Կյանք՝ Գարնան Վերազարթոնք…

Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի, ամեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:

Մարտի 1-ին՝ Հայոց Սրբազան տոմարով Հրոտից ամսվա Մանի օրը՝ մարտի 1-ին, առավոտ ծեգին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքի ներքո կատարեցին ծիսական արարողություն:

Քուրմ Արմոգը ծեսը սկսեց ձոնով՝ ի փառաբանումն Հայր Արայի, Ով Արարչի զավակն է, Հայ աստվածային համակարգի Գերագույն Աստվածը, Ով Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի (Ծինի) մարմնացումը: Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է՝ վերազարթոնք:  

Բնական վերազարթոնքի հովանավորը Հայր Արան է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր Կյանք… Դրա համար այս տոնը կոչվում է նաեւ Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոն: Հայր Արան ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք հավերժապտույտ շղթայում:

Փառաբանումից հետո Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Քրմական դասի ներկայացուցիչները խորհրդանշական 8 կրակներ վառեցին (Հայ աստվածային համակարգի 8 Աստվածների անունով) եւ այդ կրակներում 8 գինեթասեր օծեցին: Հայ Աստվածների օգնությամբ եւ Հայր Արայի զորակցությամբ ուժ ու կորով խնդրեցին՝ երբեք չդրժելու մասիսաերդումը՝ մշտապես պայքարելու հանուն հզոր ու միացյալ Հայաստանի: Օծված գինեթասերը դրվեցին կրակների շուրջ՝ ի փառս գալիք այն ժամանակների, երբ Հայ Աստվածները կրկին գինեխում կանեն Հայ մարդկանց հետ:

Գինօծումից հետո տոնի մասնակիցները երգուպարի բռնվեցին՝ 8-ական ռազմական երգ ու պարաշարժումներ փոխանցաբար կատարելով:

Տոնից հետո Հայ Արիական Միաբանության երեւանյան գրասենյակում Քրմական դասը հավաք հրավիրեց: Օրակարգում քննարկման դրվեց ներկայացուցիչներից մեկի՝ Հնդկաստանում հնագույն ժամանակներից պահպանված փաստաթղթերում՝ Հայոց հավատին առնչվող ուսումնասիրությունների արդյունքը:

Հավաքին ներկա գտնվելու պատիվ է ունեցել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը, ով մշտապես աջակից է հայ հավատի ու հայ ազգայնական գաղափարախոսության տարածմանը, հայոց արժեքային համակարգի քարոզչությանն ու պահպանմանը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։