Հայի ընտրության իրավունքը տիեզերափուլի արդյունք է եւ առաքելության հետեւանք – Ոչ միայն Թուրքիայում, ամենուր մե՛նք պիտի լինենք տերը մեր խոսքի… Պոլսի Պատրիարաքական ընտրությունների խնդիրը… Թուրքիայում հայկական եկեղեցիները վտանգի տակ են… Հիմա էլ սրա՞նք – Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Հայաստանում վրացական եկեղեցիներ է փնտրում…

«Կրոնները գնում են մահացման, սա հստակ է, եւ այս մասին արդեն բարձրաձայնել են Դալայ Լաման եւ Հռոմի Պապը: Բայց այսօր պիտի հայանպաստ պահել մեր հոգեւոր հարստությունն ու կառույցները, քանզի հայը եղել ու մնում է հոգու մարդ, եւ որպես տիեզերագեն էակ, դառնալու է իր ազգային հավատին:

Եվ ուրեմն այսօր պահպանենք այն, ինչը վաղը ազգային հավատի ամրացմանն է նպաստելու»…

Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Խոսքս այս մեջբերմամբ սկսեցի, որպեսզի հասկանալի լինի այն հետաքրքրությունը, որը կարող է ունենալ իմ նման հայ հեթանոսը՝ քրիստոնեական կրոնի ներքին կյանքի, անցուդարձի վերաբերյալ:

Այսօր կրկին մի վտանգ կա, որը պարուրել է հայ քրիստոնեությանը, բայց կարող է համահայկական նշանակություն ձեռք բերել… Վերջապես կայանալու են Պոլսի Պատրիարաքական ընտրությունները, որին անընդհատ խոչընդոտում էր թուրքական իշխանությունը: Մայիսի 28-ին, ըստ «Հայ Ձայն»-ի տեղեկության, կկայանան այդ ընտրությունները: Իսկ փետրվարի 17-ին տեղի է ունեցել Պատրիարաքական նոր տեղապահի ընտրություն եւ կազմվել է հատուկ մարմին, որն էլ կազմակերպելու է Պատրիաարքի ընտրությունը:

Նշենք, այս որոշումները կայացվել են Պոլսի Պատրիարքարանում տեղի ունեցած ազգային- եկեղեցական դռնփակ նիստի ժամանակ: Մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների արդյունքով իր դարավոր գահին կբազմի Պոլսի 85-րդ պատրիարքը:  

Չի դադարում հնչել այն տեակետը, թե Պոլսո պատրիարքի հարցը որոշելու է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ դա համաձայնեցնելով Գարեգին Բ-ի հետ: Ինչպես նշում են հայկական շահագրգիռ կողմերը, ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ փետրվարի 2-ին, շուրջ 1 ժամ, դռնփակ հանդիպում ունեցան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության եւ VADIP-ի (Համայնքային հիմնադրամների հարթակ) դիվանի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն: Թուրքական հեռուստատեսությունը միայն մի քանի վայրկյան կադրեր է ցուցադրել սկզբից … ու այդքանով վերջացրել լուրը: Հանդիպումից հետո Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, որ նախագահի հետ քննարկել են Պոլսո պատրիարքի ընտրության հարցը եւ նա խոստացել է այդ հարցին ուշադրություն դարձնել Սահմանադրական հանրաքվեից հետո, այսինքն՝ 2017թ. ապրիլի 16-ից հետո: Դե բացառվում է, որ այն իրականացվի ապրիլի վերջին, քանի որ կա Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ ապրիլի 24, հետեւաբար նման գործընթաց նախատեսվելու է մայիս ամսին: Սա թուրքական կողմի ցանկությունն էր եւ ինքն է իր համար պատրիարքի ընտրության հարմար ժամանակահատված ընտրել:

Նշյալ հանդիպման տեսանյութում հստակ երեւում է, որ VADIP-ի իվանի ատենապետը դատարկ ձեռքով չէր գնացել հանդիպմանը եւ ձեռքին սեւ գույնի տոպրակ է եղել: Ըստ ԶԼՄ-ների, դատելով տոպրակի մեծությունից այնտեղ հեշտությամբ կարող էին տեղավորվել շուրջ 500 հազար լիրա դրամ, կամ դրան համարժեք ոսկու ձուլակտորներ (պատահական չի նշել գումարի մեծությունը…): Տոպրակատերը օգտվելով իր առանձնահատուկ հարաբերությունից նախագահ Էրդողանի հետ, գնացել է ոչ միայն պատրիարքի ընտրության հնարավորությունը, այլեւ նախագահի հոգեւոր եղբայր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պատրիարք ընտրվելու ՛«իրավունքը» գնելու…

Շատ անսպասելի, փետրվարի 13-ին, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարեց իր պաշտոնից հրաժարական տալու մասին՝ հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Նա հրապարակել էր իր քայլերը մեկնաբանող նամակ՝ նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգեւոր խորհրդի ժամանակ արքեպիսկոպոս Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Շատերն են վստահ, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ազնիվ ու հայ համայնքի շահերից բխող մղումներից է գնացել նման քայլի, սակայն առկա է նաեւ Շիրինօղլու-Էրդողան հանդիպման մանրամասների վերաբերյալ պարզաբանումից Արամ Աթեշյանի հրաժարվելու փաստը, որպես երկու հոգեւորականների միջեւ հակասությունների առաջացման պատճառ: Ի վերջո, Սահակ եպիսկոպոս Մաշալյանն էլ Պոլսո պատրիարքի հավանական թեկնածուներից է:

Սակայն հետագա ընթացքն ավելի անսպասելի էր: Փետրվարի 16-ին Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության եւ VADIP-ի դիվանը արտահերթ նիստ է գումարում եւ որոշում նոր պատրիարքի ընտրությունները անցկացնել մայիսի 28-ին: Այն ժամկետում, որը համաձայնեցրել էին Շիրինօղլու-Էրդողան հանդիպմանը: Ապա տեղի է ունենում առավել քան անսպասելի իրադարձություն:

Փետրվարի 16-ին Գումգաբուի Պեզճեան սրահում կրկին հավաքվել է VADIP-ի դիվանը եւ երկար խորհրդակցել, Ատենապետ Շիրինօղլուն որոշ ժամանակ հետո լքել է դիվանի նիստը եւ մեկնել Պատրիարքարան: Այնտեղ առանձնազրույց է ունենում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ, որին հետո միացել են դիվանի այլ անդամներ: Որոշվել է հրավիրել նաեւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, ով համաձայնում է գալ ու հանդիպել՝ բայց Արամ Աթեշյանի ու Պետրոս Շիրինօղլու հետ: Ապա, մինչեւ կեսգիշեր, մերթ ընդ մերթ հանդիպումներ են կայանում Պատրիարքարանում եւ Պեզճեան սրահում: Ըստ տեղեկատվության՝ «Կեսգիշերին որոշվում է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կժամանեն Հայաստան,  Էջմիածին ու կհանդիպեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին»:

Փաստորեն, Պոլսո պատրիարքի ընտրության ժամկետի եւ հավանական թեկնածուի համար Թուրքիայի նախագահ Էրդողանը կայացրել է իր որոշումը, ինչը Գարեգին Բ-ն  Էջմիածնում կամ պիտի հաստատեր, կամ՝ ընդդիմանար: Պոլսահայերը հույս ունեն, որ Գարեգին Բ-ի մոտ էլ ինչ-որ մեկը հանդիպման կգա սեւ տոպրակով:

Ըստ տեղեկատվության, փետրվարի 23-24-ին «Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովվապետի հրավերով Մայր Աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության 3 միաբան եպիսկոպոսներ՝ Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եւ Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Փետրվարի 23-ի հանդիպումից առաջ, գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գարեգին, Արամ եւ Սահակ Սրբազաններն այցելեցին Մայր Տաճար, ուր Իջման Ս. Սեղանի առջեւ միասնական աղոթք կատարեցին՝ Կ.Պոլսի դարավոր Պատրիարքական Աթոռի պայծառության, առկա մարտահրավերների հաղթահարման եւ պոլսահայ համայնքում խաղաղության ու համերաշխության վերահաստատման համար: Աղոթք բարձրացվեց առ Աստված նաեւ Աթոռի հանգստյան կոչված գահակալ Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար, ով Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում շարունակում է մնալ մշտական խնամքի տակ: Երկօրյա քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին օրերին տեղ գտած իրադարձություններին, պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացի շուրջ առաջացած հուզումներին ու տարակարծություններին»:

Համայն հայ քրիստոնյաների կաթողիկոսը Սրբազան Հայրերին հորդորել է Պատրիարքական Աթոռի գերագույն շահի գիտակցությամբ՝ ամենայն ջանք ի գործ դնել հոգեւորականների միջեւ եւ պոլսահայության կյանքում փոխըմբռնման, հաշտության ու եղբայրասիրության ոգու ամրապնդման համար: Շարունակելով մեջբերել տարածված եկեղեցական տեղեկատվությունից, նշենք, որ «Նորին Սրբության թելադրությունն էր փոխհասկացողությամբ եւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կանոնների ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կողմից որդեգրված կանոնական եւ ավանդական ընթացակարգերի պահպանությամբ լուծման առաջնորդել Պատրիարքական ընտրությունների ողջ գործընթացը: Ստեղծված իրավիճակի եւ դրա հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Սրբազան Հայրերի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրվեցին անհրաժեշտ լուսաբանություններ, ներկայացված տեսակետների շուրջ տեղի ունեցան քննարկումներ: Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբանները նաեւ առանձնաբար քննարկեցին Պատրիարքության առջեւ ծառացած մարտահրավերները»:

«Լուսանցք»-ը լինելով ազգային արժեհամակարգի պաշտպան լրատվամիջոց, ազգային հավատի՝ արիադավանության-հեթանոսության հետեւորդ, երբեմն տեղ է տալիս քրիստոնեական ծավալումներին, քանի որ հայությունն այսօր, հատկապես սփյուռքում, ապրում է այդ կրոնի դավանաբանական որոշակի սկզբունքներով: Իսկ սա նշանակում է, խնդիրը, այն էլ Թուրքիայում բնակվող հայերի համար կարեւոր է եւ չի կարող վրիպել նաեւ մեր աչքից: Մեր թերթը մեծածավալ վերլուծություններ տվեց նաեւ ԱՄՆ-ում կայացած համահայկական քրիստոնեական համաժողովից, որտեղ նաեւ հայտարարություն հնչեց «գլոբալ հայերի մասին», ապա անդրադարձանք նաեւ Հռոմի Պապի հայանպաստ մի շարք դրսեւորումների լուսաբանմանը եւ վերլուծությանը: Վերջերս «Լուսանցք»-ի էջերում վերլուծության ենթարկվեց նաեւ Մալթայի մարտական խաչի (նախկին խաչակրացների) բարձրագույն վերաբերմունքը Հայաստանին ու հայությանն ուղղված, ինչը նշանակում է Հայաստանը կարող է հայտնվել միջազգային միջկրոնական խաչմերուկի հենց կենտրոնում, որը չի կարող չմտահոգել նաեւ մեզ:

Իսկ Թուրքիայում ծավալվող դեպքերը պետք է դիտարկենք նաեւ մեր առաջիկա պահանջատիրության տեսլականից, ինչը արդեն իսկ մեկնարկել է՝ Կիլիկիո թեմի կաթողիկող Արամ Ա-ի կողմից, ով Սիսի կաթողիկոսարանի հարցը Թուրքիայից տեղափոխել է միջազգային ատյաններ:

Դառնալով Էջմիածնում կայացած բանակցություններին՝ նշենք, որ տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների արդյունքում ձեռք է բերվել ընդհանուր համաձայնություն եւ «Պատրիարքության Կրոնական ժողովի հրավերով Եկեղեցական համագումար ժողովը մինչեւ ս.թ. մարտի 15-ը կատարում է տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ, ըստ Եկեղեցու կանոնակարգի, դադարեցվում են Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները»: Նշված է, որ Աթոռի միաբան եպիսկոպոսները հավասար իրավունք ունեն առաջադրելու իրենց թեկնածությունը տեղապահի ընտրություններին, համաձայնեցված է տեղապահի ընտրությունից հետո մինչեւ փոխանորդի ընտրությունըները, ապա ընտրական շրջանում հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, որը կպահովի պատրիարքական թեկնածուներին՝ իրենց ընտրական քարոզչությունն իրականացնելը: Խոսվում է նաեւ, որ «Կրոնական ժողովը ստեղծում է եկեղեցականներից եւ աշխարհականներից կազմված հանձնաժողով՝ օրենքով սահմանված կարգով Պատրիարքական ընդհանուր փոխանորդից ընտրված տեղապահին հանձնում-ընդունումը կազմակերպելու համար» եւ այլն:

Ժողովի ավարտին հայ քրիստոնյաները իրենց Աստծու զորակցությունն են խնդրել իրենց հավատի արթնության եւ ազգային-եկեղեցական կյանքի շինության համար, որին մենք կավելացնենք, հայության միասնության եւ զորության եւ միացյալ Հայաստանի վերակերտման համար: Այլապես, եթե միայն ներքին ծավալումների խնդիր է լուծում, ապա չի կարող ազգային, ավելին՝ համահայկական լինել: Եթե կրոնը չի ծառայելու ազգին ու հայրենիքին, ինչի ականատեսն ենք եղել բազմիցս, ապա եկել է այդ կրոնի մեռնելու ժամանակը եւ այն վերակենդանացնելը նման է մեռնողի հոգեդարձին, ինչը ժամանակավոր կյանք է, որ առավելապես իմաստազուրկ է անցնում…

Իսկ այն, որ տիեզերափուլերը ամեն բան վերադարձնում են ի շրջանս յուր, նշանակում է՝ ինչպես կրոնական, այնպես էլ քաղաքական ու հասարակական բոլոր երեւույթները պիտի վերադառնան ազգային շրջանի մեջ:

Իսկ այստեղ հասարակական կամ հանրային շարժումները հայրենամետ են, քաղաքական տեսլականները՝ ազգամետ, իսկ հոգեւոր արժեքները՝ հայածին…

Մտածելու ժամանակներն են եկել:

Վահագն Նանյան

Թուրքիայում հայկական եկեղեցիները վտանգի տակ են

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի: «Էրմենիհաբեր»-ը վկայակոչելով «Hurriyet» թերթին, գրում է. Եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, եղել է ոստիկանության բաժանմունքի շենք: Մինչ գրադարանի բացումը Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի, որի համար հատկացվել է 6 մլն. թուրքական լիրա (մոտ 1 մլն. 6 հազար դոլար):

Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքը, եկեղեցին մարզասրահից գրադարանի վերածելու որոշման անդրադառնալով, նշել է, որ գրադարանն ավելի հարմար կիրառություն է եկեղեցու համար: Ըստ Չելիքի՝ գրադարանը համալվելու է 50 հազար գրքով եւ դառնալու է քաղաքի գլխավոր գրադարանը: Եկեղեցու մի հատվածում էլ նախատեսվում սրճարան-գրադարան բացել: Գրադարանը կբացվի 2017թ աշնանը, եկեղեցու վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո:

Կայքը հայտնում է, որ եկեղեցու կառուցման տարեթիվը հայտնի չէ, քանի որ  եկեղեցու վերաբերյալ որեւէ արձանագրություն չի հայտնաբերվել: Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից 2-ը կվերակառուցվեն:

The New York Times-ը նշել է, որ թուրքական կառավարությունը ցանկանում է քանդել Դիարբեքիրի հայկական եկեղեցին, իսկ Սինճարի հայկական եկեղեցին հիմնահատակ քանդվել է: Որոշ զլմ-ներով էլ տարածվել է, որ Թուրքիայում 1,5 մլն. դոլարով վաճառքի է հանվել 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը…

Հիմա էլ սրա՞նք

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվելու ընթացքում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի հետ: Կաթողիկոսարանից հայտնել են, որ հանդիպումը շատ կարեւոր էր: Վրաց պատրիարքը խնդրել է Հայաստանում գործող վրացական եկեղեցիներին իրավաբանական անձի կարգավիճակ տալ, ինչպիսիք ունեն Վրաստանում գործող հայկական եկեղեցիները:

2011-ի հուլիսին Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, հայկական առաքելական եկեղեցուն, ինչպես նաեւ կոթիլիկ ու այլ եկեղեցիներին տրվեց իրավաբանական անձանց կարգավիճակ:

«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։