Լարսի նորը, որ հին ու թանկ տարբերակն է (Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան / Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Եվրոպան – առավելապես քաղաքական լուծումների կարիք ունեցող այլընտրանքային ուղիներ)… Հայաստանը սպասում է վրաց-ռուսական պայմանավորվածությանը…

Վերջերս կառավարության նիստերից հետո հիմնական հարցը, որ լրագրողներն ուղղում են կապի, տրանսպորտի եւ ՏՏ ոլորտի նախարար Վահան Մարտիրոսյանին, Լարսի այլընտրանքին է վերաբերում: Երեկվա նիստից հետո էլ նույն հարցադրումն էր: Նախարարը, անդրադառնալով Վրաստան կատարած այցին, նկատեց, թե հուսով է, որ ձեռքբերումները շուտով կլինեն, եւ որ արդյունքը երկար ժամանակ է պահանջում, բայց իրենք հույսը չեն կորցնում:

Վահան Մարտիրոսյանը նշեց նաեւ, թե Լարսի այլընտրանքային ուղին միայն օսական կամ աբխազական երկաթուղին չէ, այլընտրանքը նաեւ լաստանավն է. «Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհը չի կարող վերաբերել միայն աբխազական երկաթգծին կամ Օսիայի ճանապարհին, տարբեր այլընտրանքներ են քննարկվում: Կարող են այլ ճանապարհներ էլ լինեն»:

Բայց նկատենք, որ լաստանավային տարբերակը ամենեւին էլ նոր տարբերակ չէ, սա հին տարբերակ է, որից մեր գործարարները օգտվել չեն սիրում, քանզի թանկ է արժենում: Խոսքն, օրինակ, Փոթիի մասին է: Ուրեմն՝ ի՞նչ է փոխվելու, ո՞րն է նորությունը: «Այդ ճանապարհը նախկինում ոչ կանոնավոր էր, հիմա կանոնավորվել է, ամսական երեք անգամ լաստանավերը կազմակերպված գնում են»,- պարզաբանեց նախարարը:  

Այստեղ մեկ այլ դիտարկում անենք. այս ուղղությունը միշտ էլ կանոնավոր է գործել: Պարզապես այն կանոնավոր չի եղել մեզ համար: Հենց վրացական կողմը ցանկացել է խնդրին քաղաքական երանգ հաղորդել, սակագները թանկացրել է՝ մեղքը բարդելով մասնավորի վրա:

«Պայմանավորվածությունը ձեռք են բերում մասնավորները, բայց իշխանությունները կարող են միջամտել, որպեսզի ստանան զեղչեր»,-նախարարի պատասխանն էր, որ ուղղակիորեն հավաստում է այն, ինչ մենք ենք ասում: Այն է՝ քաղաքական պահերին այդ երկրի իշխանությունը չէր միջնորդում:

Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ լաստանավային փոխադրումների գները պետք է էլի նվազեցվեն հայ բեռնափոխադրողների համար: Ինչպես ասում են՝ հոպ մի ասա, քանի դեռ չես թռել առվի վրայով:

Համապատկերում այլ հարց է ծագում՝ իսկ վրաց-ռուսական պայմանավորվածություններում՝ օսական եւ աբխազական ուղղությունների մասով, մեր երկիրը ինչ-որ կերպ ներգրավվա՞ծ է: «Եթե կողմերի պայմանավորվածությունները կատարվեն, գան համաձայնության, Հայաստանը կօգտվի եւ կունենա երկրորդ, երրորդ ճանապարհները»,- ի պատասխան համառոտեց կապի, տրանսպորտի եւ ՏՏ ոլորտի նախարարը:

Ստացվում է՝ բանակցություններն այս պահին հույսի մակարդակում են, եւ մեր այլընտրանքային տարբերակը պայմանավորված է ռուս-վրացական քաղաքական որոշմամբ:

Ի դեպ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան այցից հետո վրացական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ պահանջում են իրենց կառավարությունից՝ բացել հայ-վրացական բանակցությունների մանրամասները: Նրանց կարծիքով՝ օսական եւ աբխազական տարբերակը Հայաստանի տնտեսության աճի վրա ոչնչով ազդել չի կարող, այլ կերպ՝ այդ ճանապարհների բացելու որոշումը ոչ թե տնտեսական է, այլ՝ քաղաքական: Ինչը ենթադրում է, որ Ռուսաստանը այդ տարածքներում իր ազդեցությունն է վերջնականապես ամրագրում:

Նկատենք, որ Վրաստանը տարածքային զիջման որեւէ հարցում երբեք համաձայնություն չի տվել, եւ ոչ միայն մեր ժամանակների մասին է խոսքը: Հավատացնել, թե Վրաստանը մի օր կհամաձայնի, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան իրենց տարածքները օգտագործեն որպես անկախ պետություն, դա նույնն է հավատալ, թե Վրաստանը ինքնակամ Ջավախքը կհանձնի Հայաստանին:

Այնպես որ, այս այլընտրանքային տարբերակը անգամ Արեւմուտք-Ռուսաստան համաձայնության դեպքում կարող է լուրջ խնդիրների հանդիպել վրացական կողմից: Լուրջ խնդիրների կարող ենք հանդիպել նաեւ Վրաստան-Ուկրաինա տարբերակի պարագայում՝ ուկրաինական կողմից, որը ցայսօր Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է…

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։