ՀՀ-ԼՂՀ. համադրված քաղաքականության պտուղները – (ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, ԱԳՆ-ներն ու ՊՆ-ները, այլ գերատեսչությունները աշխատեցին վստահ եւ միասնական՝ ադրբեջանական հերթական դիվերսիոն եւ «սեւ ցուցակ»-ի միջազգայնացման փորձերի դեմ)…

Ադրբեջանական վերջին օրերի հարձակման փորձի մասին, որը ձախողվեց խայտառակ ձեւով, տեղեկացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին: ՀՀ ԱԳՆ-ն հանգամանալից եւ փաստացի ներկայացրել է հարձակման փորձի ամբողջ ընթացքը: Ինչպես ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը իրենց ելույթներում եւ հայտարարություններում հավաստել են, որ Ադրբեջանը նախաձեռնում է կանխամտածված սադրանք Արցախի հետ շփման գծում, ինչը կրում է պարբերաբար բնույթ եւ հղի է վտանգներով:

Նախորդ սրման ժամանակ, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հաջորդ սադրանքի դեպքում հայկական կողմը հնարավոր է անցնի նաեւ հակահարձակման: Ստեղծվեց նաեւ երկկողմանի աշխատանքային խումբ, որը հայկական երկու հանրապետությունների վերամիավորման կամ ԼՂՀ անկախության ճանաչման տարբերակները պիտի մշակի, ըստ իրավիճակների այդ մասին հայտարարելու համար:

Վտանգների մասին խոսել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ պատերազմի վերսկսման վտանգ կա նաեւ, ինչը միակողմանի բնույթ է կրում եւ պաշտոնական Բաքուն է լինելու պատասխանատուն, եթե նոր պատերազմ սկսվի: Մեր նախարարը անգամ ստիպված էր հիշեցնել, որ նման դեպքերում, երբ վտանգվեն ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն, ապա չի բացառվում, որ գործի դրվեն հանրահայտ «Իսկանդեր»-ները, ինչը լուրջ վնասներ կպատճառի Ադրբեջանին:  

Երբ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություններ էր տրամադրում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին, ՀՀ ՊՆ-ն Հայաստանում առկա դեսպանատների ռազմական կցորդներին տեղեկացնում էր առաջնագծում տիրող իրավիճակի եւ ադրբեջանական սադրանքի մասին: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանն ընդունել էր ՀՀ-նում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին եւ հույս հայտնել, որ Արբեջանը զերծ կմնա իրավիճակի հետագա լարումից եւ հնարավոր կլինի խուսափել նոր արկածախնդրություններից:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը եւս ներկայացրել է իրավիճակը, որ ցայսօր մնում է անհանգիստ: Հակառակորդի կողմից արեւելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու առանձին տեսագրություն է տրամադրվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն էլ մեկնաբանել եւ հերքել է ադրբեջանական զլմ-ների տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի միջոցով Սահմանադրության հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի 3 պատգամավորների նկատմամբ:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կընդլայնվի Ադրբեջանի «Սեւ ցուցակը»՝ նա նշել է, որ բնավ մտադրություն չունի հետեւելու դրա ընդարձակմանը: «Վստահ եմ, որ այն գնալով ընդարձակվելու է, դրա վկայությունը ոչ միայն օրըստօրե, տարեցտարի մեծացող հոսքն է արտաքին աշխարհից դեպի Արցախ, այլեւ՝ թեկուզ մեր սահմանադրական բարեփոխումները, որին մասնակցում էին միջազգային բազմաթիվ դիտորդներ՝ մոտ 30 երկրից»,- նշել նախարարը:

ՀՀ ոստիկանությունում չէին հաստատել տեղեկությունն այն մասին, որ Եվրախորհրդարանի 3 պատգամավորների՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենա Թեոխարուսի (Կիպրոս) եւ Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարվել: Հետո ՀՀ դատախազությունը նաեւ փաստացի էր ներկայացրել ադրբեջանական հայտարարությունների սնանկությունը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հիշեցրել էր, որ ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր, այդ թվում վերջին պայմանավորվածությունները, վտանգում է ոչ միայն տարածաշրջանի խաղաղությունը: Նա հիշեցրել է, որ փետրվարի 25-ին միանգամից երկու՝ հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա ու հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձեր, ինչը ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տեսադիտարկման սարքավորումների շնորհիվ երկու ուղղություններում էլ ժամանակին հետ են շպրտել ելման դիրքեր: Հակառակորդը տվել է զոհեր ու վիրավորներ, իսկ 5 դիակ գտնվում էր չեզոք գոտում:

Այնուհետեւ՝ փետրվարի 26-ի երեկոյան ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում եւ թույլ տալ զոհվածների մարմինների տարհանումը:

Այս թեմային անդրադարձել է Արցախի ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ բազմիցս ասվել է, որ հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից: Տեղի ունեցածը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լրջագույն խախտումն է։ Ինչպեսեւ անցյալ տարվա ապրիլին, դրան նախորդեցին ադրբեջա նական կողմի պարբերաբար եւ նպատակային քայլերը՝ ուղղված լարվածության փուլ առ փուլ թեժացմանը։

«Ս.թ. փետրվարի 25-ի միջադեպը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ինչպես 1994-1995թթ. համաձայնագրերի, այնպես էլ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների շրջանակներում իր վրա ստանձնած պարտավորությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի հերթական ապացույցը։ Ակնհայտ է, որ բարձրացնելով լարվածության աստիճանը շփման գծում՝ ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլեւ միջազգային հանրության արձագանքն ուժի կիրառման նկատմամբ»,- ասել է ԼՂՀ ԱԳ նախարարը։

Ադրբեջանական կողմից հրահրվող լարվածության թեժացումը շփման գծում միայն խորացնում է անվստահությունը եւ հեռացնում հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները։ Այսպես են արտահայտվել հայկական կողմերը, եւ կրկին շեշտել,  որ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, «ընդարձակել ջանքերը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեծման շուրջ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործման համար»։

Իրավիճակը շփման գծում մնում է լարված եւ միջազգային հանրություն ասվածը պետք է վերջապես հասկանա, որ անպատիժ մնալով՝ Ադրբեջանը հետզհետե վերածվում է բռնատիրական երկրի, որը սատարում է նաեւ ծայրահեղ իսլամական ուղղության ահաբեկիչներին, որոնց թվում կան նաեւ ադրբեջանցիներ ու թուրքեր:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։