Բանանային «պոլիտիկայով» բանանվեց (Ինտերպոլը հավատաց ՀՀ ոստիկանության փաստարկներին եւ հրահանգեց չեղարկել Բաքվի «սեւ ցուցակ»-ի հետախուզման հայտարարությունները)… Ընդդեմ Ադրբեջանի խառնակիչ գործողությունների (Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը փորձում է սրել ադրբեջանցիների եւ հայերի հարաբերությունները)… «Վրաստանի հայ համայնք»-ը բողոքի ցույց է արել Վրաստանի ԱԳՆ շենքի մոտ…

Բանանային «պոլիտիկայով» բանանվեց

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, 2017թ. մարտի 1-ին Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ. ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ անող արտասահմանյան եւ ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116.0.8-3 (հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը), 165.2.2 (հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը), 183.2.1 (հատուկ արժեք ունեցող առարկաներ թալանելը), 183.2.2, 281.2 (Պետության դեմ ուղղված հանրային կոչերը) եւ 318.02 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների հատկանիշներով:

Շրջաբերականները ստանալուց անմիջապես հետո, ՀՀ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն են ներկայացվել անհրաժեշտ հիմնավորումներ եւ պարզաբանումներ առ այն, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է անում Ինտերպոլին ներքաշել քաղաքական խնդիրների ոլորտ, ինչը, միանշանակ, հակասում է Կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածին (այն է՝ Կազմակերպությանը խստիվ արգելվում է որեւէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին եւ հարցերին) եւ սպառնում է Ինտերպոլի հեղինակությանն ու բարի համբավին:  

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը, իր հերթին, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել եւ շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին եւ տեղեկացրել, որ այդ անձանց նկատմամբ շրջանառվող տեղեկատվությունը հակասում է Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին, եւ այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել:  

Իրականում կարողանում ենք հասնել արդյունքի, երբ իսկապես ցանկանում ու հետեւողական ենք գործում: Բայց մեր պատմությունը մեզ հուշում է, որ հատկապես երբ մոռանում ենք հետեւողականության մասին, մեր թշնամիները դա երբեք չեն մոռանում: Հաճախ մեր միջազգային պարտություններն էլ գրանցվում են այդ ընթացքում: Ուրեմն՝ մենք պետք է հետեւողական լինենք նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանի արածը զավեշտ է ու անհեթեթություն, քանզի երբեմն դրանք վերածվում են եվրոպական որոշ կառույցների հակահայ որոշումների: Պետք է լինել հետեւողական, եթե նույնիսկ կրկնվում ենք:

Նարե Մշեցյան

Ընդդեմ Ադրբեջանի խառնակիչ գործողությունների

Փետրվարի 28-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, երկրի ԱԳ նախարարության դիմաց, տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ընդդեմ Ադրբեջանի դավադիր գործողությունների, որոնք Վրաստանի քաղաքացիների միջեւ միմյանց նկատմամբ ատելություն են սերմանում: Բողոքի կազմակերպիչը «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն է եղել: Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի մոտ, ապա ուղեւորվել Վրաստանի ԱԳՆ նստավայր: Կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիայի նպատակն է կանխել հարեւան երկրի՝ Ադրբեջանի միջամտությունը Վրաստանի քաղաքականությանը՝ ներքին, թե արտաքին: Փետրվարի 25-ին մի խումբ ադրբեջանցի այսպես կոչված ակտիվիստներ, Ռուսթավելի պողոտայի վրա անցկացրել են ֆլեշ-մոբ եւ բաժանել են  այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին պատմող թերթիկներ: Ֆլեշ-մոբին ներկա են եղել նաեւ Ադրբեջանից եկած անձինք, ինչն էլ դարձել է մի շարք հասարակական կազմակերպությունների դժգոհության պատճառը:

«Վրաստանի հայ համայնքի» նախագահ Սամվել Մկրտչյանը հայտարարել է. «Մենք Վրաստան պետությունից պահանջում ենք, որ նրանք թույլ չտան հարեւան երկիրը իր դեսպանատան միջոցով միջամտի երկրի ներքին գործերին եւ հրահրի Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցիներին ու հայերին հակամարտությունների Վրաստանի տարածքում: Վերջերս դա կատարվում է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան առաջնորդությամբ եւ դրամական աջակցությամբ: Իշխանությունները կարծես թե աչք են փակում դրա վրա, ինչը եւ վտանգի տակ է դնում երկրի անվտանգությունը, ժողովրդավարությունը եւ ապագան: Սա է բողոքի պատճառը, եւ մենք հույս ունենք՝ մեր ձայնը լսելի կլինի, իսկ ԱԳՆ-ն կգործի ըստ օրենքի, այսինքն, կպաշտպանի Վրաստանի անկախությունն ու օրենքները»:

Ցույցի ավարտին «Վրաստանի հայ համայնք»-ը բողոքի նամակ է հանձնել Վրաստանի արտաքին գործերի գերատեսչությանը:

Նշենք, որ վերջերս նաեւ հակաթուրքական ցույց էր տեղի ունեցել Թբիլիսիում, որը կազմակերպել էին վրաց ազգայնականները՝ թուրքական առեւտրա-տնտեսական ներխուժման դեմ: Վրացիները դեռ կքաղեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ  եղբայրության դառը պտուղները…

Անկարան չի դադարեցրել թուրք մցխեթների Ջավախքում բնակեցման ծրագիրը, ինչպես եւ՝ Աջարիայի գրավման, իսկ Բաքուն ադրբեջանաբնակ Մառնեուլի եւ հարակից շրջանները հեռակա արդեն համարում է իրենը:

«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։