Հայաստանը՝ հակաթուրքական ճակատի նախաձեռնող (այն մասին, թե ինչու է կարեւոր տարածաշրջանում հակաթուրքական ճակատի ձեւավորումը հե՛նց մեր պետության կողմից… Հայ Արիական Միաբանությունը նման փորձեր արել է դեռ տարիներ առաջ՝ ինչպես Թուրքիային սահմանակից, այնպես էլ շահագրգիռ երկրների, ինչպեսնաեւ՝ համաարիական դաշինքում նախատեսված երկրների միջոցով)…

«Լուսանցք»-ն իր ռազմա-քաղաքական վերլուծություններում միշտ ակնարկել է թուրք-հունական հարաբերությունների վատթարացման հնարավորությունների մասին, դրանք առկա են դարերով, սակայն այսօր սառեցված են Արեւմուտքի կողմից, քանի որ Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են եւ ունեն կարեւոր ռազմավարական նշանակություն նաեւ իրենց աշխարհագրական դիրքի առումով:

Չնայած այդ ռազմա-քաղաքական պարտադրանքին, այս երկրների փոխհարաբերությունները մերթ ընդ մերթ սրվել են, անգամ հասել հակամարտության աստիճանի, սակայն, ինչպես վերը նշեցինք, կանխվել են եվրոպական ու ամերիկյան ջանքերով: Բայց այդ ընթացքում Անկարային հաջողվել է որոշակի առավելություններ ստանալ մրցակցի նկատմամբ, հատկապես Կիպրոսի մի մասի գրավման հարցում եւ հունական կղզիների վրա պարբերաբար զավթողական քաղաքականություն վարելու առումով: Եվ հատկապես ՆԱՏՕ-ն փորձել է դա  անտեսել՝ խաղաղեցնելով միայն հունական կողմին, որը եւ վնասներ է կրել:

Անկարան գիտակցում է, որ ցայսօր քոչվորական իր տեսակով (չնայած բռնի խառնարյունությամբ նստակյաց է իբր դարձել) առավելություն է ստացել՝ զավթելով ու տիրապետել է Հայկական լեռնաշխարհի զգալի մասին, որը եղել ու մնում է կարեւորագույն խաչմերուկ՝ Եվրոպա-Ասիա, որոշակիորեն նաեւ Աֆրիկա բազմաբնույթ կապը պահպանող ռազմավարական տարածաշրջանում: Ինչպեսեւ՝ լինելով ՆԱՏՕ-ի գլխավոր հենակայանը տարածաշրջանում, ունի նաեւ որոշակի առաջնահերթություններ Հունաստանի նկատմամբ, ինչն էլ գործածում է արտաքին քաղաքականության հարցերում:

Այսպես է վարվում Անկարան ոչ միայն Հունաստանի հետ հարաբերություններչում, այլեւ նույնիսկ եվրոպական առաջատար երկրների հետ հարցերում: Այս հանգամանքը Թուրքիային առավելություններ է տվել դեռ ԱՄՆ-ԽՍՀՄ հակամարտության տարիներին, տալիս է նաեւ այսօր՝ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների ծիրում:

Բայց աշխարհա-քաղաքական իրավիճակը գնոմ է փոփոխության, ինչը արդեն մի քանի անգամ աննպաստ իրավիճակներ է ստեղծել արհեստածին թուրքական պետության համար: Այդ իրավիճակների համապատկերում նաեւ Թուրքիայի մասնատման խնդիրն է դրված, ինչը արդեն իրական մտահոգություն է դարձել Անկարայի գլխին: Եվ թուրք-ամերիկյան, թուրք-ռուսաստանյան խաղերը առավել հաճախակի են դարձել: Երեւի թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի վերջին հեռախոսազրույցն է պատճառը, որ Թուրքիայի ղեկավարը մարտի 9-10-ը պիտի այցելի Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար:  

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով իրեն թուրքերի նոր հայր է դիտարկում (սահմանադրորեն վերացրեց Աթաթուրքի հանրապետությունը եւ նախաձեռնեց բռնապետական (իբր խիստ նախագահական) Թուրքիայի կառուցումը՝ նորսօսմանական եւ նորհամաթուրանական հեռանկարների երազանքով…), ծրագրում է մասնակցել նախատեսված համագործակցության խորհրդին շատ բարձր մակարդակով:

Իհարկե, Անկարային անհանգստացնում են նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչը եւս կքննարկվի ռուս-թուրքական բանակցություններում: Մոսկվայի ծրագիրը, որ կրկին հայերի հաշվին իր դիրքերն ամրապնդի թուրքական եւ ադրբեջանական ճակատներում՝ այս անգամ չստացվեց, քանի որ եւ՛ Հայաստանը հլու-հնազանդ չլսեց Ռուսաստանին, եւ՛ Արեւմուտքը որոշ հարցերում սատարեց հայկական կողմին՝ կասեցնելով նաեւ թուրքական որոշ քայլեր, որպեսզի Երեւանը մեն-մենակ չհայտնվի Մոսկվա-Անկարա (նաեւ Բաքու) ճակատի դեմ…

Այս ամենը հստակ երեւակվեց ինչպես արցախյան խնդրի ապրիլյան եւ ներկայիս սրումների, այնպես էլ սիրիական տարաբնույթ ընդհարումների շարունակվող համապատկերում: Ինչպես ՀՀ-ԱՄՆ, այնպես էլ ՀՀ-ԵՄ եւ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները առավել հստակ զարգացումներ ունեցան, քան՝ ՀՀ-ԱՊՀ, ՀՀ-ԵԱՏՄ կամ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները:

Հիշեցնենք, որ դեռ  տարիներ առաջ Հայ Արիական Միաբանությունը՝ Հայաստանի եւ Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի, Լիբանանի, Սիրիայի, Իրաքի եւ Իրանի իշխանություններին (վերջիններիս ՀՀ-ում գործող դեսպանների միջոցով), կոչ էր արել ստեղծել հակաթուրքական ճակատ՝ քանզի բոլոր նշյալ երկրներն էլ սահմանակից են Թուրքիային եւ խնդիրներ ունեն այդ երկրի հետ, ուստի՝ կարող են համապատասխան համաձայնագրով շրջափակել Թուրքիան եւ միասնական պայքարել իրենց ստանալիքի համար, որպեսզի խուսափեն միջազգային ճնշումներից:

Հայ արիականները դեռ իրաքյան 1-ին պատերազմի ժամանակ, որպես հակաթուրքական դրսեւորում, պաշտոնական առաջարկ էին արել այդ երկրի իշխանություններին, որ պատրաստ են մի քանի հարյուր կամավորներով պայքարել Իրաքի բանակի հետ՝ հատկապես թուրքական ուղղությամբ բացված ճակատում, ինչին ի պատասխան՝ Իրաքի դեսպանը հայտնել էր, որ իրենց երկրում ամբողջությամբ ըմբռնում են նման քայլի անհրաժեշտությունը, սակայն այսօր դա դեռ պետականացման խնդիր ունի, բայց Իրաքը կարձանագրի, որ անհրաժեշտության դեպքում կարող է դիմել նաեւ հայ արիականների մարտական խմբին (սակայն օրեր անց Իրաքի դեսպանատունը փակվեց)… Հայ արիականները նման առաջարկ էլ արել են իրանական կողմին, իրաքյան 2-րդ պատերազմի ժամանակ, այն դեպքում՝ եթե Իրանը պաշտոնապես կմտնի առճակատման մեջ, եթե ՆԱՏՕ-ական զորքերի հետ նաեւ Թուրքիան հարձակվի Իրաքի վրա: Հայ Արիական Միաբանությունը նաեւ իր սատարումն է հայտնել Կիպրոսի հույն բնակչությանը, եթե մի օր որոշում կկայացվի մաքրել կղզին թուրքական տարրից… Տարիներ առաջ որոշակի ջերմացման քայլեր են արվել նաեւ Սիրիայի ու Լիբանանի ուղղությամբ, բայց դեռ անելիքներ կան:

Հետաքրքիր է, որ նման առաջարկ էր եղել նաեւ (քաղաքական ու այլ ճնշումների առումով) Համաարիական ճակատի նախատեսվող երկրներին՝ ի դեմս Հայաստանի, Հունաստանի, Իրանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, եվրոպական սլավոնական եւ արիական առանցքին կապված որոշ երկրների (արիական առումով նաեւ ամերիկյան եւ ասիական մայրցամաքների որոշ երկրների) իշխանություններին եւ այլն:

Բայց, հասկանալի է, որ նման առաջարկները պետք է հայտնվեն պետության արտաքին քաղաքականության օրակարգում, որպեսզի ավելի շուտ միս ու արյուն ստանան: Իսկ դա չի կարելի բացառել, քանի որ արդեն գործում է ընդգծված համաթուրքական միություն (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան), ինչպես նաեւ կիսաթուրքական-կիսասլավոնական միավորում՝ ԱՊՀ կամ ԵԱՏՄ (Ռուսաստան (որը միշտ պատրաստ է թուրքի հետ համագործակցության՝ ընդդեմ հայկական շահերի), Բելառուս (որը վերջերս հավաստեց, որ ղազախական ու ադրբեջանական խամաճիկ երկրի կարող է վերածվել՝ հանուն նավթի կամ գազի), Ղազախստան, Թուրքմենստան եւ Ղրղզստան՝ համաթուրքական միության երկրներ)…

Օրերս կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները եւ հակաթուրքական միասնության խնդիրը, ոչ միայն սահմանակից երկրների, նորից առաջ է քաշվում:

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը թուրքերի մասին ասել է, որ «նրանց ոտքը չի դրվի հունական կղզիներ», իսկ Թուրքիան լուրջ պատասխան կստանա նոր սադրանքների դեպքում: Նա մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե եթե թուրքերը «ցանկանային բարձրանալ Իմիայի գագաթ, կանեին դա»:

«Չի լինի այդպես, որ թուրքի ոտքը դիպչի հունական կղզիներին: Մենք դրան կխանգարենք: Եթե նրանք մտնեն, ապա կտեսնենք, թե ինչպես կփախչեն այնտեղից»: Նրա խոսքով՝ Հունաստանի ներկայիս կառավարությունը զգալլիորեն տարբերվում է 1996թ. կառավարությունից, եւ նրանք չեն նահանջի: Հունաստանը չի պատասխանում բանավոր մարտակոչերին, սակայն կառավարությունը չի նահանջի ազգային ինքնիշխանության հարցերում. հայտարարել է հույն նախարարը:

Թուրքիայի ԱԳ նախարարը արագ արձագանքել է, թե «հույն հարեւանները փորձում են իրենց համբերությունը»: «Մենք կարեւորություն ենք տալիս Հունաստանի հետ հարաբերություններին: Բայց Էգեյան շրջանի, կղզիների ու որոշ այլ խնդիրների հարցում տարբեր ենք մտածում: Մենք ստիպված էինք ընդունել կոալիցիայի ներկայությունն Էգեյան տարածքում: Բայց մինչեւ ե՞րբ: Մենք էլ համբերություն ունենք»,- ասել է թուրք նախարարը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեւլյութ Չավուշօղլուն կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հետ քաշել իրենց ուժերն Էգեյան ծովի տարածքից: 2016թ. փետրվարից սկսած ՆԱՏՕ-ն իր անդամ երկրների ռազմածովային ուժերից բաղկացած օպերատիվ խումբ է ուղարկել Էգեյան ծովի շրջան՝ սիրիացի եւ իրաքցի անօրինական ներգաղթյալների հոսքը վերահսկելու նպատակով:

Հիշեցնենք նաեւ, որ դեռ նախորդ տարեվերջին Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն՝ կայացավ մեր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստան: Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում կայացավ դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո տեղի ունեցավ հայկական ու հունական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապեւ՝ նախարարներ Վիգեն Սարգսյանի եւ Պանայոտիս Կամենոսի առանձնազրույցը:

Քննարկվել էին պաշտպանական բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, եւ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին երկկողմ համագործակցության խորացման ու ընդլայնման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Այս ամենը պիտի ավելի արագ գտնի իր շարունակությունը, քանի որ հատկապես եվրոպական աշխարհա-քաղաքական ծավալումները կարող են ընթանալ ոչ թուրքանպաստ, ինչն այսօր արդեն ակնհայտ դրսեւորվում է քաղաքական ու հասարակական ոլորտներում: Քաղաքական գործիչների, մտավորականների եւ լրագրողների հազարների հասնող ձերբակալություններն այլեւս չեն հանդուրժվում եվրոպական համագործակցության կողմից (Թուրքիայի օրինակով նույնն է կրկնվում նաեւ Ադրբեջանում): Օրերս Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ վերջին կես տարվա ընթացքում թուրք դիվանագետներից ստացել են քաղաքական ապաստան խնդրելու 136 դիմում, նման դիմումների քանակը կտրուկ աճել է 2016թ. հուլիսին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո (ինչը կասկածելի հեղաշրջում է դիտարկվում առավելապես):

Գերմանիայի ՆԳ նախարարության հայտարարությունում նշված չեն այդ դիվանագետների անունները, բայց հաղորդվում է, որ նրանք բոլորն ունեն դիվանագիտական անձնագիր: Նրանց թվում կարող են լինել մարդիկ, ովքեր ոչ միայն դիվանագիտական անձնակազմից են, նաեւ նրանց ընտանիքի անդամներ, ովքեր նույնպես ունեն դիվանագիտական անձնագիր:

2016թ. հունիսի 16-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սկսվել են կադրային լայնածավալ մաքրման աշխատանքներ՝ ջարդեր եւ ձերբակալություններ: Աշխատանքից տասնյակ հազարավոր մարդիկ են ազատվել: Եվ այս ամենը հղի է ներքին անկայունության վերածվելու պոռթկումով (ներառյալ նաեւ ազգամիջյան եւ միջկրոնական խնդիրները), ինչին պիտի պատրաստ լինենք ինչպես մենք՝ հայերս, այնպես էլ նախատեսվող հակաթուրքական ճակատի անդամ երկրները:

Հայկ Թորգոմյան

1-ին էջի թուրքական եւ 8-րդ էջի ադրբեջանական, վրացական եւ թուրքական՝ իրականում երբեւէ չգոյ քարտեզները, տարբեր ձեւախեղումներով ու տարածքներով, պարբերաբար տարածվում են աշխարհում՝ որպես «Մեծ Թուրքիա», «Մեծ Ադրբեջան» եւ «Մեծ վրաստան» հորջորջվող «փաստաթղթեր»: Այս սին քարտեզագրության պատասխանը եւ՛ ծաղրաքարտեզագրությամբ պիտի պատասխան տրվի եւ՛ իրական ու պատմական փաստերով: Այս հարցում մենք՝ հայերս, դեռ թերանում ենք: Ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային պատմագիտությամբ սա կարելի է փաստել միանգամից եւ դա պիտի անել համաշխարհային մակարդակով, առանց հոգնելու եւ կրկնվելուց վախենալու…

Հ.Գ. – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տնտեսական համագործակցության կազմակերպության ամբիոնը գործածել է հերթական հակահայկական հայտարարությունները հնչեցնելու նպատակով՝ Հայաստանին որակելով՝ «ագրեսոր»…

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ իրենք ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է քննարկեն կառույցի բոլոր նիստերում… Որքան էլ որ կառույցը տնտեսական բնույթ ունի, այդուհանդերձ դրա շրջանակները ներառում են նաեւ քաղաքականությունը:

Նշյալ կազմակերպությունը հիմնադրվել է 1985թ. Թեհրանում՝ Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի կողմից: Այժմ ՏՀԿ-ի մեջ են մտնում 10 երկիր՝ Աֆղանստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը:

Հիշեցնենք, որ Պակիստանը միակ երկիրն է, որ դեռ չի ճանաչել Հայաստանի անկախությունը՝ որպես իբր Ադրբեջանի պատմական տարածքները զավթած երկիր… Նշենք նաեւ, որ եթե թյուրքական երկրները կարգախոս են որդեգրել, թե համաթուրքական միության մեջ «1 ազգ են՝ 6 պետությունում» (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան), ապա Պակիստան-Ադրբեջան եղբայրությունը կնքելիս պակիստանական կողմը հայտարարել է, թե իրենք էլ համարում են, որ «1 ազգ են՝ 2 պետության մեջ»…

Պակիստանը մտածված կամ անմիտ ջուր է լցրել թուրք-ադրբեջանական այն ջրաղացին, որը վերջին տարիներին փորձում են կյանքի կոչել Անկարան եւ Բաքուն՝ համաթուրանականությունը համադրել համաիսլամականության հետ՝ այդպես դառնալով ոչ միայն թուրքական երկրների գլուխը, այլեւ՝ իսլամական երկրների:

Պակիստանը նաեւ այն երկրներից է, որ մշտապես «Իսլամական կոնֆերանս»-ի ժողովներում փորձում են Արցախի հարցը դարձնել օրակարգային, անգամ «ջիհադ» հայտարարել Հայաստանի դեմ, համաիսլամական գործողությունների համար, ինչն իհարկե հաջողության չի հասել՝ հատկապես Իրանի եւ արաբական մի շարք երկրների դրական քաղաքականության հետեւանքով (թերեւս մեկ անգամ «ջիհադի» կոչ հնչել է՝ քվեարկության արդյունքներով)…

Անգամ Պաղեստինի հարցը «որդեգրելով»՝ Անկարան հակադրվեց Իսրայելի հետ, որպեսզի համաթուրանականությունը նաեւ համաարաբականության հետ համադրի եւ այստեղ էլ ավելի քան 20 արաբական երկրների գլուխը դառնա… Բայց…

«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։