Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայ մարզիկը նաեւ մարտիկ է – Մեր թրերը միշտ ամու՛ր են, սու՛ր են… Ռուսները խզեցին պայմանագիրը՝ Արցախի դրոշը ծածանելու համար… Թուրքիան ցանկանում է անցկացնել Եվրո-2024-ը… Հունգարիան էլ հրաժարվեց 2024թ. ամառային Օլիմպիադան անցկացնելուց… 13 մլն. դրամ՝ հայկական կոխի զարգացման համար… Հենրիխն ու Արթուրը արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի… Վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայ մարզիկը նաեւ մարտիկ էՄեր թրերը միշտ ամու՛ր են, սու՛ր են

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անձնակազմի գերակշիռ մեծամասնությունը տարիներ շարունակ կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին ոչ միայն որպես մարզաշխարհի ներկայացուցիչ, այլեւ՝ որպես Հայաստանի Հանրապետության պաշտպան զինվոր:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի եւ Սամբոյի ու ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի շատ մարզիչներ ու մարզիկներ մասնակցել են Արցախի ազգային ազատագրական շարժմանն ու պատերազմին եւ մինչ օրս նվիրված են հայրենիքին ու կիսում են մեր իշխանությունների ու ժողովրդի ազգային գաղափարներն ու նպատակները:

Ի ուրախություն մեզ  նշենք, որ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ունենք շուրջ 5000 մարզիկ-մարզուհիներ, այդ թվում Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոններ ոը մրցանակակիրներ, ովքեր Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին նվաճել են ավելի քան 700 ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ:

Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում շատ կան չլուծված խնդիրներ, որոնցից ամենակարևորը Արցախի հիմնախնդիրն է, որի հանգուցալուծման համար պահանջվում են համալիր մոտեցումներ, կան մի շարք տնտեսական խնդիրներ, որոնց  լուծումները կապահովեն Հայաստանի զինված ուժերի ժամանակակից սպառազինությունը եւ ազգի միախմբումը:

Մենք չենք վախենում պատերազմից եւ պատրաստ ենք կռվել թշնամու դեմ մինչեւ վերջին կաթիլ արյունը: Մեզ պետք է խաղաղություն եւ հզոր Հայաստան

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Հայաստանի զարգացումն ու Արցախի պաշտպանությունը կապում է նաեւ գալիք ընտրությունների հետ, երբ միասին կկազմավորենք խորհրդարանական Հայաստան:

Այդ Հայաստանում հայ սամբիստներն ու ձյուդոիստները կարեւորում են ազգային ուժերի առկայությունը, այն մարդկանց, ովքեր ցայսօր նվիրված են ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանության գործին ու հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն են: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ով կարողանում է համաշխարհային գերտերությունների հետ վարել հավասարակշռված քաղաքականություն, որից էլ բխում են մեր պաշտպանությանն ու անվտանգությանը առնչվող բոլոր հարցերը:

13 մլն. դրամ՝ հայկական կոխի զարգացման համար

Հայկական կոխ մարզաձեւի զարգացման նպատակով ստեղծված «Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հ/կ-ն անցկացրել է հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: «Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձեւի զարգացումն ընդգրկված է Հայաստանի կառավարության 2017թ. գերակա խնդիրների ցանկում: Հաշվի առնելով հայկական կոխ ըմբշամարտի մարզամշակութային նշանակությունը՝ պետական բյուջեից կտրամադրվի 13 մլն. դրամ՝ մարզաձեւի զարգացման համար»,- ասել է նախարարի տեղակալը:

«Լուսանցք»-ն անդրադարձել է ազգային մարզաձեւի պատմությանն ու զարգացման խնդիրներին եւ կարեւորել այն՝ առաջ քաշելով մարզաձեւը զարգացնելու անհրաժեշտությունը: Կոխը մի մարզաձեւ է, որ համարվել է ուժեղագույների վեհանձն մենամարտ, որը 340 հնարք ունիինչը եւս պահպանել ու զարգացնել է պետք: («Լուսանցք», թիվ 7-8 (440-441), 2017թ.): Մարզաձեւը զարգացնելու համար անհրաժեշտ է համարվել նաեւ պետական չափորոշիչներ մշակելը (մարզական կարգեր շնորհելը), մրցումների կանոնները հրատարակելը եւն…  

Դառնա;ով վերոնշյալ նիստին՝ նշենք, որ հաշվետու զեկույցով հանդես է եկել «Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հ/կ նախագահ Վաղինակ Գալուստյանը: Նա ներկայացրել է 2016թ. ընթացքում ֆեդերացիայի կատարած աշխատանքները: «Մշակվել է մարզիկների մարզահագուստի նախնական տարբերակը, ավարտական փուլում է գտնվում մարզաձեւի վերաբերյալ ուսումնական ձեռնարկը, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում հայկական կոխ ըմբշամարտի մարզիչների վերապատրաստման վերաբերյալ:

ՀՀ տարածքային կառավարման եը զարգացման նախարարության հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ մարզերում գործող մարզադպրոցներում ազգային այս մարզաձեւի խմբակներ ունենալու վերաբերյալ»,- հ/կ նախագահը: Ներկաները քննարկել են մրցավարական կանոնակարգը եւ մարզաձեւի զարգացմանն առնչվող այլ հարցեր:

Ռուսները խզեցին պայմանագիրը՝ Արցախի դրոշը ծածանելու համար

Fight Nights Global ռուսական մարզական ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը խառը մարտարվեստի հայազգի մարզիկ Վարդան Ասատրյանի հետ՝ վերջինիս կողմից Արցախի դրոշի ցուցադրությունից հետո:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Վարդան Ասատրյանը Fight Nights Global 59 մրցաշարի շրջանակներում նոկաուտով հաղթեց ադրբեջանցի մարզիկ Էլնար Իբրահիմովին 1-ին իսկ փուլում եւ դուրս եկել եզրափակիչ: Հաղթանակից հետո նա իր հաջողությունը տոնել է Արցախի դրոշը ծածանելով:

Բուդապեշտն էլ հրաժարվեց

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը չի կարող ընդունել 2024թ. ամառային Օլիմպիական խաղերը եւ հրաժարվել է կազմակերպիչ քաղաքի ընտրությանը մասնակցելու իրավունքից:

«Օլիմպիադա-2024»-ի անցկացման վայրը հայտնի կդառնա 2017թ. սեպտեմբերի 13-ին՝ Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի վեհաժողովում: Կպայքարեն 2 թեկնածու քաղաքներ՝ Փարիզն ու Լոս Անջելեսը: Ավելի վաղ Օլիմպիական խաղերի կազմակերպումից հրաժարվել էին նաեւ Հռոմն ու Տորոնտոն:

Թուրքիան ցանկանում է անցկացնել Եվրո-2024-ը

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտ է ներկայացրել ֆուտբոլի եվրոպական միություն՝ 2024թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլն անցկացնելու համար։ Ինչպես նշում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Թուրքիան երկրորդ երկիրն է, որը նման ցանկություն է հայտնել։ Առաջինը հայտ ներկայացրել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հարկ է նշել, որ Թուրքիան դեռեւս չի կազմակերպել ֆուտբոլի որեւէ խոշոր մրցաշար։ Այդ երկիրը նախկինում ցանկացել էր ընդունել Եվրո-2016-ի առաջնության եզրափակիչ փուլը, սակայն ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին այն վստահել էր իր հայրենի երկրին՝ Ֆրանսիային։ Թուրքիան հրաժարվել է ընդունել Եվրո-2020-ի խաղերը, քանի որ այն անցկացվելու է տարբեր երկրներում, բավական քիչ քանակով հանդիպումներով։

Հենրիխն ու Արթուրը արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի

Բազմաթիվ անվանակարգերից բացի օրերս պարգեւատրումներ եղան նաեւ սպորտի բնագավառում: «Հայկյան» մցանակաբաշխությանը մասնակցեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվեց սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման եւ նվիրումի, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ հայկական սպորտի հանրահռչակման համար:

Վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

«Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպումով մարտին վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Խաղի 27-րդ րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվը, իսկ 5 րոպե անց՝ կրկնապատկեցին այն: Դաշտի տերերը մեկ պատասխան գնդակ խփեցին եւ «Ալաշկերտ»-ը հաղթեց 2:1 հաշվով: «Բանանց»-ը կրեց 10-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ շարունակում է մնալ նախավերջին՝ 5-րդ տեղում:

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ փուլի մյուս հանդիպումներում մրցաշարի միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Երեւանի «Արարատ»-ին: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց 17-ամյա Վահան Բիչախչյանը: Հիշեցնենք, որ առաջատարը ձմեռային արձակուրդի ժամանակ պայմանագիր է կնքել 7 նոր լեգեոնականների հետ:

Կապանի «Գանձասար-Կապան»-ը Երեւանի «Փյունիկ»-ին ընդունեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, այնտեղ, որտեղ իրենց տնային խաղերն են անցկացնում … փյունիկցիները: Բայց կապանցի ֆուտբոլիստները իրենց դաշտի տերեր զգացին ու հաղթեցին 2:0 հաշվով:

Այդպիսով, առաջնության գարնանային հատվածի առաջին խաղերից հետո մրցաշարային աղյուսակը 37 միավորով շարունակում է գլխավորել «Շիրակ»-ը: Հաջորդում են «Ալաշկերտ»-ը (33 միավոր) եւ «Գանձասար-Կապան»-ը (30): Հաջորդ փուլում տեղի կունենա առաջնության կենտրոնական խաղերից մեկը՝ «Ալաշկերտ»-ն իր հարկի տակ կընդունի «Շիրակ»-ին:

50-ամյա ճապոնացին՝ պատմության ամենատարեց ֆուտբոլիստ

Ճապոնական «Իոկոգամա» թիմի հարձակվող Կաձուեսի Միուրան ֆուտբոլի պատմության ամենատարեց խաղացողն է, ով մասնակցել է պաշտոնական հանդիպման: Ճապոնացին գերազանցել է Անգլիայի ներկայացուցիչ Սթենլի Մեթյուզի ռեկորդը, ով խաղադաշտ էր դուրս եկել 50 տարեկան, 5 օրական հասակում: Իսկ ահա Կաձուեսի Միուրան ճապոնիայի 2-րդ լիգայում անցկացած հանդիպման ժամանակ 50 տարեկան, 7 օրական էր:

Ավելացնենք, որ ճապոնացին ֆուտբոլային կարիերան սկսել է 1986թ.: 4 տարի շարունակ հանդես է եկել բրազիլական «Սանթոս»-ում, «Պալմեյրաս»-ում եւ «Կորիտիբա»-ում: 1994-95թթ. խաղացել է իտալական «Ջենովա»-ում, որից հետո տեղափոխվել է հայրենիք: 50-ամյա հարձակվողն իր ներկայիս թիմի կազմում ընդգրկվել է 2005թ.-ից: Այս ընթացքում մասնակցել է 231 հանդիպման՝ դառնալով 24 գոլի հեղինակ: 1990-2000թթ. հանդես է եկել Ճապոնիայի ֆուտբոլի հավաքականում: Ազգային թիմում անցկացրել է 89 հանդիպում՝ դարձել 55 գոլի հեղինակ:

Առաջին անգամ 30 լավագույնների մեջ՝ հայ դահուկորդ

Ֆինլանդիայում ավարտվեց դահուկավազքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ամփոփել է հայ մարզիկների արդյունքները՝ նշելով, որ հիմնական ակնկալիքներն ունեին Սերգեյ Միքայելյանից, ով էլ արդարացրեց սպասելիքները: «Առաջին անգամ աշխարհի առաջնությունում 30 լավագույնների մեջ ներկայացուցիչ ունեցանք: Մասնավորապես, 30 կմ սկիատլոնում (15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ) Սերգեյ Միքայելյանը 29-րդն էր:

Սա ապացույցն է այն բանի, որ նրա մոտ նկատելի աճ կա: Նա գրեթե մեկ մրցաշրջան բաց էր թողել վնասվածքի պատճառով: Հիմա վերականգնման փուլում է: Աստված տա՝ լիովին ապաքինվի ու ավելի լավ արդյունքներ գրանցի: Այս առաջնությունում Սերգեյ Միքայելյանը առաջին անգամ մասնակցեց 50 կմ ազատ ոճի մեկնարկին: Մոտ 70 մասնակիցների մեջ նա կարողացավ եզրագիծը հատել 41-րդ տեղում: Հուսանք, որ նորից կհաղթահարի նման տարածություններ»,- նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Խոսելով մյուս դահուկավազորդների մասին՝ Գագիկ Սարգսյանն ասել է, որ նրանք կատարել են իրենց առաջ դրված նվազագույն խնդիրը. «Կատյա Գալստյանն ու Թադեւոս Պողոսյանը հաղթահարեցին դասակարգման փուլը, սակայն աշխատելու տեղ ունենք: Աննա Մխիթարյանը չկարողացավ հաղթահարել առաջին արգելքը եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Միքայել Միքայելյանը վատառողջ էր եւ չկարողացավ մասնակցել առաջնությանը: Ընդհանուր առմամբ՝ մեր սպասելիքներն արդարացան»:

Աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո Թադեւոս Պողոսյանը մասնակցել է համաշխարհային զինվորական խաղերին՝ մոտ 50 մասնակիցների մեջ զբաղեցնելով 24-րդ տեղը:

Հայ դահուկավազորդները մի քանի օրից Ավստրիայում կմասնակցեն կենտրոնական Եվրոպայի պետությունների գավաթին: Այնուհետեւ Սերգեյ Միքայելյանը կմեկնի Խանտի Մանսիսկ՝ նա կմասնակցի Ռուսաստանի բաց առաջնությանը:

Հայ գեղասահորդներն արժանացել են ոսկե եւ բրոնզե մեդալի

Ավստրիայի Ինսբուրգ քաղաքում շարունակվում է գեղասահքի «ԻՍՈՒ-ի Թայրոլի Գավաթ 2017» միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում են 2 գեղասահորդներ։ Մրցաշարին մասնակցում են Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի փոքրիկ գեղասահորդ Միքայել Սալազարյանը եւ Հայաստանի գեղասահքի Ֆեդերացիայի փոքրիկ գեղասահորդ էդվարդ Տեր-Ղազարյանը։

Միքայելը ստուգատեսի կրստեր տարիքի պատանի մենասահորդների ազատ  ծրագրի կատարման մրցմանն արձանագրել է 16,76 միավոր ու արժանացել ոսկե մեդալի: Մինչեւ 12 տարեկան մենասահորդների ազատ ծրագրում մեր 11-ամա գեղասահորդի՝ էդվարդի, մրցելույթը նույնպես հաջողված էր, նա զբաղեցրել է 3-րդ հորիզոնականն ու արժանացել բրոնզե մեդալի:

27-րդ գրոսմայստերն է Հայաստանից

Շախմատի միջազգային ֆեդերացիան Հայաստանի շախմատիստ Վահե Բաղդասարյանին շնորհել է գրոսմայստերի կոչում:  Վահե Բաղդասարյանը Հայաստանի գործող շախմատիստներից թվով 27-րդն է, որն արժանացավ նման բարձր կոչման:

Սիրանուշ Ղուկասյանն ու Արամ Հակոբյանը լրացրել է համապատասխանաբար կանանց եւ տղամարդկանց միջազգային վարպետի նորման:

Հայաստանի շախմատային դեսանտը այս անգամ ձախողվեց Մոսկվայում

Մոսկվայում ավարտված շախմատի «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր մրցաշարում Հայաստանի պատվիրակները չկարողացան զբաղեցնել մրցանակային որեւէ տեղ:

«A» խմբում հանդես եկող մեր շախմատիստները պարզապես ձախողեցին ստուգատեսը: Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ զբաղեցրեց 35-րդ տեղը: Տիգրան Հարությունյանն ու Մանուել Պետրոսյանը 4-ական միավորով բաժանեցին 64-65-րդ տեղերը: Իսկ Հայկ Մարտիրոսյանը մրցաշարն ավարտեց 84-րդ հորիզոնականում՝ 3,5 միավորով:

Անհաջող մասնակցեցին նաեւ «B» (14 շախմատիստ) եւ «C» (4 շախմատիստ) խմբերում հայտավորված մեր շախմատիստները, ովքեր հնարավորություններից շատ ցածր հանդես եկան ու տեղ զբաղեցրեցին անգամ առաջին տասնյակում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 9 (442), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։