Տարոն Մարգարյանն իրեն տեսնում եմ գործադիր աշխատանքում… Մի՞թե ժողովրդի 70%-ը տեղյակ չէ ընտրական փոփոխություններից… «Մենք հաշվետու ենք» (Երեւանի քաղաքապետարան) – Հասարակական տրանսպորտ… Վերգետնյա էլեկտրանսպորտ եւ մետրոպոլիտեն… Բնակարանային ֆոնդի պահպանում…

Ես ինձ տեսնում եմ գործադիր աշխատանքում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իրեն տեսնում է գործադիր մարմնում, ոչ թե խորհրդարանում: Իսկ թե ԱԺ ընտրություններից հետո կլինի պատգամավոր, թե նորից պաշտոն կզբաղեցնի գործադիր իշխանությունում, նա պատասխանել է, որ «ամեն դեպքում, ՀՀԿ խորհուրդն է որոշում: Ես կուսակցական եմ եւ կարգապահությունը պահում եմ, բայց, եթե իմ կարծիքով լինի, բնականաբար, ես ինձ տեսնում եմ գործադիր աշխատանքում»:

Ինչ վերաբերում է թիվ 1 ընտրական տարածքում առկա լարվածությանը, որտեղ թեկնածու է նաեւ իր աներորդի Ռոբերտ Սարգսյանը, նա նշել է, որ ինչպես Ռոբերտ Սարգսյանը, այնպես էլ Միհրան Պողոսյանը եւ Ղուկաս Ուրիխանյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներն են եւ «իրար դեմ չեն մրցում»: Պաշտոնատար անձանց մասին էլ քաղաքապետը հստակեցրեց, որ «Վարչական շրջանների ղեկավարները ոչ մեկն արձակուրդում չի գտնվում, բոլորն աշխատում են, եւ պարտավոր են իրենց առօրյա աշխատանքը կատարել: Ոչ միայն այս տարի, այլ ամեն տարի, ամբողջ ժամանաշրջանում իրենց աշխատանքը կատարում են: Պարբերաբար մարդկանց սպասարկում են ի պաշտոնե: Այնպես չէ, որ եթե քարոզարշավն սկսվել է, վարչական շրջանների անձնակազմի դռները փակվելու են»:

Ժողովրդի 70%-ը տեղյակ չէ ընտրական փոփոխություններից

Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ԱԺ ընտրություններին գնում է «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով։  

«Այս խորհրդարանը դառնալու է հիմնադիր խորհրդարան»,- ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ հենց Դաշնակցության ջանքերով է, որ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի. «Բոլոր հնարավորությունները ստեղծել ենք, որ ընտրությունների միջոցով ժողովուրդը որոշի իր իշխանությունը։ Այլեւս չենք ունենալու մի աթոռ նախագահի, որի վրա նստողը կունենա ամբողջական իշխանություն։ Մենք վերացրեցինք այն աթոռը, որ գոյություն չունենա մեկը, որի մտքով կանցնի, որ նա կարող է լիարժեք իշխանություն ունենալ։ Սրանով մենք մոտեցրել ենք իշխանությունը ժողովրդին»,- նշել է նա։ ՀՅԴ-ն չի պատրաստվում առանձին անձանց համար խոստումներ տալ. «Չենք գնալու դատարկ խոստումներ տալու ճանապարհով։ Ընտրապայքարում ենք, որ սկսած գործը շարունակենք»։ Արմեն Ռուստամյանը մտահոգ է՝ ժողովրդի 70%-ը տեղյակ չէ, թե ինչ համակարգային փոփոխություններ են տեղի ունեցել երկրում։ «Պետք է բացատրել կատարվածի կարեւորությունը»,- շեշտել է նա:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ելույթում նշել է, որ իրենց առաջնահերթություններից է լինելու հանրային ծառայության ոլորտի բարելավումը. «Պետական ծառայողը պետք է վստահ լինի, որ իր աշխատավարձն ապահովում է իր թե սոցիալական, թե մշակութային կարիքները, որպեզի նա չունենա կոռուպցիոն մղումներ: Սրա հենքի վրա առաջարկում ենք հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, որը կներառի հասարակության բոլոր շերտերը: Մենք հասնելու ենք նրան, որ բնական ռեսուրսները՝ հողը, ջուրը, ընդերքը, անտառները, ծառայեն մեր ժողովրդին»:

«Մենք հաշվետու ենք»

Սկիզբը՝ թիվ 7-8-ում

Հասարակական տրանսպորտ

2016թ. նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումների ուղղությամբ։

Գործող երթուղային ցանցի եւ առկա տրանսպորտային պարկի շրջանակներում քաղաքապետարանն ամենօրյա աշխատանքներ է իրականացրել հասարակական տրանսպորտի անխափան եւ անվտանգ աշխատանքն ապահովելու ուղղությամբ:

Միաժամանակ ոլորտի համակարգային բարեփոխումների իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ներգրավվել է միջազգային փորձառու խորհրդատու, որը պետք է

– մշակի Երեւան քաղաքի տրանսպորտի նոր երթուղային ցանց՝ հնարավորինս ապահովելով կրկնությունների բացառում եւ արդյունավետություն,

– հաշվարկի մշակված երթուղային ցանցին համապատասխան անհրաժեշտ տրանսպորտային միջոցների տեսակներն ու քանակները, մշակի միասնական եւ էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման հնարավորությունները Երեւան քաղաքում:

Վերգետնյա էլեկտրանսպորտ եւ մետրոպոլիտեն

Մշակվել է Երեւանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի ամբողջական արդիականացման ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը, ինչի գործնական իրագործումը դիտարկվում է տրանսպորտային համակարգի բարեփոխումների համատեքստում: 2016թ. շարունակվել են Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքները, որի շրջանակներում դրենաժային թունելի երկարացման ծրագիրը կավարտվի 2017թ.-ին:

2013-2016 թթ. Երեւանում հարմարավետ եւ մատչելի միջավայրի ապահովման համար իրականացված աշխատանքներ՝

145 վերանորոգված եւ գունազարդված կամարանցումներ

1041 նկարազարդված բակային տարածքներ

100 փողոցային նորաոճ ուղենիշների տեղադրում

100 ծառաբների համար ծածկույթների տեղադրում

437 ծաղկային կոմպոզիացիաներ

1995 թեքահարթակների կառուցում

73 հատված հատուկ գոգավորությամբ սալիկների տեղադրում տեսողական խնդիրներ ունեցողների համար

25 հարմարեցված ավտոբուս բնակչության սակավաշարժ խմբերի համար

75 կանգառների ազդարարման ավտոմատ համակարգերի տեղադրում ավտոբուսներում

Բնակարանային ֆոնդի պահպանում

2016թ. համատիրությունների հետ համագործակցության շրջանակներում շարունակվել է Երեւանի բազմաբնակարան շենքերի ընթացիկ վերանորոգումը:

Վերանորոգվել է 774 շենքերի շուրջ 77.000 քմ մակերեսով հարթ տանիք: Մասնակի նորոգվել է 1.111 շենքերի շուրջ 49.000 քմ մակերեսով թեք տանիք: Ամբողջովին հիմնանորոգվել է 12 շենքի 11.094 քմ թեք տանիք:

Վերանորոգվել է բազմաբնակարան 541 շենքերի 924 շքամուտք: Բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների փլուզումները կանխելու նպատակով նորոգվել եւ ամրացվել է 57 շենքի 138 վթարային պատշգամբ: Վերանորոգվել է շենքերի ջրամատակարարման եւ ջրահեռացման 17 082 գծմ ներքին ցանց:

«Լուսանցք» թիվ 9 (442), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։