Նախընտրական խոստումներ, որ շառաչում են հորդ գետի պես (2) – Հիմա տեսնենք, թե գյուղատնտեսական վարկերը զրոյացնելու խոստում տվող մեր քաղաքական ուժերը ինչ են խոստանում անել արդեն բնապահպանական վիճակի հետ…

Տարօրինակ է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը բնապահպանության հետ կապված ոչ մի խոստում չունի նախընտրական ծրագրում: Ավելին՝ «Մրցունակ Հայաստան» կոչվող նախընտրական տնտեսական ծրագրի 133 կետից եւ ոչ մեկը բնապահպանությանը չի վերաբերում:

Բնապահպանությունը չի հետաքրքրում նաեւ «Հայկական վերածնունդին» ու «Ծառուկյան» դաշինքին: Առաջինն իր 30 քայլերից ոչ մեկը եւ երկրորդը՝ իր 15 քայլերից ոչ մեկը բնապահպանությանը բաժին չի հանել: Հավանաբար նրանց կարծիքով բնապահպանությունը միայն ծառ ու ծաղիկ տնկելն է, մտածել են՝ դե դրա համար ինչ կարիք կա ծրագիր գրելու:

«Ելք»-ը հստակ ելք է առաջարկում՝ շրջակա միջավայրը տոտալ կաղբահանի եւ Սեւանա լիճը քաղաքակիրթ հանգստի գոտի կդարձնի: Թե այդ տոտալ աղբահանումն ինչպես է կազմակերպելու առանց, ասենք, երկոտանի խոզերին պատժելու մեխանիզմի, գոնե ինձ համար անհայտ է: Շրջակա միջավայրն ապականելու սովորություն ունեցողներին երկոտանի խոզեր եմ ասում, որովհետեւ ես սիրում եմ անկեղծ գրել, իսկ դրանց այլ կերպ բնորոշել չեմ կարող: Թեեւ իրականում, ինչպես պապս էր ասում, խոզը մաքուր կենդանի է, պարզապես ցեխով իրեն պաշտպանում է խոզ միջատներից:  

Կոնգրես-ՀԺԿ-ն լավ է գրում, թե ազգի առողջ գենոֆոնդի համար մեզ պետք է ապահովել էկոլոգիական անվտանգությունը, թե այսօր Հայաստանում շահագործվում են հանրային սեփականություն համարվող հարյուրավոր հանքավայրեր, թե հանրությանը պատկանող բոլոր բնական պաշարների վրա իսկական հարձակում է՝ հաջորդ սերունդներին թողնելով միայն աղտոտված, ապրելու համար ոչ պիտանի շրջակա միջավայր, թե երկրի տնտեսությանը պատճառվող վնասի չափով հատկապես անթույլատրելի է համարում Թեղուտի հանքավայրի շահագործումը եւ այլն եւ այլն: Անկեղծ եմ ասում, կհավատայի, եթե տնտեսությանը պատճառած վնասի չափով իրենք (իմա՝ ՀԺԿ-ն հանած) անգերազանցելի չլինեին

Նույնը՝ ՀՀԿ-ի մասով՝ անգերազանցելի ծրագիր է, բայց պիտի կրկնվեմ՝ անեիք, ո՜վ էր ձեռքներդ բռնում, անպայման պիտի Արարատյան դաշտի ջրային պաշարների վերականգնելիությունը վտանգվեր, նո՞ր միայն մտածեիք ջրախնայող համակարգերի մասին: ՀՀԿ-ն ասում է, որ խոստանում է մարդու առողջության պահպանման եւ կյանքի որակի բարձրացման համար շարունակել ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի՝ օդի, ջրի որակի, կանաչ տարածքների պահպանման նկատմամբ, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ:

Բազմիցս եմ առաջարկել, գրել, այլ երկրների օրինակներ մեջբերել, որ ոչ մի պետություն մանավանդ բնապահպանության ոլորտում վերահսկողության մասով  հույս չի դնում հասարակության բարեկրթվելու վրա, քանզի մինչեւ հասարակությունը բարեկրթվի, բնությունից եւ իբրեւ, հետեւանք, հասարակությունից կարող է բան չմնալ: Վերահսկողությունն արդյունավետ կլինի, եթե կիրառվեն մեծ տուգանքներ: Վերջ: Հեծանիվ հայտնագործել պետք չէ: Խփիր բնության հարգը չիմացող մարդու գրպանին եւ նա կդառնա մեր օրերի ամենաիսկական բնապաշտը: Նրա սերունդը, տեսնելով իր՝ բնությանը չվնասող ծնողներին, ինքն էլ նույնկերպ կվարվի:

Կամ՝խոստանում է նաեւ, որ պատշաճ բնապահպանական մոտեցումները լինելու են քաղաքաշինական կամ գործարար նախագծերի իրականացման պարտադիր պայման: Լավ էլի, այսքան ժամանակ չի եղել, որ որեւէ գործարար ծրագիր մերժվի՝ բնապահպանական ոչ պատշաճ մոտեցման պատճառով: Իրականում խիստ բնապահպանական դրույթները մեր պարագայում գործարար ծրագրերում տեղ չունեն:

Կոմկուսի մասով ոչինչ ասել չեմ կարող, քանզի քաղաքական այս ուժի ծրագիրը տարածված չէ, բայց դատելով այն հանգամանքից, որ նրանք դեռ հին թվերում են եւ չեն փոխել նրանց հայացքները ոչ արտաքին տնտեսական եւ ոչ էլ տնտեսավարման սկզբունքերում, ավելի լավ է բնապահպանությանը մոտ չգան: Սեւանը նոր-նոր ենք խելքի բերում:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը կարծում է, որ արդյունաբերության (հատկապես հանքարդյունաբերության), էներգետիկ եւ այլ ոլորտների զարգացումը չպետք է խաթարի մեր երկրի բնապահպանական հավասարակշռությունը։ Հանքաքարի հարստացումից դեպի մետաղի ձուլմանը եւ վերջնական արտադրանքի ցիկլի վերականգնմանը անցումը անհրաժեշտ է կատարել բնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ: Դաշինքը խոստանում է, որ հատուկ ուշադրության են արժանացնելու «Ամուլսարի» նախագիծը, որը կարող է կոտրել Հայաստանի «էկոողնաշարը», հանձնաժողով են ստեղծելու, որը զբաղվելու է փոքր հէկ-երի՝ բնությանը հասցվող վնասը զրոյին մոտեցնելու համար, համալիր ծրագիր են իրականացնելու անտառների նոսրացումը կանխելու, դրանց վերականգնման, ծանր մետաղներով հողերի աղտոտվածությունը վերացնելու ուղղությամբ:

Դաշինքը նաեւ գործնական քայլեր է նախանշում: Ըստ այդմ՝ օզոնաքայքայող նյութերի, ավտոտրանսպորտի արտանետումների կրճատման ուղղությամբ կիրառելու է արդյունավետ եւ գործուն միջոցներ: Վճռականորեն կասեցնելու է հայրենի բնության ինքնատիպ կենդանական աշխարհն ամլացնող համատարած որսագողությունը եւ անօրինական անտառահատումները: Անհապաղ միջոցներ է ձեռնարկելու հանրապետության  անապատացման վերահաս վտանգը կանխելու համար: Փոփոխություն է կատարելու բնօգտագործման հարկատեսակների մասին օրենքում՝ ներմուծվող ավտոմեքենաների հարկման չափը դնելով կախվածության մեջ ոչ թե մեքենայի գնից, այլ շարժիչի ծավալից եւ օգտագործվող վառելանյութի:

Կրկին անկեղծանամ՝ հիանալի է ասված, քանի դեռ չես լսել, թե ովքեր են այս խոսքերն արտաբերում:

Հ.Յ. Դաշնակցությունը խոստանում  է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կբացառի բնական ռեսուրսների գերշահագործումը, հյուծումը, նվազագույնի կհասցնի շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի եւ առողջության վրա բացասական ազդեցությունը:

Ուզում եմ հավատալ, իսկապես ուզում եմ: Եվ ուզում եմ, որ անեն: Իսկապես անեն: Ոչ այն՝ թուրքական ապրանքի ներմուծումը կանխելու խոստման պես: Բայց սա հենց այնպես հիշեցի, փակագծերը լրջորեն բացելու առիթ դեռ կլինի…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 9 (442), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։