Նախընտրական խոստումներ, որ շառաչում են հորդ գետի պես (1) – գյուղատնտեսության ոլորտը տնտեսության կարեւորագույն ճյուղ է… Յուրաքանչյուր նախընտրական շրջանում, լինի նախագահական թե խորհրդարանական, ծրագրերում մի բան ենք նայում՝ ինչ տեղ է հատկացված ծանր արդյունաբերությանը (մեր պարագայում՝ հանքարդյունաբերությանը, ուրիշ չունենք)…

Յուրաքանչյուր նախընտրական շրջանում, լինի նախագահական թե խորհրդարանական, ծրագրերում մի բան ենք նայում՝ ինչ տեղ է հատկացված ծանր արդյունաբերությանը (մեր պարագայում՝ հանքարդյունաբերությանը, ուրիշ չունենք), գյուղատնտեսությանը եւ բնապահպանությանը (սրանք ես մի շղթայում ենք դիտարկում):

Նույնատիպ ուսումնասիրություն արեցի նաեւ այս անգամ:

Ու մի բան կասեմ. կոմկուսը կարող էր ծրագիր չգրել, այլ՝ իրենով անել ընտրություններին մասնակից բոլոր մյուս 8 ուժերի ծրագրերը: Բոլորն էլ խոստանում են երջանիկ մանկություն, ապահով ծերություն, կյանքն՝ ուրախ, ապրուստը՝ համարյա ձրի: Կոնգրես-ՀԺԿ-ն ընդհանրապես շնորհապետություն է խոստանում, այսինքն՝ մի հասարակարգ, որտեղ բոլորը «կդատվեն» ըստ իրենց շնորհի: Չէ, այնպես չէ, որ ճիշտ դրույթներ ու նկատառումներ չկան, պարզապես դրանք հիմնականում ներկայացված են այն ուժերի կամ կուսակցությունների կողմից, որոնց ներկայացուցիչները մինչ այս կային ԱԺ-ում: Հարցնող լինի՝ ո՞վ էր ձեռքներդ բռնել, բա աշխատեիք, ԱԺ-ում ձայն բարձրացնեիք, օրենսդրական մի նախագիծ ներկայացնեիք, թող չշրջանառվեր, օրակարգ չմտներ, բայց դուք ներկայացնեիք, որ այսօր էլ իմ պես գրողին պատասխան ունենայիք տալու: Դրա համար ես նրանց այդ չաշխատած ճիշտ-ճիշտ դրույթները կթողնեմ մի կողմ՝ ներկայացնելով այն կետերը, որոնք գալիս են ապացուցելու, որ քաղաքական ուժերը ստում են: Եվ որ ամենավատն է՝ մտածված են ստում, դուր գալ են ուզում, բայց հենց խորհրդարանում հայտնվեն, ձայնազուրկ են դառնալու:  

Եվ այսպես՝ նախանշենք նրանց քայլերը հիշյալ ոլորտներից գյուղատնտեսությունում նախ՝ ըստ կուսակցությունների, ապա՝ ըստ դաշինքների՝ այբբենական կարգի համաձայն: Արդյունաբերությունը բաց ենք թողնում, քանզի ոչ մի ուժ իրական վիճակից չէր խոսել կամ՝ խոսել էր միայն բնապահպանական համատեքստում: Չէր տվել այն գնահատականը, թե ինչպես անել, որ եւ արդյունաբերությունն աշխատի, եւ բնապահպանական վիճակը չտուժի: Հակասական են նրանց ծրագրերը: Եթե ուժերը խոստանում են արդյունաբերության մեծ տեմպերով զարգացում, բայց բնապահպանության ոլորտից խոսելիս ասում են, որ չպետք է հանքերը այդքան մեծ թափով աշխատեն, ուրեմն կամ իրենք են ամնեզիայով տառապում, կամ մեզ են հիվանդի տեղ դրել:

Ինչեւէ, սկսենք գյուղատնտեսության՝ նրանց տեսլականից:

«Ազատ դեմոկրատներն», օրինակ, խոստանում է խրախուսել փոքր գյուղացիական տնտեսությունների զարգացումը, պայքարել խոշոր հողատիրության դեմ: Որ փոքրին խրախուսելու է, դա լա է, խոշորի դե՞մ ինչու է պայքարում: Ասենք՝ Էռնեկյանը խոշոր հողատեր է, անջրդի հողերը վերցրել, մշակել, մեծ այգիներ ունի խաղողի, դեղձի, թզի… գինիներ է արտահանում, իր իսկ այգիները կաթիլային ոռոգմամբ է ջրում: Ջուրն ամբարում է այնպես, որ ջրակորուստ չի ունենում, նորամուծություններ է մտցնում եւ գյուղատնտեսությունը զարգացնելու լավ օրինակ տալիս: Ինչի՞ պայքարել: Ինչպե՞ս պայքարել, ասել՝ վեր կաց գնա, մեզ քո հեկտարանոց այգիները պետք չեն, ամեն գյուղացու դռան 1-2 ծառը բավ է: Կներեք, բայց ծիծաղելի է: Պետք է այդ 1-2 ծառը 15-20 դարձնել եւ խոշորին էլ ձեռք չտալ: Թե չէ ազատ դեմոկրատներից սովետի հոտ եմ առնում, որ րոպե առաջ ուզում է կուլակաթափությամբ զբաղվել:

Այս ուժը խոստանում է նաեւ դուրս գրել կամ մասնակիորեն մարել գյուղացիական տնտեսությունների վարկային պարտքերը: Ուռա՜, ընկերնե՛ր, ուռա՜: Միայն պարզ չէ՝ ու՞մ հաշվին է այդ դուրս գրումը:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը սովետի դանդաղկոտությամբ է աշխատում, ծրագիր ունեն, բայց դեռ չեն տարածել, իրենց ֆ/բ էջը երեկվա դրությամբ դեռ 2014թ. գրառմամբ էր… Չնայած նրանց ծրագիրը կարդալու կարիք չկա, կոլխոզներ են պետք ու վերջ: Միայն թե կոլխոզին այս անգամ կոոպերատիվ են ասում:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գյուղատնտեսության ոլորտը տնտեսության կարեւորագույն ճյուղ համարելով՝ նախ ախտորոշել է խնդիրները, ապա ներկայացրել քայլերը: Ըստ այդմ, ոլորտում առկա են ժամանակակից ֆերմերների խավի ձեւավորման խիստ ցածր տեմպեր, ձեւավորմանն աջակցող կառույցների եւ գործընթացների անբավարարություն, ինտենսիվ գյուղատնտեսության եւ առաջադեմ տեխնոլոգիաների ոչ բավարար տարածվածություն, գյուղատնտեսության մեքենայացման ցածր մակարդակ, սուբսիդավորման մեխանիզմների ցածր արդյունավետություն, գյուղատնտեսական արտադրանքի իրացման ոչ արդյունավետ համակարգ, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի առկայություն, գյուղացիական տնտեսությունների կոոպերացիայի ցածր մակարդակ, տնտեսավարողների ժամկետանց վարկեր: Այս ամենի հետեւանքով ցածր արտադրողական բազմաթիվ տնտեսություններ ի վիճակի չեն ապահովել բավարար կենսամակարդակ, առկա է գյուղատնտեսության ներուժի ցածր իրացման մակարդակ, առկա է պարենի ներմուծման օպտիմալից բարձր մակարդակ: Լավ է, որ խնդիրները «գտել եք», բայց լուծեիք էլի այս տարիների ընթացքում, ո՞վ էր խանգարում, իշխանությունը ձերը, լծակները ձերը:

Դաշնակցականներն էլ են հետաքրքիր, ընդամենը արձանագրել են, որ հայ գյուղացին չի կարողանում վաճառել իր արդար քրտինքով աճեցրած բերքը, քանի որ օտար ապրանքով ողողված է մեր երկիրը, եւ որ պետությունը պետք է մտածի իր արտադրողի մասին: Մեխանիզմ կամ քայլ չեն նշում, հույս չունեն, որ կանցնեն ու քայլը պետության վրա՞ են դրել, թե՞ իրենք հստակ քայլ ունեն, բայց մինչեւ խորհրդարան չմտնեն, դրա մասին ոչ մեկի չեն ասի:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն էլ առաջարկում է սեփականության իրավունքով հողատարածք ունեցող կանանց աշխատանքը աշխատանքային ստաժ համարել՝ կենսաթոշակի ամենամյա ինդեքսավորմամբ ու բարձրացմամբ: Բայց ինչու՞ միայն կանանց: Հաստատ այդ կետը մարտի 8-ի առիթով էին գրել կամ վախեցել էին, որ տղամարդկանց ներառելու պարագայում Հեղինե Բիշարյանն իրենց աչքերը կհաներ:

Գանք դաշինքների գյուղատնտեսական խնդիրները լուծելու մեխանիզմներին:

Ելք-ը գյուղատնտեսության հետ կապված առանձին բաժին ունի՝ հստակ նախանշված քայլերով: Այս ուժը խոստանում է, որ այն գյուղացիական  տնտեսությունները,  որոնք  կանցնեն կաթիլային  ոռոգման,  հինգ տարի ժամկետով կազատվեն ոռոգման ջրի վարձից: Լավ է, բայց կարծում եմ, հստակեցում պետք է մտցվեր եւ դա միայն մանր ու միջին տնտեսություններին վերաբերեր, թե չէ խոշորի համար կաթիլային ոռոգման անցնելը առանձնապես ծախս չէ, այլ՝ սեփական շահն ունենալու հնարավորություն: Ինչու՞ այդ շահի համար նրան ազատել ոռոգման ջրի վարձից:

«Ծառուկյան» դաշինքը գյուղատնտեսությանը մե՜ծ տեղ է հատկացրել՝ իր 15 առաջնահերթ քայլերից 2-ը ոլորտին տալով ու համարելով, որ գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը: Վերջ, գյուղոլորտի հարցերը լուծված են:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքն էլ է ժողովրդի ծոցից դուրս եկել. զրոյացնել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքները, գյուղացիական տնտեսությունների վարկային պարտքերի դուրս գրում կամ մասնակի մարում անել: Դաշինքը պետական աջակցությամբ ապահովագրական համակարգ կստեղծի, որը գյուղատնտեսությունը կպաշտպանի ցրտահարությունից, կարկտահարությունից եւ այլ բնական աղետներից։ Հա, ամենակարեւորը: Դաշինքը նաեւ տեղեկացնում է ծրագրերի մասին ավելի մանրամասն իմանալու հնարավորության մասին: Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներն իհարկե նախանշված էին, բայց դա նշված էր իբրեւ ՀԱԿ ծրագիրը գյուղատնտեսության ոլորտում եւ թվագրված էր 2012թ. մարտի 29-ով:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը քիչ ավելի ռեալ է. գյուղվարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում է խոստանում մինչեւ 50% չափով:

Ստեղծելու է գյուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսությունների ապահովագրական ճկուն համակարգ: Հա, չմոռանամ ասել, դա անելու է «պետության փութաջան մասնակցությամբ»: Էլ ինչու՞ եք ձեր ծրագիրը «365 օր» կոչել, ինձ ասեիք, 30 օրվա համար գիտե՞ք ինչ ծրագիր կգրեի «պետության փութաջան մասնակցությամբ» արվելիք:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 9 (442), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։