Կլինի ինչպես խոստանու՞մ են, թե՞ կստացվի ինչպես միշտ – Հիշենք՝ խորհրդարանական ընտրությունների քաղաքական պատմությունից (1995-ից մինչեւ 2017)… (Հիշողություններ խորհրդարանական պատմությունից՝ 1995-2017… Իսկ Հայաստնում խոստումների հորձանուտ է – տեսնելու եւ համոզվելու համար շատ չմնաց)…

…«2003թ. խորհրդարանական ընտրություններում նախադեպեր շատ կային… Այս տարվա նորություններից էր նաեւ այն, որ ընտրություններին հայ ազգայնական քաղաքական պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ «Հայ Արիական Բռունցք» նախընտրական դաշինքը, որտեղ համախմբվել էին Հայ Արիական Միաբանությունը՝ կառույցի առաջնորդ Արմեն Ավետիսյանի, Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) նախկին մարտիկները՝ ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ աջակից շուրջ 5-6 փոքր ու միջին ազգայնական կուսակցություններ»… 

* * *

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին ընդունել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը հավաստիացրել է դիտորդական առաքելության ղեկավարներին, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցել բոլոր դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ եւ նրանցից ակնկալում են անկողմնակալ ու հավաստի գնահատական Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների մասին:

Յան Պետերսենը կարեւոր է համարել ընտրությունները դիտարկելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրելը՝ նշելով, որ առաքելությունն արդեն 11-րդ անգամն է Հայաստանում ընտրություններ դիտարկում, եւ մշակած մեթոդաբանությունն ու փորձը միանգամայն համապատասխանում են Հայաստանում ընտրությունները պատշաճ դիտարկելու, եզրակացություններ կատարելու պահանջներին: Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակությամբ է խոսել Հայաստանում գտնվելուց ի վեր՝ անցած երկու շաբաթների ընթացքում իշխանությունների, քաղաքական կուսակցությունների եւ բոլոր մյուս գործընկերների հետ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելության համագործակցության մասին եւ տեղեկացրել, որ առաքելության դիտորդներն արդեն գործուղվել ու տեղաբաշխվել են հանրապետության ամբողջ տարածքով մեկ ու պատրաստ են իրականացնելու իրենց առաքելությունը:  

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Հաստատած ժամանակացույցի համաձայն, առաջադրումների վերջին օրը, ԿԸՀ իրենց փաստաթղթերն են ներկայացրել Հանրապետական, Հ.Յ.Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» եւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունները: Իսկ դաշինքները, որոնք նույնպես ներկայացրել են առաջադրման փաստաթղթեր, հետեւյալն են՝ «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:

Ընտրական մեր ոչ հարուստ պատմությունը այնուամենայնիվ ունի գրանցված տվյալներ, որոնք թույլ են տալիս համեմատել նախորդ ընտրություններն այսօրվա հետ, չնայած մեծ հաշվով, ըստ էության շատ բան չի փոխվել:

Ինչեւէ, 1995թ. խորհրդարանը ձեւավորվեց անկախ Հայաստանի Ազգային Ժողովի առաջին ընտրություններով, 13 կուսակցություն եւ մոտ 800 թեկնածու էր մրցում 190 տեղի համար: Նախընտրական հանդիպումներում ընդդիմության հիմնական կարգախոսն էր՝ «կորչի՛ ՀՀՇ-ն»: 1999թ. խորհրդարանի ընտրություններում Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը վերջինն է ներկայացնում իր փաստաթղթերը ԿԸՀ: Այս դաշինքն անմիջապես դառնում է ընտրությունների առաջատար: Նոր ընտրական օրենսգրքով խորհրդարանում 190 պատգամավորի փոխարեն պիտի ընտրվեր 131-ը: Մասնակից 21 քաղաքական ուժերից 20-ն ընդդիմադիր էին համարում իրենց: 2003թ. խորհրդարանական ընտրություններում նախադեպեր շատ կային: Քարոզարշավը մեկնարկեց, երբ դեռ Սահմանադրական դատարանում չէր ավարտվել նույն տարվա նախագահի ընտրության արդյունքների վիճարկման հայցը։ Նախատեսված էր, որ ընտրությունների օրը պետք է քվեարկվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ընդդիմությունը հանդես էր գալիս Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքով, իսկ իշխանությունը՝ Հանրապետական կուսակցությունով, որն առաջին անգամ էր առաջադրվում առանց դաշինքի: Այս տարվա նորություններից էր նաեւ այն, որ ընտրություններին հայ ազգայնական քաղաքական պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ «Հայ Արիական Բռունցք» նախընտրական դաշինքը, որտեղ համախմբվել էին Հայ Արիական Միաբանությունը՝ կառույցի առաջնորդ Արմեն Ավետիսյանի, Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) նախկին մարտիկները՝ ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ աջակից շուրջ 5-6 փոքր ու միջին ազգայնական կուսակցություններ: 2007թ. ընտրություններում հանդես եկան 22 կուսակցություն եւ 1 դաշինք: Իշխող Հանրապետականը գլխավորում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ով մահացավ ընտրություններից առաջ: Ցուցակի 1-ին հորիզոնական տեղափոխվեց Սերժ Սարգսյանը: Այս ընտրությունների նորությունն էլ մոտ 2 տարի առաջ ստեղծված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, որը ղեկավարում էր գործարար Գագիկ Ծառուկյանը։ «Ժառանգություն»-ը՝ Հայաստանում առաջին անգամ կիրառում է «դռնեդուռ» ծրագիրը։ Իսկ 2012թ. ՀՀԿ նախընտրական քարոզչությունն անձամբ ղեկավարում է Սերժ Սարգսյանը, նա բոլորին կոչ արեց համախմբվել եւ երաշխավորել ազատ եւ արդար ընտրություններ: Հայ Ազգային Կոնգրեսը մերժեց այդ առաջարկը: Ընտրակաշառքներն ավելի բացահայտ են դառնում, հիմնականում նկատվում է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից բաժանվող ընտրակաշառքի աշխուժությունը: ՀՀ Օմբուդսմենը ընդդիմությանը կոչ է անում փողոց դուրս չգալ, այլ ընտրախախտումների դեմ պայքարել դրանք հավաքելով եւ դատարան դիմելով։ Ընտրություններին մասնակցում էին 8 կուսակցություն եւ 1 դաշինք: Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր ընդամենը 139 թեկնածու: Վարչական դատարանը մերժում է գրանցել ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը այն պատճառով, որ 2008-ի մարտի 1-ին անհետացած գործարարը վերջին 5 տարին մշտապես չի ապրել Հայաստանում:

Մեկնարկել է 2017թ. նախընտրական քարոզարշավը եւ ինչպես վերը նշվեց, 9 քաղաքական ուժեր կփորձեն ձեւավորել խորհրդարանական երկրի անցնող խորհրդարանի կազմը:

ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկն ազդարարդող հավաքի ընթացքում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին հավաստել է արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին: «Այսօր ՀՀԿ-ն սկսում է իր քարոզարշավը: Ոչ միայն մեր կուսակցությունը, այլեւ մեր ողջ երկիրն ու հասարակությունը մտնում են կարեւոր պատմական փուլ: Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ ձեւավորելու գործընթացն արդեն իսկ մեր քաղաքացիների ձեռքերում է»,- ասել է նախագահը եւ հավելել, որ իր համար, որպես Հայաստանի կառավարող կուսակցության ղեկավարի, «բացառիկ կարեւորություն ունեն այս ընտրությունները եւ ամենակարեւորը մեր քաղաքացիների վստահությունն է արդյունքների նկատմամբ»:

Իշխող կուսակցությունը ցանկանում է, որ կայանան այնպիսի ընտրություններ, որ որեւէ մեկի մեջ կասկածներ չառաջանան «ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ»: «Օրենքի տառին եւ ոգուն համապատասխանող ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ այն բանից, թե ով քանի քվե կստանա: Դա կլինի ազգի, պետության եւ հասարակության հաղթանակը: Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պատրաստ ենք դրան»,- նշել է երկրի նախագահը:

Նշենք, որ ՀՀԿ-ն քարոզարշավն սկսեց «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով: Իշխող կուսակցության պատասխանատուները հավաստում են, որ դա ինքնանպատակ չի հնչում, քանի որ այս ընտրություններից հետո մեր քաղաքացիներն ապրելու են մի երկրում, որն ունենալու է մեծ առաջընթաց:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հավաստել է, որ կառավարության խնդիրն է՝ ապահովել ու խթանել այդ առաջընթացը, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի խորհրդարանական երկրում տեսնելու է «առաջընթացի դրական ազդեցությունը ամեն տարի, ամեն նոր տարվա ընթացքում զգալու է իր կյանքի որակի բարելավումը»: Նա հավաստիացրել է նաեւ, որ իրենք գիտեն երկրի առջեւ կանգնած խնդիրների լուծումները, «ուղղակի դրանք պահանջում են համազգային ջանքեր, կենտրոնացում եւ խելամիտ ու արդյունավետ կառավարում, նաեւ պահանջում են գործընթացները ճիշտ ուղղորդող ուժ»: Եվ վարչապետի համոզմամբ, այդ ուժը «բարեփոխվող ՀՀԿ-ն է՝ իր կուռ կառույցներով, իր երիտասարդացող շարքերով, իր կառավարման փորձով եւ, վերջապես, առաջընթացը մարմնավորող իր վարչապետով»:

Իշխող կուսակցության պատասխանատուները վստահեցրել են, որ ընդդիմախոսների եւ մրցակիցների հանդեպ ունեն պատշաճ հարգանք եւ հավատում են, որ պայքարն արդար կլինի եւ իրենք այդ իրավիճակում էլ կհաղթեն: «Մենք կհաղթենք, որովհետեւ հավատում ենք մեր երկրի ապագային, հավատում ենք մեր ժողովրդի մեծ ներուժին»,- նշել է Կարեն Կարապետյանը եւ վստահեցրել, որ մեր երկիրը դառնալու է «տարածաշրջանի ամենաարդյունավետ եւ ամենաարագ զարգացող պետությունը, տարածաշրջանի ամենաապահով երկիրը»:

Գործող վարչապետը, ով, չի բացառվում, որ լինի նաեւ խորհրդարանական Հայաստանի առաջին վարչապետը, մեկ անգամ եւս վստահեցրեց, որ իրենց նպատակները հավակնոտ են, բայց՝ իրագործելի, քանի որ «ունեն ներկան փոխելու կամքը ու վճռականությունը»:

Տեսնելու համար շատ չմնաց…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 9 (442), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։