Հայկական փոխլրացնող արտաքին քաղաքականության պտուղները – Հայաստանը՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջանցիկ ուղի… Հայաստանից բարձրաձայնում են, որ իրապես պատրաստ են լինել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի տնտեսական շահերը համատեղող օղակ, ինչը կարող է նպաստել նաեւ համաշխարհային բեւեռների հարաբերությունների բարելավմանը…

Հայաստանը շարունակում է արտաքին աշխարհի հետ առնչվել փոխհամադրելի քաղաքականությամբ, ինչը հնարավորություն է տալիս խուսափել «միակ եւ հավատարիմ բարեկամը» կամ «անփոխարինելի հավատարիմ գործընկերը» լինելու տխուր հեռանկարից, ինչը մինչ վերջերս առկա էր մեր պետական արտաքին քաղաքական գրեթե բոլոր ուղղությունների մեջ:

Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվում էր բացառապես ռուսամետ-ռուսաստանամետ մի երկիր, որն անկախ իր արեւմտյան գործընկերների հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերին, Արեւմուտքի կողմից չէր դիտարկվում տարածաշրջանային եւ այլ ծրագրերում՝ որպես դերակատար:

Վրաստանը վերածվելով հակառուսական պետության, կարողացավ անցնել արեւմտյան ուղղություն, սակայն կրեց տարածքային կորուստներ՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան փաստացի հանձնելով Ռուսաստանին:

Ադրբեջանը եղբայրական Թուրքիայի օժանդակությամբ եւս հանգրվանեց արեւմտյան քաղաքական շրջանակներում, սակայն տարածքային կորուստներ դեռեւս չունեցավ, քանի որ ինչպես Թուրքիան, այնպես էլ թուրքական դաշինքի մյուս երկրները՝ Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, որոշակիորեն նաեւ Ուզբեկստանը Ռուսաստանի զսպող օղակներն են Կովկասյան ու Միջինասիական, որոշակի նաեւ Մերձավորարեւելյան տարածաշրջաններում, ինչպեսեւ՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում:

Հայաստանը եւս չունի եղբայր-հովանավորներ, ինչպես Վրաստանը, սակայն ի տարբերություն վրացական ընդգծված հակառուս քաղաքականության, որդեգրեց փոխլրացնող քաղաքական ուղին, ինչը առանց ավելորդ սրացումների պահպանում է երկկողմ քաղաքական գիծ ունենալու հնարավորությունը, ինչպես նաեւ թույլ է տալիս չհամարվել համաշխարհային որեւէ բեւեռի պատանդ…  

Այսօր պաշտոնական Երեւանը գրեթե հավասարապես (եթե իրավացիորեն համարենք, որ ՀԱՊԿ-ն հայանպաստ կառույց չէ) գործակցում է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ, ներգրավված է ինչպես ԱՊՀ եւ ԵԱՏՄ գործերում, այնպես էլ ԵԽ եւ ԵՄ շրջանակներում:

Վերջերս Հայաստանն անգամ հրաժարվեց նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, քանի որ դա միայն հեռացնում է Հայաստանին՝ ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ համագործակցելու հնարավորությունից, տեղը ոչինչ չտալով մեր երկրին: ՀԱՊԿ-ն անգամ նախորդ տարվա՝ Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմի ժամանակ սսկվեց-անհետացավ, մինչեւ ադրբեջանական կողմը հերթական պարտությունը կրեց: Այդ ժամանակ ՀԱՊԿ պատասխանատուները հիշեցին Հայաստանի ու հայերի պաշտպանության մասին:…

Եվ վերջերս Բրյուսելում նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, ճիշտ քայլ էր: Հայաստանն ու ՆԱՏՕ-ն նոր անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հաստատման փուլում են: ՆԱՏՕ-ի համար գործընկերությունները շատ կարեւոր են: Սա այն պատճառն է, որով մենք գործընկերությունը Հայաստանի հետ ամրացնում ենք: Մենք այժմ նոր անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հաստատման փուլում ենք Հայաստանի հետ, եւ սա լավագույն հիմքերն է տրամադրում գործընկերության ակտիվությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ հետագայում խթանելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հայաստանը ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններին ու գործողություններին մասնակցելու համար նոր հնարավորություններ կստանա, «Մենք կիսվում ենք, սովորում ենք իրարից եւ, ըստ իս, դա նաեւ խթանում է որակը եւ՛ Հայաստանի, եւ՛ ՆԱՏՕ-ի զինծառայողների: Բազմաթիվ ուղղություններով ենք միասին աշխատում եւ մտածում ենք, որ կարող ենք ավելին անել», – նշել է Յենս Ստոլտենբերգը:

Իսկ սա նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանը ՆԱՏՕ-ի կողմից չի դատարկվում թշնամական երկիր եւ սա կարեւոր ու զսպող հանգամանք է Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումների դեմ: Նշենք, որ հաջողությամբ իրականացվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 4 ծրագրեր, եւ ներկայումս հաստատման փուլում է գտնվում 2017-2019թթ. համար արդեն 5-րդ ծրագիրը: Հատուկ ընդգծենք՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության մոտալուտ մեկնարկի կարեւորությունը: Հայաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է գալ Հայաստան, որը շատ լավ առիթ կլինի ի մի բերելու այս 25 տարիների ընթացքում մեր կատարածը եւ նախանշելու ապագա մեր գործողությունները: Հայաստանը նաեւ շարունակում է իր կարեւոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի: Հայաստանն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության գործին,գիտակցելով, թե որքան է աշխարհն այսօր փոխկապակցված, եւ որ այլեւս չկան առանձին պետությունների անվտանգային մարտահրավերներ:

Հայաստանը ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի արանքում կանգնած լինելով՝ բարեկամական հարաբերություններ ունի երկու ռազմական դաշինքների հետ եւ անգամ կարող է կապող օղակի դեր ստանձնել:

ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ Հայաստանը այսօր կարողանում է հավասարակշռել իր քաղաքական ուղին նաեւ ԵԽ եւ ԵՄ ուղղությունների հետ: Այսինքն՝ ԱՄՆ-եվրոպա դաշինքի հետ:

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում, Եվրոպական մայրաքաղաք համարվող Բրյուսելում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օրերս բազմակողմանի հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Քննարկվել են ինչպես երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային, հատկապես հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող, ինչպես նաեւ Մերձավորարեւելյան խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված համատեղ ջանքերը, այլ խնդիրներ:

«Հանդիպումների կենտրոնական թեման Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է: Գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները: Նոր իրավական փաստաթուղթը՝ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել նաեւ ոլորտային համագործակցության առումով՝ ստորագրելով փոքր ու միջին ձեռնարկությունների եւ նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաեւ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրի եւ «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները»,- ասել է Սերժ Սարգսյանը եւ հավելել, որ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում:

«Հայաստանը եւ Եվրամիությունը շուտով կարող են նոր համաձայնագիր ստորագրել,- հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, եւ հավելել,- Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի»: Նրա խոսքով՝ «Հայաստանի դիրքորոշումը միշտ Էլ այն Է եղել, որ մենք պետք Է աշխատենք ինչպես ԵՄի, այնպես Էլ ԵԱՏՄ-ի համար: Մենք չպետք Է հակադրենք այս երկու վեկտորները»:

Իսկ Եվրոպայում Հայաստանի նախագահը այցելել էր նաեւ «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ, որտեղ եւս ծավալուն ելույթ էր ունեցել, ներկայացրել էր մեր երկրի դիրքորոշումները տարբեր հարցերի մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ «Հանուն համաշխարհային խաղաղության» գրասենյակում կարող է ասել, որ «մենք հայկական կոնյակով կազդարարենք խաղաղության հաստատումը»: Հանդիպում է եղել նաեւ կենտրոնի փորձագետների հետ: Հանդիպման մոդերատորը՝ «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Ստեֆան Լեhնենն էր, ով զբաղվում է Լիսաբոնի համաձայնագրից ի վեր ԵՄ արտաքին քաղաքականության զարգացումների եւ անդամ երկրների հետ փոխհարաբերությունների ուսումնասիրությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով եղավ նաեւ Ֆրանսիայում՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով: Ֆրանսիայի նախագահից բացի, հանդիպումներ են եղել Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Փարիզում մեր նախագահը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի գործարար շրջանակների, «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների, Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

Հայաստանից բարձրաձայնում են, որ իրապես պատրաստ են լինել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի տնտեսական շահերը համատեղող օղակ, ինչը կարող է նպաստել նաեւ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների այլ ոլորտների բարելավմանը եւս:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Ղրղզստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Մեր երկիրը ներկայացուցչական կազմով է մասնակցել, պատվիրակության կազմում եղել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ այլք:

Նախագահը Սերժ Սարգսյանն էլ մարտի 14-ին կմեկնի Մոսկվա՝ ամրապնդելու տնտեսական համագործակցությունը: Այցի օրակարգում ընդգրկված են երկկողմ համագործակցությանն առնչվող արդիական հարցեր, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Ստորագրվելու են մի շարք համատեղ ներդրումային համաձայնագրեր: Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը տեղի է ունենալու երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 25 ամյակի շրջանակներում:

Նարե Մշեցյան

Հ,Գ. – «Լուսանցք»-ը միշտ էլ կարեւորում է համաշխարհային երկու բեւեռների հետ համագործակցությունը, հավասարակշռության պահպանումը, ինչը ավելի ապահով քաղաքականություն է, քան՝ որեւէ բեւեռին ամրագրված լինելն ու քարացած մնալըՄենք կողմ ենք նաեւ, որ մեր երկիրը հնարավորինս համագործակցության եզրեր գտնի նաեւ համաշխարհային երրորդ բեւեռի ձգտումներ ունեցող Չինաստանի եւ այս հարցին սերտորեն կապված այլ երկրների հետ:

«Լուսանցք» թիվ 9 (442), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։