Զարգացումներ, որտեղ Երեւանը դեր պիտի ստանձնի –  (այն մասին, թե ինչպես է Անկարան փորձում ներազդել Եվրոպայի թուրքերի վրա)… Հայաստանը կարող է ստանալ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին հակակշռելու հնարավորություն՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում…

Թուրքիա-Ռուսաստան վերջին ռազմա-քաղաքական սրումների ժամանակ, երբ Անկարան փորձում էր ՆԱՏՕ-ից անկախ, զուտ թուրքանպաստ քայլեր անել Սիրիայի տարածքում, հատկապես քրդաբնակ շրջաններում, արեւմտյան դաշինքը խստացրեց պահանջներն Անկարայի նկատմամբ, ինչը դուր չեկավ թուրքական կողմին: Հատկապես Գերմանիան կտրուկ արտահայտվեց՝ Թուրքիային մեղադրելով նաեւ Աֆրիկայից եւ Ասիայից փախստականների ժամանակավոր կացարանների համար հատկացված գումարները յուրացնելու մեջ:

Իրավիճակն այնքան սրվեց, որ Անկարան հայտարարեց, թե հնարավոր է Ինջիրլիքի ռազմաբազան փակվի գերմանական զորախմբի առջեւ: Իսկ գերմանական կողմն ավելի կտրուկ արտահայտվեց, թե առհասարակ կարող է իր զինվորականներին հանել այդ ռազմաբազայից եւ Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական առումով կարող է աննպտակահարմար համարել: Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չէր կարող թույլ տալ նման բան… Բայց թուրք-գերմանական հակամարտությունը նորովի է բորբոքվում, այս անգամ քաղաքական ոլորտում:

Այժմ էլ հնչում են հայտարարություններ, թե Ինջիրլիքի ռազմաբազան ամերիկյան ուժերի համար կարող է փակվել: Հիշեցնենք, որ  թուրք-ռուսական հակասություններից հետո, երբ երկկողմանի ջերմացման քայլեր էին լինում, Անկարան անսպասելի հայտարարեց, թե Ինջիրլիքի ռազմաբազան կարող է նաեւ Ռուսաստանին ծառայել, ինչը զայրացրեց Արեւմուտքի երկրներին, առավելապես Միացյալ Նահանգներին: Այդ ժամանակ Ռուսաստանն արդեն իսկ հզորացնում էր տարածաշրջանի իր միակ բազան, որը Հայաստանում է, ինչպեսեւ՝ նոր ստեղծվող ռազմաբազան Սիրիայում:  

Իսկ ինջիրլիքի ռազմաբազան կարեւոր նշանակություն ունի ամերիկյան օդուժի՝ Սիրիայում եւ Իրաքում Իսլամական պետության դեմ գործողությունների իրականացման համար: Թուրքիան տարբեր առիթներով շահարկում է Ինջիրլիքի ռազմաբազայի փակման խնդիրը՝ փորձելով դրանով ինչ-ինչ նպաստավոր գործոններ ապահովել իր համար:

Ինչպես վերը նշվեց, Թուրքիա-Գերմանաիա հարաբերություններում սրվել է նաեւ քաղաքական ոլորտը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգելա Մերկելի քաղաքականությունը համեմատել է նացիզմի ժամանակների քաղաքականության հետ: Թուրքիայի նախագահը Գերմանիայի իշխանություններին մեղադրել է, որ արգելել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին ելույթ ունենալ Գերմանիայում թուրքական համայնքի ներկայացուցիչների առջեւ հանրահավաքի ժամանակ: Հանրահավաքը նվիրված էր Թուրքիայի սահմանադրական բարեփոխման հանրաքվեին, որը կայանալու է ապրիլի 16-ին: «Գերմանիան շեղվել է ժողովրդավարական ուղուց, երկրի այժմյան քաղաքականությունը ժողովրդավարության հետ որեւէ ընդհանուր բան չունի, անգամ համեմատելի է նացիստական ռեժիմի հետ»,- «Daily Sabah»-ը մեջբերել է Թուրքիայի նախագահին:

Չնայած այն փաստին, որ Գերմանիայի խորհրդարանում Թուրքիայի նախագահին «Բոսֆորի բռնապետ» են կոչել, Թուրքիայի ԱԳ նախարարը որոշել է չչեղարկել նախատեսված այցը Գերմանիա: Սակայն Գերմանիան միակ երկիրը չէ, որ արգելում է իր տարածքում բնակվող միլիոնավոր թուրքերին քարոզել Անկարայի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները՝ այն համարելով բռնապետական…

Հոլանդիան, Բելգիան, Ավստրիան եւ շատ այլ եվրոպական երկրներ արգելել են նույնպես: Հոլանդացի քաղաքական գործիչներից ոմանք անգամ հայտարարել են, թե եվրոպական երկրներում 1-2 ամիս թուրք դիվանագետներին պետք է պերսոնա նոնգրատա (անցանկալի անձ) հայտարարել, որպեսզի թուրքերը չփորձեն խառնվել եվրոպացիների գործերին: Անգամ կարծիքներ են հնչում, թե թուրքերին պետք է իրենց տեղը ցույց տալ, եւ առհասարակ դադարեցնել ԵՄ-ին անդամագրվելու Թուրքիայի առաջարկը…

Գերմանիայի կանցլերն էլ օրերս հայտարարեց, թե ի պատասխան Թուրքիայի նախագահի այն խոսքի, որ Գերմանիայում դեռ նացիզմն է իշխում, պետք է ցավով նշի, որ Անկարան այդպես էլ չկարողացավ հարգել ֆաշիզմի զոհերի հիշատակը, եւ այսօր թուրքական պետությունում հենց ֆաշիզմն ու իսլամիզմն են իշխում: Նշվել է նաեւ, որ այլեւս չեն հանդուրժվելու Թուրքիայում մարդու իրավունքների հանդեպ ոտնձգությունները, հատկապես՝ լրագրողների եւ ընդդիմադիր գործիչների:

Սակայն, Անկարան ավելի շտապ է գործում, մարտի 2-ին Թուրքիայի ԱԳՆ էր հրավիրվել Գերմանիայի դեսպանը՝ կապված նախարարի ելույթի արգելքի հետ, դեսպանին նոտա էին հանձնել: Նախագահ Էրդողանն էլ ավելի առաջ է գնացել եւ Գերմանիային մեղադրել է ահաբեկչության աջակցության մեջ, մասնավորապես գերմանական իշխանությունների հասցեին քննադատությամբ էր խոսել Ստամբուլում «Die Welt»-ի գերմանացի թղթակցի ձերբակալությունից հետո, որին Թուրքիայում կասկածում են գրոհայինների հետ կապերի մեջ:

Ինչպես ասում են, սա Եվրոպային քիչ է, սելի ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում… «Իսլամական պետության» հետ համատեղ աշխատած եւ նավթի ու գազի շահույթներ ստացած Թուրքիան այսօր Գերմանիային, Ֆրանսիային եւ այլ երկրների մեղադրում է ահաբեկչությանը սատարելու մեջ:

Ստամբուլը ահաբեկիչների համաշխարհային հավաքատեղի դարձրած Թուրքիան հազարավոր իսլամականների ճանապարհեց «Իսլամական պետություն», որոնք դարձան ահաբեկիչներ ամբողջ առաջադեմ աշխարհի դեմ: Այս ամենին եթե հավելենք, որ հազարավոր թուրք եւ ադրբեջանցի իսլամականներ էլ միացան «Իսլամական պետության» զինյալներին, ապա զարմանալի է, որ Գերմանիան կամ Ֆրանսիան դեռ հանդուրժում են թուրքական այս աճպարարությունները

Վերջին տարիներին Ֆրանսիայում, Բելգիայում Գերմանիայում, Իսպանիայում ու եվրոպական այլ երկրներում կատարված ահաբեկչություններն իրականացրել են Թուրքիայից Եվրոպա անցած այն ահաբեկիչները, որոնք փախստականների անվան տակ են տեղափոխվել՝ կատարելով «Իսլամական պետության» հրահանգները…

Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները սրվել էին դեռ նախագահ Բարաք Օբամայի օրոք, ինչը շարունակվում է ծավալվել նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում: Բրիտանական «Financial Times» թերթի խմբագիրներից Դեյվիդ Գարդները գրել է, որ ԱՄՆ-ի նախագահը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ոչնչացնելու համար պիտի ընտրություն կատարի Թուրքիայի եւ տարածաշրջանի քրդերի միջեւ: Հիշեցրել է, որ ամերիկյան ուժերը Մոսուլը ահաբեկիչներից ազատագրելու համար արդեն իսկ համագործակցել են քրդական ուժերի հետ: Ընդգծելով, որ հաջորդ թիրախը սիրիական Ռաքքան է լինելու՝ նշել է. «Այժմ խնդիրն այն է, թե ինչպես վերցնել Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող ««Իսլամական պետության» միջնաբերդ Ռաքքան: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ընտրություն պիտի կատարի իրեն դաշնակից, բայց միաժամանակ միմյանց թշնամի երկու ուժերի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Սիրիայի քրդական ուժերի միջեւ»:

Իմիջիայլոց, նշենք, որ նման խնդիրներ են առաջանալու նաեւ իրաքյան քրդերի պարագայում, որոնք էլ են դեմ թուրքական զորագնդերի՝ Իրաքի տարածքների ազատագրմանը մասնակցելուն: Անգամ զգուշացրել են Վաշինգտոնին, որ այդ դեպքում ընդանրապես կհրաժարվեն ՆԱՏՕ-ի ծառայություններից եւ կդիմեն Սիրիայում գտնվող ռուսական օդուժին:

Ըստ վերոնշյալ հոդվածագրի՝ Դոնալդ Թրամփի որոշումը կկանխորոշի ոչ միայն ծայրահեղ իսլամականների, այլեւ քրդերի ճակատագիրը: ԱՄՆ-ի նախագահը նախընտրական արշավի ժամանակ «ԱՄՆ-ի ամենահավատարիմ, ամենալավ կռվողները» բնորոշմամբ գովել էր քրդական ուժերին: 2014-2015թթ. Քոբանիի ազատագրումից հետո քրդերը դարձել են ԱՄՆ-ի գրեթե «անփոխարինելի» դաշնակիցը: Ի տարբերություն քրդերի՝ Թուրքիայի դիրքերը ԱՄՆ-ում այժմ ուժեղ չեն: Չնայած Թուրքիան միայն անցած ամռանը պայքար սկսեց իսլամիստների դեմ, բայց ամեն անգամ այդ հանգամանքը չի բավարարում, որ ամերիկյան կողմը Ռաքքայում հրաժարվի քրդական ուժերից ու համագործակցի թուրքերի հետ:

Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողությունը մեկ գլխավոր նպատակ ունի. կանխել քրդական ուժերի անցումը դեպի Եփրատի արեւմուտք եւ իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանները միավորել: Այդ իսկ պատճառով վերլուծաբանները թերեւս հարցականի տակ են դնում Թուրքիայի վստահելիությունը Սիրիայի հիմնախնդրի լուծման հարցում:

Ըստ միջազգային դիտարկումների, թուրքական բանակը նաեւ բավականին թուլացել է, հատկապես հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զտումներից եւ պատիժներից հետո, եւ եթե Թուրքիան ստորաբաժանումները չվերակազմավորի, ապա չի կարող հասնել այն հզորությանը, ինչն այս պահին տարածաշրջանում ունեն քրդական ուժերը: Սա եւս խոսում է քրդական ուժերի օգտին:

Եվ հասկանալի է, թե ինչու է Թուրքիայի նախագահը շտապում կրկին Մոսկվա: Նա կայցելի Ռուսաստան մարտի 9-10-ը, ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ ինչպես երկկողմանի, այնպես էլ տարածաշրջանային բանակցությունների համար:

Այս համապատկերում պիտի նշենք նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի մերձավորարեւելյան նոր քաղաքականությունը փոխում է նաեւ Իրան-Ադրբեջան հարաբերությունների տրամաբանությունը, այն է՝ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցներ Թուրքիային ու Իսրայելին այսուհետ կարող է վերապահվել տարածաշրջանում շիայական Իրանի դիրքերի թուլացմանը նպաստող դերակատարությունը: Սակայն չի բացառվում, որ համաթուրքական նկրտումները այստեղ ամրացնեն ու առանձնացնեն ԱՄՆ-Իսրայել համագործակցությունը: Բաքուն կարող է նաեւ խուսափել անմիջական առճակատումից Իրանի հետ, ինչը ստիպել էր, որ մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այցելի Իրան:

Իրան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակը գնահատելիս պիտի դիտարկել 2 գործոն՝ կրոնա-քաղաքական եւ ռազմա-տնտեսական: Հասան Ռոհանիի կառավարությունը ընդգծելով տնտեսական գործոնը, փորձեց լրացնել վերջին տարիներին ադրբեջանական ուղղությամբ ունեցած բացը, որից օգտվեց Թուրքիան, եւ տնտեսական կապերի խորացման միջոցով փորձեց մի կողմից լուծել իրանական ապրանքների արտահանման հարցը, իսկ մյուս կողմից տնտեսական ազդեցության մեծացմամբ նվազեցնել Թուրքիայի ու Իսրայելի ազդեցությունը Ադրբեջանում: Ինչ մնում է կրոնա-քաղաքական ուղղությանը, Ադրբեջանի իշխանությունների՝ վերջին շրջանում տեղի շիա հոգեւորականների նկատմամբ կիրառվող աննախադեպ բռնաճնշումներն ու Իրանի թյուրքախոս բնակչության գործոնի շահարկումը դեռ լիովին համահունչ են Թուրքիայի եւ Իսրայելի հակաիրանական քաղաքականությանը: Այդ առնչությամբ, օրերս Իրանում Ադրբեջանի դեսպանն Արդաբիլում Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելիի կողմից խիստ նկատողություն է ստացել:

Անդրադառնալով Իլհամ Ալիեւի այցին՝ նշենք, որ սովորաբար Իրանի առաջատար լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների լուսաբանումից էլ կարելի է եզրակացնել, թե իշխանություններն ինչպիսի վերաբերմունք ունեն երկիր այցելող նախագահի կամ բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ, իսկ Ադրբեջանում վերջին շրջանում տեղի ունեցած հակաիրանական զարգացումները արդեն ձեւավորել էին վերաբերմունք, եւ իրանցիների վերաբերմունքը պաշտոնական Բաքվի համար հաստատ հուսադրող չէր:

Եվրոպական ու ամերիկյան հակաթուրքական առճակատումները միանգամայն ձեռնտու են նաեւ Հայաստանին, ինչը պիտի արձանագրված լինի արդեն Երեւանում: Իհարկե, Հայաստանն այսօր չի կարող քրդական զինված խմբավորումների դերը ստանձնել տարածաշրջանում, հատկապես Սիրիայում եւ Իրաքում ընթացող գործողությունների ժամանակ, բայց, պետք է պատրաստվել, որպեսզի հետագայում թուրք-ադրբեջանական դաշինքից հրաժարվելու դեպքում Եվրոպա-ԱՄՆ դաշինքը ունենա ոչ միայն քրդական ուժերին դիմելու այլընտրանք:

Ադրբեջան-Իրան հակասությունների ժամանակ եւս հնարավոր կլինի թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ գործելու, եւ այստեղ կարելի է նույն արեւմտյան համագործակցությամբ հակազդել երեւակվող ռուս-թուրքական նոր պայմանավորվածությանը: Եթե չլինի նման բան, էլ ավելի լավ, Հայաստանը տարածաշրջանում կստանա ավելի մեծ հնարավորություն, անգամ Արեւմուտք-Ռուսաստան կապի միջանկյալ օղակ լինելու առումով: Հակառակ դեպքում, երբ Արեւմուտքն ու Ռուսաստանը կխաղան քրդական եւ թուրքական ուժերով, Հայաստանը կարող է առաջ քաշել այլընտրանքային տարբերակ՝ Չինաստան (այս երկրի ռազմա-տնտեսական ներկայությամբ)-Իրան-Հայաստան, նաեւ արաբական որոշ երկրների ազդեցությունը մեծացնելով տարածաշրջանում:

Հայաստանն այլեւս իրավունք չունի ուղղակի աջակցել կամ միանալ մի աշխարհա-քաղաքական կողմի, որը տարաբնույթ խաղերի մեջ է, ինչն ակամա կրկին մեր երկիրը կդարձնի երկրորդական մի գործիք, որը չի կարող շահել աշխարհա-քաղաքական փոփոխության որեւէ դրվագիցԱյլ բան է, եթե համաշխարհային որեւէ բեւեռ հստակ դիտարկի միացյալ Հայաստանի վերածնունդը Հայկական լեռնաշխարհում եւ պատրաստ լինի հայկական գործոնը երբեք գործիքի չվերածելու

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 9 (442), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։