«Լուսանցք»-ը դարձավ 10 տարեկան – Հայկական մամուլի «սպիտակ ագռավը», որ պաշտպանն է ազգային արժեհամակարգի

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են «Լուսանցք» շաբաթաթերթի 10-ամյա հոբելյանը:

Հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար, առհասարակ ազգային մտածողությամբ հայորդիների համար այս պարբերականն ունի կենսական ու կենարար նշանակություն: Հայ ազգային ինքնատիպ արժեհամակարգի պաշտպանության եւ քարոզչության վստահելի ու կայուն ամբիոն է «Լուսանցք»-ը: Իզուր չէ, որ 2007թ. մարտի 15-ին մերձավորների շրջապատում իր ծնունդն արձանագրած պարբերականը հաջորդ օրն իսկ լույս աշխարհ եկավ հենց ազգային արժեքների համակարգի պաշտպանության առաջաբանով.  «Մշուշն ենք ցրում»…

«Լուսանցք»-ը դարձավ նաեւ այդ տարիներին ազգային ոլորտում գործող «Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի» բաղկացուցիչ մասը եւ այդ առաքելության կրողն է ցայսօր:  

«Հայ-Արիներ» պարբերականի եւ իր «Հայեր» հավելվածի հրատարակման դադարեցումը ներազգային ու միջազգային ասպարեզներում անհասանելի էր դարձրել հայ ազգայնականության գործն ու անելիքները, եւ միայն «Լուսանցք»-ի մուտքը հայ մամուլի աշխարհ, կրկին բարձրաձայնելու հնարավորություն տվեզ ազգային-ազգայնական խոսքին, որն առնչվում է հայության բոլոր կարեւորագույն նպատակներին ու տեսլականներին:

«Լուսանցք»-ը ոչ միայն լրատվական, այլեւ հայի գաղափարախոսության ու հավատի օրինաչափություններին եւ զարգացումներին հետեւող թերթ է: Լրատվամիջոցն հենց ինքն իր կազմակերպական էությամբ եւ խմբագրակազմով ազգային գաղափարախոսության ու արիադավան-հեթանոս հավատի հետեւորդ է եւ սա է այն տրամաբանությունը, որ 10 տարի շարունակ «Լուսանցք»-ը մնաց անբեկանելի ու ազգային բնույթի մեջ:

Ի սկազբանե «Լուսանցք»-ին չնկատել տալն ու չանդրադառնալը մամուլի աշխարհում եւս մեկ անգամ հավաստեց, որ միայն «պիտակ ագռավի» կարգավիճակ կարող է ունենալ հայ ազգային դաղափարների ու հավատի կրող պարբերականը՝ մեր 4-րդ իշխանության ոլորտում:

Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ուրախ են, որ արդի աշխարհի այսպես ասած դասական մեդիայի ,,պահանջները,, չեն խաթարել «Լուսանցք»-ի նպաստակասլացությունն ու պայքարի ոգին, առավել եւս ազգամետ ու հայրենակերտ ուղին…

Մեզ՝ հայ արիականներիս ու հեթանոս ազգայնականներիս համար ,,Լուսանցք,,-ը դարձել է մերը, վստահ ենք՝ շատերինը՝ նույնպես ու ամեն շաբաթ անհամբեր սպասում ենք նրա թողարկմանը:

Մաղթում ենք 10-ամյա «Լուսանցք»-ին՝ 10-ի կողքին պարբերաբար 0-ների հավելում, եւ շուտով նաեւ թերթի երազած Միացյալ Հայաստանի հավատարիմ լրատվամիջոցը դառնալու բաղձանքի իրականացում:

Շաբաթաթերթի անձնակազմին մաղթում ենք կամք՝ իրենց ընտրած դժվարին ճանապարհը անխաթար շարունակելու գործում

Փա՛ռք ազգայինին ու ազգային բոլոր էություններին ու երեւույթներին:

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

Երեւան – 16.03.2017թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։