Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ մոտեցավ առաջատարին… «Արարատ»-ն այս մրցաշրջանում լուրջ նպատակներ չունի … Հրաչյա Ռոստոմյանը պարգեւատրել է Նիկոլայ Ղազարյանին… Հենրիխ Մխիթարյանը հավատում է «Մանչեսթր Յունայթեդ»-ին… Մեր ըմբիշները մեդալներ բերեցին Ստամբուլից… Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել… Թաեքվոնդոյի, մարզական սամբոյի եւ այլ մարզական լուրեր…

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ մոտեցավ առաջատարին

Ֆուտբոլի Հայաստանի 2016-17թթ. առաջնության բարձրագույն խմբի 19-րդ փուլի վերջին խաղում ՀՀ չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը սեփական դաշտում ջախջախեց ընթացիք մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ին: Բոլոր 3 գոլերն էլ արձանագրվեցին 1-ին խաղակեսում: Երեւանցիները վաստակեցին 36 միավոր եւ ընդհուպ մոտեցան գյումրեցիներին, որ դեռեւս 1 միավոր շատ ունեն: Հաջորդում են «Գանձասար-Կապանը»՝ 33 միավոր եւ մայրաքաղաքի մեկ այլ թիմ՝ «Փյունիկ»-ը՝ 30: Մնացած 2 հորիզոնականներում գտնվող «Բանանց»-ն ու «Արարատ»-ը բավականին ետ են մնացել առաջատարներից եւ արդեն չեն կարող պայքարել մրցանակային տեղերի համար:

Առաջնության հաջորդ փուլը տեղի կունենա մարտին 17-19-ը:

«Արարատ»-ն այս մրցաշրջանում լուրջ նպատակներ չունի

Երեւանի «Արարատ»-ը այս առաջնությունում անհաջող է հանդես գալիս, քանի որ համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով, ովքեր դեռ անփորձ են: Արարատցիների գլխավոր մարզիչ Արկադի Անդրիասյանն ասել է, որ այժմ խաղերի արդյունքն իրեն այնքան էլ չի հետաքրքրում: «Այս տարի մենք չենք կարող պայքարել մրցանակների համար: Խաղում ենք հաջորդ մրցաշրջանի համար: Ներկայումս զբաղված ենք նոր թիմի ստեղծմամբ: Նրանք, ովքեր լավ կխաղան, կընդգրկվեն հիմնական կազմում»,- ասել է նա:

Փորձառու մասնագետը զարմացած չէ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է խաղեր անցկացնել ուրբաթ օրը: «Երբ ուզում են, այդ օրն էլ խաղ են նշանակում: Դա նորություն չէ: Պարզապես հիմա խաղադաշտերը չկան, դրա համար տարբեր օրեր են գցում»,- եզրակացրել է «Արարատ-73» պատմական թիմի առաջնային կիսապաշտպանը՝ Արկադի Անդրիասյանը:

Հրաչյա Ռոստոմյանը պարգեւատրել է Նիկոլայ Ղազարյանին

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» հանրահայտ ֆուտբոլային թիմի անդամ, ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանին պարգեւատրել է նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով: «Հարգելի՛ պարոն Ղազարյան, Դուք եւ լեգենդար «Արարատ-73»-ի մյուս անդամները եղել եւ մնում եք հայ մարզասերների մի քանի սերունդների կուռքը: Շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն եւ հաջողություններ: Միշտ եղե՛ք մեր կողքին եւ Ձեր խորհուրդներով օգտակար եղեք ապագա սերունդներին»,- հանդիպման ժամանակ ասել է Հրաչյա Ռոստոմյանը:  

Նիկոլայ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության եւ ոսկե մեդալով պարգեւատրելու համար: «Ողջ կյանքս նվիրված է եղել ֆուտբոլին։ Զգացված եմ, որ գնահատում եք իմ աշխատանքը եւ մարզաձեւում ունեցածս վաստակը»,- պատասխանել է լեգենդար թիմի ամենաարագավազ հարձակվողը՝ Նիկոլայ Ղազարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց «Ռոստով»-ի հետ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի մրցավեճում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ռուսաստանում ոչ-ոքի խաղաց «Ռոստով» թիմի հետ: Հանդիպման 35-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո գրավեց դարպասը եւ առաջ մղեց իր թիմին, սակայն խաղն ավարտվեց 1:1 հածվով: 67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց:

Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16-ին, Մանչեսթերում:

Հենրիխ Մխիթարյանը հավատում է «Մանչեսթր Յունայթեդ»-ին

Հայ ֆուտբոլիստը կարծես զգուշացրել է «Չելսի»-ին, որ  «Մանչեսրթ Յունայթերդ»-ը կարող է անհաջողություններ պարգեւել այդ թիմին թե՛ Անգլիայի առանջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում: Բայց «Կարմիր սատանաները» Ստեմֆորդ Բրիջում՝ Անգլիայի գավաթի 1/4-րդ եզրափակիչում զիջեցին առաջնության առաջատար «Չելսի»-ին՝ նվազագույն 0:1 հաշվով: Եվ «Մանչեսթր Յունայթեդ»-ը դարձավ նախկին գավաթակիր: Մնում է Հենրիխ Մխիթարյանի նշած 3 մրցաշարերից 2-ում հասնեն հաջողության՝ Անգլիայի առաջնությունում եւ Եվրոպայի լիգայի խաղերում:

Մեր ըմբիշները մեդալներ բերեցին Ստամբուլից

Ստամբուլում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում մեր մարզիկները վաստակեցին 2 մեդալ: Մրցումների վերջին օրը գերազանց հանդես եկավ Նարեկ Սիրունյանը (65 կգ): Նա հաղթահարեց նախնական բոլոր փուլերը եւ միայն եզրափակիչ գոտեմարտում պարտություն՝ արժանացավ արծաթե մեդալի: Մեր մյուս ըմբիշներից մեդալակիչ դարձավ նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), ով նվաճեց բրոնզե մեդալ:

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել

Եվրոպայի առաջնությունը կայացավ Սլովենիայի Մարիբոր քաղաքում, որին մասնակցել են 46 երկրի 577 մարզիկներ:

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Սա 8 տարվա ընդմիջումից հետո Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հայ հրաձիգների նվաճած 1-ին մեդալն է: Լիլիթը, վազող թիրախ նորմալ վազք մեծահասակների պայքարում հավաքելով 369 միավոր, անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6:2 հաշվով զիջելով ուկրաինուհի Գալինա Ավրամենկոյին՝ դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: «Մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում ներկայացրել են 13 մարզիկ. հրացան զենքաձևում՝ Սուրեն Բերյան, Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան, Նարեկ Ադամյան, Ալլա Պողոսյան, ատրճանակ զենքաձևում՝ Նորայր Առաքելյան, Էլմիրա Կարապետյան, Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան, վազող թիրախ զենքաձեւում՝ Լիլիթ Մկրտչյան, Հովհաննես Խաչատրյան»,- հայտնել են սպրոտի եւ երիտասարդության նախարարությունից:

Ձեւավորվեց թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականը

2017թ. թաեքվոնդոյի Հայաստանի մեծահասակների առաջնութանը մասնակցել են Երեւան եւ Գյումրի քաղաքների, ինչպեսեւ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի մարզերի եւ Արցախի շուրջ 50 մարզիկ: Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոններ են դարձել Տիգրան Գրիգորյանը (54 կգ), Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Հենրիկ Բադալյանը (74 կգ), Դավիթ Վարդումյանը (80 կգ), Արսեն Գրիգորյանը (87 կգ) եւ Լեոնիդ Հարությունյանը (+87 կգ)։

Ավարտվեց մարզական սամբոյի Հայաստանի առաջնությունը

Մարտի 11-12-ը Երեւանում կայացավ մարզական սամբոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են 77 մարզիկներ ՀՀ մարզերից (Արարատ, Կոտայք, Տավուշ, Շիրակ, Արմավիր, Լոռու), Արցախից, Երեւան քաղաքից, ԲԿՄԱ-ից: Ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոններ են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, անձնական մարզիչ՝ Աղասի Գալստյան), Մակսիմ Մանուկյանը (57 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ավետիսյան), Արթուր Սահակյանը (62 կգ, անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ, անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան), Արսեն Ղազարյանը (74 կգ, անձնական մարզիչ՝ Գագիկ Ղազարյան), Միշա Նազարյանը (82 կգ, անձնական մարզիչ՝ Դավիթ Խաչատրյան), Էդիկ Պետրոսյանը (90 կգ, անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան), Գառնիկ Սարոյանը (100 կգ, անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան) եւ Արթուր Բունիաթյանը (+100 կգ, անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան):

4-ամյա աղջիկը անցել է 8 կմ մահացող տատիկին օգնելու համար

Տուվայում 4-ամյա աղջիկը՝ Սագլանա Սալչակը տայգայում անցել է 8 կմ, որպեսզի կարողանա օգնություն ցուցաբերել մահացող տատիկին: FlashSiberia-ի՝ հաղորդմամբ, աղջիկն ապրել է տատիկի ու կույր պապիկի հետ: Փետրվարի վերջին նա տեսնում է, որ տատիկը չի շարժվում: «Աղջիկը պապիկին ասել է, որ տատիկը վատ է: Կույր պապիկը որոշել է երեխային ուղարկել հարեւանի մոտ՝ օգնություն խնդրելու»,- պատմել են ԱԻՆ աշխատակիցները: Սառնամանիքի պայմաններում նա 4 ժամում անցել է 8 կմ, հասել հովիվների կայանատեղի: Այստեղ նրան հաջողվել է օգնություն կանչել: Մի քանի ժամ անց հարեւաններն ու բժիշկները հասել են ընտանիքի կացարան, սակայն տարեց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել: ԱԻՆ-ի աշխաակիցները նշել են, որ ցանկանում են երեխային ներկայացնել մրցանակի: Աղջնակն օգնություն է ստացել հիվանդանոցում:

Հայաստանի առաջատարները պատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնությանը

Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաղորդմամբ, մրցաշարում Հայաստանը կներկայացնի ազգային հավաքականի 4 շախմատիստ` գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը:

Կանանց ազգային հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանն ասել է, որ այս պահին թիմն ինտենսիվ մարզվում է Երեւանում, իսկ ապրիլի 1-8-ը հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:

Եվրոպայի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստները կստանան կանանց աշխարհի առաջնության ուղեգրեր:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 10 (443), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։