«Մենք հաշվետու ենք»,- Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին – Ջրամատակարարում եւ ջրահեռացում… Կոշտ թափոնների կառավարում… Կանաչ տարածքների պահպանում եւ ընդլայնում… Կանաչ տարածքների պահպանում եւ ընդլայնում…

Սկիզբը՝ թիվ 7-9-ում

Ջրամատակարարում եւ ջրահեռացում

2016թ. շարունակվել են ջրամատակարարման եւ ջրահեռացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված վարկային ծրագրի շրջանակներում ամբողջությամբ արդիականացվել է 23 փողոցների 5,2 կմ կոյուղու ցանցը, կառուցվել է 94 կմ նոր ջրագիծ, իրականացվել են 6.344 անհատական ջրաչափական հանգույցների կառուցման աշխատանքներ:

Վերակառուցվել է «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանը՝ ապահովելով առաջնային մեխանիկական մաքրումը եւ տիղմի մշակումը:

Ներդրվել է ջրամատակարարման ամբողջ ցանցի հեռակառավարման ՍԿԱԴԱ համակարգ, որի արդյունքում բարելավվելու է խմելու ջրի հոսքերի կառավարման եւ մատակարարման արդյունավետությունը եւ անվտանգությունը:

Մեկնարկել է ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի եւ Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման բարելավման ծրագիրը, որի շրջանակներում կառուցվել եւ շահագործման է հանձնվել 30 բակային նոր պոմպակայան՝ համապատասխան տարածքներում ապահովելով շուրջօրյա ջրամատակարարում:

Մեկնարկել են 152 կմ ջրամատակարարման ցանցի կառուցման եւ 13.000 անհատական ջրաչափական հանգույցների եւ դիտահորերի կառուցման աշխատանքները:  

Բոլոր ծրագրերն ուղղված են մայրաքաղաքում հատկապես մասնավոր տնատիրությունների եւ բազմաբնակարան շենքերի՝ ջրամատակարարումը հուսալի եւ անվտանգ դարձնելուն:

Կոշտ թափոնների կառավարում

Երեւանում տարիներ շարունակ հիմնախնդիր համարվող աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտը 2016թ. ընթացքում կարգավորման իր վերջնակետին հասավ՝ միջազգային օպերատորի՝ «Սանիթեք» ընկերության՝ բոլոր վարչական շրջաններում սպասարկման իրականացմամբ:

Միջազգային որակի աղբահանությունը, ամբողջապես նորացված տեխնիկա-սարքավորումները, ինչպես նաեւ Երեւանի ողջ տարածքում տեղադրված եվրոպական արտադրության աղբամանները բոլորովին նոր տեսք հաղորդեցին քաղաքին եւ հարմարավետություն ապահովեցին:

2016թ. նշանակալի է նաեւ ձնամաքրման տեխնիկայի թվաքանակի աճով:

Կարեւոր է հատկապես նշել, որ 2016թ. գործնական փուլ է մտել կոշտ թափոնների կառավարման ծրագրի կարեւորագույն բաղադրիչ հանդիսացող նոր աղբավայրի կառուցման ծրագիրը։

Պատրաստվել է նոր աղբավայրի կառուցման եւ հին աղբավայրերի անվտանգ սանիտարական մեկուսացման մրցութային փաթեթները, իսկ աշխատանքները կմեկնարկեն 2017թ.։

Հին աղբավայրերի անվտանգ սանիտարական մեկուսացման ծրագրի շրջանակներում տեղադրվելու է գոյացող գազերի հավաքման համակարգ եւ կառուցվելու է էլեկտրակայան։

Կանաչ տարածքների պահպանում եւ ընդլայնում

2016թ. մայրաքաղաքում կանաչ տարածքներն ընդհանուր առմամբ ավելացել են 6,8 հեկտարով:

Կատարված աշխատանքների արդունքը՝ թվերով.

– տնկվել է 45.000 ծառ եւ թուփ,

– բարելավվել է 10,5 հա սիզամարգ,

– ծաղկային տարածքները համալրվել են  2.730.000 ծաղկասածիլներով՝ կազմելով 7,3 հա,

– ծաղկային գեղարվեստական կոմպոզիցիաների թիվն ավելացել է 115-ով:

Կրապատվել է եւս 75.000 ծառ:

Կատարվել են 35.000 ծառերի բուժման աշխատանքներ:

Կառուցվել է 2 խորքային հոր, որոնք թույլ են տալիս ոռոգել 20-25 հա կանաչ տարածք:

Հանգստյան գոտիների վերականգնում

Նուբարաշեն վարչական շրջանն ունի նոր այգի:

Երեւան քաղաքի համաչափ զարգացման սկզբունքով Նուբարաշեն վարչական շրջանում մայրաքաղաքի բյուջեի միջոցներով վերակառուցվել եւ բարեկարգվել է Նուբարաշենի Կենտրոնական զբոսայգին։

Այգու ընդհանուր մակերեսը կազմում է 2 հա։

Այն հարմարեցված է բնակչության սակավաշարժ խմբերի համար:

Ունի խաղահրապարակ՝ մանկական խաղերով եւ մարզասարքերով, զրուցատաղավարներ, 22 քմ մակերեսով ջրավազան՝ 75 մեծ եւ փոքր շատրվաններով, ստորջրյա լուսատուներով, արտաքին լուսավորության էներգախնայող ցանց, սանհանգույց։

Շարունակվում է համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում Գլխավոր պողոտայի Մաշտոց պողոտա-Սարյան փողոց հատվածի զբոսայգու վերակառուցման ծրագիրը:

«Լուսանցք» թիվ 10 (443), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։