Ընտրապայքար՝ խորհրդարանական երկրի ձայների համար – Ընտրաթվեր, որ հետո կլինեն համեմատության մեջ… Ընտրողների թվականակը, տոկոսային հաշվարկներ, անհատական տվյալների համընկումով անձինք, պաշտոնական նախընտրական տեղեկություններ ու պարզաբանումներ…

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017թ. մարտի 13-ի դրությամբ: Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ նշելով նաեւ ըստ գտնվելու վայրի ընտրողների եւ հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

Այսպես՝ քվեարկության օրվանից 20 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.564.244, որից՝ ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը՝ 1249, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 20:

2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակիչների թիվը կազմել է 3.344. 364: Ըստ այդմ՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց քանակը կազմում է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող քաղաքացիների 76,7%-ը: Ընտրական իրավունքի տարիքը չլրացած, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված քաղաքացիների թիվը կազմում է 779,596:

Այս մասին տեղեկացնում են՝ ոստիկանությունից, ապա հիշեցնում, որ ընտրողների ռեգիստրի հիմքում վիճակագրական կամ այլ տեսակի ցուցանիշները դնելը հակասում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Քանի դեռ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների ռեգիստրի հենքը բնակչության պետական ռեգիստրն է, այլ ձեւաչափով կամ այլ ցուցանիշներով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ձեւավորումը կհամարվի հակաիրավական: Հիշեցնում են նաեւ, որ վիճակագրական վերլուծություններն ու ցուցանիշերը այլ բան են, բնակչության պետական ռեգիստրը՝ այլ:

Ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը եւ ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող ու տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից կամ ընտրողների ցուցակներրից, քանի որ օրենքով նման իրավասություն չունի:  

Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս քաղաքացու տվյալները ՀՀ ԱԳՆ միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ տարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:

Հետաքրքիր է, որ այս օրերին հրատարակվել է նաեւ Հայաստանում ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացողների ընդհանրական տվյալները: Երեւի թե՝ ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերին՝ ի գիտություն Հայաստանում 106.431 ընտանիք ամսական ստանում է միջինը 31,350 դրամ ընտանեկան եւ սոցիալական նպաստ:

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության, 2016թ. տարեվերջին ընտանեկան եւ սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը, ինչպես նշվեց, կազմել է 106,431, որի 75,2%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Ըստ տվյալների, ինչպես նշվեց՝ 1 ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 31,350 դրամ: Մինչեւ 2 տարեկան երեխաների թվաքանակը, որոնց համար նշանակվել է նպաստ, տարեվերջին կազմել է 12,374 մարդ, նշանակված ամսական նպաստի չափը՝ 18,000 դրամ:

Միաժամանակ, ըստ ծառայության ամփոփ տեղեկատվության, 2016թ. տարեվերջին ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների (նպաստառուների) թվաքանակը կազմել է 66,009 մարդ, նպաստի միջին չափը՝ 17,786.3 դրամ: Նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության համաձայն՝ տարեվերջին երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 40,887 ընտանիք, նշանակված նպաստների քանակը կազմել է 41,663:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն էլ անդրադարձել է հետեւյալ եզրույթների թյուրըմբռնմանը, այն է՝ քաղաքացու գրանցման եւ հաշվառման վայր ասվածները միեւնույն հասկացություններն են եւ ՀՀ քաղաքացին ընտրություն կարող է կատարել՝ բացառապես ըստ հաշվառման հասցեի: Նա ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ մարդիկ հաճախ կիրառում են «գրանցում» բառը, այն դեպքում, երբ երեւույթը ճիշտ ձեւակերպմամբ կոչվում է «բնակչության պետական ռեգիստրում հաշվառում՝ ըստ բնակության վայրի»։ Հավելենք, որ «ռեգիստր» բառի համարժեքը «ցուցակ» բառն է, եւ ասել ընտրողների ռեգիստր, նույնն է, ինչ ասել ընտրողների ցանկ։

Մնացական Բիչախչյանը բացառել է, որ միեւնույն ընտրողի անձնական տվյալները կարողանան տեղ գտնել մեկից ավելի ընտրացուցակներում. «Նման բան բացառված է, այդպիսի բան չի կարող տեղի ունենալ։ Ընտրական օրենսգրքի պահանջով քաղաքացու անձնական տվյալները լինում են մեկ ցուցակում։ Եթե քաղաքացին հաշվառված է մի հասցեում, սակայն ապրում է բոլորովին այլ վայրում, միեւնույն է, նշանակում է, որ նա ունի 1 գրանցում։ Քանի դեռ քաղաքացին չի դիմել պատկան մարիններին՝ փոխելու իր հաշվառման հասցեն, նա ընդմանեը 1 տեղ է գրանցված։

Ըստ նշյալ վարչության պետի՝ ասվածում համոզվելու համար յուրաքանչյուր ընտրող կարող է մուտք գործել «ՀՀ ոստիկանության պաշտոնական էջ, գտնել ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների նախնական ցուցակները, ընտրել 38 ընտրատարածքներից եւ տեղամասերից պետք եղածը ու տեսնել, որ այս կամ այն քաղաքացու անձնական տվյալները միայն եւ միայն այդ ցուցակում են… Սա Ընտրական օրենսգրքի առաջնային, ամենասկզբունքային պահանջներից մեկն է»։ Ապա նշվել է, որ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախնական ցուցակներում կան 108 անհատական տվյալների համընկումով ՀՀ 216 ընտրողներ, որոնք, սակայն, տարբեր անձինք են։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, պաշտոնատար անձինք ԸՕ-ով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ ազատ են իրականացնելու նախընտրական քարոզչություն.- այսպես է պատասխանել հանձնաժողովը վարչապետ Կարեն կարապետյանի կողմից իրականացված քարոզչության վերաբերյալ հարցմանը:

ԿԸՀ-ն պարզաբանել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական ու համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս»:

Այնուհետեւ ԿԸՀ շարունակել է պարզաբանել, որ նշված իրավանորմերից ակնհայտ է, որ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ քաղաքական պաշտոն զբաղեցնողները, Ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ ազատ են իրականացնելու նախընտրական քարոզչություն։ Վերը նշված նորմերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպեu նաեւ պետական եւ համայնքային ծառայողներին արգելված չէ նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել՝ օրենքով նախատեսված որոշակի եւ հստակ սահմանափակումների պահպանման պայմանով։ Համապատասխան սահմանափակումներ նախատեսող նորմերով արգելքներն ուղղակիորեն սահմանվում են միմիայն այն դեպքերի համար, երբ նախընտրական քարոզչությունն ու ցանկացած բնույթի քարոզչական նյութի տարածումն իրականացվում է տվյալ անձանց լիազորություններն իրականացնելիս։ Ընդ որում՝ օրենքը նշված գործունեությունը կամ գործողությունները տվյալ անձանց կողմից իրականացնելու սահմանափակում է նախատեսում հենց այդ իրավասություններն իրականացնելիս, այսինքն՝ օրենքն արգելում է պաշտոնատար անձին նախընտրական քարոզչության իրականացման եւ պաշտոնական լիազորությունների իրականացման մեկտեղումը, սակայն օրենքը չի արգելում անձանց իրականացնելու որեւէ կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն միայն այն պատճառով, որ տվյալ անձը միեւնույն ժամանակ հանդիսանում է պաշտոնատար անձ։

Այս առումով ԿԸՀ-ն նաեւ պարզաբանել է, որ «օրենսդիրը նախընտրական քարոզչություն իրականացնելու սահմանափումը կիրառել է ոչ թե կապված աշխատաժամանակի հետ, այլ պաշտոնական լիազորությունների իրականացման, հետեւաբար, վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունը իրավաչափ է, եւ ընտրական օրենսգրքի որեւէ իրավանորմի խախտում առկա չէ»:

Ոստիկանությունն էլ հայտնել է, որ հաշվառման գործընթացն իրականացվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ներկայացրել է հաշվառման հասցեների փոփոխության կապակցությամբ կատարված հարցումների ամփոփ վերլուծությունը. «ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս են եղել շահագրգիռ անձանց, լրատվական միջոցների հարցումները՝ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, մարզերում իրականացված հաշվառումների վերաբերյալ: 1. ԶԼՄ-ներով տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Զեյթունի ուսանողական հանրակացարանում մի քանի օրվա ընթացքում հաշվառվել են թվով 1.000 քաղաքացիներ: Լրատվական ծառայություններից մեկի պահանջով ուսումնասիրվեց 2017թ. հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դավիթ Անհաղթ 6 հասցեում իրականացված հաշվառումները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել էր ընդամենը 8 հաշվառում, այդ թվում մեկ անչափահաս երեխայի՝ ծնված 2002թ.:

  1. ԶԼՄ-ներով փետրվարի ամսին տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Մասիսի գյուղերից մարդիկ են տեղափոխում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի անձնագրային բաժին, ենթադրաբար կրկնակի քվեարկության միտումով (ընդ որում գնահատական էր տրվել, որ տեղափոխվողները Գազել մակնիշի մարդատար ավոտմեքենաներով են եկել): Ստուգմամբ գեթ մեկ Մասիսի բնակչի տվյալ չհայտնաբերվեց, ով տվյալ օրերի ընթացքում հաշվառվել էր նշված վարչական շրջանում:
  2. 2017թ. փետրվարի 15-ին ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցումը, որով պահանջվում էր տրամադրել տեղեկատվություն 2017թ. հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Լուռու մարզի համայնքներում հաշվառում չունեցող անձանց քանակը, ովքեր հաշվառվել են նշված մարզում: Ստուգմամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող եւ բարձր տարիքի թվով 182 անձինք հաշվառվել են Լոռու մարզում:
  3. Լրատվական կայքերից մեկի 21.02. 2017թ. հարցմամբ պահանջվել էր տրամադրել տեղեկատվություն Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված հաշվառումների վերաբերյալ: Ստուգմամբ պարզվել է, որ՝ 2017թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող եւ բարձր տարիքի թվով 362 ՀՀ քաղաքացի հաշվառվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից: Համեմատություն կատարելու համար ընտրվել է նաեւ 2016թ. նույն ժամանակահատվածը. 2016թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում 2016թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող եւ բարձր տարիքի թվով 274 ՀՀ քաղաքացի հաշվառվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից (2016թ. թվային վերլուծության համար եւս ընտրվել է նույն թվականի ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող անձանց, համարժեք համեմատություն կատարելու նպատակով): Ընդ որում, 2017թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում հաշվառված թվով 362 անձանցից 110-ը վերահաշվառվել են իրենց նախկին բնակության վայրի հասցեով՝ զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ, իսկ 114-ը փոխել են իրենց հաշվառման հասցեն նույն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 2016թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ վերահաշառված անձանց թիվը կազմում է 40: Նույնիսկ պարզ համեմատություն կատարելիս ակնհայտ է, որ հաշառումների ուռճածված լինելու մասին խոսք անգամ չի կարող գնալ, քանի որ զորացրված անձանց տվյալները հաշվառվողների քանակից հանելու դեպքում 2016-2017թթ. նույն ժամանակահատվածի համար ստացվում է 252-234 հարաբերակցություն:
  4. Փետրվար ամսին ստացվել են շահագրգիռ անձանց կողմից ահազանգեր, թե իբր Երեւան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Վանաձոր եւ Մասիս քաղաքներում յուրաքանչյուրում իրականացվել են հազարավոր հաշվառումներ: Յուրաքանչյուր ահազանգի հետքերով իրականացվել են ստուգումներ: ա) 01.02.17թ.-5.02.17թ Արաբկիրի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 168 հաշվառում: 168 հաշվառումից 1) 49-ը- հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ, 2) 38-ը – Արաբկիր համայնքի մեկ այլ հասցեից, 3) 13-ը՝ ոստիկանության կողմից ստուգմամբ, 4) 45-ը -սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ, 5) 10-ը- որպես սեփականատեր սեփականության վկայականով, 6) 6-ը- հաշվառում չեն ունեցել, 7) 7-ը- ունեցել են օտարերկրյա պետության հաշվառում: բ) 01.02. 17թ.-15.02.17թ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 121 հաշվառում: 121 հաշվառումից 1) 34-ը- հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ, 2) 33-ը – Քանաքեռ-Զեյթունի համայնքի մեկ այլ հասցեից, 3) 31-ը- ոստիկանության կողմից ստուգմամբ, 4) 10- սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ, 5) 10-ը- որպես սեփականատեր սեփականության վկայականով, 6) 3-ը- ունեցել են օտարերկրյա պետության հաշվառում: գ) 01.02.2017թ.-14.02.2017թ. Վանաձոր քաղաքի 2 անձնագրային ծառայությունների կողմից իրականացվել են թվով 165 հաշվառում: 165 հաշվառումից՝ 1) 52-ը հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ (կան նաեւ այլ տարիների զորացրվածներ, ովքեր ժամանակին չեն վերահաշվառվել, 2) 81-ը Վանաձոր քաղաքի մեկ այլ հասցեից, 3) 27-ը Լոռու մարզի մեկ այլ համայնքից, 4) 4-ը այլ մարզերից, 5) 1-ը ունեցել է Ուկրաինայի հաշվառում: դ) 01.02. 2017թ.-17.02.2017թ. Մասիս քաղաքի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 194 հաշվառում (Մասիսի քաղաքումև գյուղական բոլոր համայնքներում): 1) 86-ը հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ, 2) 56-ը մարզի ներսում, 3) 44-ը այլ մարզերից եւ Երեւանից, 3) 3-ը հաշվառում չեն ունեցել, 4) 5-ը ունեցել են օտարերկյա պետության հաշվառում»:

Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է համարվել նշել, որ հաշվառման գործընթացն արվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ոստիկանությունը փաստացի բնակության հանգամանքը ստուգելու եղանակով գործընթացը կազմակերպելիս ստուգումներն իրականացնում է խստացված ռեժիմով:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 10 (443), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։