Ընտրապայքար՝ խորհրդարանական երկրի ձայների համար – Ընտրաթվեր, որ հետո կլինեն համեմատության մեջ… Ընտրողների թվականակը, տոկոսային հաշվարկներ, պաշտոնական նախընտրական տեղեկություններ… Իսկ դուք հասցրե՞լ եք չմուծել ձեր հարկերը – Ինչի մասին են լռում երկրի 9-ը փրկիչները – Եվ ինչի հանդեպ են այդքան «առատաձեռն» – Հին մասնագիտության դեմը ո՜նց են առնելու…

Խորհրդարանական Հայաստան ես չեմ ուզում: Ես ուզում եմ ուժեղ, կենտրոնաձիգ պետություն: Խորհրդարանական կառավարումը հիմա մեզ համար չէ: Այս մասին «Լուսանցք»-ը գրել է, հիմնավորել, ՍԴ-ում մասնակցել խնդրո առարկայի շուրջ քննարկմանը: Որ խորհրդարանական կառավարումը կարող է մեր երկիրը կրկեսի, այն էլ՝ անկառավարելի կրկեսի վերածել, երեւում է ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից: «Լուսանցք»-ը ներկայացրել է դրանք՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտների տեսանկյունից: Տեսնենք, թե ինչ են խոստանում այդ ուժերը հարկային ու մաքսային քաղաքականության, զբոսաշրջության, ներդրումների ներգրավման եւ կոռուպցիայի դեմ պայքարի առումով՝ հաշվի առնելով այն, որ դա շատ կարեւոր է պետական զամբյուղը լցնելու եւ, ըստ այդմ, պետության գործերը կառավարելու համար:

Իսկ դուք հասցրե՞լ եք չմուծել ձեր հարկերը

«Ելք» դաշինքը խոստանում է 150 եւ ավելի աշխատող ունեցող ՏՏ ոլորտի ընկերություններին ազատել շահութահարկից: Արտադրական  հոսքագծերի եւ օժանդակ սարքավորումների ներմուծումը 2 տարի ժամկետով ազատել ԱԱՀ-ից եւ մաքսատուրքից: «Ելք»-ը խոստանում է նաեւ Էլեկտրոմոբիլների ներկրումը եւ վաճառքը ազատել ԱԱՀ-ից եւ մաքսատուրքից, այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ընկերություններին ազատել շահութահարկից եւ մաքսատուրքից:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը «Մրցունակ Հայաստան» նախընտրական տնտեսական ծրագրում հարկային ու մաքսային քաղաքականությանը վերաբերող առանձին բաժին ունի եւ հարկերի բարձրացում էլ է խոստանում: Կուսակցությունը խոստանում է բարձրացնել թունդ խմիչքների, օղու, լիկյորների վրա դրվող ակցիզները, փոխարենը՝ իջեցնել գինու ակցիզը: Խոստանում է նաեւ բարձրացնել խոշոր գույքի հարկը: «Ազատ դեմոկրատները» նաեւ ասում է, թե պետք է բացառել ոչ պետական լոտոների, վիճակախաղերի, զառերի գոյությունը։ Նման ինստիտուտների շահագործման բացառիկ իրավունքը պետք է տրվի ՀՀ Ֆինանսների նախարարությանը։

«Հայկական վերածնունդ» կուսակցության անդրադարձը խնդրո առարկային՝ փոքր է. խոստանում է մինչեւ 18 մլն. դրամ տարեկան ապրանքաշրջանառություն ունեցող ձեռնարկություններին եւ անհատ ձեռնարկատերերին՝ 3 տարով հարկերից ազատել, հարկային եւ մաքսային վարչարարությունը շարունակական պարզեցնել, հսկիչ գները վերացնել: Խոստանում է նաեւ այնպես անել, որ շքեղության հարկ կիրառվի՝ սահմանելով համապատասխան սանդղակներ, որի արդյունքում հարուստներն ավելի շատ պետք է վճարեն, քան անապահովները: Տեսաք չէ՞ ի՜նչ կարգի արդարություն է. անապահովներն էլ պետք է շքեղության հարկ վճարեն, երեւի շքեղ թշվառության հարկ կկոչվի:  

«Ծառուկյան» դաշինքն էլ մի քանի խոստում ունի. առաջիկա 3 տարիներին ՓՄՁ-ին ազատել հարկերից, առաջիկա հինգ տարիներին մինչեւ 30 մլն  դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից: Նաեւ՝ հարկային պարտավորությունների չկատարման հետեւանքով կուտակված շուրջ 60 մլրդ  դրամ տույժերի եւ տուգանքների մասով կիրառել հարկային համաներում, մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, «հսկիչների» կիրառումը:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը խոստանում է, որ իր կառուցելիք շնորհապետական հասարակարգում հարկային ու մաքսային քաղաքականության հիմքում կդնի ներդրումների գրավչության բարձրացման, գործարարության խրախուսման եւ հարկային բազայի ընդլայնման գաղափարախոսությունը: Խոստանում է լիովին պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6 (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաեւ մաքսատուրք): Շրջանառության հարկը կարող է կիրառվել միայն որպես փոխարինող հարկ: Շահութահարկի, եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկերի  դրույքաչափերը սահմանել 15%: Վերացնել ԱԱՀ-ի գանձումը սահմանում: Ներմուծվող ապրանքների մաքսատուրքը հաշվարկել բացառապես հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում) նշված գնի հիման վրա։ Ինվոյսի կեղծ լինելու ապացույցը բացառապես պետության բեռն է:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հարկային ու մաքսային քաղաքականության հետ կապված առանձին բաժին չունի: Դե ինչ ունենա, ինչ կա՝ հարկային օրենսդրությունում է:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ընտրությունների մեկնարկից 10 օր հետո վերջապես մեզ արժանացրեց այն շնորհին, որ կարդանք նախընտրական իր ծրագիրը: Ըստ որի՝ խոստանում է հարկային բեռի շարունակական իջեցում:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը հզոր տնտեսություն ունենալու համար հարկային ոլորտում որոշ քայլերի անհրաժեշտություն է մատնանշում: Օրինակ՝ փոքր՝ մինչեւ 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով, աջակցության մեխանիզմներ նոր հիմնվող փոքր բիզեսի համար, ավելացված արժեքի հարկը սահմանել 18%, ընդունել հարկային նոր օրենսգիրք՝ ապահովելով տնտեսական նոր որակի հարաբերությունների առաջացումը:

ՀՅ դաշնակցությունը հարկային ու մաքսային քաղաքականության մասով նախընտրական ծրագրում ոչինչ չի տալիս:

Ինչի մասին են լռում երկրի ինը փրկիչները

Թե ինչ է ներդրումը ընդհանրապես եւ տնտեսության մեջ, թե քանի տեսակ ու ենթատեսակ կամ խումբ ու ենթախումբ ներդրումներ են լինում, այս պահին մեր խնդրո առարկան չէ: Եվ թե հատկապես տնտեսագիտական այս եզրույթի որ տեսակն է Հայաստանն ավելի շատ ուզում ունենալ իր տնտեսության մեջ, դա էլ գոնե այս պահին էական չէ: Կարեւոր է միայն այն, որ մեր երկրի տնտեսությունը դեպի դրական ու կայուն տեղաշարժ տանելու համար անհրաժեշտ են մեծածավալ ներդրումներ: Կարճաժամկետ կլինեն այդ ներդրումները, թե երկարաժամկետ, դա էլ է որոշակի պահի մղվում երկրորդ պլան. միայն թե լինեն այդ ներդրումները: Այս մասով ինչ ծրագրեր ունեն մեր այն քաղաքական 9 ուժերը:

«Ելք» դաշինքը ներդրումների ներգրավման հետ կապված՝ նախընտրական ծրագրում ոչինչ չի նախատեսում:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նույնպես ոչ մի քայլ չունի մատնանշած այն պարագայի համար, թե ինչ կանեն իրենք ներդրորմներ ներգրավելու համար, եթե հայտնվեն խորհրդարանում: Թեեւ ավելի ստույգ լինելու համար կարող ենք փաստել, որ եթե նրանց հաջողվի իրականացնել «Մրցունակ Հայաստան» նախընտրական ծրագրի դրույթների գոնե կեսը, դա կապահովի տնտեսական աճի տեմպ ՀՆԱ-ում կուտակման հաշվին, ինչից հետո ներդրումների հոսքը սպասելի կլինի:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը 30 առաջնահերթ քայլերից ոչ մեկում ներդրումների ներգրավման հետ կապված հետաքրքրություն չի ցուցաբերել:

«Ծառուկյան» դաշինքին էլ ներդրումների ներգրավումը չի հետաքրքրել: Համենայնդեպս, դրան տեղ չի տվել իր 15 առաջնահերթ քայլերի շարքում:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագրում էլ առանձին ոչ մի քայլ նախանշված չէ ներդրումներ ներգրավելու համար:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հռչակագրային խոստումներ է տալիս, ախտորոշում է, խնդիրներ է առաջ քաշում, լուծումներ ասում՝ ներդրումային միջավայր բարելավում եւն:

Հայաստանի կոմկուսի նախընտրական ծրագիրը ներդրումների ներգրավման հետ կապված ոչինչ չի նախատեսում: Անկեղծ ասած, կոմկուսի ծրագիրը կարդալ չէի կարողանում: Նրանց վերադարձի վերացական միտքն անգամ ինձ այնքան է հունից հանում, որ «հայկական բանակ»-ը «կարմիր բանակ» էի կարդում……

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույցում» ոչ թե խոստանում, այլ առաջարկում է բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա եւ տեղական ներդրումների համար:

ՀՅ Դաշնակցությանը ներդրումների ներգրավումը չի հետաքրքում:

Եվ ինչի հանդեպ են այդքան «առատաձեռն»

Զբոսաշրջությունը երկրի բարեկեցությունը բարձրացնող կարեւորագույն գործիք է: Զբոսաշրջությունը ինքնին ինդուստրիա չէ, բայց մի հետաքրքրիր փաթեթ է, որում դու ներառում ես քո երկրի պատմությունը, մշակույթը, ներկան ու հեռանկարները եւ առաջարկում արտերկրի քաղաքացիներին՝ դրա դիմաց վարձ ստանալով: Ապրանքի պես՝ առաջարկ-պահանջարկի օրինակով: Հենց դրա համար էլ արդի աշխարհում կա զբոսաշրջային ինդուստրիա եզրույթը: Եվ մենք այս ոլորտում անասելի մեծ ներուժ ունենք: «ՀՀ»-ում գրել եմ, որ հետանկախացման տարիներին մենք արտերից ժամանած զբոսաշրջիկներին միայն Հայոց պատմության մի հատվածը՝ քրիստոնեական շրջանն էինք կարողանում ներկայացնել՝ որպես «ապրանք» առաջարկելով եկեղեցիները: Այսօր վիճակը բոլորովին այլ է. մենք հասկացել ենք, որ առաջարկելու բան ունենք թե՛ արկածային զբոսաշրջության ոլորտում, թե ագրո եւ էկո, թե՛ հնագիտական, պատմական եւ թե՛ խոհանոցային զբոսաշրջության ոլորտներում: Սրանց այլ ճյուղեր էլ կարող ենք հավելել, որ հատկապես Երեւանում մի քանի անգամ արվել է: Օրինակ՝ գարեջրի փառատոնի ժամանակ, որ ի դեպ, տարեց տարի ավելի լավ է նշվում, հիշվեց պատմական փաստը. ինչ են ասել անտիկ շրջանի վկաները գարեջրի հայրենիքի մասին (առանց ավելորդ համեստության ասեմ, որ Երեւանի քաղաքապետարանը նկատառումս չէր անտեսել)… Այս կարգի հարցերում մենք ֆենոմեն ունենք եւ աշխարհին առաջարկելու լիքը բան: Հավատացնում եմ, աշխարհը դեռ փոխելու է զբոսաշրջային իր նախասիրությունները եւ գալու է դեպի Հայաստան (դա են հուշում իմ երկարամյա ոլորտային ուսումնասիրությունները):

Ինչեւէ: Հայաստանում զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղերից է համարվում: Հետաքրքիր է նախընտրական այս շրջանում հասկանալ, թե ինչպես են պատկերացնում ոլորտի զարգացումը այն 9 քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Այսպիսով, «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքները եւ ՀՅ դաշնակցությունը ոլորտի հետ կապված քալեր չունեն իրենց ծրագրերում:

Զբոսաշրջության ոլորտը մոռացել է նաեւ ՕՀանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը. միայն ասում է, թե անհրաժեշտ է ստեղծել զբոսաշրջության երիտասարդական կենտրոններ:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը տուրիզմն ի՜նչ է անում: Կարմիր բանակը կմտնի, ժողովրդին դես ու դեն կքշի, ներգնա տուրիզմին էնպիսի՛ զարկ կտա որ…

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության, «Հայկական վերածնունդի», Կոնգրես-ՀԺԿ-ն տուրիզմի մասով ձեւական մի մի նախադասություն տվել են:

Այ ՀՀԿ-ն ուրիշ է, մի ամբողջ առանձին բաժին ունի:

Չեմ սխալվի, եթե ասեմ, որ ՀՀԿ-ինը հենց տուրիզմն է որ կա, մեկ էլ ՓՄՁ-ն, ինքը մեծ արդյունաբերության վրա հույս չի էլ դրել:

Հին մասնագիտության դեմը ո՜նց են առնելու

Կոռուպցիայի մեկ՝ ընդհանուր սահմանում չկա: Կաշառակերությունն է, կաշառատվությունը, պետական մակարդակով փչացածությունը, այլասերությունը, մի ամբողջ շղթա: Հին մասնագիտության՝ պոռնկության պես մի բան է: Դեմը ո՜նց են առնելու: Մեր խելքի բանը չէ, խելոքներին լսենք:

«Ելք» դաշինքը 6 քայլ է նախանշել այդ պայքարը տանելու: Ըստ այդմ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կլուծարվի եւ կստեղծվի անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին: Երկրորդ քայլն այն է, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործառույթների շրջանակը կընդլայնվի այնպես, որ պետական բարձրաստիճան պաշտոն ստացող յուրաքանչյուր անձի կենսագրությունը եւ գործունեությունը հրապարակային քննվի հանձնաժողովում, եւ հանձնաժողովը եզրակացություն տա տվյալ անձի՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա պիտանելիության մասին: Միաժամանակ անհրաժեշտ է նորացնել եւ կոնկրետացնել բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները: Իբրեւ կոռուպցիայի դեմ պայքարի երրորդ քայլ՝ քաղաքական այս ուժը կարեւորում է հետեւյալը. ՀՀ պետական պաշտոնի հավակնող եւ նման պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաեւ նրանց հետ փոխկապակցված անձինք պետք է նոտարական կարգով լիազորեն համապատասխան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում եւ ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել եւ ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի եւ մնացորդի, ինչպես նաեւ իրենց անունով շարժական, անշարժ գույքի եւ արժեթղթերի առկայության մասին:

Էստեղ են ասել՝ բարեւ ձեզ՝ 3 մատի կոմբինացիայով (պաշտոնյայի տեսակետով): Հա, անկեղծ լինելու համար ասեմ, որ սա երեւի «Ելք»-ը կանխատեսել էր ու ելքը գտել է, այն է՝ նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չեն կարող լինել բարձրաստիճան պաշտոնյա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը համոզում է, որ անզիջում պայքար կմղի կոռուպցիայի, մենաշնորհների եւ ստվերի դեմ՝ դրանք մեկ հարթությունում դիտարկելով: Այս ուժի կարծիքով, կոռուպցիայի համակարգային բնույթն ու ստվերային տնտեսության ահռելի չափերը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհներն այլեւս վտանգում են պետականության հիմքերն ու իսպառ փակում են երկրի եւ հասարակության զարգացման հեռանկարները: Այս կուսակցության վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանն է: Տեսնես իր ղեկավարման՝ ՀՀՇ-ի տարիներին, երբ ամեն ինչ սրբվեց, գնաց, գործարաններ ծախվեցին դրամներով, պետականության հիմքերը չէի՞ն վտանգվում: Չեն հիշում, չեն ուզում, չեն խոստովանում, միայն հիմա գեղեցիկ խոսեր են շռայլում: Բայց այդ խոսքերն էլ տեղ չեն հասնում, քանզի դրանց գեղեցկությունն անհաղորդ է:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հակիրճ է խնդրին անդրադառնում. կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմին կստեղծի, երկրից ապօրինի դուրս բերված գումարների վերադարձի եւ ապօրինի հարստացման մեխանիզմներ կներդնի: Ու… կսկսվի «վերածննդի» դարաշրջանը:

Իսկ «Ծառուկյան» դաշինքն ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի քայլ նախընտրական ծրագրում չի նախատեսում: Որովհետեւ իրենը կոռուպցիա չի, իրենը բարեգործություն է, թագավորը սիրում է իր ժողովրդին:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ խնդրին անդրադարձն էլ երկարաշունչ չէ: Ասում է, թե պետք է արմատախիլ անել կեղծարարության, խաբեության, փչացածության (կոռուպցիայի) արատավոր ավանդույթները, նաեւ պետք է կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով‘ սկսած 1991թ., եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները: Իհարկե կասի, արդեն հասցրել է իր ապօրինիի տակ փաստաթղթեր դնել ու դրանք ապացուցել այլ փաստաթղթերով: Էնպես որ, իրենցից դուրս բոլորը վերադարձնելիք ունեն:

Հայաստանի հանրապետական կուսակցության համար կոռուպցիան երկրի առաջընթացն արգելակող քաղցկեղ է: Ու տեսեք դրա դեմն առնելու ինչ քայլեր է նախանշում: Լուծում է հակակոռուպցիոն կանխարգելիչ եւ իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործումը ապահովելը, ազդարարների պաշտպանության եւ շահերի բախման դեպքերի կանխարգելման գործուն համակարգ ներդնելը։ ՀՀԿ-ն արդարադատությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը նույն հարթությունում է դիտարկում, ըստ որի արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլեւ լինի տեսանելի, համոզիչ եւ ընկալվի որպես արդարության հաստատում։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուր դատական ակտի կայացումն իրապես ընկալվի որպես արդարադատության հաստատում, եւ կողմերից ոչ մեկի մոտ չմնան կասկածներ կայացված ակտի օրինականության, անաչառության ու հիմնավորվածության վերաբերյալ։ Կուսակցությունն իր ախտորոշմամբ չի ժխտում, որ  դատական համակարգն ունի ցածր վարկանիշ, որը պայմանավորված է ոչ միասնական դատական պրակտիկայով եւ դատարաններում կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներով: Դատարանների նկատմամբ վստահությունը ցածր է եւ, անգամ դատավորների մեծամասնության զգալի ծանրաբեռնվածության պայմաններում, առկա է վստահության այդ մակարդակից բխող ցածր դիմելիություն… Մի խոսքով, այս ամենից ելնելով՝ ՀՀԿ-ի նպատակն է, ինչպես իրենք են խոստանում, ցածր վարկանիշ ունեցող դատական համակարգից անցում անել դեպի արդար, վստահելի եւ արդյունավետ դատական համակարգի: ՀՀԿ-ի նպատակն է… ավելի լավ է կրկնվեմ՝ էհ, այսքան տարի պայքարեիք, ձեռքներդ ո՞վ էր բռնել, իշխանության ղեկին՝ դուք, սանձը՝ ձեր ձեռքը:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ընտրությունների մեկնարկից 10 օր հետո միայն հրապարակելով ծրագիրը, ասում է, թե իրենք իրականացնելու են հարկային ճնշման իջեցման արդյունավետ քաղաքականություն, որը կնպաստի տնտեսվարողների կողմից հարկերի թափանցիկ վճարմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կոռուպցիայի նվազեցմանը: Այ մարդ, կոմունիստներն ու՜ր, կոռուպցիան ու՜ր, իրենց աստվածը վկա, ճիշտ եմ ասում, նրանք չգիտեն էլ՝ դա ինչ է: Խորհրդային երկրում բոլորս ապրել ենք ուրախ, անհոգ եւ, ամենակարեւորը, աշխատավարձով: Մնացած մանր-մունր եկամուտները, տակից-մակից ճարվող ապրանքները, ժեկի պետից սկսած բոլորին լավությունը անելը՝ հարց լուծելու համար, թեթեւ շնորհակալություն էր, ոչ մի կաշառք:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը դատաիրավական համակարգի անկախության եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակին հասնելու, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու լավագույն մեխանիզմն իշխանական ճյուղերի տարանջատումն է համարում, տնտեսաքաղաքական հարաբերությունների ապամենաշնորհացումը եւ ընտրական լեգիտիմ համակարգի առկայությունը, որը կկատարվի նոր Սահմանադրությամբ: ՕՐՕ-ի 3 անդամներն էլ իշխանության մեջ եղել են, մի բան գիտեն, որ կոռուպցիայի դեմ պայքարելուց են խոսում: Լավ ձեւերն էլ կիմանան…

ՀՅԴ-ն առաջարկում է ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին, որը պետք է զբաղվի կոռուպցիայի աղաղակող եւ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող դեպքերով, այլ ոչ թե աշխատանքի պատրանք ստեղծի: Որ ՀՅԴ-ն կանի, չեմ կասկածում, հենց գործի կպնում է, անում է, էլ պատրանք չի ստեղծում: Ուզեց, սոցքարտերի համակարգը բռնեց ու դրեց, մարդկանց տվյալներն էլ տվեց ուզողին: Առանց կոռուպցիոն երեւույթի: Գումարի դիմաց: Իբրեւ ապրանք: Աշխատեց ու լավ աշխատեց, առանց պատրանք ստեղծելու, իհարկե՝ պետության գործուն մասնակցույամբ:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 10 (443), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։