Սպասե՞լ, թե՞ նպաստել թյուրքական հատուցման ժամին – Ի՞նչ պետք է անի Երեւանը… Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ պաշտոնական Բեռլինը մերժեց Անկարային՝ հավաքներ անցկացնել Գերմանիայի թուրքերի շրջանում՝ իրենց սահմանադրական փոփոխությունների քարոզչության համար… Գերմանիային հետեւեցին Հոլանդիան, Ավստրիան, Բելգիան, Դանիան, Շվեդիան եւ սա կդառնա շարունակական Եվրոպայում…

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ պաշտոնական Բեռլինը մերժեց Անկարային՝ հավաքներ իրականացնել Գերմանիայի թուրքերի շրջանում՝ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների քարոզչության նպատակով: Համբուրգ քաղաքի իշխանությունները թույլ չէին տվել սրահներից մեկում անցկացվելիք միջոցառումը, որտեղ ելույթ էր ունենալու նաեւ Թուրքիայի  ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Այնուհետեւ հայտարարվել էր, որ նախարարի ելույթի համար այլ սրահ կհատկացվի: Իսկ մինչ այդ Գերմանիայի տեղական ինքնակառավարման մարմիններն արգելել էին Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի եւ Էներգետիկայի նախկին նախարար Թաներ Յըլդըզի ելույթները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անձամբ եւ բացահայտ հանդես եկավ նման քարոզչության դեմ: Նախապես այդ փոփոխությունները համարվել էին բռնապետության տանող քայլեր: Նկատի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական եւ նորհամաթուրանական ծրագրերը, այս ՝ բռնապետության տանող օրենքները, ավելի կազատեն Թուրքիայի նախագահի արդեն անպատասխանատու շարժումներ անող ձեռքերը, ով փորձում է աշխարհի թուրքերի նոր հայրը ներկայանալ՝ առաջ անցնելով Աթաթուրքից: Անգամ՝ դեռ թուրքերի հայր համարվող Աթաթուրքի նախագահական նստավայրը փոխեց, հիմա էլ նրա ստեղծած «Թուրքիայի Հանրապետությունը» փորձում է դարձնել իսլամական պետություն:

Այս վտանգները չեն կարող չտեսնել նաեւ Եվրոպայում: Եվ Գերմանիան, որպես Եվրոպայի քաղաքականության այսօրվա առաջատար երկիրը, կատարեց առաջին քայլը: Թուրքիայի նախագահը արագ արձագանքեց եւ զգուշացրեց, որ սա վտանգավոր նախադեպ է եւ ապացուցում է, թե Գերմանիան նացիստական երկիր է մնացել: Թուրքիայի ԱԳ նախարարը եւս միացավ այս բղավոցներին, թե «Գերմանիայում իսկական բռնապետական համակարգ է… Այդ երկրի իշխանությունների գործողությունները նման են նացիստական գործելաոճին»:  

Եվրոպական ցանկացած երկրի համար, առավել եւս Գերմանիայի, այսպիսի ձեւակերպումը խիստ անհանդուրժելի է համարվում, խիստ վիրավորական:

Թուրքիայի նախագահը շարունակելով իր ԱԳ նախարարի արտահայտությունները՝ Ստամբուլի հանրահավաքներից մեկում հայտարարեց. «Հեյ, Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ ոչ մի առնչություն չունեք: Ներկայումս ձեր քայլերը չեն տարբերվում անցյալում նացիստականից: Մենք էլ կարծում էինք, թե Գերմանիան վաղուց հրաժարվել է դրանից, բայց սխալվել ենք»:

Շատերն էին սպասում, որ Բեռլինը շուտով Անկարային որոշ հարցեր կտա եւ ցույց կտա, թե ով է խոսում դեմոկրատիայից ու նացիզմից… Հարցը պաշտոնապես դեռ չի հնչել, բայց շատերի կարծիքով դեռ կհնչի, քանի որ գերմանական զլմ-ներում որոշակի անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության՝ Գերմանիայի կողմից ճանաչման մասին, ինչն էլ ցայսօր կատաղեցրել է թուրքերին:

Բացի այս, Գերմանիայում քննարկվում է Գերմանիայից քաղաքական ապաստան խնդրած թուրք 136 դիվանագետների հարցերը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան անչափ վրդովվել էր, երբ Բունդեսթագը ճանաչել ու դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը: Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտն այդ խնդիրը բարձրացրեց նաեւ ԵԽ-ում:

Դեռ այդ ժամանակ Անկարան փորձեց ընդդիմանալ Բեռլինի քաղաքականությանը եւ հայտարարվեց, թե հնարավոր է Թուրքիան արգելի գերմանական զորախմբի մուտքը «Ինջիրլիք» ռազմաբազա, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերն են տեղակայված: Բունդեսթագի ղեկավարը եւս կտրուկ արձագանքեց, որ  Գերմանիան կարող է ետ կանչել իր զինված ուժերը Թուրքիայից: Սա, իհարկե ՆԱՏՕ-ն թույլ չէր տա, եւ կրքերը որոշակիորեն հանդարտվեցին:

Այս ամենը դեռ քիչ էր Անկարայի համար, Բունդեսթագի թուրք պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի խորհրդարանում հայտարարեց, թե «Երիտթուրքերը դավաճաններ են, Թալեաթն ու Էնվերը՝ ոճրագործներ»… Նա մեջբերեց իր ստամբուլահայ բարեկամ «Հրանտ Դինքի խոսքերը, ով սպանվել էր Ստամբուլում մի թուրք ծայրահեղականի կողմից. «Եթե այսօր հայերն ապրեին Վանում, այդ քաղաքը կդառնար Արեւելքի Փարիզը»:

Դառնալով Եվրոպայում թուրքական քարոզչության թեմային՝ նշենք, որ մինչ այս ամենը, Թուրքիայի դեսպանին արդեն կանչել էին Գերմանիայի ԱԳՆ՝ կապված Թուրքիայում գերմանացի լրագրող Դենիզ Յուսելի ձերբակալության հետ: Դենիզ Յուսելը գերմանական Die Welt թերթի լրագրող է, նրան Ստամբուլի դատարանի վճռով ձերբակալել էին փետրվարի 18-ին՝ այն հավանական առնչությամբ, իբր նա թուրք նախարարներից մեկի դեմ ուղղված հաքերային գրոհների մասնակից է:

Անկարան այնուամենայնիվ որոշ խոչընդոտներ ստեղծել էր գերմանական զորախմբի նկատմամբ, որին արձագանքել էր Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունը՝ հաստատելով, որ թուրքական կողմը հրաժարվել է համաձայնեցնել Գերմանիայի ՊՆ խորհրդարանական  պետքարտուղար Ռալֆ Բրաուկզիպեի գլխավորությամբ պատվիրակության՝ ավիաբազա այցելության հետ կապված հարցերը, իսկ մուտքը ավիաբազա արգելված է: Բեռլինը մեկ անգամ եւս զգուշացրել է ՆԱՏՕ-ական գործընկերներին, որ ետ կկանչի իր զորքերը Թուրքիայից:

Հաջորդ եվրոպական երկիրը, որ բուռն հրաժարվեց իր տարածքում թուրքական քարոզչությունից՝ Նիդեռլանդներն էր: Հոլանդական իշխանությունները հրաժարվեէին երկրի տարածք թողնել Թուրքիայի արտգործնախարարին: Եվ Մեւլութ Չավուշօղլուն սպառնացել էր Ամստերդամի դեմ «լուրջ պատժամիջոցներ կիրառել»: Ամստերդամից պատասխանել էին, որ «արգելող որոշում է կայացվել թուրք պաշտոնյայի Ռոտերդամ այցի առումով, քանի որ այն իր մեջ հասարակական լուրջ վտանգ էր ներկայացնում»:

Անկարան հենց սրանից էլ վախենում էր, քանի որ Գերմանիային ու Նիդեռլանդներին հետեւեցին՝ Ավստրիան, Բելգիան, Շվեդիան եւ Դանիան: Ամենուր նույն հայտարարությունն է. «Թուրքիա՛, հեռու մնա մեր երկրից»… Եվ Անկարան արդեն լուրջ դիվանագիտական ու քաղաքական խնդիրներ ունի այս 6 երկրների հետ: Սա կկրի շարունակական բնույթ, քանի որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճամբար»-ի ղեկավար Մարին Լե Պենն իր թվիթերյան էջում արդեն դեմ է արտահայտվել Ֆրանսիայի տարածքում թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված հանրահավաքների անցկացմանը: «Ինչո՞ւ մենք մեր երկրում պետք է թույլ տանք այն արտահայտությունները, որոնք արգելել են դեմոկրատական մյուս երկրները: Ֆրանսիայում թուրքական ընտրական քարոզարշավ չկա»,- նշել է նա:

Հոլանդիայի (Նիդեռլանդների) իշխանություններն արձագանքելով  Թուրքիայի նախագահի՝ «Հոլանդիան նացիստական եւ ֆաշիստական մնացուկ է»… հայտարարությանը՝ նշել են, որ բռնապետ Ռեջեփ Էրդողանի այս լկտիությանը չափ ու սահման չունի, եւ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն հայտարարել է, որ «Էրդողանի պահվածքը խիստ կասկածելի է կամ նա պարզապես խելագար է»…

Թուրքիայի նախագահն էլ կրկին սպառնացել է պատասխան միջոցառումներ ձեռնարկել: Այդ երկրի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ ցանկալի չի Նիդեռլանդների դեսպանի վերադարձը երկիր, ով դեռ արձակուրդում է, նաեւ արգելափակվել են հոլանդական դիվանագետների, այդ թվում՝ արտգործնախարարի՝ Թուրքիայի տարածքով, նաեւ օդային, օգտվելու իրավունքները: Նրանց սպասարկող  ինքնաթիռի մուտքն արգելված է Թուրքիա:

Թուրքական կողմի տեսակետը այսպիսին է, վճարելու են բոլոր նրանք, ովքեր անտեսել են իրենց հետ հարաբերությունները:

Այս համապատկերին քիչ կարեւորություն տրվեց այն փաստին, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ըստ միջազգային ԶԼՄ-ների, ֆրանսիական կողմը որոշակի հստակ մեղադրանքներ է հնչեցրել Բաքվի ուղղությամբ՝ հրադադարի խախտման առումով, եւ հավաստել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ամեն ինչ կանի, որ արցախյան խնդիրը խաղաղությամբ կարգավորվի, քանի որ պատերազմի վերսկսումը չի հանդուրժվի ոչ մի կողմից:

Ադրբեջանի նախագահի Ֆրանսիա կատարած այցին անդրադարձել է նաեւ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը», որի կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ Փարիզ, Բրյուսել կամ եվրոպական այլ մայրաքաղաքներ այցելելով Ադրբեջանի նախագահը եւ այլեւս նրա փոխնախագահ կինը՝ Մեհրիբան Ալիեւան, հույս ունեն ավելի շատ բիզնես հնարավորություններ ու ներդրումներ ձեռք բերել Ադրբեջանի համար։ Իրականում Ադրբեջանը լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ է, բայց եվրոպական ներդումները «չեն շտապում», քանի որ ինչպես վերոնշյալ կազմակերպության հոդվածում է նշված. «Պաշտոնական Բաքուն արհամարհում է այն, որ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է մարդու իրավունքների պաշտպանություն, թափանցիկություն եւ լավ կառավարում։ Տարբեր երկրներ հրապարակայնորեն կոչ են արել ազատ արձակել բոլոր նրանց, հարյուրավոր մարդկանց, ովքեր ձերբակալվել են քննադատության  համար»:

Փաստորեն, բացի քաղաքական եւ իրավական լուրջ խնդիրներից, ընդդիմախոսների եւ լրագրողների ձերբակալությունները Թուրքիայում եւ Ադրբեջանում այլեւս զանգվածային բնույթ են կրում:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 10 (443), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։