Լուսանցքում գրվում են ամենակարեւոր բաները – Այսօր 10 տարեկան ենք, 443 թողարկում, 443 շաբաթվա ամենժամյա մաքառում – Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ, ովքեր աջակցել են… Բայց նախ եւ առաջ շնորհակալ եմ իմ հավատարիմ ընթերողներին, ովքեր ինձ ուժ են տվել իմ մաքառումին դիմանալու համար (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

10 տարի առաջ, ճիշտ այս օրերին, լույս տեսավ «Լուսանցք»-ի 1-ին համարը (մարտի 16-23, 2007թ.):

Այն իմն էր, բացառապե՛ս իմը (ինչպես մայրն է մի ուրիշ գուրգուրանքով փայփայում բացառապես իր երեխային), ես էի հայթայթել հիմնադրման ու առաջին թողարկումների համար անհրաժեշտ գումարը: Ես էի ընկերներիս համոզել, որ մենք անելիք չունենք դեմոկրատական դաշտում (նույն դեմոսն է), ազատական դաշտում (արդի աշխարհում հաճախ է խառնվում սանձարձակությանը), եվրա ու ռուսա-մետ դաշտերում եւ մեր խնդիրը պետք է լինի հայ ազգայնականության  գաղափարախոսությունը ներկայացնելը: Գլխավորապե՛ս հայ ազգայնականության: Ոչինչ, որ արդի աշխարհում իմ արած գործը կշփոթեն ազգայնամոլության, նացիզմի ու շովինիզմի հետ: Ոչինչ: Կարեւորը՝ ես գիտեմ, որ ճիշտ բան եմ անում: Համոզեցի ընկերներիս: Գուցե եւ ոչ: Բայց ի՛նձ հավատացին: Հավատալով աջակցեցին:

Ու, եւ՛ ցավոք եւ՛ բարեբախտաբար հետո պիտի սկսվեր մաղը:

«Լուսանցք»-ը տպագրվեց: Սկզբում թերթս չէի ստորագրում: Դե, «Հայատանի Հանրապետություն» օրաթերթում աշխատում էի (եւ եմ), եւ ազգանունս մեկ այլ տեղ հայտնվելը այն ժամանակ համարեցի մասնագիտական էթիկայի խախտում: Ստորագրությունը վստահեցի մեկ ուրիշի: Եվ… եղավ կյանքը. օտարները չեն դավաճանում, դավաճանում են ընկերները: Ու իմ կյանքի այն շրջանում, երբ քարշ էի գալիս դիահերձարանում, հիվանդանոցներում եւ գերեզմանոցներում, պարզվեց նաեւ, որ վճարված չեն հարկերը, տպագրական ծախսերը, եւ «Լուսանցք»-ը փակվելու վտանգի առաջ է հայտնվել: Ինձ գումար վստահող ընկերներիս պետք է պատասխան տայի, բայցեւ՝ պատասխան էի սպասում նրանից, ում վստահել էի այդ գումարները՝ թերթս տպագրելու եւ, իբր, ստորագրելու համար: Մինչ սպասում էի վստահորդիս պատասխանին, հայտնվեցի ոստիկանությունում այն մեղադրանքով, որ ծեծել եմ վստահորդիս: Մինչ ոստիկանությունում կփորձեի հակառակն ապացուցել, սկսվեցին սադրանքները «վստահորդիս» ու քննիչի կողմից (հետագայում երբ անմեղությունս ապացուցվեց, քննիչին զրկեցին պաշտոնի ու աշխատավարձի բարձրացումից: Ես էլ անձամբ նրան խոստացա, որ իր ամբողջ կյանքում կմա իմ ուշադրության կենտրոնում): Ինչեւէ, հիվանդանոցներից, գերեզմանոցներից ու քննչականներից հետո վազում էի հարկային՝ խնդրելով ինձ հավատալ եւ ժամանակ տալ՝ ոչ իմ մեղքով կուտակված հարկային պարտավորությունները մարելու համար: Հավատացին: Իրենք՝ ժամանակ տվեցին, ես՝ հարկերս մարեցի: Ժամանակն էր «բացահայտվելու» եւ թերթը ստորագրելու:  

Ստորագրեցի: Ընկերներս հետեւեցին ամբողջ գործընթացին, ինձ հավատացին ու շարունակեցին աջակցել: Բայց մաղը ինձնից անկախ գործի էի դրել: Երբ ընկերներիցս շատերը մաղվեցին, մի կերպ հայթայթվող գումարն էլ պակասեց: Լրագրողներս հեռացան: Մնացին նրանք, ովքեր պատրաստ էին (եւ ցայսօր անում են) ինձ հոդվածներ տրամադրել առանց գումարի ակնկալիքի:

Բայց ամենացավալին այն էր, որ ազգայնականության գաղափարախոսության խոսափողը լինելով, այդ դաշտում էլ «ազգայնականների» տեսա: Ու մաղեցի նաեւ նրանց:

Թերթը հրատարակելու գործում մնացինք 4-5 հոգով: Ծանր բեռը՝ մեր ուսերին: Ծանր՝ ֆինանսական ու հոգեկան բեռը: Խաբված լինելու, դավաճանված լինելու բեռը: Իրականում եկամուտ չունենալու, բայց օրենսդրության համաձայն հարկեր տալու բեռը: Գործընկերներիցս շատերն էին եւ են հարցնում, հապա ինչու՞ եք տպագրում: Դե արի ու բացատրիր, որ տպագրում եմ, որովհետեւ բան ունեմ ասելու: Որովհետեւ հավատում եմ, որ ճիշտ բան եմ ասում: Որովհետեւ չեմ ուզում հետքայլ անել: Որովհետեւ գործը սկսելիս նժարին շատ բան եմ դրել եւ պարտվելու իրավունք չունեմ: Որովհետեւ դատապարտված եմ հաղթելու:

Հաղթեցի: Իրապե՛ս հաղթեցի: Ճիշտ է, ֆինանսական բեռը դեռ ուսերիս է, բայց հոգեկանից գոնե ազատվել եմ: Ազատվել եմ իմ թերթին նվիրված ընթերցողներիս ջանքերով: Պահեր են եղել, երբ տպագրական մեծ ծախսեր եմ կուտակել, գիշերն ինձ համոզել եմ հենց առավոտյան հայտարարել թերթիս փակման մասին ու ազատվել դրանից:

Բայց լույսը բացվել է, զանգել է մի ընթերցող ու ասել, թե այս նյութից հուզվել է, այս մեկը բնավ չի հավանել, այն մեկից էլ զայրացել է: Լույսը բացվել է, մտքերս՝ հետը: Անկողնուց վեր եմ կացել ու գնացել ընկերներիս մոտ՝ կրկին գումար հայթայթելու, որովհետեւ «Լուսանցք»-ին հավատարիմ ընթերցողս հաջորդ համարում պետք է ստանար իր հարցերի պատասխանները: Որովհետեւ «Լուսանցք»-ն արդեն միայն իմը չէր: Իմ ընթերցողներինն էլ էր:

Անկեղծանամ. պահեր են եղել, թաքուն լացել եմ նույնիսկ: Շատ եմ լացել: Այն մոր պես, որ չի կարողանում իր երեխայի հացի համար գումար գտնել… Բայց կրկին լույսը բացվել է, միտքս էլ՝ հետը, «Լուսանցք»-ս էլ գնացել է տպարան:

Այսօր 10 տարեկան ենք: 443 թողարկում: 443 շաբաթվա ամենժամյա մաքառում: Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր աջակցել են ինձ: Բայց նախ եւ առաջ շնորհակալ եմ իմ հավատարիմ ընթերողներին, ովքեր ինձ ուժ են տվել իմ մաքառումին դիմանալու համար: 4 տարեկան Աստղիկս մի օր հարցրեց. «Մամ, դու քանի՞ բալիկ ունես»: Ասացի. «Դու ու Արեգը, ի՞նչ է, չգիտե՞ս»: Ասաց. «Մամ, բա քո թերթը, դու իրան էլ ես սիրում, ամբողջ օրը իրա մոտ ես»…

Շնորհավոր «Լուսանցք»-ի 10-ամյա տարեդարձը:

Շնորհավոր «Լուսանցք»-ին սիրով փոխկապակցված անձանց 10-ամյա հոբելյանը:

Ես էլընդունում եմ շնորհավորանքներ:

Խրոխտ երթ մեզ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Հ.Գ. - Ի դեպ, անընդհատ ես գրելուց էլ չեմ խուսափում: Պարույր Սեւակը լավ դաս է տվել այդ առումով…

«Լուսանցք» թիվ 10 (443), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։