Աշխարհի մարզական հեւքից.- Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն… Եվրաֆուտբոլ. Հայաստան-Ղազախստան՝ 2:0… Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակով… Արթուր Դավթյանը Հայաստանի 2017թ լավագույն մարմնամարզիկն է… Արթուր Թովմասյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթակիր… 2 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից… Ուժային եռամարտ. Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն… Մարզական այլ լուրեր…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 20-րդ փուլի  հանդիպումներըը: Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում ընդունեց 3-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանին»: Եղանակային բարդ պայմաններում անցած հանդիպումը (2-րդ խաղակեսում մրցավարը 15 րոպեով ընդհատեց հանդիպումը՝ ձյունածածկ խաղադաշտը կարգի բերելու համար) ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով՝ 2:1: «Շիրակ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ 37 միավորով մնաց 2-րդ տեղում: «Գանձասար-Կապան»-ը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնության գարնանային հատվածում եւ 36 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում:

Աղյուսակը գլխավորում է գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը, որը վաստակել է 39 միավոր: Առաջատարը 3:0 խոշոր հաշվով հաղթեց «Արարատ»-ին, որը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային խաղաշրջանում:

«Փյունիկ»-ը հյուրընկալվեց «Բանանց»-ին եւ հաղթեց, այստեղ էլ խոշոր հաշիվ գրանցվեց՝ 3:0: «Փյունիկ»-ն իր միավորների թիվը հասցրեց 33-ի եւ 3-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ի հետ միավորների տարբերությունը հասցրեց 3-ի: Իսկ «Բանանց»-ը շարունակում է 16 միավորով զբաղեցնել մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը՝ առաջ մնալով միայն «Արարատ»-ից:

Մրցաշարային աղյուսակը 20-րդ փուլից հետո.

Թիմ                                    Խ         Հ      Ո       Պ       ԽԳ     ԲԳ      Մ

  1. «Ալաշկերտ»                  20        11      6       3        35       18      39
  2. «Շիրակ»                        20        11      4       5        20       13      37
  3. «Գանձասար-Կապան»   20        11      3       6        24       15      36
  4. «Փյունիկ»                      20         9        6      5        24       14      33
  5. «Բանանց»                     20         4       4      12       15       31      16
  6. «Արարատ»                    20         1       3      16        7       34        6

Առաջնության ռմբարկուներ` Միհրան Մանասյան («Ալաշկերտ»)՝ 9, Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)՝ 8, Վիուլեն Այվազյան («Շիրակ»)՝ 7

Հայաստան-Ղազախստան՝ 2:0

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան  խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2-0: 2-րդ խաղակեսում (73-րդ րոպե) հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, 2 րոպե  անց  Ղազախստանի հավաքականի դարպաս գնդակն ուղարկեց Արաս Օզբիլիսը:
Նշենք, որ  Ղազախստանի հավաքականը 2-րդ խաղակեսում (64-րդ րոպե) խաղում էր 10ֆուտբոլիստով:  Սերգեյ Մալիյը 2 դեղին քարտ ստանալով՝ հեռացավ խաղադաշտից:  

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը երեկ անցկացրեց նախախաղային վերջին մարզումը, որին մասնակցեցին 23 ֆուտբոլիստներ: Հովհաննես Համբարձումյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել մարզումը:  Մեր տղաները լավ էին տրամադրված՝ հաղթական, ինչն էլ իր կատար ածեցին մեկ օր անց:

Հենրիխ Մխիթարյանն առանձնակի նշել էր, որ  խաղում է, որպեսզի կարողանա Հայաստան անունը բարձր պահել ամբողջ աշխարհում… Իսկ մարզիչ Արթուր Պետրոսյանը վստահեցրել էր, որ «վաղը փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ»:

Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակով 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի 2016թ լավագույն ֆուտբոլիստների եւ լավագույն մարզչի պարգեւատրման արարողությունը:

Ռուբեն Հայրապետյանը լավագույն մարզչի մրցանակը հանձնել է Վարդան Բիչախչյանին: Մարկոս Պիզելին ստացել է 3-րդ տեղի համար մրցանակը, Գեւորգ Ղազարյանը՝ 2-րդ, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ստացել է Հենրիխ Մխիթարյանը:

Գեւորգ Ղազարյանն ադրբեջանցի դարպասապահին անվանել է հիմար

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն պատասխանել է պորտուգալական «Բոավիշտա»-ի ադրբեջանցի դարպասապահ Կամրան Աղաեւի հայտարարությանը: Վերջինս Պորտուգալիայի առաջնության «Մարիտիմու»-ի հետ խաղից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին ասել էր, որ անչափ ուրախ է, որ հայազգի ֆուտբոլիստին չի հաջողվել գոլ խփել իր թիմին:

Գեւորգ Ղազարյանը վերջերս տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել ադրբեջանցի դարպասապահի խոսքերը: «Ճիշտն ասած, ես նման դարպասապահի չեմ ճանաչում, չնայած հետեւում եմ «Բոավիշտայի» խաղերին: Նրան ոչ մի անգամ չեմ տեսել դարպասը պաշտպանելիս: Միգուցե իր հիմար մեկնաբանությունների օգնությամբ ցանկանում է, որ մարդիկ որոշ չափով ճանաչեն իրեն»,- ասել է մեր ֆուտբոլիստը:

Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորեց «Ալաշկերտ»-ը

Երեւանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Արամ Ոսկանյանին, ով, ինչպես նաեւ նրա օգնականներ Տիգրան Ասլանյանն ու Մանուկ Սարգսյանը, ազատվել են աշխատանքից:

Նշենք, որ «Ալաշկերտ»-ը հենց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ է 2016թ. նվաճել Հայաստանի չեմպիոնի միակը կոչումը:

Հայաստանը կրկին կմասնակցի «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին

2016թ.Հայաստանն առաջին անգամ մասնակցել է «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին, որն իրականացնում է «Գազպրոմ» ընկերությունը երեխաների համար համաշխարհային սոցիալական ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, այս տարի եւս Հայաստանը կմասնակցի այդ ծրագրին:

Կազմակերպիչները փոխել են մասնակիցների ընտրության եւ մրցաշարի անցկացման կարգը: Եթե նախորդ տարի դրան մասնակցել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի/Ֆուտբոլի ակադեմիայի մանկապատանեկան թիմերից մեկը, ապա այս տարի ծրագրին կմասնակցի ընդամենը 1 ներկայացուցիչ՝ մինչեւ 12 տարեկան ֆուտբոլիստ:

Մրցաշարը կանցկացվի հունիսի 26-ից հուլիսի 3-ը, Սանկտ-Պետերբուրգում, ֆուտբոլի Կոնֆեդերացիայի գավաթի 2017թ խաղարկության օրերին: Դրան կմասնակցեն 8 թիմ, որոնք համալրված կլինեն տարբեր երկրների պատանի ֆուտբոլիստներով: Հայաստանի մասնակից հարձակվողը վիճակահանությամբ ընդգրկվել է վենեսուելացի հարձակվողի, իսլանդացի, պակիստանցի եւ սլովենացի պաշտպանների, հարավաֆրիկացի եւ հարավկորեացի կիսապաշտպանների եւ հնդիկ դարպասապահի հետ միեւնույն թիմում:

Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ կրկին գրավել «Ռոստով»-ի դարպասը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում, որը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում իր հարկի տակ ընդունեց ռուսական «Ռոստով»-ին:

Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1, եւ անգլիական թիմից միակ գոլը խփել էր հենց մեր ֆուտբոլիստը:

Երկրորդ խաղում «Ռոստով»-ի կազմում հանդիպումն առաջին րոպեներից սկսեց նաեւ մեր հայրենակից Խորեն Բայրամյանը: Խաղի 70-րդ րոպեին աջ եզրում Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Զլատան Իբրահիմովիչը կրկնկով հպում կատարեց, այնուհետեւ Խուան Մատան գրավեց դարպասը:

2 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից

Ռումինիայի Բրաիլա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 2 մեդալ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, կիսաեզրափակիչ փուլ մտած մեր երկու մարզիկները՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, պարտություն կրեցին եւ ավարտեցին իրենց ելույթները։ Նրանք գրավեցին 3-րդ տեղը եւ դարձան Եվրոպայի բրոնզե մեդալակիր։

Նշենք, որ այս առաջնությունում Հայաստանից հանդես եկան 7 մարզիկ։

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը մեկնարկել է

Մեկնարկել է ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարը: 10-րդ հոբելյանական հուշամրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 800 մարզիկներ Երեւանից եւ ՀՀ մարզերից:

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, ողջունելով մասնակիցներին ու ներկաներին, շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետարանին եւ Մարգարյան ընտանիքին՝ ֆեդերացիային մշտապես աջակցելու, ինչպես նաեւ հուշամրցաշարի կազմակերպման ու անցկացման գործում ունեցած ներդրման համար: Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանն էլ նշել է, որ ֆեդերացիայի սաներից յուրաքանչյուրն այսօր առաջնորդվում է Անդրանիկ Մարգարյանի գաղափարախոսությամբ եւ նրա՝ սերունդներին փոխանցած պատգամներով, նկատելով, որ դրա մեջ առաջնայինն, անշուշտ, հայրենասիրությունն է: Հուշամրցաշարի շրջանակում տեղի է ունեցել նաեւ սեւ գոտիների հանձնման հանդիսավոր արարողություն: Ֆեդերացիայի 29 մարզիկներ արժանացել են սեւ գոտի բարձրագույն պարգեւի: Այնուհետ Դուքենդո Ավան մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Ուժային եռամարտի հավաքականի անդամ Սերգեյ Ասատուրովը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Դանիայի Տիսթեդ քաղաքում անցկացված պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) հավաքականի անդամ, 74 կգ քաշային Սերգեյ Ասատուրովը (անձնական մարզիչ՝ Գուրգեն Գրիգորյան) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հայ մարզիկը սեղմում պառկած վարժությունում ցույց է տվել 162,5 կգ արդյունք՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին:

2017թ. ամռանը Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան կանցկացնի սեղմում պառկած վարժության, իսկ աշնանը՝ եռամարտի ՀՀ առաջնությունը: Առաջնությունների արդյունքների հիման վրա ձեւավորված հավաքականը Հայաստանը կներկայացնի միջազգային կարևոր մրցաշարերում:

Արթուր Թովմասյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթակիր

Դոհայում տեղի ունեցող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալները նվաճեցին: Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Օղակներ վարժությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանը ոսկե մեդալ նվաճեց՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Նույն մրցումներում Վահագն Դավթյանը 4-րդն էր: Արթուր Դավթյանը հանդես եկավ նաեւ ազատ վարժության եզրափակիչում եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Վաղը, մարտի 25-ին, նա ուժերը կփորձի հենացատկում եւ զուգափայտեր վարժությունում:

Արթուր Դավթյանը անցել է մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչ – Հենացատկում Դավթյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, զուգափայտերում՝ 8-րդը եւ 2 վարժությունում էլ մտել եզրափակիչ: Պտտաձողում հայ մարմնամարզիկը եղել է 16-րդը եւ չի հաղթահարել որակավորման փուլը: Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը հանդես են գալու օղակներում, Արթուր Դավթյանը՝  նժույգթափում, ազատ վարժություններում, հենացատկում եւ զուգափայտերում:

Արթուր Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց հենացատկում – Մրցաշարի վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց հենացատկ վարժությունում: Նա զիջեց միայն վիետնամցի մարմնամարզիկին: Հայ մարմնամարզիկը հանդես եկավ նաեւ զուգափայտերում:

Արթուր Դավթյանը Հայաստանի 2017թ լավագույն մարմնամարզիկն է

Հիշեցնենք, որ ապորտային մարմնամարզության Հայաստանի առաջնության 2017թ Հայաստանի չեմպիոնի կոչումը մարտի սկզբին նվաճել էր Արթուր Դավթյանը: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրել էին համապատասխանաբար Վիգեն Խաչատրյանը եւ Արմեն Պետրոսյանը:

Հայ դահուկորդը դարձել է հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերի փոխչեմպիոն

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության մարզիկ Սիփան Ծաղկյանը 2017թ.մարտի 14-25-ը ԱվստրիայիԳրաց քաղաքում կայացած հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերում դարձել է արծաթե մեդալակիր: Սիփան Ծաղկյանը հանդես է եկել դահուկավազք (500 մ) մարզաձևում:

Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարում

2017թ. մարտի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևիհուշամրցաշարը, ուր Հայաստանը ներկայացնող Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկ, 57 կգ քաշային կարգի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը հասավ եզրափակիչ եւ նվաճեց ոսկե մեդալը:

Դավիթ Գրիգորյանը 67 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ: Մյուս հայ մարզիկները նույնպես ունենում են լավ գոտեմարտեր:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 11 (444), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։