«Մենք հաշվետու ենք» – 5 – Երեւանի կենդաբանական այգու արդիականացում… Կառուցվում են նոր ազատավանդակներ… Նախադպրոցական կրթություն… Դպրոցական կրթություն… Մշակութային եւ սպորտային օջախներ… Գրադարաններ… Համահայկական նվագախմբի առաջին ելույթը՝ ապրիլի 24-ին Երեւանում…

Սկիզբը՝ թիվ 7-10-ում

Երեւանի կենդաբանական այգու արդիականացում

Քաղաքապետարանի  շարունակական ջանքերի շնորհիվ Երեւանի կենդանաբանական այգին դառնալու է բնապահպանական, կրթամշակութային, ժամանցային եւ զբոսաշրջային տարածաշրջանային նշանակության  վայր՝ ժամանակակից չափորոշիչնեին համապատասխան:

Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է 2017թ.։

Աշխատանքների արդունքում կթարմացվեն ազատավանդակները, կավելանան քայլուղիները, ընդհանուր օգտագործման ճանապարհները, հանգստի համար նախատեսված կանաչ տարածքները։

2016թ. մեկնարկել են նոր ազատավանդակների եւ նոր կարանտինի կառուցման աշխատանքները։

Կառուցվում են նոր ազատավանդակներ՝

– գայլերի եւ արջերի համար՝ տարածքի ներկայիս 1.250 քմ մակերեսը նախատեսված է հասցնել 5.550 քմ-ի,

– առյուծների համար՝ 2.950 քմ ընդհանուր մակերեսով, որից 385 քմ՝ որպես կենդանիների ձմեռային կացարան,

– թռչունների համար՝ 5.000 քմ մակերեսով, ազատավանդակը հնարավորություն է ընձեռելու այցելուներին հայտնվել թռչունների հետ նույն տարածքում:

Կառուցվում է նաեւ կենդանիների կարանտինի համար նախատեսված 632 քմ ընդհանուր մակերեսով 5 շինությունների համալիր՝ երկուական 100 քմ եւ 3-ական 144 քմ մակերեսով, որը հնարավորություն կտա նոր բերված կենդանիներին որոշակի ժամանակաշրջանում ադապտացնել բնակլիմայական  միջավայրին եւ այնուհետ եւ միայն տանել կենդանաբնակ  միջավայր:  

Ներկայումս կառուցվում է երկու ճանապարհ-արահետ՝ յուրօրինակ լուծումներով նոր դիտահարթակներ եւ անցուղիներ։

Կատարված բոլոր աշխատանքները նպաստել են Երեւանի կենդանաբանական այգու այցելուների թվի ավելացմանը։

Նախադպրոցական կրթություն

2016թ. երեւանաբնակ 30.295 երեխաների համար մայրաքաղաքի 160 մանկապարտեզներում ապահովվել է անվճար կրթություն, այդ թվում՝ 168 երեխայի ներառական կրթությունը 8 կենտրոններում եւ սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 80 երեխայի կրթություն՝ գիշերակացով։

Փոքրիկ երեւանցիների նախադպրոցական կրթության համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով 2016թ. շարունակվել են մանկապարտեզների հիմնանորոգման, նորոգման եւ գույքի թարմացման աշխատանքները։

Հիմնանորոգվել է 4 եւ նորոգվել 52 նախադպրոցական կրթական հաստատություն, տրամադրվել է 8.744 նոր գույք։      

Ուսումնական տարվա ընթացքում մանկապարտեզներում կազմակերպվել է 3.799 միջոցառում։

Իրենց հերթին սպասող փոքրիկների թիվը նվազեցնելու նպատակով հնարավորության շրջանակներում բացվել են լրացուցիչ խմբեր:

Դպրոցական կրթություն

Պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների շրջանակում Երեվանի 159 դպրոցներում կազմակերպվել է 94.354 աշակերտների կրթությունը, այդ թվում՝ 2.077 աշակերտների ներառական կրթությունը։

Դպրոցներում սովորող  սոցիալապես անապահով  4.768 աշակերտ ապահովվել է անվճար դասագրքերով։

Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 3 հատուկ դպրոցներում ապահովվել է շուրջ 310 երեխաների կրթությունն ու գիշերակացը։

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 4 դպրոցներում ձեւավորված նախակրթարաններում կազմակերպվում է 78 երեխայի կրթությունը:

Երեւանի բյուջեի միջոցներով ամբողջությամբ հիմնանորոգվել է Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոցը:

Մշակութային եւ սպորտային օջախներ

Մայրաքաղաքի երեխաների արտադպրոցական ուսուցումը կազմակերպում են 26 երաժշտական, արվեստի եւ կերպարվեստի դպրոցներ, 16 մշակութային տներ, մշակույթի ստեղծագործության եւ գեղագիտական կենտրոններ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» եւ Յու. Բախշյանի անվ. մանկական ֆիլհարմոնիաները, «Երեւան» փողային նվագախումբը, ինչպես նաեւ 12 շախմատի դպրոցներ եւ 28 մարզական այլ կազմակերպություններ:

2016թ. Երեւանում արտադպրոցական կրթություն է ստացել 27.537 երեխա:

2016թ. մայրաքաղաքում հիմնվել է շախմատի 2 դպրոց՝ դպրոցների ընդհանուր թիվը Երեւանում հասցնելով 12-ի, հիմնանորոգվել եւ վերանորոգվել է 15 մշակութային եւ մարզական ուսումնական հաստատություն:

Երաժշտական դպրոցներին տրամադրվել է 18 տեսակի 154 երաժշտական գործիք:

Գրադարաններ

Մայրաքաղաքի 19 գրադարանների գրքային ֆոնդը հարստացվել է շուրջ 1.000 գրքերով:

Իսկ ընթերցողների թիվը կազմել է 69.408 մարդ:

2016թ. շարունակվել են «Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանի» ընթերցողների էլեկտրոնային սպասարկման ծրագրի ներդրման աշխատանքները:

Գրադարանները հասանելի են նաեւ առանձնահատուկ կարիքներ ունեցող քաղաքացիների համար կիրառվում են «Արեւ» եւ «Ոսկե շղթա 1,2,3» ծրագրերը՝ տեսողական եւ լսողական խնդիրներ ունեցողների համար։

Կենտրոնական գրադարանում գործում է անվճար Wi-Fi կապ:

* * *

Համահայկական նվագախմբի առաջին ելույթը՝ ապրիլի 24-ին Երեւանում

Համահայկական նվագախմբի առաջին ելույթը տեղի կունենա 2017թ. ապրիլի 24-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մշակույթի նախարարության հաղորդմամբ, նախարար Արմեն Ամիրյանի հետ խորհրդակցությանը քննարկվել են Հայոց ցեղասպանության հիշատակի եւ հայության վերապրումի մոտիվներով կազմակերպվող համերգի նախնական ծրագիրը՝ նվագախմբի բոլոր դիրիժորների մասնակցությամբ. երկրից բացակայող Կարեն Դուրգարյանը՝ հեռակապով, մյուսներն՝ անձամբ. Կոնստանտին Օրբելյան, Էդուարդ Թոփչյան եւ Սերգեյ Սմբատյան։

Ինչպես միշտ է լինելու, առաջին համերգին եւս նվագախումբը կատարելու է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«Լուսանցք» թիվ 11 (444), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։