Ղրիմը պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի՞ – Ղրիմում վայրէջք են կատարել զենքերով եւ տեխնիկայով բեռնված ԻԼ-76 ինքնաթիռներ։ Զորավարժություններին իրենց մասնակցություն են ունեցել ավելի քան 2,5 հազար դեսանտայիններ, ինչպես նաեւ ռուսական օդուժի ու Սեւծովյան նավատորմի միավորումներ… Եվրատեսիլի հերթական հակահայ դրսեւորու՞մ, թե՞ հիմա էլ ուկրաինական ցուցակ հայ մասնակցի դեմ…

Ղրիմը պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի

Ռուս-ուկրաինական հակամարտության ամենակտրուկ քայլը Ղրիմի միացումն էր Ռուսաստանին: Անգամ Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ստեղծումն ու Կիեւից մեկուսացումը այդքան ճակատագրական ազդեցություն չունեցավ ուկրաինական խնդրի վրա:

Սա անսպասելի հանգուցալուծում էր նաեւ Թուրքիայի համար, որը դեռ Ուկրաինայի անկախության տարիներին ակնկալում էր Ղրիմի թաթարների միջոցով տիրել Սեւ ծովում ռազմավարական նշանակության ունեցող այդ թերակղզուն: Անգամ վերամիավորման հայտարարությունից հետո էլ Անկարան փորձեց շահարկել թաթարական թեման, սակայն թերակղզու թաթարների մեծ մասը քվեարկեց եւ կանգնեց Ռուսաստանի կողքին: Բայց միեւնույնն է, արդեն սահմանադրորեն էլ բռնապետություն դարձող Թուրքիան, իրեն «թուրքերի հայր» կարգած Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նպատակ է դրել ստեղծելու նոր օսմանական կայսրություն, որը պիտի ծավալվի ու հասնի «Մեծ Թուրան» կոչվածին… Պարզվում է՝ Անկարան նաեւ եվրոպական որոշ տարածքների վրա աչք ունի, բացի Բալկաններից, ինչը պիտի ծավալի հենց Ղրիմից դեպի արեւելք՝ եվրոպական ուղղությամբ:  

Օրերս Ղրիմում վայրէջք են կատարել զենքերով եւ տեխնիկայով բեռնված ԻԼ-76 ինքնաթիռներ։ Զորավարժություններին իրենց մասնակցություն են ունեցել ավելի քան 2,5 հազար դեսանտայիններ, ինչպես նաեւ ռուսական օդուժի ու Սեւծովյան նավատորմի միավորումներ։ Ուկրաինայում եւ ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ զորավարժություններն անց են կացվում «բռնազավթված տարածքում»։ «Վայրէջքի հրապարակ է իջեցվել շուրջ 350 դեսանտային, դեսանտի 10 մարտական ավտոմեքենա, ինչպեսեւ նյութական միջոցներով մի քանի կոնտեյներ»,- ասել է Ռուսաստանի Դաշնության օդադեսանտային ուժերի ղեկավար Անդրեյ Սերդյուկովը։

Ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, ադմիրալ Վիկտոր Կրավչենկոն էլ հայտարարել է, որ նման ծավալների գործողությունը Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունների սահմաններում չէ, ինչպես որ դուրս է Վրաստանի, Ռումինիայի եւ Բուլղարիայի հնարավորությունների սահմաններից։

Փորձագետի խոսքով, Ղրիմում ծովային դեսանտի գործողությունները միայն Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հնարավորությունների շրջանակներում է։

«Այդ դեպքում առաջին ջութակ կնվագեն Թուրքիայի բանակն ու նավատորմը։ Մի խոսքով, Անկարան չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմ մտցնելու օրինականությունը»,- հիշեցրել է ռուս ադմիրալը՝ հեռահար ակնարկով։

Եվրատեսիլի հերթական հակահայ դրսեւորու՞մ, թե՞ հիմա էլ ուկրաինական ցուցակ

«Եվրատեսիլ» երգի մրցույթի հայ մասնակից Արծվիկ Հարությունյանին կարող են արգելել մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմ այցելելու պատճառաբանությամբ։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կստուգի՝ այցելել է արդյոք նա Ղրիմ։ Ինչպես հայտնել է երկրի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն, եթե հայ մասնակիցը եղել է թերակղզում, ապա նրա մասով առանձին որոշում կկայացվի։ Երգչուհու փիար գործակալ Օլգա Սոկոլովան հրաժարվել է մեկնաբանել Արծվիկ Հարությունյանի այցն արգելելու հնարավորության մասին լուրերը։

Երգչուհու քույրը՝ Շողեր Հարությունյանն իր հերթին հայտնել է life.ru-ին, որ Արծվիկը Ղրիմում չի եղել։

Իսկ գուցե սա ադրբեջանա-ուկրաինական հերթական սադրա՞նքն է…

«Ես նրա հարազատ քույրն եմ եւ կարող եմ 100 տոկոսով ասել, որ նա Ղրիմ չի մեկնել»,- նշել է Շողերը՝ հավելելով, որ իրենց ընտանիքն այնտեղ ընկերներ ու բարեկամներ չունի։ Նա նաեւ տեղեկացրել է, որ իր քույրն այժմ զբաղված է մրցույթի նախապատրաստական աշխատանքներով, դրա համար էլ անձամբ հանդես չի եկել մեկնաբանությամբ։

* * *

Կիեւը «Բելառուս 24» հեռուստաալիքին զգուշացրել է, որ Ուկրաինայի քարտեզն առանց Ղրիմի ցուցադրելու համար՝ կարող է չհեռարձակվել Ուկրաինայի տարածքում։

«Ուկրաինական օրենսդրության պահանջներն անտեսելու դեպքում խորհուրդը ստիպված կլինի քննարկել Ուկրաինայի տարածքում «Բելառուս 24»-ի վերահեռարձակման հարցը»,- ասված է վերջերս տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ առանց Ղրիմի Ուկրաինայի քարտեզն իր կայքում տեղադրել էր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Ղրիմը Ռուսաստանի հետ վերամիավորվել էր 2014թ. մարտին՝ հանրաքվեի արդյունքում, սակայն պաշտոնական Կիեւը հրաժարվում է ճանաչել քվեարկության արդյունքները եւ Ղրիմը համարում է բռնազավթված:

«Լուսանցք» թիվ 11 (444), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։