Խորհրդարանական երկրի տեսլականը ինչպես որ է – Քաղաքական 9 ուժեր են մասնակցում ընտրությանը եւ ոչ ոք արդյունաբերության զարգացման ծրագիր չունի: Չէ, անկեղծ լինենք, տող ունի, դրույթ ունի, բայց՝ հռչակագրային: Ոչ քայլ, ոչ մեխանիզմ եւ ոչ նպատակ չեն ձեւակերպում…

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություն է: Մեր պարագայում ես դեմ եմ երկրի կառավարման այս՝ խորհրդարանական ձեւին եւ մեկ անգամ չէ, որ այդ մասին գրել եմ եւ ասել մասնավոր ու պաշտոնական հանդիպումների ժամանակ: Եթե ավելի պարզ ու հակիրճ արտահայտվեմ, ապա խորհրդարանական կառավարումը մեր երկրին քաոսային իրավիճակի առաջ է կանգնեցնելու: Տա Աստված, սխալվեմ: Բայց, ցավոք, մասնագիտական վերլուծություններս ցույց են տալիս, որ ճիշտ է դուրս գալու «կանխատեսումս»: Հուսով եմ, որ այն իրապես խորհրդարանական չի լինի եւ կառավարման մեկ ընդհանուր՝ ուժեղ ձեռք կունենա:

Քաղաքական 9 ուժեր են մասնակցելու ընտրությանը եւ ոչ ոք արդյունաբերության զարգացման ծրագիր չունի: Չէ, անկեղծ լինեմ, տող ունի, դրույթ ունի, բայց՝ հռչակագրային: Ոչ քայլ, ոչ մեխանիզմ եւ ոչ նպատակ չեն ձեւակերպում (Կոնգրես-ՀԺԿ-ն ունի, բայց՝ 2012թ. թվագրմամբ…): Դրա համար եմ ասում, կոմկուսը կարող էր ծրագիր չգրել: Իրենից լավ բոլորը գրել են. գրել են, որ ցանկանում են, որ առաջարկում են, որ պետք է անել, խոստումներ եթե տվել էլ են, ապա՝ կրկնում եմ, հռչակագրային, կամ էլ՝ մի քիչ հանքարդյունաբերությունից, մի քիչ թեթեւից՝ էլի գալով փոքր ու միջին ոլորտ: Բոլորն էլ շեշտը դրել են ՓՄՁ-ի զարգացման վրա, բայց դե սա էլ չեն զարգացնում: Ու բոլոր առումներով է այսպես. նախընտրական ծրագրերը նայում ես ու որեւէ հստակ խնդրի որեւէ հստակ լուծում չես տեսնում: Ավելի շատ խոսում են նրանից, ինչ ժողովրդին դուր կգա. հարկեր են իջեցնում, աշխատավարձ բարձրացնում: Թե որ հարկերը նվազեցնում են, աշխատավարձ ինչպե՜ս են բարձրացնելու: Ասում են՝ ստվերի հաշվին: Թե այդ ինչ ստվեր է, որի տեղը գիտեն, դա էլ չեմ հասկանում: Մի խոսքով, դասագրքային տնտեսագիտություն է մեր նախընտրական ծրագրերի տնտեսական բաժիններում: Կիրառական ոչ մի բան չեմ տեսել: Հատ ու կենտ:

Ինչեւէ, քանի որ նրանց համար տնտեսության զարգացումը ՓՄՁ-ից է կախված, տեսնենք, թե ինչպես են այդ ոլորտը զարգացնում:

ՓՄՁ զարգացում. սրանից խոսում են բոլորը, մեխանիզմներ առաջարկում քչերը

Սկիզբը՝ թիվ 10-ում

Փոքր ու միջին ձեռնարկատիրության դերը տնտեսության կայուն զարգացման տեսանկյունից շատ է կարեւորվում: Մեր ՓՄՁ ոլորտի զարգացումը կարող է իրապես կենսական մեծ լիցք հաղորդել մեր տնտեսությանը՝ հետագա կայունացման համար:

Դատելով ընտրությանը մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերից, քաղաքական այդ 9 ուժերից միայն մեկը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ՓՄՁ մասով ոչինչ չի նախատեսել: Մյուսները առանձին բաժնով կամ դրույթով անդրադարձել են դրան:  «Ելք» դաշինքն, օրինակ խոստանում է, որ կներդրվի ՓՄՁ շահերի պաշտպանության բիզնես օմբուդսմենի ինստիտուտ՝ լայն լիազորություններով: Բիզնես օմբուդսմենը,  սերտ համագործակցելով ՓՄՁ-ների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցների հետ, անընդհատության ռեժիմով կընդունի ՓՄՁ-ներից ստացվող բողոքները պետական մարմինների   հարուցած խոչընդոտների, մրցակցության   խաթարման, կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ եւ կպաշտպանի ՓՄՁ շահերը:

Գուցե լավ կառույց լինի, չգիտեմ, բայց լրացուցիչ յուրաքանչյուր կառույցի ստեղծումը լրացուցիչ ծախս է: Ինչքանով այն պիտի արդյունավետ աշխատի, որ ծախսերը հանի ու դեռ օգուտ էլ բերի, չեմ պատկերացնում:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ՓՄՁ զարգացման համար «Մրցունակ Հայաստան» տնտեսական նախընտրական ծրագրում խոստանում է այս հատվածի մասնակիցներին պաշտպանել առեւտրի ոլորտում: Ու այդ մասով ասում է, թե պետությունը պետք է խստորեն կանոնակարգի հիպերմարկետների եւ որոշ սուպերմարկետների գործունեությունը։

Հետաքրքիր է, մենք Հայաստանում հիպերմարկետ ունե՞նք: Եթե այս գիշեր բան չի փոխվել, չունենք: Փոքր կրպակներին օգնելու համար ասում է՝ կասեցնել հիպերմարկետներում ու սուպերմարկետներում խմիչքի վաճառքը գիշերային ժամերին: Այ սրա համար եմ ասում՝ կյանքից հեռու որոշումներ են կայացնում: Ասենք, մարդը գիշերը գինի, գարեջուր է ուզում, փոքրիկ կրպակն էլ գիշերը կամ բաց չէ, կամ գինի չունի, սուպերմարկետին էլ չեն թողնում: Բա ինչի համար է սուպերմարկետ: Որ շուրջօրյա աշխատի ու մարդը չկարողանա՞ շուրջօրյա գնել իր սրտի ուզածը: Կամ՝այն գինին, որ մարդն ուզում է, գուցե կրպակում չլինի… Հասկանում եմ, որ «Ազատ դեմոկրատները» եվրոպական ինչ-ինչ բաներ են ուզում ներմուծել, բայց պիտի լավ իմանան, որ նախ իրենց հասկացածը եվրոպականին մոտ չէ եւ հետո էլ ամեն ինչի ուղղակի կապկումը, մանավանդ երբ չի համապատախսանում տեղի սոցիալական ու մշակութային կացութաձեւին, միշտ ծիծաղելի է լինում: Մեղմ ասած:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն էլ է ՓՄՁ զարգացում խոստանում, այն էլ՝ հետեւողական զարգացում ու խոսում ցածր տոկոսադրույքներով արտադրական եւ գյուղատնտեսական վարկերի տրամադրումից, սահմանամերձ տարածաշրջաններում, աղետի գոտում այս ձեռնարկությունների հարկային արտոնությունների սահմանումից ու տրամադրումից, նաեւ՝ մինչեւ 18 մլն. դրամ տարեկան ապրանքաշրջանառություն ունեցող ձեռնարկություններին եւ անհատ ձեռնարկատերերին՝ 3 տարով հարկերից ազատումից:

Խոսում է, խոսում: Հայտնի անեկդոտի օրինակով՝ էհ, դու էլ խոսի… «Հայկական վերածնունդ»-ի մասին ավելին ասել չեմ կարողանում: Պարապ վախտի խաղալիք չունեմ:

Առաջիկա 3 տարիներին փոքր եւ միջին ձեռնարկություններին հարկերից ազատել է խոստանում «Ծառուկյան» դաշինքը: Միայն թե պարզ չէ՝ ինչ է նշանակում առաջիկա-ն: Այսինքն՝ եթե այս տարի անձը ՓՄՁ չհիմնեց, այլ դա արեց հաջորդ տարի՝ երկու տարո՞վ է ազատվելու: Հա, սա խոստանում է նախընտրական ծրագրի 15 առաջնահերթ քայլերի համաձայն, բայց դե նախընտրական ծրագրի հիմնադրույթներ էլ ունի, որտեղ նվազեցնում ու նվազեցնում է հարկերը: Հարկային համաներում է որ անում է: Իսկը թագավորի կեցվածք: Իսկ թագավորի ասածները չեն քննարկվում:

Կոնգրես-ՀԺԿ-ն, ասացինք արդեն, ՓՄՁ մասով ոչինչ չի նախատեսում:

Հայաստանի հանրապետական կուսակցությունն ընդունում է, որ ՀՆԱ-ում ցածր է փոքր եւ միջին բիզնեսի մասնակցությունը՝ միաժամանակ առաջնահերթ լուծում առաջարկելով:

Այն է՝ ՓՄՁ-ների նախաձեռնությունները կենսունակ բիզնես ծրագրեր դարձնելու գործընթացի արդյունավետ պետական աջակցության մեխանիզմներ կստեղծվեն: Թե որոնք են այդ մեխանիզմենրը, չի ասվում: Բայց որ իրենց ունեցած նոր հարկային օրենսգրքով այդ մեխանիզմները ճնշող, այլ ոչ թե աջակցող են, հաստատ է:

Հակիրճ դրույթ ունի քաղաքական մեկ այլ ուժ եւս: Հարկային ուղղորդիչ քաղաքականությամբ փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նպաստել է առաջարկում Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Կարծում եմ՝ կոմկուսը սա ամոթից է գրել, նա որ եկավ, միայն մեծ՝ կոլխոզ բաներ է ստեղծելու, իսկ թեկուզ փոքր, թեկուզ քիչ եկամուտներ ունեցողին կուլակաթափ է անելու:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն ասում է, թե փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը պետք է համարվի ազգային-ռազմավարական խնդիր: Եվ առաջարկում է՝ փոքր՝ մինչեւ 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով:

Ի դեպ, առաջարկում է նաեւ «աջակցության մեխանիզմներ նոր հիմնվող փոքր բիզեսի համար», բայց մեխանիզմներից չի խոսում: Պատկերացնում եք, այս երեք անձը 59.9 մլն դրամի եկամուտ ունեցող քանի ՓՄՁ կստեղծեն ու 5 տարի քեֆ կքաշեն: Ու իրենց արածը կլինի ոչ թե խուժանություն, այլ՝ ազգային ռազմավարություն: Մեռնեմ օրենքին:

Անկեղծ ասած, վատ գաղափար չէ: Պարզապես միշտ նայում ես, թե ում բերանից է խոսքը դուրս գալիս: Ու հենց այդ ժամանակ է, որ սկսում ես լավ մտքին անգամ թերահավատորեն վերաբերել:

ՀՅԴ-ն ասում է, թե Հայաստանը որքան էլ բարձր տեղեր գրավի միջազգային վարկանիշային ցուցակներում, միեւնույն է, դա չի նվազեցնում մեր ձեռնարկատերերի դժգոհությունները տնտեսվարման միջավայրից: Փոքր եւ միջին ձեռնարկությունները, որոնք ոչ միայն եկամուտ եւ աշխատանք են ապահովում, այլեւ հնարավորություն են ստեղծում ինքնադրսեւորվելու ու արարելու, հաճախ խոշոր ընկերությունների զոհ են դառնում: Բանկերը, վարկային կազմակերպությունները, տնտեսական առաջընթացն ապահովելու փոխարեն, հաճախ նմանվում են վաշխառուների՝ անիրատեսական եւ ստրկացնող վարկավորման պայմաններով:

Ասում է եւ առաջարկում է ստեղծել արդար պայմաններ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար:

Չէ, ոնց որ խառնեցի, գուցե կոմկուսն էր սա ասում: Թե՞ ՀՅԴ-ն է, թե՞ կոմկուսը: Բան չկա, երկուսն էլ ընկերվարական են:

Այնպես որ, ուռա՜ ընկերներ, արդարություն, մրցակցություն…

Չէ, սա էլ Ծառուկյանն էր ասում…

Իսկական խորհրդարանական շփոթ…

Հայկական ավիացիան վերածնում ենք, Հյուսիս-հարավ երկաթգիծը՝ գցում

Մեր երկրի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համար ի՜նչեր են նախատեսում խորհրդարանական կառավարմամբ Հայաստանի Ազգային Ժողովում հայտնվելու հայտ ներկայացրած քաղաքական 9 ուժերը՝ հաշվի առնելով շրջափակված մեր երկրի համար այդ ենթակառուցվածքի կարեւորությունը (էներգետիկ հատվածին անդրադարձել ենք): Այս մասը սրտովս է: Որ բոլորն իրենց խոստացածը անեն, Հայաստանի դեմ էլ խաղ չի լինի: Միայն թե Կոնգրես-ՀԺԿ-ի (հասկանալ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀԺԿ-ի Դեմիրճյանը մանեկեն է ուղղակի) հող հանձնելու տարբերակը չլինի:

«Ելք» դաշինքն, օրինակ, նախ ասում է, որ արտոնյալ պայմաններ կստեղծվեն Սյունիքի մարզում մետաղաձուլական գործարան ստեղծելու համար, եւ ապա թե՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավելով՝ ամենակարճ ժամկետում Կապանի երկաթգծի   կայարանը կկապվի ԻԻՀ Ջուլֆայի երկաթգծի կայարանին ապահովելով հանքարդյունահանման եւ մետաղաձուլման արդյունքում ստացվող ու մատակարարվող նյութերի տեղափոխումը երկաթգծով:

Կկառուցվի Իրան-Հայաստան երկաթուղին՝ դիտարկելով նախագծի իրագործման փուլային տարբերակ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մրցունակ տնտեսության քաղաքականության առաջահերթություններից է համարում «Եվրոպական ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը ԵՄ հետ ստորագրումը: Այդ առաջնահերթություններից մեկն էլ Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծի կյանքի կոչման եւ իրականացման աշխատանքներին ակտիվորեն ներգրավվելն է: Մյուսը վերաբերում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքին եւ տրվում է, թե հարկ է շահագործել (ամբողջությամբ ու մասնակիորեն) կարեւորագույն ենթակառուցվածքային օբյեկտները, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Մեղրի հատվածը (32 կամուրջով եւ 8 թունելով), սկսել Կիրանց-Ջուջեւան եւ Իջեւան-Նավուր թունելների շինարարությունը։ Նաեւ՝ 2017-2021թթ. կառուցել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգիծը, ինչը թույլ կտա 300-500կմ-ով կրճատել ՀՀ հիմնական կայարաններից դեպի Բաթումի երկաթուղային ճանապարհը, իսկ ԼՂՀ տանող նոր ճանապարհի գործարկմամբ Արցախի տնտեսվարող սուբյեկտները 160 կմ ավտոճանապարհից հետո ՀՀ եւ արտերկրի տատեսվարող սուբյեկտների հետ երկաթուղային կապ կստանան։

Էս Հյուսիս-հարավի մասը հետաքրքիր է, այն արվում է, բայց բոլորն իրենց ծրագրերում դա իրենց են վերագրում: Մոտավորապես այնպես, ինչպես պրոբացիոն ծառայության ներդրումը «Հայկական վերածնունդը» իրեն վերագրեց…

Հա, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը տրանսպրոտային ենթակառուցվածքին անդրադարձ չունի: Այս ուժն առանց դրա էլ կվերականգնի մեր երկիրը: Երեւի մտածել են, ժողովուրդն այս ոլորտից բան չի հասկանա, իզուր չգրեն: Ավելի լավ է՝ հարկերը նվազեցնելու մասին տարփողեն:

 «Ծառուկյան» դաշինքը տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման անհրաժեշտությունից նույնպես չի խոսում: Թագավորին ինչ տրանսպորտային ենթակառուցվածքը: Ինքը հրեն, ուր ուզում է՝ նստում է ինքնաթիռ ու գնում է: Ոլորտը լավ էլ զարգացած է, ի՜նչը պիտի զարգացնեն:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ենթակառուցվածքները զարգացնելու հույսը Լեւոն Տեր-Պետրոսյանի աղավնին է, որ պիտի հայկական կողմից ընկնի Թուրքիայի ոտները ու ողբալով կռռա, թե հողերը տալիս եմ Ադրբեջանին, դե բացեք էլի, ճանապարհները:

Ենթակառուցվածքների հետ կապված առանձին բաժին ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Ըստ այս ուժի նախընտրական խոստման, պատրաստ է նաեւ ստեղծել եւ ներդնել ճանապարհաշինական ծրագրերի որակի ապահովման նոր համակարգ, «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում ավիաընկերությունների համար ապահովել ազատ, մրցակցային պայմաններ (բա մինչեւ այս չէին ապահովու՞մ): Պատրաստ է նաեւ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը շարունակել: Սրա նորությունը ո՞րն էր, ի՞նչ է, այդքան գումար մինչ այս բերել են, որ ծրագիրը կիսատ թողնե՞ն: Սա քննարկման այլ թեմա է, որին դեռ կանդրադառնանք:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նույնպես առանձին բաժին ունի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հետ կապված: Կոմկուսը հիշում է, որ Խորհրդային Հայաստանն ուներ զարգացած ավիացիայի համակարգ՝ շուրջ 6000 աշխատակիցներով, որից 700-ը՝ օդաչուներ: Այդ ավիացիան սեփական ուժերով իրականացնում էր 3.5 մլն, իսկ այլ ընկերությունների հետ՝ շուրջ 5.5 մլն ուղեւորների փոխադրում: Հայաստանում գործում էին 13 մեծ եւ փոքր օդանավակայաններ: Տեղական գծերի ավիափոխադրումները կազմում էին ընդհանուր փոխադրումների 20%-ը (զարգացած երկրներում այն 40% է), որոնք  իրականացվում  էին փոքր ինքնաթիռներով: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պարկը ուներ 100-ից ավելի ինքնաթիռներ, որից 4-ը՝ ԻԼ-86, 14-ը՝  ՏՈՒ-154, 11-ը՝ ՏՈՒ-134, 28-ը՝ ՅԱԿ-40, մոտ100 փոքր ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Ներկայումս Հայաստանը ունի ՀՀ նախագահին սպասարկող մեկ ինքնաթիռ (Ա-319): Կոմկուսը խոստանում է վճռական քայլեր կատարել հայկական ավիացիայի վերածննդի համար, ինչի համար պետք է նախ կարգավորել իրավական դաշտը՝ ընդունելով ՀՀ օդային օրենսգիրք: Ավիացիայի ոլորտը կարգավորող գործող ավիացիայի մասին օրենքը լիովին չի կարգավորում օդային քաղաքականությունը, նրա զարգացման եւ պատասխանատվության սահմանման գործառույթները: Կոմկուսը համարում է, որ բաց երկնքի քաղաքականությունը ժամանակավրեպ է, այն չի նպաստելու հայկական ավիացիայի զարգացմանը:

Ի դեպ, սա այն կետն է, որի հետ համաձայն եմ որոշակիորեն: Առիթով այս մասին գրել եմ՝ նկատի ունենալով, որ քանի դեռ մերոնք «բաց» ասվածը հասարակաց տան պես են ընկալում, հայկական ավիացիան կործանվելու է՝ մեր ունեցած դպրոցով հանդերձ:

Իմ կյանքում երեւի առաջին ու վերջին անգամ եմ համաձայնում կոմկուսի հետ: Վերջին համաձայնությունս էլ տամ ու փակեմ էջը:

Այս ուժը Հյուսիս Հարավ միջպետական ճանապարհի կառուցման համար  խոստանում է խիստ վերահսկողություն սահմանել այդ ճանապարհին հատկացվող  վարկային ֆինանսական միջոցների  արդյունավետ օգտագործման  նկատմամբ՝ բացառելով  հնարավոր  կոռուպցիան:

Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան դաշինքը տրանսպրոտային ենթակառուցվածքի հետ կապված ոչ մի ծրագիր չունի, միայն հիշեցնում է պետության պարտավորությունը, այն է՝ պետության տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի տրանսպորտային անվտանգությունը: Բարեւ ձեզ, համարյա բոլոր ոլորտներում պետության նախընտրական ծրագիրն եք ներկայացրել, բա ձե՞րը երբ ենք կարդալու: Քարոզարշավը շուտով վերջանալու է:

ՀՅԴ-ն խնդրո առարկայի հետ կապված ոչ մի դրույթ չի նախատեսում նախընտրական ծրագրում:

Հազար ասացինք, սա յեղափոխական կառույց է, յեղափոխական մտքերով ու վերին գաղափարներով պարուրված է:

Ով ինչ զարկ կտա տնտեսության սրտին

Էներգետիկան տնտեսության սիրտն է: Այն պիտի մշտապես համաչափ զարկի՝ տնտեսությանը սնուցելու համար: Մենք պիտի էլ ավելի տարաշերտ դարձնենք մեր էներգահամակարգը՝ էներգետիկ ճգնաժամ այլեւս թույլ չտալու համար:

«Ելք» դաշինքն, օրինակ, մի քանի քայլ առաջադրել է բնագավառին վերաբերող: Նախ՝ որ այլընտրանքային էներգետիկայի  ոլորտի ընկերությունները կազատվեն շահութահարկից եւ մաքսատուրքից: Էլեկտրաէներգիայի,    գազի սակագները 10-15%-ով կնվազեցվեն՝ կորուստների նվազեցման, վերականգնվող էներգետիկայի զարգացման եւ էներգակիրների ներկրման այլընտրանքային աղբյուրներից օգտվելու միջոցով: Եվ որ կդադարեցվի նոր փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիաների տրամադրումը:

Ի դեպ, սա պահի մեջ հարմար տարբերակ է, քանի դեռ մեր երկրում չեն սովորել ՀԷԿ-երն այնպես կառուցել, որ բնության հերը չանիծվի:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նոր ԱԷԿ ունենալը շատ է կարեւորում: Լավ է, որ այս հարցով այնքան էլ Եվրոպային չի լսել: Առաջարկում է կառավարության երաշխիքներով ներգրավել շուրջ 400 մլն դոլար, նաեւ՝ 2018թ. սկսել Հայկական ԱԷԿ-ի 600 մեգավատանոց էնարգաբլոկի շինարարությունը։

«Հայկական վերածնունդ» կուսակցության  նախընտրական ծրագրի 30 քայլերից մեկը էներգետիկ հզորությունների հետեւողական զարգացումն ու  դիվերսիֆիկացիան է (տարատեսակացում), Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացումը: Նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը (հզորության, գումարի աղբյուրի, ժամանակահատվածի մասին ոչ մի նշում չկա,- Ա.Ք.):

«Ծառուկյան» դաշինքը զարգացման որեւէ քայլ չի տալիս, միայն խոստանում է՝ 1. էապես իջեցնել գազի գործող սակագինը, քանի որ սահմանին 1000 խմ գազը ՀՀ-ն ստանում է 150 ԱՄՆ դոլարով, իսկ վերջնական սպառողին, այդ թվում՝ բնակչությանը, այն հասնում է առնվազն 2 անգամ բարձր գնով: 2. Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65%-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները (ՀՀ-ում գործում է ավելի քան 200 ՀԷԿ) եւ ատոմային էլեկտրակայանը։ Ընդ որում՝ՀԷԿ-երի արտադրած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում է 2-5 ՀՀ դրամ, իսկ ԱԷԿ-ինը՝ 5-7 ՀՀ դրամ:

Թե այդ էական եւ կտրուկ իջեցումներից հետո գազի եւ էլէներգիայի ինչ սակագին կունենանք, քաղաքական այս ուժը չի ասում:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, ի տարբերություն «Ծառուկյանի», որոշակիություն քիչ թե շատ մտցնում է. գազի ու էլեկտրական էներգիայի սակագները խոստանում է նվազեցնել 25%-ով՝ սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության եւ կորուստների ու անարդյունավետ ծախսերի կրճատման միջոցով: Խոստանում է նաեւ էականորեն կրճատել Հայաստանի էներգետիկայի կախվածությունը գազի եւ այլ ածխաջրածնային վառելիքից՝ խրախուսելով այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, մասնավորապես երաշխավորելով արեւային էներգիան էլեկտրականի փոխակերպող պանելների արտադրության եւ սպառողների կողմից դրանց ձեռքբերման վարկավորումը:

Դաշինքն առաջարկում է ծրագրերին առավել մանրամասն ծանոթանալ կից փաստաթղթերում, որտեղ արդյունաբերության զարգացման ծրագրում էներգետիկային վերաբերող առանձին բաժին կա, որ, սակայն, ՀԱԿ-ի ծրագիրն է եւ թվագրված է 2012թ. մարտի 28-ով:

Քաղաքական այս ուժը խոստանում է նաեւ էներգիայի խնայողության խիստ նորմեր ու նորմատիցներ սահմանել: Այն է՝ պետությունը (ընդգծումը իմն է: Ընդհանրապես ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից շատերն են խոստանում պետության անունից, այլ ոչ թե իրենց) կսահմանի կենցաղում, հասարակական վայրերում, արտադրության մեջ ջերմա- եւ էլեկտրատաքացուցիչների, լուսավորման լամպերի, կենցաղային էլեկտրատեխնիկայի, էլեկտրական սարքավորումների կողմից միավոր օգտակար արդյունքի նկատմամբ ջերմային եւ էլեկտրական էներգիայի սպառման խիստ նորմատիվներ, որոնց

խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտները (անկախ սեփականության ձեւից), պետական հիմնարկները, կազմակեպությունները, քաղաքացիները տնտեսական պատիժներ կկրեն։ Կվերանայվեն նաեւ շինարարական նորմերն ու նորմատիվները։ Մասնավորապես, կնախատեսվեն նորմատիվներ ժամանակակից նյութերով շենքերի ջերմամեկուսացումն ապահովելու համար։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը էներգետիկական համակարգի զարգացումից առանձին բաժնով չի խոսում: Թերեւս սա հասկանալի՝ հաշվի առնելով այն, որ համակարգի զարգացման մինչեւ 2036թ. ծրագիրը ներկայացվել է: Նախընտրական այս ծրագրում քաղաքական ուժն, այնուամենայնիվ, ամրագրել է, որ ներքին շուկայի կարիքներից ելնելով եւ Վրաստանի ու Իրանի հետ առեւտրի հնարավորություններն օգտագործելու նպատակով անցում կանի նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկայի:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւս չի անտեսել էներգետիկ ոլորտը: Խոստանում է խստագույնս հսկել մենաշնորհների՝ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի եւ այլ ծառայությունների կորուստների չափաքանակները՝ հաստատելով նորմատիվային  սահմաններ:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը համոզված է, որ պետության տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի տնտեսության առավել գիտատար, ինովացիոն ճյուղերի զարգացման խրախուսմանը, ինչպես նաեւ նկատի ունենա երկրի էներգետիկ, ռազմական, տնտեսական, տրանսպորտային, պարենային եւ բնապահպանական անվտանգությունը: Եվ էներգետիկ անկախությունն ապահովելու նպատակով խոստանում է խրախուսել այլընտրանքային (արեւային, քամու եւ գեոթերմալ) էներգետիկայի զարգացումը:

Երբ նոր-նոր էր այլընրտանքային էներգետիկայի մասին խոսվում, գոնե ես, որպես լրագրող, երկար չարչարվեցի, որ գեոթերմալ-ը հայերեն՝  երկրաջերմային բառով փոխարինեն էներգետիկայի նախարարությունում: Այդ տարիների նախարար Արմեն Մովսիսյանը լսում էր եւ եթե համոզվում, որ հայերեն բառը մասնագիտական եզրույթի ճիշտ իմաստն է արտահայտում, համաձայնում էր՝ իր խոսքում էլ փոփոխություն անելով: Նախարարի խոսքից հետո այդ բառերը ծրագրերում էին ներառվում:

Հիմա երեւի ՕՐՕ-ին թվում է՝ նոր ուղղություն են հայտնաբերել ու հպարտ-հպարտ ասում են՝ գեոթերմալ:

ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցող քաղաքական միակ ուժն է, որ էներգետիկային վերաբերող քայլեր չունի: Համենայնդեպս՝ նախընտրական ծրագրում դրանք արտացոլված չեն:

ՀՅԴ-ն ընդհանրապես շատ բաների հետ կապված ծրագիր չունի:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 11 (444), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։