Միջազգային ասպարեզում՝ առանց տարբերության – Նախընտրական պայքարի ելած քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության ծրագրերը ոչ մի նոր ու առավել արդյունավետ բան չեն ազդարարում…

«Լուսանցք»-ը իր նախորդ թողարկումում ներկայացրել էր նախընտրական պայքարի մտած քաղաքական ուժերի տեսակետները Արցախի խնդրի լուծմանն ուղղված: Համենայնդեպս, որոշ քաղաքական ուժեր առաջարկել էին մեզ հասկանալի եւ հավանական լուծումներ, սակայն, ընդհանուր առնմամբ հստակ դրված չէր Արցախի անկախության ճանաչման հարցը եւ հետագա քայլերի, առավել եւս՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման վերջնական որոշման եզրահանգումն էր բացակայում:

Արտաքին քաղաքականության ծրագրերը եւս նորություններ չեն պարունակում, սակայն դրանք կներկայացնենք մեր ընթերցողներին՝ սեփական կարծիքը կազմելու համար:

«Ելք» – Արտաքին քաղաքականության բնագավառում. ա) Որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք՝ միջոցներ կձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար: Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Որեւէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը (առողջական խնդիրներ ձեռք բերած նախկին ժամկետային ծառայողները կապահովվեն անհրաժեշտ ծառայություններով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով՝  շարունակական կրթությանը եւ զբաղվածությանը): բ) Կսկսվեն բանակցություններ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ:  գ) Դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական եւ քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար: Դաշինքը համարում է, որ այդ ռիսկերի կառավարումը պետք է տեղի ունենա տարածաշրջանային եւ միջազգային իրավիճակի խորը վերլուծության եւ Հայաստանի ազգային շահերի հավասարակշռված սպասարկման միջոցով: դ) Կսկսվեն բանակցություններ Հայաստանով դեպի Վրաստան իրանական գազի տարանցման շուրջ: ե) Աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքներ գտնելու ուղղությամբ: Կսկսվեն բանակցություններ ՀԱՊԿ շրջանակներում՝ անդամ երկրների՝ միմյանց անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունների հստակեցման շուրջ: դ) Բոլոր միջոցները կձեռնարկվեն Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ անդամ պետությունների, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի եւ այլ երկրների հետ արժանապատիվ եւ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու համար: ե) Միջոցներ կձեռնարկվեն հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանի բացելու համար:

Նշյալ բոլոր տեսակետները կյանքի են կոչվում նաեւ այսօր: Իմիջիայլոց, նշենք, որ այս խնդիրն արդեն գրեթե լուծված է եւ օրերս համաձայնագիրը (ԵՄ հետ) արդեն նախաստորագրվեց, հաջորդ քայլերն էլ ընթացքի մեջ են:  

«Ազատ դեմոկրատներ» -Պիտի տանել ազգային շահի վրա խարսխված եւ տարբերակված (դիվերսիֆիկացված) արտաքին քաղաքականություն՝ Եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է դիտարկվում, իսկ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցությունը՝ ռազմավարական տեսլական: Նույնատիպ ռազմավարական նպատակ հետապնդող երկրների հետ Հայաստանի սերտ եւ փոխհարգալից համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է: Այլ պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է կառուցվեն փոխշահավետության, իրավահավասարության, շահերը փոխադարձաբար հարգելու ու բավարարելու սկզբունքների հիման վրա: Երկրի անվտանգության ապահովման հարցում հայ-ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերությունները մշտապես կառուցված են եղել երկկողմ ձեւաչափով, ըստ այդմ՝ դրանք պետք է տարանջատել ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում բազմակողմ հարաբերություններից: ԱՊՀ, ինչպես նաեւ այլ տարածաշրջաններում առացքային երկրների (Կանադա, Լատինական Ամերիկայի երկրներ, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Ավստրալիա, արաբական աշխարհի երկրներ եւ այլն) հետ երկկողմ ձեւաչափով հարաբերությունները չիրացված մեծ ներուժ ունեն:

Հարաբերությունների ծավալում է ծրագրված ՆԱՏՕ-ի, հայ-ամերիկյան եւ եվրոպական ուղղությունների հետ հարաբերություններում: Ինչպես նաեւ՝ Իրանի եւ Վրաստանի հետ գործընկերային հարցերում: Արցախի խնդրով տեսակետներ են ներկայացված ԱՊՀ-ի. ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների պահպանման կամ դադարեցման շուրջ:  Հայաստանի ու Արցախի հզորացման այլ ուղղություններ զարգացնելով. այդ առումով իրանական ու վրացական ուղղություններով, ինչպես նաեւ տարածաշրջանից դուրս այլ պետությունների հետ հարաբերություններում, առկա ներուժը Հայաստանի կողմից ամբողջությամբ իրացված չէ, ինչը եւս զարգացման կարիք ունի: Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նորմալացումը, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի բացումը, ենթակա չէ որեւէ նախապայմանի, իսկ հայ-թուրքական լիակատար հաշտեցումը չի կարող արդյունք տալ պատմական իրողությունների, այդ թվում Հայոց Ցեղասպանության անժխտելի փաստի հերքման կամ միջազգային ճանաչումն արգելափակելու դեպքում: Երկու երկրների հասարակությունների միջեւ փոխադարձ շփումներն ու անկաշկանդ երկխոսությունը, անկախ Թուրքիայի իշխանությունների նախապայմանային ու կարծր դիրքորոշման, այդ ուղղութամբ միջազգային հանրության միջնորդական ջանքերն ու ծրագրերը ենթակա են խրախուսման:

«Հայկական վերածնունդ» - Մասնակցել տարածաշրջանային խոշոր ծրագրերին: Պետության կողմից գործուն քայլերի ձեռնարկում՝ միջազգային ֆինանսական կառույցներից եւ շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցների ներգրավում Իրան-Հայաստան-Վրաստան՝ նավթամուղի, Իրան-Հայաստան-Վրաստան՝ գազամուղի, Հայաստան-Իրան՝ ջրատարի, Իրան-Հայաստան՝ երկաթգծի, Հայաստանում ժամանակակից նավթագործարանի կառուցման նպատակով:

«Ծառուկյան» դաշինք – արտաքին քաղաքական հայեցակարգում կարեւոր են համարում նաեւ ՀՀ դիվանագիտական կառույցների, Սփյուռքի ավանդական եւ այլ կազմակերպությունների առաջարկով ՀՀ կառավարությունում հատուկ ծրագրերի հաստատումը՝ հաշվի առնելով՝ յուրաքանչյուր գաղթօջախի առանձնահատկությունները:

Կոնգրես-ՀԺԿ – Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն: Ահա 3՝ մեր իրավիճակում ոչինչ չասող բառեր, որ ավելի շատ կիրառելի են հռետորաբանության մեջ:

ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության, անգամ գոյության հրամայականն է դուրս գալ հարեւան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող եւ շրջափակումներից տնտեսապես խեղդվող վիճակից եւ դառնալ բոլոր հարեւանների հետ հաշտ, խաղաղ ապրող, ազատ առեւտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն եւ հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր: Հաշտությունը կապահովի ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը Խաղաղության ծրագրի իրականացումը, թեկուզ ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական, բարոյական արատավոր համակարգը հիմնովին առողջացնելու համար: Հետեւողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ ՀՀ իշխանությունների կողմից 2007թ. ընդունված ԼՂ-ի կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։

Կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը։ Այս երկու խնդիրների կարգավորումը հնարավորություն կտա ապաշրջափակել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական երկաթուղային, ավտոմոբիլային եւ ավիացիոն բոլոր երթուղիները, մասնակցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին եւ նախագծերին։

ՀՀԿ – Նպատակ կա միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձեւը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն են, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը։ Արդեն 25 տարի է մենք փաստացի գտնվում ենք մասնակի շրջափակման մեջ: Սա այս ուժը ընդունել է որպես փաստ եւ շարժվում է առաջընթացի ճանապարհով՝ անկախ այդ հանգամանքից:

Նոր թափ է հաղորդվելու Իրանի եւ Վրաստանի հետ մեր երկրի հարաբերություններին՝ հատկապես շեշտը դնելով տնտեսական ողջ ներուժի իրագործման վրա, եւ շարունակելու ենք ամրապնդել ու զարգացնել մեր հարաբերությունները գործընկեր երկրների հետ: Հարաբերությունները պետք է զարգացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ: Նույն ոգով  նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական մյուս երկրների հետ՝ հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի Չինաստանի հետ վերելք ապրող մեր հարաբերությունների փաստը՝ մի բան, որ հաստատապես շարունակելու է դրանք։

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր երկրի տնտեսական զարգացման համար: Այդ առումով օժանդակելու ենք մեր գործարարներին Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու համար:

Մեր երկրում, դարձյալ ըստ այս ուժի, բարեփոխումներ իրականացնելիս առանցքային է ԵՄ հետ համագործակցությունը։ Շարունակելու ենք խորացնել ԵՄ-ի հետ մեր փոխգործակցությունը՝ շուտով հաջողությամբ ավարտելով բանակցությունները նոր իրավական շրջանակի շուրջ:

Հային բնորոշ են հյուրընկալությունն ու հանդուրժողականությունը, միաժամանակ՝ մեր ավանդական արժեքների պահպանումը, զարգացումը եւ խթանումը: Արտաքին աշխարհի եւ արտասահմանյան մեր գործընկերների հետ հարաբերություններում ազգային այս դիմագիծը մշտապես վերահաստատելու անհրաժեշտություն կա:

Շարունակվելու են ջանքերը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացմանն առնչվող խնդիրները միջազգային հանրության օրակարգում պահելու համար:

Կոմկուս – Հարափոփոխ աշխարհը լի է տագնապներով եւ տարաբնույթ մարտահրավերներով, ներքին բախումներով, գերտերությունների կողմից գունավոր հեղափոխությունների հրահրմամբ, եղբայրասպան ու ազգամիջյան հակամարտություններով, միջազգային ահաբեկչությամբ, կրոնական ծայրահեղական ուսմունքների անհանդուրժողական դրսեւորումներով: Սրանից զերծ չէ նաեւ մեր տարածաշրջանը: Մեր հարեւան 4 պետություններից 2-ը՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, շրջափակել են աշխարհի հետ հաղորդակցման մեր ճանապարհները, որոնց հետ չկան նաեւ դիվանագիտական հարաբերություններ: Իրանի եւ Վրաստանի հետ առկա քաղաքական եւ տնտեսական հարաբերություններն էլ կարիք ունեն տնտեսական բաղադրիչի առավել խորացման:

Ծրագրային հիմնադրույթներն են նշված, որոնք ապահովում են կապերը ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ, ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունների հետ, շարունակաբար ընդլայնելով առեւտրատնտեսական, գիտա-տեխնիկական եւ մշակութային համագործակցությունը ԵԱՏՄ, ԵՄ, Չինաստանի եւ բարեկամ մյուս երկրների հետ:

Հայ-թուրքական հարաբերությունները  պիտի կառուցվեն առանց նախապայմանների: Արեւմտյան Հայաստանը հայ ժողովրդի բնօրրանի մի մասն է, պատմական Հայրենիքը: Հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով պատմական իրողությունները: Ադրբեջանի հետ պիտի շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահող երկրների շրջանակում: Արցախը պիտի դառնա բանակցային կողմ:

ՕՐՕ – Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է խարսխված լինի հետեւյալ սկզբունքների վրա՝ հայաստանակենտրոնություն, անկախություն, ինքնիշխանություն, հավասարակշվածություն եւ իրատեսություն։ Մեր երկիրը պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ հարաբերվելիս՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ ինքնիշխանության մակարդակը միջազգային ասպարեզում, ապահովել մեր անվտանգությունը, ձեռք բերել վստահելի ու հուսալի գործընկերոջ կամ դաշնակցի կարգավիճակ:

Հարեւան երկրների հետ որակապես նոր, բարիդրացիականության վրա հիմնված հարաբերությունների հաստատումը պետք է հանդիսանա արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը: Ակտիվ քաղաքականությամբ մեր երկրի առանցքային ու խաչմերուկային աշխարհաքաղաքական դիրքը կարող է դառնալ շահավետ գործոն՝ ապահովելով տարածաշրջանի խոշոր տնտեսական ծրագրերին մեր մասնակցությունը:

Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումը հսկայական նշանակություն ունի նաեւ Արցախի խնդրի վերջնական կարգավորման հարցում:

ՀՅԴ - Պետք է վարել անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահի եւ պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրա: Մենք ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ չենք, մենք հայամետ եւ հայաստանակենտրոն ենք: Արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով: Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որեւէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների կայացման:

Առաջարկվում է՝ ամրապնդել Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական համագործակցությունը, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, մշակութային, կրթական համարկումը: Ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերվող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար: Ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանությամբ զարկ տալ հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծմանը: Խրախուսել պրոֆեսիոնալ-կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնումը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված երիտասարդ զինվորի կողքին միշտ պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը: Սպան ու զինվորը, ովքեր ամեն օր իրենց կյանքը վտանգի են ենթարկում, չպետք է նյութական նեղություն զգան: Արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հարցերը, բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որեւէ գործողություն: Ձեւավորել անհրաժեշտ դիմակայություն ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերի: Չեղարկել մեր ազգային շահերին հակասող հայ-թուրքական արձանագրությունները: Վրաստանի հետ հարաբերությունները կառուցել բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության եւ ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա:

Առաջնորդող սկզբունք համարել այն, որ Հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ համայն հայության ազգային նպատակների իրականացման երաշխավորն է: Ըստ այդմ՝ ամեն ինչ անել սփյուռքահայությանը հայոց պետականության գործընթացում լիարժեք ներգրավելու համար:

Գործադրել Հայաստանի եւ հայության տարբեր հատվածների առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման, համազգային ներուժի բացահայտման եւ օգտագործման ամբողջական ռազմավարություն:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 11 (444), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։