Բեռլինը պտտում է եվրոպական հակաթուրքական թափանիվը – Իսկ Անկարան շարունակում է եվրոպական երկրներին հերթով համարել «իսկական բռնապետական համակարգ» ունեցող «նացիստական կամ ֆաշիստական երկրներ», ինչն այս հարցում նոր ծավալումներ է ակնկալում…

Գերմանիայում Թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ՝ կապված Թուրքիայում գերմանացի լրագրող Դենիզ Յուսելի ձերբակալության հետ: Հաղորդագրության մեջ նշված է, որ դեսպանին պաշտոնապես չեն կանչել, այլ «կանչել են զրույցի համար»: Դենիզ Յուսելը գերմանական Die Welt թերթի լրագրող է, նրան Ստամբուլի դատարանի վճռով ձերբակալել էին փետրվարի 18-ին: Ձերբակալության պատճառ էր դարձել լրագրողի հավանական առնչությունը թուրք նախարարներից մեկի դեմ ուղղված հաքերային գրոհներին: Լրագրողը Գերմանիայի եւ Թուրքիայի երկքաղաքացի է:

Իսկ ահա, Անկարայում Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ պաշտոնապես՝ Ֆրանկֆուրտում քրդերի հանրահավաքի պատճառով: Դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է ԱԳՆ՝ քանի որ Ֆրանկֆուրտում քրդերի անցկացրած հանրահավաքի ժամանակ ցուցադրվել է Թուրքիայում արգելվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության խորհրդանշանը:

«Մեզ մտահոգում է այն, որ Գերմանիայի իշխանությունները թույլտվություն են տվել Ֆրանկֆուրտում մարտի 18-ին տեղի ունեցած երթի համար, որի ժամանակ ցուցադրվել է ահաբեկչական ՔԱԿ-ի խորհրդանշանը եւ ղեկավարների դիմանկարները: Դա երկակի ստանդարտների բացահայտ օրինակ է»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:  

ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ դատապարտում են այդ դիրքորոշումը եւ զարմացած են, որ կարելի է մերժել թուրքերի հանրահավաքը Գերմանիայում՝ իրենց սահմանադրական փոփոխություններին առնչվող, բայց արտոնել՝ քրդերինը, այն էլ ահաբեկչական խորհրդանշանների ցուցադրմամբ:

Չբավարարվելով մահմադական քրդերի հարցի արծարծմամբ՝ դժգոհություն է ներկայացվել նաեւ քրիստոնյա հայերի համար Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու որոշումը: Եվրամիության հարցերով նախարար եւ գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը կարծիք է հայտնել, որ նմանատիպ որոշումները միմյանցից ավելի ու ավելի են հեռացնում հայ եւ թուրք ժողովուրդներին:

Նշվել է, որ թուրքական կողմը ճիշտ չի համարում այս որոշումը, ինչպես որ տեղին չէր համարել ավելի վաղ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումը: «Նման որոշումները սովորաբար բնութագրվում են որպես պատմության, հայ ազգի առաջ պատասխանատվության ընդունում, սակայն իրականում պատմական իրադարձություններն օգտագործվում են հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ եղած անդունդը ավելի խորացնելու համար: Սա կարող է դուր գալ հայկական սփյուռքին, բայց նմանատիպ որոշումները Թուրքիայի նկատմամբ անարդարացի են ու միեւնույն ժամանակ հարձակում են հայ-թուրքական կարգավորման գործընթացի դեմ: Սա ոչ թե պատմական արդարության վերականգնում է, այլ պարզապես ցեղասպանության հռետորաբանության միջոցով Թուրքիայի դեմ օգտագործվող քաղաքական մանեւր»,- ասել է թուրք նախարարը:

Ներկայացվել է նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական տեսակետը՝ այն է՝ «ընդհանուր ցավի (այն է՝ ըստ իրենց, Թուրքիայի բոլոր ժողովուրդներն էլ կոտորվել են 1-ին աշխարհամարտի տարիներին՝ ներքաղաքական-ներպետական հակամարտությունների ժամանակ,- Ա.Հ.)» վարկածը, պատմաբանների համատեղ  հանձնաժողով կազմելու հարցը, հայ-թուրքական երկխոսությունն ապահովող հարթակներ ստեղծելու անհրաժեշտությունը:

Բայց պաշտոնական Բեռլինն իր արտաքին քաղաքական զինանոցում կարծես թե ամրագրում է քրդական եւ հայկական գործոնները՝ ընդդեմ թուրքական ծավալապաշտական քաղաքականության: Կարծում ենք, սա կդառնա համաեվրոպական քաղաքական զինանոցի մաս: Հատկապես, որ Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան եւ այլ երկրներ եւս տրամադրված են այդ առումով:

Ըստ ամենայնի, այս քաղաքականությունը տանում է Գերմանիան եւ այս երկրի  արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան երբեւէ հեռու է Եվրոպական Միության անդամ դառնալուց: Գերմանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ միշտ էլ կասկածներ է ունեցել առ այն, թե արդյոք պե՞տք է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ:

Իսկ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ Անկարայի կողմից ԵՄ-ի հասցեին հնչեցված վիրավորանքները, ինչպես նաեւ հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո տեղի ունեցող ներքաղաքական բռնաճնշումները վկայում են, որ ներկայում ոչինչ չի կարող նպաստել այդ երկրի՝ ԵՄ անդամ դառնալուն:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ քանի դեռ Թուրքիան չի ցանկանում առաջնորդվել եվրոպական չափորոշիչներով, այդ երկիրը եվրոպական ընտանիքում տեղ չունի:

Իսկ Անկարան շարունակում է եվրոպական երկրներին հերթով համարել «իսկական բռնապետական համակարգ» ունեցող «նացիստական կամ ֆաշիստական երկրներ», ինչն այս հարցում նոր ծավալումներ է ակնկալում…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 11 (444), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։