Թուրքիան տապալվեց. Ի՞նչ կհետեւի դրան – Հաշվի առնելով հատկապես հրեական ու հայկական սփյուռքների հայրենանպաստ գործունեությունը միջազգային ասպարեզում, փորձեցեցին համաթուրքական քաղաքականության համար կիրառել թուրքական սփյուռքին Թուրքիայի հետ մերձեցնելու հնարքը… Նման քաղաքականություն վարում է նաեւ Ադրբեջանը, սակայն կրկին ապարդյուն… Նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է հայի տուն քանդում…

Անկարան, երեւի թե հաշվի առնելով հատկապես հրեական ու հայկական սփյուռքների հայրենանպաստ գործունեությունը միջազգային ասպարեզում, փորձեց համաթուրքական քաղաքականության եւ ծրագրերի առաջխաղացման համար կիրառել թուրքական սփյուռքին Թուրքիայի հետ մերձեցնելու հնարքը: Հիշեցնենք, որ նման քաղաքականություն վարում է նաեւ Ադրբեջանը, սակայն ադրբեջանական սփյուռքի աջակցությունը Բաքվին՝ անգամ քաղաքական օգուտներ չի բերել ցայսօր…

Թուրք-ադրբեջանական սփյուռքախաղերը լուրջ հաջողություններ չեն արձանագրել, ինչը ստիպեց Անկարային եւ Բաքվին՝ Արեւմտյան Հայաստանի բռնազավթված տարածքը բնակեցնել ադրբեջանցիներով, որպեսզի քանակական առումով թյուրքական տարրը կարողանա գերազանցել քրդերին եւ ծպտյալ հայերին:

Թուրքիայի թուրքերը հրաժարվում են բնակվել այդ տարածքում, քանի որ եւ՛ քրդական ահաբեկումներից են վախենում եւ՛, առհասարակ, հոգեբանորեն դա թուրքական մշտական տարածք չեն համարում: Իսկ ադրբեջանցիները դեռ չեն առնչվել թուրք-քրդական բախումների վնասներին եւ թուրք-ադրբեջանական միջպետական համաձայնությամբ «լցնում են» հայկական բռնազավթված տարածքները: Սակայն, համաշխարհային իրավիճակի նոր փոփոխությունները դեռ լսել են տալու այս «գաղթյալ» ադրբեջանցիների վայնասունը, երբ նոր բախումներ սկսվեն Թուրքիայում:

Դառնալով եվրոպական երկրներում բարձրացված թուրքական աղմուկին, կարելի է ենթադրել, որ Անկարայում չէին սպասում, որ այսքան կոշտ ընդդիմության կարժանանան: Չէին սպասում նաեւ, որ թուրք-ադրբեջանական եվրոպական սփյուռքը այսքան թույլ կլիներ եւ մի քանի մանր-մունր հանրահավաքներից ավելի ոչինչ չէր կարողանա կազմակերպել:  

Անկարան ինչ-ինչ բանակցություններից հետո հակաթուրքական ալիքը կասեցրեց ԱՄՆ-ում, սակայն դա եւս ժամանակավոր է, մինչեւ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները վերականգնվեն: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Միացյալ Նահանգներ եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դժվարին հանդիպումը կարծես թե հալեցրեց «սառցե պատը»:

Սա վախեցրել է Անկարային, որը արտաքին քաղաքականության մեջ զուգահեռ քայլեր է կատարում Ռուսաստանի ուղղությամբ եւ փորձում է կողմնորոշվել նաեւ Մերձավոր Արեւելքում:

Թուրքիայում լավ են հասկանում, որ Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների ստեղծումը դժվար թե հաջողի միանգամից: Բայց Ռուսաստանի հետ համագործակցությունը էներգետիկայի, զենքի մատակարարման եւ առեւտրական լայն հարաբերությունների հարցում կարող է օգնություն լինել Անկարային: Բայց այսօրինակ զարգացումները հաստատ մեծ դժգոհություն կառաջացնի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: Իսկ սա կարող է օրակարգային հարց դարձնել Թուրքիայի մասնատման ծրագիրը:

Նշենք, որ թուրք նախարարների այցերը Եվրոպա նպատակ ունեն եվրոպացիներին պարտադրել թուրքական քաղաքական խնդիրները եւ եվրոպական ասպարեզը դարձնել թուրքական (նաեւ ադրբեջանական) խնդիրների քննարկման տեղ: Եվ թուրքերը ցանկանում են դա անել երկար ժամանակով, եթե չասենք՝ ընդմիշտ: Իսկ ռուսական կողմի հետ Թուրքիան ձգտում է ստանալ ավելի շատ բան, բացի սերտ հարաբերություններից: Ինչպես ասենք՝ ղարաբաղյան խնդրի լուծումը հօգուտ Ադրբեջանի, ինչը թուրքերին անվիճելի առավելություն կտար Հարավային Կովկասում՝ Հայաստանի եւ Վրաստանի դեմ գործելու հեռանկարում:

Իզուր չէ, որ ԵԱՏՄ-ի ստեղծման նախաշեմին Անկարան եւ Բաքուն շահարկում են իրենց անդամակցելու հարցը: «Մենք միայն կողջունեինք, որ ԵԱՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններին, երբ դրանք սկսվեն: Այսինքն՝ մեզ բարեկամ ու գործընկեր կոչված Ռուսաստանի Դաշնությունը փորձում է օգտվել առիթից եւ Միացյալ Նահանգներից խլել այս ծրագրի իրագործման թելը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ռուս նախարարը նշել է, որ Մոսկվան կարեւոր դերակատարում է ունեցել 2007-2009 թթ. Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ապասառեցման գործում, սակայն ավելի ուշ կարգավորման գործընթացը դադարել է: Իրենք պատրաստ են օժանդակել վերականգնմանը եւ բնականաբար, իրենք միայն կողջունեին, որ «ԵԱՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի համար: Դա, անկասկած, օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար»:

Իհարկե, սա անպատասխան թողնել չէր կարելի եւ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե «Հայաստանը հստակ ներկայացրել է իր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, այսինքն՝ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է»:

Հիշեցնենք, որ Անկարան իբր նույնպես այդպիսի հարաբերությունների կողմնակից հանդես եկավ, սակայն հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները վերածեց հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հարաբերությունների:

Անդրադառնալով ռուս նախարարի խոսքին, թե «Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններին, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը», ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Սերգեյ Լավրովի հայտարարությունում նոր բան չկար. «Իսկ մենք ցանկանում ենք ունենալ կանխատեսելի հարեւան եւ, բնականաբար, կանխատեսելի հարեւանի հետ կառուցել երկարաժամկետ հարաբերություններ: Այսօր, դժբախտաբար, Թուրքիան կանխատեսելի չէ, որովհետեւ այդ երկրի բարձր քաղաքական ղեկավարությունը հրաժարվում է իրականացնել այն պարտավորությունները, որոնք նրանք ստորագրել են 2009թ.: Քանի դեռ Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ չէ, քաղաքական կամք չունի վավերացնել առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու արձանագրությունները, խոսել դինամիկ զարգացման մասին՝ չենք կարող: Մեր կարծիքը հստակ է՝ մենք որեւէ ժողովրդի թշնամի չենք համարում, բայց միեւնույն ժամանակ պատրաստ չենք մեր ազգային արժանապատվության հաշվին որեւէ երկրի հետ հարաբերություններ կարգավորել»:

Այս համապատկերում Հայաստանի համար կարծես թե նոր խնդիրներ կարող են առաջանալ ԵԱՏՄ-ում, արդեն եվրոպական ուղղությամբ: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին, եթե այս ուղղությունը հաղթի Մոլդովայի նախագահի ընտրությանը եւ դուրս մղի եվրոպական ինտեգրման կողմնակիցներին: Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր ԵԱՏՄ հետ, իսկ հետո նաեւ կարող է անդամակցել այդ կառույցին:

Եվ ահա, ապրիլի 3-ին նախատեսված է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Քիշնեւում, որը կլինի ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Իգոր Դոդոնի միջեւ: Մյուս քայլը կարող է լինել շրջանակային համաձայնագրի ստորագրումը:

Մոլդովայի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ արդեն բանակցել եւ առաջարկում է ռուսաստանցի գործարարներին օգտվել ընձեռած հնարավորությունից եւ Մոլդովայում կատարել 100, 150 կամ 200 հազար դոլարից ավելի ներդրում՝ ստանալով Մոլդովայի քաղաքացիություն, այդպիսով օգտվել Եվրամիության հետ անվիզա ռեժիմից:

Սա, փաստորեն քայլ է՝ Հայաստանին զրկելու ԵԱՏՄ-ԵՄ կապող օղակ դառնալու հնարավորությունից, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ Մոսկվան միշտ է անտեսելու հայկական շահերը՝ կլինի դա թուրք-ադրբեջանական, թե եվրոպական ուղղությամբ՝ Մոլդովայի կամ Բելառուսի հետ…

Իզուր չէ, որ անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը, շատ հայ տնտեսագետներ պնդում են, որ եթե Հայաստանը չլիներ ԵԱՏՄ անդամ, ապա տնտեսությունն ավելի լավ պայմաններում կհայտնվեր, առանց քաղաքական խաղերի: Նշվում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո մեր առեւտրում ոչինչ չի փոխվել, քանի որ 2011թ. ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ գտնվում էինք ազատ առեւտրի գոտում: Իսկ 2016թ. տարեվերջին ստորագրվեց ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը, համաձայն որի՝ 2017թ. հուլիսի 1-ից մաքսային արտոնությունները վերանում են: Այսինքն՝ եթե անգամ Իրանից շահեկան դիզվառելիք գնենք, ապա պիտի վճարենք հսկայական մաքսատուրք եւ այսպես շարունակ:

Այսինքն՝ Անկարան եւ Բաքուն ԵԱՏՄ թյուրքական երկրների եւ արդեն նաեւ սլավոնական Ռուսաստանի ու Բելառուսի հետ կարծես Հայաստանին համընդհանուր խոչնդոտող քայլերով են շրջապատել… Այս ազդեցությունը վաղուց երեւում է նաեւ ԱՊՀ եւ ՀԱՊԿ գործունեության մեջ:

Իրանը եւս տուժում է ռուս-թուրքական խաղերից, եւ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը վերջերս հայտարարել էր, թե Թուրքիան անշնորհակալ հարեւան է: Նա, անդրադառնալով Թուրքիայի նախագահի եւ ԱԳ նախարարի օրերս հնչեցրած հակաիրանական հայտարարություններին, մասնավորապես ասել է. «Դուք տեսեք, թե Թուրքիան որտեղ է հասել, այն դեպքում, երբ մենք մտահոգված ենք Թուրքիայով, թուրքերը թերեւս վատ հիշողություն ունեն: Իրանին մեղադրում են կրոնական տարաձայնություններ հրահրելու մեջ, բայց չեն հիշում, որ մենք նրանց կառավարության համար, որ նույնիսկ շիա էլ չեն, հեղաշրջման գիշերը մինչ լույս արթուն մնացինք: Թուրքերը անշնորհակալ վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ, ովքեր ընկերակցում են իրենց»:

Հիշեցնենք, օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բահրեյն այցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրաքում առկա է կրոնական եւ ազգային տարաձայնություններ, այնտեղ նաեւ ձեւավորվել է ինչպես պարսկական ազգայնականություն, այնպես էլ անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»:

Ինչ մնում է թուրքական անհեռատեսությանը Եվրոպայում, ապա օրերս Դանիայում Թուրքիայի գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի ԱԳՆ՝ կապված այն սպառնալիքների հետ, որոնք հեռախոսի եւ համացանցի միջոցով ստացել են թուրք ծագում ունեցող դանիացի մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչներ: Սպառնալիքներ հնչեցրած անձինք հայտարարել են, որ Էրդողանի քննադատներին համարում են դավաճաններ եւ նրանց մասին տեղեկությունները հաղորդելու են թուրքական իշխանություններին, որոնք իբր «սեւ ցուցակներ» են կազմում վարչակարգի՝ արտերկրում բնակվող ընդդիմադիրների դեմ: Հավատարմատարն իհարկե հայտնել է, թե թուրքական իշխանությունները չեն խրախուսում լրտեսությունը, չեն հավաքում տեղեկություն իրենց քննադատների վերաբերյալ, իսկ «սեւ ցուցակ» գոյություն չունի:

Թուրքական այս անհանդուրժողականությունը հասցրել է այն բանին, որ Գերմանիայի կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ Գերմանիան իրավունք ունի արգելել օտարերկրացի քաղաքական գործիչների մուտքը իր տարածք։ «Փաստը, որ դաշնային կառավարությունը մինչ այժմ ամբողջությամբ չի օգտագործել իր միջազգային-իրավական հնարավորությունները, հետագայի համար կանաչ լույս չի վառում։ Մուտքի արգելքը կլիներ վերջին միջոցը։ Մենք պահում ենք այս իրավունքը»,- ասել է Պետեր Ալթմայերը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ արգելել էին թուրք քաղաքական գործիչների ելույթները:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր իշխանություններին եւ ժողովրդին՝ լինել շատ զգոն, քանզի հակաթուրքական ալիքը ոչ միայն համաեվրոպական ընթացքի մեջ է, այեւ կարող է ստանալ համաշխարհային բնույթ: Թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը պիտի ոչ միայն հստակ դիտարկի իր շահերը, այլեւ տեսականից գործնականի վերածի դրանց լուծման պայմանները:

Արամ Ավետյան

Հայի տուն է քանդվում էլի

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղում անցնում է Հարություն Ղազարյանի տնից ընդամենը 32 մ հեռավորության վրա՝ առաջացնելով բազմաթիվ անհարմարություններ տան բնակիչների համար եւ վտանգ կա, որ տունը կարող է քանդվել: jnews.ge-ն գրում է, որ Հարություն Ղազարյանի տունը գտնվում է գյուղի ծայրամասում, երբ անցկացրել են մանրախճի լցումը, բարձրացել է երկաթգծի ճանապարհը, իսկ այդ տունը հայտնվել է երկաթգծից ցածր մակարդակի վրա, ինչի հետեւանքով  գյուղի ամբողջ ջուրը հավաքվում է նրա տան բակում:

«Ամռանը, երբ աշխատում է ծանր տեխնիկան, անհնար է նստել տանը, այդ աշխատանքների պատճառով տան պատերը ճաքեր են տվել, եթե այսպես շարունակվի, ապա տունը վթարային կդառնա»,- ասել է Հարություն Ղազարյանը: Բացի այդ, տունը դարձել է խոնավ, պատերին կան բորբոսներ: «Երկաթուղու շինարարության ընթացքում նախագծի մեջ ընկավ նաեւ մեր հողը, մեր հողը գնեցին, իսկ տունը տուժել է շինարարության հետեւանքով: Երբեմն մեզ հարցնում են, թե ինչու եք վաճառել հողը: Մենք չէինք կարող չվաճառել, ո՞վ էր մեզ հարցնողը»,- նշել է Ղուլալիսի բնակիչը: Նրա խոսքով, ժամանակին խոստացել են, որ տունը նույնպես կգնի պետությունը: «Մենք ցանկանում ենք, որ պետությունը օգնի մեզ լուծել մեր խնդիրը, որպեսզի պետությունը գնի մեզ համար տուն Ղուլալիս գյուղում այլ վայրում, մերի փոխարեն: Սա մեր սեփական տունն է, այստեղ ենք մենք ապրում, 1994թ.-ից, եւ մենք մեղավոր չենք այն բանի համար, որ պետությունը որոշեց կառուցել երկաթուղին հենց այստեղ, մեր տան կողքին»,- ասել է հայ բնակիչը:

Նա պատմել է, որ նամակով դիմել են Վրաստանի կառավարությանը եւ Պետգույքի կառավարման ազգային գործակալությանը: Նրանք ստացել են փաստաթուղթ Պետգույքի կառավարման ազգային գործակալությունից այն մասին, որ նամակը հասել է հասցեատիրոջը, սակայն ոչ մի քայլ այս խնդրի լուծման համար չի կայացվել:

«Լուսանցք» թիվ 11 (444), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։