Քոչվորները դեռ շահույթ են ստանում հայաստեղծ արժեքներից – Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր…

…Անգամ հայկական հեթանոսական եւ քրիստոնեական տաճարներն ու գիտա-կրթա-մշակութային շինություններն են համարվում թուրքական կամ ադրբեջանական

* * *

Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանների ասպատակությունները թյուրքական տարբեր ցեղախմբերի կողմից դեռ շարունակվում են: Այն ոչ միայն շարունակվում է, այլեւ, այսպես կոչված առաջադեմ աշխարհի կողմից շնորհվում է նստակյաց կյանքի անցած, բայց հոգով միշտ քոչվոր մնացած թյուրքական տարրին…

Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր: Անգամ հայկական հեթանոսական եւ քրիստոնեական տաճարներն ու կրթա-մշակութային շինություններն են համարվում թուրքական կամ ադրբեջանական: Դրանից հետո չի էլ զարմացնում այն հանգամանքը, որ շարունակվում են գողությունները հայկական խոհանոցից, գիտության ու արվեստի, երգ-երաժշտության, բազմաթիվ արհեստների բնագավառներից:  

ՅՈւՆԵՍԿՕ-ն անգամ հաշվի չի առնում այն պարզ հանգամանքը, որ հազարամյակներ առաջ գոյություն չունեցածը չի կարող բացատրել անգամ սեփականացրածի իմաստն ու էությունը, կամ այն պարզունակ բացատրությունը, նաեւ լեզվամտածողությամբ, նաեւ, որ քոչվորը 1000 տարի առաջ չէր կարող ցորեն ցանել, մեղվապահությամբ զբաղվել կամ խաղողի եւ այլ այգիներ մշակել, որից էլ հաց, լավաշ թխեր, մեղր ստանալ, ինչպեսեւ՝ գինի կամ այլ խմիչք ստեղծել, ավելի՝ չունեցած խաղողի թփից էլ տոլմա փաթաթել… Անհերքելի է, որ քոչվորն անընդհատ տեղաշարժվել է եւ մշտական տնտեսություն չի ունեցել: Չուներ նաեւ հայրենիք, ուստի այլոց հայրենիքների վրա է պետություններ սարքել ու պատմություններ հնարել… Եվ այսօր էլ խոսում է տարածքային անձեռնմխելիությունից եւ ազգային ու պետական իրավունքներից:

Իսկ թուրքերն այս ամենից օգտվելով՝ նաեւ զբոսաշրջությունն են առաջ տարել եւ մեծ շահույթներ են ստանում վերոթվարկյալ եւ այլ արժեքների ցուցադրմամբ ու սեփական սին մեկնաբանմամբ, հայկական հետքերը հիմնահատակ ջնջելով կամ թաղելով հողի տակ: Բայց սրանք երբեք չեն մտածել, որ ի վերջո կա համաշխարհային պատմություն եւ այն հնարավոր չէ կեղծել մի պարզ պատճառով, որ այն ժամանակներում ստեղծված հնագույն ոչ մի քարտեզում, հուշարձանում կամ զարդանախշի վրա հնարավոր չէ ավելացնել Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, թե Ղրղզստան, ինչքան էլ մանրակրկիտ փնտրեն վճարված գիտնականները…

Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ հետաքրքրությունները նվազում են: Հետհետե այս երկրները դառնում են վտանգավոր, եւ բացահայտվում է սրանց իրական դեմքն ու էությունը: Այս ամենը երեւում է հենց նշված զբոսաշրջության թվերի պակասումով:

2017թ. ճանապարհորդների կեսն իրենց ուղեւորությունները սահմանափակել են անվտանգ ուղղություններով: Այս եզրակացությանն են հանգել IPK՛s World Travel Monitor: Global Travel Trends 2016/2017 հետազոտության հեղինակները, որի շրջանակներում հարցում է արվել 500 հազար զբոսաշրջիկների 60 երկրներից: Փաստաթուղթը հրապարակվել է Բեռլինի զբոսաշրջության ցուցահանդեսի (ITB) կայքում:

World Travel Monitor-ի տվյալներով՝ միջազգային զբոսաշրջիկների 45%-ն այս տարի ուղեւորություններ ծրագրելիս հաշվի է առել այս կամ այն երկրում քաղաքական գործոնները եւ կայունությունը, ներառյալ հեղաշրջումները, զանգվածային հուզումները եւ իշխանությունների նախազգուշացումներն ահաբեկիչների գրոհների հնարավորության մասին: Նշվում է, որ 1 տարի առաջ անվտանգության համար անհանգստացող ճանապարհորդների թիվը եղել է 6%-ով պակաս: Ըստ որում՝ զբոսաշրջիկների 16%-ը հայտարարել է, որ 2017թ. կհանգստանա բացառապես հայրենիքում: Հետազոտության մեջ նաեւ ասված է, որ հարցման մասնակիցների 76%-ը Թուրքիան համարել է ոչ անվտանգ ուղղություն, 1 տարի առաջ այս կարծիքին էր հարցվածների 64%-ը:

Տխուր իրավիճակ է նաեւ Ադրբեջանի դեպքում, բայց այս մի արհեստական երկրում փորձում են անտեսել նաեւ այս հանգամանքը եւ ավելի առաջ անցնել: Մշակույթը ոչ միայն սեփականացնող, այլեւ՝ ավերող երկրի ներկայացուցիչը՝ մշակույթը պահպանող միջազգային բարձրագույն մարմնի ղեկավար է փորձելու դառնալ:

Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը մտածել են, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը, ով ցայսօր թուրք-սովետական մտածելակերպով է ապրում, կարող է հրաշալի աշխատել որպես համաշխարհային մշակույթի ղեկավար՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի նախագահ: Իհարկե, սա մի կառույց է, որ իրականում որեւէ կապ չունի մշակույթի արժեքների գնահատման եւ իրական ու արդարացի ներկայացման հետ, բայց միջազգայնորեն ճանաչված եւ համաշխարհային գործառույթներ ունեցող կառույց է եւ այստեղ հնարավոր է արժեքագողությամբ զբաղվել:

Հիշեցնենք, որ այս կազմակերպությունը մատը մատին չխփեց, երբ Ջուղայի խաչքարերի ջարդն էր տեղի ունենում բոլորի աչքի առաջ, հայ մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանում, Թուրքիայում եւ Վրաստանում՝ մնաց աննկատելի… Փոխարենը, սկսեցին հայկական տարբեր ոլորտների արժեքները մեջ-մեջ անել նշյալ եւ այլ երկրների միջոցով:

Ցավալի է, բայց հայկական պետությունը եւ առանձին կազմակերպություններ չեն խորանում այս իրադարձությունների մեջ եւ սա նպաստում է, որպեսզի մեր թշնամիները սեփականացնեն ինչպես մեր հարստությունները, այնպես էլ մեր բնօրրանը՝ հայրենիքը:…

Ազգային հարցերում չկան մանրուքներ, եւ սա պիտի կարգախոս դառնա այսօրվա եւ վաղվա հայի համար: Վաղվա Հայաստանի համար:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 11 (444), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։