Ամստերդամի նոր հարվածը Անկարային՝ կոչ է նաեւ Երեւանին – Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին՝ ով թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»… Հետզհետե խորանալու միտում է նկատվում Եվրոպա-Թուրքիա հարաբերություններում…

Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: «Մեր ներկայացուցիչը դատարանից մեզ տեղեկություն հաղորդեց այն մասին, որ դատարանը բավարարել է մեղադրող կողմի պահանջը: Ավելին՝ դատարանը որոշել է  հարկադիր աշխատանքային 120 ժամ՝ նախապես ներկայացված 80 ժամի փոխարեն: Պայմանական բանտարկությունը նույնպես ավելի է վճռվել։ 2-ի փոխարեն 4 շաբաթ՝ 2 տարի պայմանական ժամկետով։ Դատական վճռի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: Այս պահին կարող ենք ասել, որ սա կարեւոր որոշում է: Դատապարտումը նշանակում է, որ հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ անող ինչ-որ մեկն անպատիժ չի մնա»,- ասել է Մասիս Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Ալմելո քաղաքում մարտի սկզբներին տեղի էր ունեցել Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Նա մեղադրվում էր հայերի դեմ բռնություն եւ ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ էլ հենց վանկարել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։  

2014թ. հունիսի 1-ին Ալմելոյում տեղի էր ունեցել հանրահավաք, որին հիմնականում մասնակցում էին թուրքեր եւ որն ուղղված էր Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ:

Այսպես, հետզհետե խորանալու միտում է նկատվում Եվրոպա-Թուրքիա հարաբերություններում, ինչը թուրքերին կարծես թե դեռ չի հուզում: Չնայած իրականում հուզում է, բայց թուրքերը համոզված են, որ ինչպես ամերիկացիները, այնպե էլ եվրոպացիները չեն կարող առանց իրենց տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ ռազմական հենակայանի, ինչն էլ ոգեւորել է նրանց:

Գերմանիայից հետո Հոլանդիան երկրորդ երկիրն է, որ ցայսօր դեմ է դուրս ելել թուրքական այն քարոզչության դեմ, որի ժամանակ թուրք պաշտոնյաները պիտի քարոզչություն իրականացնեին հօգուտ սահմանադրական փոփոխությունների, որն էլ ավելի բռնապետական է դարձնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը, ով հետզհետե հրաժարվում է թուրքական հանրապետական կարգից՝ գնալով իսլամական պետության ձեւավորման: Հոլանդական իշխանությունները հրաժարվել են երկրի տարածք թողնել Թուրքիայի ԱԳ նախարարին: Մեւլութ Չավուշօղլուն սպառնացել էր Ամստերդամի դեմ «լուրջ պատժամիջոցներ կիրառել»:

Ինչպես «Լուսանցք»-ը տեղեկացրել էր, Ամստերդամից պատասխանել էին, որ «արգելող որոշում է կայացվել թուրք պաշտոնյայի Ռոտերդամ այցի առումով, քանի որ այն իր մեջ հասարակական լուրջ վտանգ էր ներկայացնում»: Մերժումները ձնագնդիի նման գլորվեցին եւ Գերմանիայից ու Նիդեռլանդներից անցան Ավստրիա, Բելգիա, Շվեդիա, Դանիա, Ֆրանսիա եւ այլն: Ամենուր նույն կարգախոսն է եվրոպացիների ձեռքին. «Թուրքիա, հեռու՛ մնա մեր երկրից»…

Իսկ Անկարան սխալը սխալի հետեւից է կատարում, քանի որ նորօսմանական եւ նորհամաթուրքական ծրագրերը չափից դուրս ոգեւորել են «թուրքերի հայր» կոչումը Աթաթուրքից վերցնելու տառապանքին լծված Ռեջեփ Թայիփ Էրդողանին… Նա այնքան է ոգեւորվել, որ Գերմանիային ու Հոլանդիային արդեն «նացիստական եւ ֆաշիստական մնացուկ» է կոչել… Իսկ նման բաները չեն ներվում եվրոպացիների կողմից: «Բռնապետ Էրդողանի այս լկտիությունը չափ ու սահման չունի»,- ասել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն, ապա հավելել, որ «Էրդողանի պահվածքը խիստ կասկածելի է կամ նա պարզապես խելագար է»…

«Լուսանցք»-ը նախորդ թողարկմանը անդրադարձել էր այս խնդրին եւ կոչ արել Հայաստանի իշխանություններին՝ ոչ թե սպասել իրադարձությունների ծավալման ընթացքին, այլ նպաստել դրանց արագ ու նպատակային ծավալմանը՝ ի շահ հայկական հարցի լուծման:

Հատկապես, որ պարբերաբար քննարկվում է Թուրքիայի կազմաքանդման հարցը, ինչպես աշխարհա-քաղաքական, այնպես էլ տեղային փոփոխությունների համաշխարհային ծրագրերում…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 11 (444), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։