Արդյո՞ք նոր հեղաշրջման փորձի շեմին էինք – ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 22-ին հաստատել է Սամվել Բաբայանի ձերբակալման մասին տեղեկությունները, նա ձերբակալվել է մաքսանենգ եղանակով մեր երկիր «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում… Օհանյան–Րաֆֆի-Օսկանյան դաշինքը սա կազմակերպված ակնհայտ սադրանք է համարում… Իսկ ՀՀԿ-ն ՕՐՕ հայտարարությունը «նախընտրական հնարք է» կոչել…

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 22-ին հաստատել է Սամվել Բաբայանի ձերբակալման մասին տեղեկությունները, որ մամուլը շրջանառում էր: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել էին, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով մեր երկիր «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում: ԱԱԾ-ն այնուհետ հաղորդագրություն էր տարածել, որ ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով:

Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար եւ հանդիսանում է ռազմամթերք։

Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները։ Նախաքննությունը շարունակվում է»։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Հայտնի է, որ Սամվել Բաբայանը չի ընդունել իր մեղքը: Այս իրավիճակին անդրադարձել է նաեւ ՕՐՕ դաշինքը, որի հայտարարությունում մասնավորապես ասված է. «Իշխանությունների այս քայլը կանխատեսելի էր։ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքի դեմ կազմակերպված ակնհայտ սադրանքը, ինչպեսեւ դաշինքի շտաբների ու պատգամավորության թեկնածուների նկատմամբ զանգվածային բնույթ կրող ճնշումները նպատակ էին հետապնդում վախի մթնոլորտ տարածելու եւ խոչընդոտելու մեր աշխատանքները։

Արդեն անցել են այլ մեթոդների։ Կո՛չ ենք անում մեր հանրությանը, յուրաքանչյուր քաղաքացու՝ այս դեպքից հետո անել համապատասխան հետեւություններ, ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացներին, համախմբված ձեւով հանդես գալ փոփոխությունների օգտին ու ապրիլի 2–ին ձեւավորել նոր իշխանություն»:

Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը եւ այլ գործիչներ նաեւ իրենց կարծիքներն են հայտնել:

«Սամվել Բաբայանի ձերբակալության մասին ՕՐՕ հայտարարությունը նախընտրական հնարք է»,- հայտարարել է ՀՀԿ-ն:

Առկա եւ հետագա ծավալումներին «Լուսանցք»-ը դեռ կանդրադառնա, երբ կլինեն նոր հստակեցումներ:

«Լուսանցք» թիվ 11 (444), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։