Հանրահավաք՝ ընդդիմության մահախոսականո՞վ…

Սեպտեմբերի 15-ին կայացավ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը: Ինչպես ընդդիմադիր առաջնորդներն էին ասում՝ օրինական, թույլատրված առաջին հանրահավաքը: Այս անգամ էլ Մատենադարանի հարթակում հայտնվեցին ընդդիմության հին ու նոր ղեկավարներ՝ ՀՀ 1-ին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ նախագահ Ա. Զուրաբյանը, Մարքսիստական կուսակցության ղեկավար Դ. Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ա. Զ. Սարգսյանը, երկար ժամանակ ընդհատակում մնացած «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գ. Մարգարյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Ա. Կարապետյանը, Հայ կամավորականների համախմբման առաջնորդ Ժ. Սէֆիլյանը եւայլք:


Ոստիկանության ներկայացուցիչ Ա. Կիրակոսյանը, մինչ հանրահավաքի սկսվելը, բարձրացավ հարթակ եւ հայտարարեց, որ իրենք պատասխանատու են հանրահավաքի անվտանգության համար, սակայն, եթե երթ լինի, իրենք չեն ստանձնում դրա անվտանգության ապահովումը, քանի որ միայն հանրահավաքն է արտոնված:

Հանրության կողմից երկար սպասված հանրահավաքը ոչ մի բանով չտարբերվեց նախորդ՝ «հերթականներից»: Եղան «ավազակապետական» իշխանավորների հանդեպ սուր քննադատություններ, մարտիմեկյան դեպքերի շուրջ մեկնաբանություններ ու փաստերի ներկայացումներ, ներքաղաքական ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող վերլուծություններ: Թերեւս մեկ տարբերություն արձանագրվեց, այն էլ ոչ ի օգուտ հանրահավաքի կազմակերպիչների. հավաքված բազմությունը անթաքույց սկսեց դժգոհել, երբ ընդդիմադիր գործիչները հայտարարեցին, թե իշխանություններին հնարավորություն են տալիս իրավիճակը շտկել: Հավաքված մարդկանց համար ակնհայտ էր, որ ընդդիմադիր գործիչները կտրուկ քայլերի դիմելու նպատակ չունեն, ինչի հետեւանքով հանրահավաքի մասնակիցների մի մասը հուսախաբ հեռացավ դեռ հանրահավաքի կեսից:

Շատերն էին զարմացել «արմատական» ընդդիմադիրների հանդուրժող կեցվածքից: Նրանց զարմացնում էր նաեւ ներհանրահավաքային այն

մեկնաբանությունը, թե սեպտեմբերի 5-ին եւ 12-ին չարտոնված հանրահավաքները չկայացան, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը չվտանգվի, նույնիսկ տեսակետ կար, որ այս կեցվածքի շնորհիվ է, որ Աբդուլլահ Գյուլը եկավ Հայաստան:

Բայց հանրահավաքից հեռացողներն այլ կարծիքի էին, նրանք համոզված էին, որ այս ընդդիմությունն էլ է մտել գործարքի մեջ (ինչպես նախորդ ընդդիմությունները՝ նախորդ իշխանությունների հետ) ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ դրսի ուժերի հետ: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով եւ Արեւմուտքի հետ կապերն ամրապնդելով, նախաձեռնությունը խլել է Հայ ազգային կոնգրեսից, իսկ ընդդիմադիրներն այլեւս չունենալով Արեւմուտքի ազդեցիկ աջակցությունը, ընդունել են հարմարվողական կեցվածք:

Երբ հանրահավաքից հետո «ավանդական» երթը չկայացավ, այս կարծիքն ամրապնդվեց շատերի մոտ, ոմանք էլ արձանագրեցին այս ընդդիմության քաղաքական մահը: Եղան ավելի հուսահատներ, ովքեր սեպտեմբերի 15-ը համարեցին ընդդիմության թաղման օր…

Թե ինչ ծավալումներ կլինեն առաջիկայում եւ ինչ որակումներ կստանա ընդդիմությունն այսուհետ, թողնենք ամենազոր ժամանակին: Բայց մի բան հաստատ է. մեզ անհրաժեշտ է նոր ընդդիմություն՝ գաղափարական ու աշխարհաքաղաքական նոր մոտեցումներով:


Նարե Մշեցյան

«Լուսանցք», թիվ 33

12-18.09.2008թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։