Աշխարհի մարզական հեւքից.- Հայաստանի հավաքականը գրանցեց իր 2-րդ հաղթանակը… Ֆուտբոլի ազգային առաջնություն աղյուսակը… Հայ մարզիկները՝ չեմպիոններ եւ մրցանակակիրներ.- սամբոյի, հունա-հռոմեական ըմբշամարտի, բռնցքամարտի, ուժային եռամարտի, դուքենդոյի, կիոկուշին կարատեի եւ այլ միջազգային մրցաշարերում… Ֆուտբոլային ու այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայաստանի հավաքականը գրանցեց իր 2-րդ հաղթանակը

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան  խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2-0: 2-րդ խաղակեսում (73-րդ րոպե) հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, 2 րոպե  անց  Ղազախստանի հավաքականի դարպաս գնդակն ուղարկեց Արաս Օզբիլիսը: Նշենք, որ  Ղազախստանի հավաքականը 2-րդ խաղակեսում (64-րդ րոպե) խաղում էր 10 ֆուտբոլիստով: Սերգեյ Մալիյը 2 դեղին քարտ ստանալով՝ հեռացավ խաղադաշտից:

Սա Հայաստանի հավաքականի 2-րդ անընդմեջ հաղթանակն էր այս ընտրական փուլում: Նախորդ խաղում Արթուր Պետրոսյանի թիմը 3:2 հաշվով հաղթել էր Մոնտենեգրոյին:

Գևորգ Ղազարյանի խաղի 1-ի րոպեին վնասվածք ստացավ, որը բավականին լուրջ է, ամենայն հավանականությամբ կվիրահատվի. «Նախնական հետազոտությամբ Գեւորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության::

Ֆուտբոլի ազգային առաջնություն աղյուսակը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 20-րդ փուլի  հանդիպումներըը: Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում ընդունեց 3-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանին»: Եղանակային բարդ պայմաններում անցած հանդիպումը (2-րդ խաղակեսում մրցավարը 15 րոպեով ընդհատեց հանդիպումը՝ ձյունածածկ խաղադաշտը կարգի բերելու համար) ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով՝ 2:1: «Շիրակ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ 37 միավորով մնաց 2-րդ տեղում: «Գանձասար-Կապան»-ը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնության գարնանային հատվածում եւ 36 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում:

Աղյուսակը գլխավորում է գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը, որը վաստակել է 39 միավոր: Առաջատարը 3:0 խոշոր հաշվով հաղթեց «Արարատ»-ին, որը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային խաղաշրջանում: «Փյունիկ»-ը հյուրընկալվեց «Բանանց»-ին եւ հաղթեց, այստեղ էլ խոշոր հաշիվ գրանցվեց՝ 3:0: «Փյունիկ»-ն իր միավորների թիվը հասցրեց 33-ի եւ 3-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ի հետ միավորների տարբերությունը հասցրեց 3-ի: Իսկ «Բանանց»-ը շարունակում է 16 միավորով զբաղեցնել մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը՝ առաջ մնալով միայն «Արարատ»-ից:

Մրցաշարային աղյուսակը 20-րդ փուլից հետո.

Թիմ                                    Խ         Հ      Ո       Պ       ԽԳ     ԲԳ      Մ

  1. «Ալաշկերտ»                  20        11      6       3        35       18      39
  2. «Շիրակ»                        20        11      4       5        20       13      37
  3. «Գանձասար-Կապան»   20        11      3       6        24       15      36
  4. «Փյունիկ»                      20         9        6      5        24       14      33
  5. «Բանանց»                     20         4       4      12       15       31      16
  6. «Արարատ»                    20         1       3      16        7       34        6

Ռմբարկուներ` Միհրան Մանասյան («Ալաշկերտ»)՝ 9, Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)՝ 8, Վիուլեն Այվազյան («Շիրակ»)՝ 7

Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակով 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի 2016թ լավագույն ֆուտբոլիստների եւ լավագույն մարզչի պարգեւատրման արարողությունը:

Ռուբեն Հայրապետյանը լավագույն մարզչի մրցանակը հանձնել է Վարդան Բիչախչյանին: Մարկոս Պիզելին ստացել է 3-րդ տեղի համար մրցանակը, Գեւորգ Ղազարյանը՝ 2-րդ, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ստացել է Հենրիխ Մխիթարյանը:  

Գեւորգ Ղազարյանն ադրբեջանցի դարպասապահին անվանել է հիմար

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն պատասխանել է պորտուգալական «Բոավիշտա»-ի ադրբեջանցի դարպասապահ Կամրան Աղաեւի հայտարարությանը: Վերջինս Պորտուգալիայի առաջնության «Մարիտիմու»-ի հետ խաղից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին ասել էր, որ անչափ ուրախ է, որ հայազգի ֆուտբոլիստին չի հաջողվել գոլ խփել իր թիմին:

Գեւորգ Ղազարյանը վերջերս տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել ադրբեջանցի դարպասապահի խոսքերը: «Ճիշտն ասած, ես նման դարպասապահի չեմ ճանաչում, չնայած հետեւում եմ «Բոավիշտայի» խաղերին: Նրան ոչ մի անգամ չեմ տեսել դարպասը պաշտպանելիս: Միգուցե իր հիմար մեկնաբանությունների օգնությամբ ցանկանում է, որ մարդիկ որոշ չափով ճանաչեն իրեն»,- ասել է մեր ֆուտբոլիստը:

Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորեց «Ալաշկերտ»-ը

Երեւանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Արամ Ոսկանյանին, ով, ինչպես նաեւ նրա օգնականներ Տիգրան Ասլանյանն ու Մանուկ Սարգսյանը, ազատվել են աշխատանքից:

Նշենք, որ «Ալաշկերտ»-ը հենց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ է 2016թ. նվաճել Հայաստանի չեմպիոնի միակը կոչումը:

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն մարզիչները

Խորեն Հովհաննիսյան

Հայաստանի հավաքականը գլխավորել է 1996թ. հունիսին, երբ պաշտոնանկ արվեց նախկին մարզիչ Սամվել Դարբինյանը: Նորամուտը սկսեց հարավամերիկյան մրցաշրջագայությամբ, որի ընթացքում մեր ազգային թիմը ընկերական խաղերում տարավ մեկ հաղթանակ (Պարագվայի նկատմամբ՝ 2:1) եւ կրեց 2 պարտություն: Պաշտոնական առաջին խաղում Հովհաննիսյանի գլխավորած հավաքականին հաջողվեց ոչ-ոքի խաղալ հզոր Պորտուգալիայի հետ (0:0): 1997-ի սկզբին մեր ընտրանին նրա ղեկավարությամբ 2 անգամ 0:7 հաշվով խայտառակ պարտություններ կրեց ընկերական խաղերում, այդ թվում Վրաստանի ընտրանուց: 1998թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը նրա գլխավորությամբ տարավ մեկ հաղթանակ (Ալբանիա՝ 3:0), հինգ խաղ ավարտեց ոչ-ոքի եւ 8 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ ետ մնալով Եվրոպայի չեմպիոն Գերմանիայից, Ուկրաինայից եւ Պորտուգալիայից: Հենց Խորեն Հովհաննիսյանն է Հայաստանի հավաքական վերցրել դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, ում հետագայում ցանկացել էր հրավիրել Ռուսաստանի ընտրանին, սակայն ՖԻՖԱ-ն թույլ չէր տվել:

Սուրեն Բարսեղյան

1998թ. փոխարինեց Խորեն Հովհաննիսյանին: Նորամուտը նշեց 2 անընդմեջ հաղթանակներով (Լիբանան՝ 3:0, Անդորա՝ 3:1): Տարին ավարտեց Էստոնիայի նկատմամբ տարած հաղթանակով: Սակայն 1999-ին մեր թիմը 7 խաղ շարունակ ոչ կարողանում էր հաղթել, ոչ էլ՝ գոլ խփել: Միայն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ եւրեւանյան խաղում Բարսեղյանի սաներին հաջողվեց վերջ տալ այդ գոլային «երաշտին» (2:3): Տարին ավարտեց Անդորայի նկատմամբ տարած խոշոր հաղթանակով (3:0): Հայաստանի հավաքականը նրա գլխավորությամբ 2000թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում տարավ 2 հաղթանակ, 2 խաղ ավարտեց ոչ-ոքի, սակայն զբաղեցրեց 5-րդ տեղը՝ 7 միավորով ետ մնալով առջեւում գտնվող Իսլանդիայից:

Վարուժան Սուքիասյան

Հայաստանի հավաքականի ղեկը ստանձնեց 2000թ.: Նորամուտը սկսեց ԱՄՆ-ում, Գվատեմալայի հետ ոչ-ոքիով (1:1): Հաջորդ խաղում տոնեց իր 1-ին հաղթանակը, Կիպրոսի միջազգային մրցաշարում, Մոլդովայի նկատմամբ՝ 2:1: Պաշտոնական առաջին խաղում Սուքիասյանի սաները հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0:0 խաղացին այդ տարիներին մեծ թափ հավաքած Նորվեգիայի ընտրանու հետ: Աշխարհի 2002թ. ընտրական փուլում մեր թիմն այդպես էլ չկարողացավ հաղթանակ տանել, վաստակեց 5 միավոր եւ զբաղեցրեց վերջին 6-րդ տեղը: Վարուժան Սուքիասյանը հավաքականի հետ իր 2-րդ հաղթանակը տարել է բուլղարական Ալբենայում կայացած միջազգային մրցաշարում, Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ (2:0):

Միխայ Ստոյկիցա

Հայաստանի հավաքականը ընդունեց 2004 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Իռլանդիայի հետ երեւանյան խաղից մեկ շաբաթ առաջ եւ արդեն 1-ին խաղում տոնեց անակնկալ հաղթանակ (1:0): Սակայն հետո ոչինչ չկարողացավ հակադրել Իսպանիայի, Հունաստանի եւ Ուկրաինայի հավաքականներին: 2-րդ հաղթանակը ընտրական մրցաշարում կրկին տոնեց հյուսիսիռլանդացիների նկատմամբ, ընդ որում մրցակցի դաշտում: Եվրո-2004-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականն ի վերջո զբաղեցրեց նախավերջին 4-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն Հյուսիսային Իռլանդիայից, որը երեք ոչ-ոքի էր արել: 2004-ի սկզբին մեր ընտրանին նրա ղեկավարությամբ անցկացրեց 4 ընկերական հանդիպում, որոնցում տարավ երկու հաղթանակ (Վրաստան՝ 2:0, Թուրքմենստան՝ 1:0), իսկ մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի:

Յան Պորտերֆիլդ

Հայաստանի հավաքականի ղեկը ստանձնեց 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ: Նորամուտը, ինչպես նաեւ ընտրարշավի սկիզբը շատ անհաջող դասավորվեց մեր թիմի համար: Առաջին 4 խաղում Հայաստանի ընտրանին չկարողացավ գոլ խփել՝ կրելով երեք պարտություն: 2007-ի սկզբին մեր թիմը երեք խաղ կրկին անցկացրեց առանց հաղթանակի, ընդ որում չկարողացավ անգամ կոտրել Անդորայի նման թույլ հավաքականի դիմադրությունը: Սակայն հետո Հայաստանի հավաքականը կտրուկ կերպարանափոխվեց, իրար ետևից հաղթեց Ղազախստանին ու Լեհաստանին, ապա ոչ-ոքի խաղաց խմբի ֆավորիտ Պորտուգալիայի հետ: Այդ ժամանակ նա արդեն ծանր հիվանդ էր: 2007-ի սեպտեմբերին Յան Պորտերֆիլդը մահացավ քաղցկեղից:

Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի միակ գլխավոր մարզիչն է, ում վստահվեց 3 փուլ: Թիմը գլխավորեց 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ կեսից: Առաջին խաղում պարտվեց Էստոնիային (0:1), ապա զիջեց Մոլդովային (1:4) ու Բոսնիային (0:2): Ֆուտբոլասերներն արդեն պահանջում էին նրա հրաժարականը, սակայն հաջորդ խաղում նա տոնեց իր անդրանիկ հաղթանակը՝ Բելգիայի նկատմամբ (2:1): Այդ փուլը մեր հավաքականն ավարտեց երկու պարտությամբ: 2012թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլը Հայաստանի հավաքականը սկսեց Իռլանդիայից կրած պարտությունով (0:1): Սակայն հետագայում մեր ընտրանին սկսեց մեկը մյուսի ետեւից ջախջախել իր մրցակիցներին (չհաշված Ռուսաստանի հետ 2 խաղերը) եւ հնարավորություն ստացավ պայքարելու անցումային խաղի շանս տվող 2-րդ տեղի համար: Ավաղ, Իռլանդիայի հետ վճռորոշ խաղում Ռոման Բերեզովսկին ստացավ իր կարիերայի միակ կարմիր քարտը, իսկ մեր թիմը պարտվեց 1:2 հաշվով: Հայաստանի հավաքականը, այնուամենայնիվ, զբաղեցրեց 3-րդ տեղը, ինչն առայժմ համարվում է մեր ընտրանու լավագույն արդյունքը պաշտոնական մրցաշարերում: 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը կրկին մինչեւ վերջ պայքար մղեց եզրափակիչ ուղեգրի համար: Մեր ընտրանին հատկապես հաջող խաղաց մրցակիցների հարկի տակ, հաղթելով Չեխիային (2:1) ու Դանիային (4:0) եւ ոչ-ոքի խաղալով Իտալիայի հետ (2:2): Ավաղ, սեփական դաշտում նույնը անել չհաջողվեց, առավել եւս Հայաստանը պարտվեց խմբի ետնապահ Մալթային (0:1), որի արդյունքում գրավեց նախավերջին 5-րդ տեղը:

Հայաստանը կրկին կմասնակցի «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին

2016թ. Հայաստանն առաջին անգամ մասնակցել է «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին, որն իրականացնում է «Գազպրոմ» ընկերությունը երեխաների համար համաշխարհային սոցիալական ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, այս տարի եւս Հայաստանը կմասնակցի այդ ծրագրին:

Կազմակերպիչները փոխել են մասնակիցների ընտրության եւ մրցաշարի անցկացման կարգը: Եթե նախորդ տարի դրան մասնակցել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի/Ֆուտբոլի ակադեմիայի մանկապատանեկան թիմերից մեկը, ապա այս տարի ծրագրին կմասնակցի ընդամենը 1 ներկայացուցիչ՝ մինչեւ 12 տարեկան ֆուտբոլիստ:

Մրցաշարը կանցկացվի հունիսի 26-ից հուլիսի 3-ը, Սանկտ-Պետերբուրգում, ֆուտբոլի Կոնֆեդերացիայի գավաթի 2017թ խաղարկության օրերին: Դրան կմասնակցեն 8 թիմ, որոնք համալրված կլինեն տարբեր երկրների պատանի ֆուտբոլիստներով: Հայաստանի մասնակից հարձակվողը վիճակահանությամբ ընդգրկվել է վենեսուելացի հարձակվողի, իսլանդացի, պակիստանցի եւ սլովենացի պաշտպանների, հարավաֆրիկացի եւ հարավկորեացի կիսապաշտպանների եւ հնդիկ դարպասապահի հետ միեւնույն թիմում:

Նիկիտա Սիմոնյանը Մակլարենին զզվելի անձնավորություն է անվանել

Ռուսաստանի ֆուտբոլի միության 1-ին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը Հակադոպինգային միջազգային գործակալության ղեկավար Ռիչարդ Մակլարենին անվանել է զզվելի անձնավորություն: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, «Արարատ 73»-ի մարզիչը նշել է. «Բոլորին պարզ է, մտադիր են մեզանից առաջնությունը խլել: Կարծում եմ, պարոն Մակլարենը զզվելի անձնավորություն է: Առաջնությունն ամեն դեպքում պետք է անցկացվի Ռուսաստանում»,-ասել է նա: Աղբյուրը հիշեցնում է, որ Բելգիայի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ Ռուսաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները հետազոտվել են խթանիչների առկայությունը պարզելու համար: Խաղը կայացել է երեկ Սոչիում, ավարտվել է 3:3 հաշվով:

2018-ին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեմ Արևմուտքի կողմից պատրաստվող արշավի մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մակլարենի զեկույցի մի մասն է հրապարակվել, որը վերաբերում է 2016-ի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածին: Հիմնականում խոսվում է  այն մասին, որ Ռուսաստանում պետական ծրագրեր կան, որոնք աջակցում են դոպինգի ընդունմանը: Նշվել է, որ թեթևատլետներն ու ձմեռային մի քանի սպորտաձևերի մարզիկներ ընդունել են արգելված միջոցներ:

Հայ սամբիստները նվաճել են 5 մեդալ, 2-ը՝ ոսկե

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մարտի 23-ից 26-ն անցկացված սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարում հայ սամբիստներ, 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը (անձնական մարզիչ՝ Աղասի Գալստյան) եւ 62 կգ քաշային Սամվել Բադալյանը (անձնական մարզիչ՝ Սլավիկ Հարությունյան), գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը՝ նվաճել են ոսկե մեդալ:

Հայաստանը ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը (անձնական մարզիչ՝ Ազատ Անդրյան) զբաղեցրել է 2-րդ տեղը: Մեր մյուս մարզիկները՝ 52 կգ քաշային Ջոն Բալյանը (անձնական մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան) եւ 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Մարտին Միրզոյան), դարձել են հուշամրցաշարի բրոնզե մեդալակիրներ:

Նշենք, որ այս մրցաշարին Հայաստանը ներկայացել է 6 սամբիստներով: Մեր հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 3-րդ տեղը: Ընդհանուր հաշվարկով Հայաստանի սամբիստները Մոսկվայում նվաճել են 5 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե:

Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության հաղթողները

«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզադահլիճում ավարտվել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են 100 ըմբիշներ: Ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոններ են դարձել Աշոտ Մխիթարյանը (50 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ղազարյան), Նորայր Հախոյանը (55 կգ, անձնական մարզիչ՝ Արմեն Առաքելյան), Հրաչյա Պողոսյանը (60 կգ, անձնական մարզիչ՝ Վարդանես Թադևոսյան), Զավեն Միքաելյանը (66 կգ, անձնական մարզիչ՝ Սամվել Գեւորգյան), Մալխաս Ամոյանը (74 կգ, անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյան), Արսեն Սարգսյանը (84 կգ, անձնական մարզիչ՝ Ժորա Վարդանյան), Արթուր Մկոյանը (96 կգ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Գեւորգյան) եւ Դավիթ Օվասափյանը (120 կգ, անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան):

Առաջնության արդյունքներով ձեւավորված հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքականը հունիս-հուլիս ամիսներին կմասնակցի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

2 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից

Ռումինիայի Բրաիլա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 2 մեդալ: Կիսաեզրափակիչ փուլ մտած մեր 2 մարզիկները՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, պարտություն կրեցին եւ ավարտեցին իրենց ելույթները։ Նրանք գրավեցին 3-րդ տեղը եւ դարձան Եվրոպայի բրոնզե մեդալակիր։

Նշենք, որ այս առաջնությունում Հայաստանից հանդես եկան 7 մարզիկ։

Ուժային եռամարտում Սերգեյ Ասատուրովը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Դանիայի Տիսթեդ քաղաքում անցկացված պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) հավաքականի անդամ, 74 կգ քաշային Սերգեյ Ասատուրովը (անձնական մարզիչ՝ Գուրգեն Գրիգորյան) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Հայ մարզիկը սեղմում պառկած վարժությունում ցույց է տվել 162,5 կգ արդյունք՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին:

2017թ. ամռանը Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան կանցկացնի սեղմում պառկած վարժության, իսկ աշնանը՝ եռամարտի ՀՀ առաջնությունը: Առաջնությունների արդյունքների հիման վրա ձեւավորված հավաքականը Հայաստանը կներկայացնի միջազգային կարեւոր մրցաշարերում:

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը մեկնարկել է

Մեկնարկել է ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարը: 10-րդ հոբելյանական հուշամրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 800 մարզիկներ Երեւանից եւ ՀՀ մարզերից:

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, ողջունելով մասնակիցներին ու ներկաներին, շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետարանին եւ Մարգարյան ընտանիքին՝ ֆեդերացիային մշտապես աջակցելու, ինչպես նաեւ հուշամրցաշարի կազմակերպման ու անցկացման գործում ունեցած ներդրման համար: Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանն էլ նշել է, որ ֆեդերացիայի սաներից յուրաքանչյուրն այսօր առաջնորդվում է Անդրանիկ Մարգարյանի գաղափարախոսությամբ եւ նրա՝ սերունդներին փոխանցած պատգամներով, նկատելով, որ դրա մեջ առաջնայինն, անշուշտ, հայրենասիրությունն է:

Հուշամրցաշարի շրջանակում տեղի է ունեցել նաեւ սեւ գոտիների հանձնման հանդիսավոր արարողություն: Ֆեդերացիայի 29 մարզիկներ արժանացել են սեւ գոտի բարձրագույն պարգեւի: Այնուհետ Դուքենդո Ավան մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Արման Սարգսյանը՝ Կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Տոկիոյում ընթացող Կիոկուշին կարատեի 2017թ. աշխարհի առաջնությունում արցախցի մարզիկ Արման Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանը, արժանացել է բրոնզե մեդալի:

Նա հանդես է եկել 17-18 տարիքային խմբում 70-ից բարձր քաշային կարգում՝ մասնակցելով 3 մենամարտերի, որից 2-ում հաղթել է մրցակցին: Հայաստանի մյուս մասնակից Արթուր Առուշանյանը նույնպես լավ է հանդես եկել՝ 4 մենամարտերից հաղթելով 3-ը: Նա, սակայն, մրցանակային տեղ չի գրավել:

Միայն Անաստասիա Գալուստյանը մտավ եզրափակիչ փուլ

Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունը: Ֆինլանդիայի մայրաքաղաքում սառույցն առաջինը տրամադրվեց մենասահորդուհիներին: 37 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը: Հայ գեղասահորդուհին, կարճ ծրագրում վաստակեց 55.20 միավոր եւ տեղ ապահովեց եզրափակչում, որտեղ մարտի 31-ին, կամավոր ծրագրում հանդես կգան 24 լավագույնները:

Հիշեցնենք, որ Հոլանդիայում կայացած գեղասահքի «Չելենջ Գավաթ 2017» մրցաշարը, որին Հայաստանը կրկին ներկայացնում էր մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը։ Կարճ ծրագրում մեր մարզուհին գրավել էր 5-րդ հորիզոնականը, իսկ ազատ ծրագրում` գրավել էր 7-րդ տեղը։ Վերջնահաշվարկով 17-ամյա Անաստասիա Գալուստյանը գրավել էր 6-րդ տեղը։

Մենասահորդների 36 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում էր Սլավիկ Հայրապետյանը: Հայ գեղասահորդը կարճ ծրագրում հավաքել է 57,14 միավոր, ինչը չի բավարարել 24 լավագույնների հետ մտնել եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած գեղասահքի «Sofia Trophy 2017» միջազգային մրցաշարում. Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում 2-րդ արդյունքն էր ցույց տվել, իսկ ազատ ծրագրում եզրափակել է լավագույն եռյակը: Ընդհանուր հաշվարկում նա վաստակած 175,75 միավորով գրավել էր մրցանակային 3-րդ տեղը:

30 զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ երկյակը կարճ ծրագրում վաստակել է 51,39 միավոր: Արդյունքում զույգը տեղ չի զբաղեցրել 20 լավագույնների մեջ եւ եզրափակիչ չի անցել:

Վլադիմիր Հակոբյանը պարտվեց եւ մնաց առանց մրցանակի  

ԱՄԷ Շարժա քաղաքում ավարտվեց «Շարժա Մասթերս» շախմատային խոշոր մրցաշարը: Վերջին փուլում մեր գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթեց հնդիկ շախմատիստ Ռահմանին եւ 6,5 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը: Վլադիմիր Հակոբյանը, ով մրցաշարի ընթացքում ընթանում էր առաջատարների խմբում, ցավալի պարտություն կրեց հնդիկ Սեթուրամանից եւ նահանջեց 21-րդ հորիզոնական՝ վաստակելով 6 միավոր: Մրցաշարում Հայաստանի 3-րդ պատվիրակը, 12-ամյա Էդուարդ Հակոբյանը, ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Վլադիմիր Լազարեւի հետ: Վլադիմիր Հակոբյանի որդին 5 միավորով գրավեց 80-րդ տեղը եւ 107 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:

«Շարժա Մասթերս»-ի անդրանիկ մրցաշարում հաղթեց չինացի Վան Հաոն, ով լրացուցիչ հաշվարկով առաջ անցավ 7-ական միավոր ունեցող մյուս 5 շախմատիստներից

Տաթեւ Աբրահամյանը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ-ի առաջնությունում

Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած ԱՄՆ-ի առաջնությունում հանդես են գալիս նաեւ մեր 2 հայրենակիցները:

Կանանց մրցաշարում չեմպիոնի կոչման համար պայքարում են 12 շախմատիստուհի: Նրանցից մեկը հայազգի Տաթեւ Աբրահամյանն է, որը 2016թ. առաջնության փոխչեմպիոնն է: Մրցաշարի 1-ին փուլում նա հաղթել է Ապուրվա Վիրկուդին: 2-րդում Տաթեւ Աբրահամյանը սեւերով կհանդիպի Կարիսա Յիպի հետ, ով պարտվել է մեկնարկային խաղյում:

Տղամարդկանց առաջնությունը հավաքել է բավական հզոր կազմ, հանձինս ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման 2-րդ, 3-րդ եւ 6-րդ համարների` Ուեսլին Սոն, Ֆաբիանո Կարուանան եւ Հիկարու Նակամուրան: Նրանց մրցակցներից մեկը մեր հայրենակից Վարուժան Հակոբյանն է, ով առաջին փուլում ոչ-ոքի է խաղացել Ջեֆրի Ցզյունի հետ: Նա ուժերը կչափի արդեն փորձառու Գատա Կամսկու հետ, ով նույնպես կես միավոր ունի:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։