Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից (Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն)… Պետպատվերի այսօրվա գործող կրթական համակարգն արատավոր է… Նախադպրոցական հաստատությունների 35%-ը չունի ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված դահլիճ… Երեւանը ճանաչվել է Հարավային Կովկասում բնակվելու համար լավագույն քաղաքը… Դեյվիդ ՄըՔենզին առաջարկել է Հայաստանում Կինոյի եւ հեռուստատեսության դպրոց հիմնել… Ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն… Ծառատունկ՝ ուղղված Հայաստանի էկոհամակարգի պահպանմանը…

Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից

Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է ճանաչվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը նշել է, որ կոչումը Բյուրականի աստղադիտարանը կպահպանի մինչեւ 2021թ.: «Միջազգային աստղագիտական կենտրոնի որոշմամբ՝ Հայաստանն ընտրվեց որպես տարածաշրջանում գլխավոր երկիր՝ լինելով զարգացման մակարդակով ամենաբարձրն ու ամենահամապատասխանը»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը, ցավոք, Հայաստանը դիտարկում է որպես պատերազմական երկիր, իսկ նման երկրների հետ հաճախ խուսափում են համագործակցել, ուստի նման կոչմանն արժանանալն, իսկապես, մեծ ձեռքբերում է:

Աստղագետը նշեց, որ տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալու հավակնություններ ուներ նաեւ Թուրքիան, սակայն ընտրվեց Հայաստանը: Պարոն Միքայելյանը հավելեց, որ մինչ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն համարվելը, Բյուրականը աչքի է ընկել իր գործունեությամբ:

«Զավեշտալի է, բայց լինելով փոքր գյուղ, Բյուրականը հայտնվել է աշխարհի այն տասը խոշոր քաղաքների ցանկում, որտեղ ամենաշատն են անցկացվել աստղագիտական պաշտոնական եւ միջազգային համաժողովներ»:

Ի դեպ, վերջին 2 ամսում Բյուրականի աստղադիտարանը աստղային նոր օբյեկտներ՝ գալակտիկաներ է հայտնաբերել:

Պետպատվերի այսօրվա գործող համակարգն արատավոր է

Չգիտես ինչու շատ ծրագրեր սկսում են «ի հայտ գալ» նախընտրական գործընթացներում, հետո կարճ ժամանակ անց նորից անեանում են… Ցավալի է, բայց այդպես է: Նաեւ մի խնդիր կա, մարդիկ անգամ լավ ծրագրերին չեն ուշադրությունդարձնում, քանի որ ներկայացնողը հավատ չի ներշնչում այլեւս: Բայց փորձենք ներկայացնել նախընտրական առաջարկներից մեկը, վերոնշյալ հավատ չներշնչող մի քաղաքական ուժի ղեկավարի կողմից…

«Կրթության համակարգում, հատկապես բուհական, կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի 1-ջին համարը զբաղեցնող Արթուր Բաղդասարյանը՝ ներկայացնելով իրենց ծրագրի՝ երիտասարդությանը, կրթությանը վերաբերող դրույթները:

Նրա խոսքով, այսօր հազարավոր երիտասարդներ չեն կարողանում վճարել կրթության համար. «Մենք մեր ծրագրում առաջ ենք հաշել հստակ թեզ. եթե երիտասարդը սովորում է լավ, պետք է սովորի անվճար, եթե երիտասարդը սոցիալական դժվարություններ ունի ընտանիքը սոցիալական դրությամբ պայմանավորված, պետությունը պարտավոր է նրա համար երաշխավորի բարձրագույն, միջին մասնագիտական կրթության ստացումը: Ինչպե՞ս: Պետական բյուջեից 12 միլիարդ դրամ  հատկացվում է բաձրագույն կրթությանը, մի մասն իբրեւ պետպատվեր: Պետպատվերի այսօրվա գործող համակարգն արատավոր է, պետք է բարեփոխել, հասցեական,  գումային սերտեֆիկատներ  հատկացվի սոցիալական անապահով ընտանիքներին»:  

Արթուր Բաղդասարյանը կարեւորեց նաեւ կրթությանից հետո փուլը, այսինքն պետք է կրթության եւ աշխատանքային շուկայի միջեւ սերտ կապ ապահովել, երկրի բոլոր մարզերում ստեղծել կարիերայի կենտրոններ: «Մենք պետք է բարձրագույն կրթությունը մոտիվացնենք եւ ապահովենք, որպեսզի երաշխավորված, կրթության ավարտից հետո երիտասարդն ունենա աշխատանք: Սա պետության խնդիրն է, որը Հայաստանում պատշաճ մակարդակով չենք իրականացնում»,- ասել է նա:

Նախադպրոցական հաստատությունների 35%-ը չունի ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված դահլիճ

Ելնելով ՀՀ կառավարության կողմից հաստատված «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի» պահանջներից` առողջապահության նախարարությունն ուսումնասիրել է հանրապետության 503 նախադպրոցական հաստատություններում ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված տարածքների պայմանները և սարքավորումներով հագեցվածությունը:

ԱՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 95 եւ ավելի տեղ ունեցող նախադպրոցական հաստատությունների 35%-ը չունի ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված  դահլիճ։ Առկա մարզադահլիճների մի մասն էլ կապիտալ վերանորոգման կարիք ունի։

Այցելությունների ընթացքում մասնագետները նախադպրոցական հաստատությունների ղեկավարներին ծանոթացրել են ֆիզիկական դաստիարակության կազմակերպման միջազգային մոտեցումներին։ Մասնավորապես, ներկայացվել է, որ Առողջապահական համաշխարահային կազմակերպության տվյալներով ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման հիմնական պատճառներից մեկն էլ ֆիզիկական ցածր ակտիվությունն է:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան առաջարկներով ներկայացվել են շահագրգիռ գերատեսչություններին։

Երեւանը ճանաչվել է Հարավային Կովկասում բնակվելու համար լավագույն քաղաքը

Հայաստանի մայրաքաղաք Երևանը ճանաչվել է Հարավային Կովկասում բնակվելու համար լավագույն քաղաքը։ Այս մասին վկայում են «Mercer» միջազգային կազմակերպության հետազոտությունների արդյունքները։

Այսպես, աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշային ցուցակում Երևանը զբաղեցրել է 172-րդ տեղը։ Հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին 187-րդ տեղում է, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն՝ 196-րդ։

ԱՊՀ երկրներից Հայաստանին շրջանցում է միայն ՌԴ մայրաքաղաք Մոսկվան, որը վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 168-րդ հորիզոնականը։ Կիեւն ու Սանկտ Պետերբուգը համապատասխանաբար 174-րդ և 176-րդ տեղերում են։

Աշխարհի լավագույն քաղաքների հնգյակում են հայտնվել Վիեննան, Ցյուրիխը, Օքլենդը, Մյունխենը եւ Վանկուվերը։

Աշխարհի ամենավատ քաղաքներ են ճանաչվել Բաղդադը, Բանգին եւ Սանան։

Դեյվիդ ՄըՔենզին առաջարկել է Հայաստանում Կինոյի եւ հեռուստատեսության դպրոց հիմնել

Ծարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում հայտնել է, որ Հայաստանում Կինոյի եւ հեռուստատեսության դպրոց հիմնելու առաջարկություն է ստացվել միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր եւ սցենարիստ Դեյվիդ ՄըՔենզիից:

Ըստ այդ առաջարկության՝ համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր կառույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք եւ սարքավորումներ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից։ Դեյվիդ ՄըՔենզին նախատեսում է մինչեւ 5 միլիոն դոլար ներդրում անել:

«Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկությունն ու պատասխանել եւ հրավիրել իրեն՝ բանակցելու նպատակով»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն

Այսօր ամբողջ աշխարհում տոնում են Թատրոնի միջազգային օրը: Այն նշվում է 1961թ.-ից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց Թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա տարածվել է ամբողջ աշխարհում: Այնուհետև տոնը դառնում է ավանդական ու նշվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ուղերձ է հղել օրվա առիթով. «Ամեն տարի անհամբեր բոլորս սպասում ենք Թատրոնի միջազգային օրվան: Այն մեզ համար վերածվել է մասնագիտական տոնի, հրաշալի առիթի, երբ իրար շնորհավորելու, բարեմաղթանքներ հղելու, ինչու ոչ, շնորհավորանքներ ընդունելու պատեհությունն է ներկայանում:

Ցավոք սրտի, մեր երկրի տոնացույցերի ցանկում կարմիրով նշված չէ Թատրոնի օրը, բայց մենք գիտենք, որ ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն, որ մեր գոյության ու ազգային ինքնության պահպանման ճանապարհին հենց թատրոնն է խաղում կարևորագույն դերերից մեկը, նպաստում ազգ-պետություն կապի ամրապնդմանը:

Մեզ համար թատրոնը նաեւ մեկ այլ արժեք ունի՝ սեփական կարողությունները բացահայտելու հնարավորություն եւ միջոց: Ու մենք բոլորս, անկախ դժվարություններից, սոցիալական բարդ ու երբեմն անհաղթահարելի թվացող խնդիրների գերակայությունից, առաջ ենք տանում մեր նվիրումը, հավատը, սերը, փորձում ենք շաղկապել երեկն ու այսօրը՝ ճանապարհ բացելով դեպի վաղվա օր: Թող մեր տոնը բոլորիս խնդություն պարգևի: Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը»:

Նշենք, այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված է հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին:

Տվեք ինձ թատրոն, եւ ես կունենամ գալիքին երազկոտ, ուրեմն նաեւ՝ ստեղծագործողի աչքերով նայող հասարակություն. Արմեն Ամիրյանի ուղերձը Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը (World Theatre Day): Այն հիմնադրվել է 1961թ., Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX կոնգրեսի ժամանակ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կապակցությամբ ուղերձ է հղել. «Թատրոնի սիրելի՛ մարդիկ՝ առանց որոնց անհամ ու անհրապույր կլիներ աշխարհը, շնորհավո՛ր Թատրոնի միջազգային օրը: Ուրախ եմ, որ այս շնորհավորանքս հաջորդում է նորածին այն մեծ հույսերին, որպիսիք արթնացրին մեր նախաձեռնած «Մշակութային կանգառի» հյուրախաղերը: Լեփ-լեցուն մարզային դահլիճներ, որոնցում շատերը երբեմն ոտքի վրա կամ աստիճաններին նստած են դիտում ներկայացումները, հոտնկայս ծափահարություններ եւ հանդիսատեսի հոսք դեպի կուլիսներ՝ շնորհակալություն հայտնելու: Սա նշանակում է, որ թատրոնը չի մեռնում, եւ եթե շատ ենք ուզում, կարողանում ենք վերադարձնել դահլիճները լքած հանդիսատեսին:

Նաեւ ուզում եմ ասել՝ տվեք ինձ թատրոն, եւ ես կունենամ գալիքին երազկոտ, ուրեմն նաեւ՝ ստեղծագործողի աչքերով նայող հասարակություն: Շնորհավո՛ր, սիրելիներս, եւ շնորհակալություն, որ դուք կաք, որ դուք Ձեր ուսերին պահում եք Թատրոնը՝ մեր երևակայության, մեր երազանքների տունը»:

Ծառատունկ՝ ուղղված Հայաստանի էկոհամակարգի պահպանմանը

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, անտառների եւ ծառերի միջազգային օրվա շրջանակներում, ծառատունկ են իրականացրել Ուրցաձորում։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ գործընկեր կառույցների աշխատակիցների ջանքերով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) հիմնական տնկադաշտը համալրվել է ծիրանենու եւ սալորենու մի քանի հարյուր տնկիով։

ԿԿԱ տնկարանային տնտեսությունը հիմնվել է Վայրի բնության եւ մշակության արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ԱՄՆ Անտառային ծառայության Միջազգային ծրագրերի համագործակցության շրջանակում: Լայնածավալ սերմնահավաքի շնորհիվ, դեռեւս նախորդ տարի ստեղծվել է սերմնային բանկը, ինչը կենսաբազմազանության պահպանության գործում բազային կարևոր ռեսուրս է։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է սերմնաբուսակների արտադրության նորարարական տեխնոլոգիաների փորձարկմամբ՝ տարեկան 5000 տեղական եւ տարածաշրջանային ծագման ծառ տնկել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածքում։ Այնպիսի ծառատեսակները, ինչպիսիք են՝ նշենին, խնձորենին, բալենին, սալորենին, տանձենին, գերիմաստին եւ այլն, սննդի անփոխարինելի աղբյուր են ԿԿԱ տարածքում հանդիպող որոշ կենդանիների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-FPWC համագործակցությամբ վերսկսվել է ԿԿԱ տնկարանային տնտեսության ծրագրի նոր, լայնամասշտաբ փուլը։ Գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող մի շարք ծրագրեր միտված են ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ ու կիրառմամբ՝ Հայաստանի էկոհամակարգի պահպանմանն ու համայնքային զարգացմանը: Ծառատունկին մասնակցել են  FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, FPWC «Արեւորդի» էկոկրթական նախագծի մասնակից պատանիները:

«Բնության հետ հարկավոր է համերաշխ ապրել: Եթե այսօր մենք անտարբերության մատնենք խնդիրները, վաղը դրանց հետևանքները կարող են զգալ մեր երեխաները: Այն, ինչ անում ենք՝ կարեւոր է էկոհամակարգի պահպանման համար: Գործընկեր կազմակերպության հետ, տարիներ շարունակ ձգտում ենք առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ: Դրա հիմքում հետևյալ տրամաբանությունն է. առողջ միջավայրն ու վաղվա կյանքի որակը մեր ձեռքերում են»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Տարեկան 5,000 ծառերի տնկումը կենսաբազմազանության պահպանության ծրագրի մեկնարկն է միայն։ Հուսով ենք, որ առաջիկայում ծառերի թվաքանակը ավելացնելու հնարավորություն կունենանք։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունների հիմքը միջազգային փորձն ու նորարարությունն է։ Մենք փորձարկել եւ արդեն հաջողությամբ օգտագործում ենք նորագույն համակարգեր՝ հիդրոգել ջրի կուտակիչ պոլիմերային նյութ, ոռոգման կաթիլային եւ խորը արմատային ջրման համակարգ, որոնք ոչ միայն երաշխավորում են դրական արդյունքը, այլեւ՝ նպաստում բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը»,- ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

Դեռեւս 2016թ.-ի գարնանը, Հայաստանում առաջին անգամ պերմակուլտուրայի ու ագրոանտառաբուծության մեթոդների կիրառմամբ ԿԿԱ-ում ստեղծվել է ուտելի անտառ։ Հարեւանությամբ էլ ստեղծվել է անտառայգի, որտեղ մինչեւ տարեվերջ նախատեսվում է տնկել տեղական-տարածաշրջանային ծագմամբ այնպիսի ծառատեսակներ, որոնք բնորոշ են տարածքին եւ հարմարեցված՝ բնակլիմայանական պայմաններին: Դա բարձր արտադրողականության ցուցանիշի գրավական է։ Ծառատունկին զուգահեռ իրականացվել է նաեւ հողի բնական՝ գոմաղբով պարարտացում։

Տարածքում ջրային ռեսուրսների սակավությունը հաշվի առնելով՝ անտառայգում կիրառվում է ոռոգման ժամանակակից՝ խորը արմատային ոռոգման համակարգ։ Այս մեթոդի առավելությունն այն է, որ ոռոգիչ ձողի միջոցով ողողվում է ոչ թե հողի վերին շերտը, այլ անմիջապես արմատաբնակ մասը՝ նվազեցնելով գոլորշիացումը եւ ջրի կորուստը:

Անտառայգիներն ունեն բնական էկոհամակարգերի կառուցվածք եւ իրականացնում են նույն գործառույթները, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել վերահսկելի արտադրողականությամբ՝ բնականին մոտ միջավայր: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախաձեռությամբ ամեն տարի մարտի 21-ին նշվում է Անտառների եւ ծառերի միջազգային օրը։ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեկան հատվում է 13 միլիոն հեկտար անտառ: Թեեւ անտառները  մոլորակի 1,6 միլիարդ բնակչության ապրուստի հիմնական միջոցն են՝ դրանք անխնա ոչնչացվում են։ Անտառահատումներին բաժին է հասնում  ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 12-20%-ը, որոնք էլ նպաստում են գլոբալ տաքացմանը:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։