Ի գիտություն ՄԻՊ-ին եւ պետական իրավապահ մարմիններին.- 1 – Նախընտրական քարոզչությունը չի կարող արդարացնել երեխաների իրավունքների ոտնահարումը… ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցների տնօրենների աղմկահարույց ձայնագրությունները – Հարց է՝ ով ում դեմ պիտի բողոքի…

ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցների տնօրենների ձայնագրությունները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության  «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը: Ուսումնասիրվել են նաեւ այն ձայնագրությունները, որոնք կազմակերպության պնդմամբ՝ արտացոլում են հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսային խոսակցությունները:

ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հայտարարությունում ասված է. «Անհանգստացնող է, որ քաղաքացիական հասարակության կառույցի հրապարակած ուսումնասիրությունը եւ ձայնագրությունները վերաբերում են հանրակրթական հաստատություններին ու դրանց տնօրեններին: Այս հանգամանքը հատկապես կարեւոր է այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում ընթանում է կարեւորագույն ժողովրդավարական գործընթաց, որի նկատմամբ հանրային վսհատությունն ունի հիմնարար նշանակություն: Սա առաջնահերթ նշանակում է, որ այդ բոլոր տվյալները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակում՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում: Այդ ընթացակարգը պետք է լինի թափանցիկ, իսկ արդյունքը՝ հրապարակային: Հատկապես հաշվի առնելով, որ հարցն առնչվում է դպրոցներին եւ մանկապարտեզներին՝ բոլոր գնահատականները պետք է հիմնված լինեն արդյունքի վրա:  

Այս առումով, կարեւոր է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նախաձեռնումը: Հարուցված վարույթի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկություններ ստանալու պահանջով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ հարցում է ուղարկվել ԿԸՀ: ՄԻՊ-ի կողմից ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հաղորդումն այն մասին, որ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակումն ու ձայնագրությունները: Դատախազություն նույնպես կուղարկվի հարցում՝ կապված քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման հետ: Իրավասու մարմինների կողմից ստուգման ընթացակարգերի իրականացումն ապահովելու նկատմամբ ցուցաբերվելու է հետեւողականություն՝ օրենքով Պաշտպանին վերապահված կարգավիճակի շրջանակում»:

Հարց է՝ ով ում դեմ պիտի բողոքի

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը հորդորեց սպասել իրավական գնահատականին՝ կապված դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հետ: Ի դեպ, նա հրաժարվեց տեղի ունեցածին գնահատական տալուց իբրեւ ԿԳ նախկին նախարար՝ պատճառաբանելով, թե պաշտոնանկությունից հետո կրթության ոլորտին, որպես նախկին նախարար, չի անդրադառնում: Փոխարենը՝ իրավական եւ քաղաքական գնահատականներ հնչեցրեց մարտի 28-ի ասուլիսի ընթացքում:

«Ակնհայտ է, որ այդ ձայնագրություններով զբաղվում են տարբեր պատկան մարմիններ, տեսանք՝ ԿԳ նախարարությունն է զբաղվում, դատախազության արձագանքը եղավ, որ միայն մեկ ձայնագրության պահով  կա, համոզված եմ՝ կլինի ԿԸՀ-ից արձագանք: Եկեք հասկանանք, որ իրավական պետություն կառուցելու ճանապարհին հանրային գնահատական պետք է տալ բացառապես, եթե դրա համար կան իրավական հիմքեր, եթե խնդիրն իրականում արդարության մեջ է, եւ այդ տեսանկյունից ես կհորդորեի մարդկանց, ովքեր ցանկանում են պիտակներ կպցնել, սպասել իրավական գնահատականին»,- ասել է Արմեն Աշոտյանը: Բացի այդ, ըստ նրա, կան ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական, ինչպես նաեւ ՀՎԿ-ական դպրոցի տնօրեններ, սակայն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դա արել է միայն ՀՀԿ-ական տնօրենների պարագայում, եւ այդ ամենն արվել է ՀՀԿ-ին սեւացնելու նպատակով:

«Եթե տվյալ տնօրենները իրականացրել են ոչ աշխատանքային ժամին, ապա այստեղ խախտման մասին խոսք չկա: Ընտրողների ցուցակներ հավաքում են բոլոր քաղաքական ուժերը, եթե չեն անում, ապա վատ՝ իրենց համար»,- հայտնել է ՀՀԿ փոխնախագահը: Նա միաժամանակ հավելել է, որ պետք է ապացուցվի՝ արդյոք տնօրենները ցուցակագրմամբ զբաղվել են աշխատանքային ժամի՞ն, թե՞ ոչ: Նա լսել է տասնյակ ձայնագրություններ եւ կարող է փաստել, որ դրանց մեծ մասում օրենքի խախտում չկա: Նշվել է, որ դիտորդ մարմինը եւ բոլորը մեծ աղմուկ են բարձրացրել, որպեսզի հակաքարոզչություն անեն:

Ի դեպ, ՀՀԿ-ական գործիչը ակնարկել է, թե չի բացառվում, որ վերոհիշյալ ՀԿ-ն զրկվի ընտրություններում դիտորդական առաքելությունից:

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։