Խորհրդարանական երկրի տեսլականը ինչպես որ է – Երբ բոլորը խոստանում են պետության հաշվին… Շարունակում ենք մեր հոդվածաշարը – անդրադարձել ենք ոլորտ առ ոլորտ՝ թե որ կուսակցությունն ու դաշինքը ինչ քայլերն են նախաձեռնելու ԱԺ-ում հայտնվելու պարագայում…

Սկիզբը՝ թիվ 9-11-ում

Վաղը լռության օր է:

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություն է: Այն օրվանից, երբ որոշվեց երկիրը խորհրդարանական կառավարման հունով տանել, գրեթե ամեն օր ասում եմ, որ մեր երկրի պարագայում դա քաոսի է բերելու: Անկեղծ ասած՝ նաեւ վախ ունեմ, ինչին նպաստեցին մեր քաղաքական ուժերի ամբոխահաճ նախընտրական զվարճահանդեսները:

Ինչեւէ, չկրկնվելու համար շարունակենք մեր հոդվածաշարը (այս ամբողջ ամսվա ընթացքում մենք ոլորտ առ ոլորտ (հիմնականում՝ տնտեսություն եւ արտաքին քաղաքականություն) անդրադարձել ենք, թե որ կուսակցությունն ու դաշինքը ինչ քայլերն են նախաձեռնելու ԱԺ-ում հայտնվելու պարագայում):

Երբ Հայաստանը ավիացիայի բնագավառում բաց երկնքի քաղաքականություն հայտարարեց, շատերն էին հրճվանք ապրում՝ մոտավորապես այն մտայնությամբ, թե բացի ամեն ինչը լավ է: Հա ասացինք, որ երկինքը կնոջ հետ չշփոթեն, եւ որ եթե ամեն ինչի բացը գների իջեցում է ենթադրում, ապա բացասական հետեւանքներն էլ պիտի հաշվի առնեք:

Չէ որ չէ, ուզեցին երկինքը բացվի ու բացվի: Քչերը կոկորդ պատռեցին, թե բացին էլ չափ ու սահման կա, շատ որ բացվեց, զրկելու է մեզ մեր սեփական ունեցվածքից: Լսող չեղավ, բացվածքի հեռանկարը խելքահան էր արել բոլորին: Քիչ չանցած՝ բացվածքն այնքան ճողվեց, որ խորհրդավորությունը փախավ: Մինչեւ գլխի ընկան, հայկական ավիացիան չկար, առաջվա նման չէր: 

Հիմա նայում եմ նախընտրական ծրագրերը ու, պարզվում է, բաց երկնքի զարգացում ու հայկական ավիացիայի վերածնունդ են խոստանում: Էս փանջունիականության վերջը ե՞րբ է գալու, չգիտեմ, ե՞րբ ենք հասկանալու խնդիրը կանխարգելելու՛, այլ ոչ թե խնդիր ստեղծելու ու հետո լուծել մտածելու մասին…

Նախընտրական ուժերը է՛լ հարկերի իջեցում ու հարկային համաներում խոստացան, է՛լ վարկերի տոկոսադրույքների նվազեցում, է՛լ ստվերը սպիտակ դաշտ բերեցին, է՛լ կոռուպցիան վերացրեցին, է՛լ հանքերն աշխատեցնելով բնությանը ձեռք չտվեցին, է՛լ Արցախի հարցը «լուծեցին» (եթե կարելի է, իհարկե, նրանց «առաջարկը» լուծում համարել, այս դեպքում՝ բացառությամբ ՀՅԴ-ի): Բոլորի ձեռքին մի-մի կախարդական փայտիկ. խփում են ու լինում է: Ոչ մի աշխատանք, ոչ մի ջանք ու քայլ: Այդպես էլ չասացին, որ հարկերն իջեցնում են, աշխատավարձն ինչպե՞ս են բարձրացնում:

Կամ՝ այդ ի՜նչ ստվեր է, որի տեղն իրենք գիտեն:

Կամ՝ ինչպե՜ս են վերացնելու կոռուպցիան, այդ ո՜ր երկրի փորձն են ուսումնասիրել:

Կամ՝ այդ ինչպե՜ս են բնությունն անարատ պահելու եւ հանքարդյունաբերություն զարգացնելու:

Չէ, այնպես չէ, որ դրա ձեւը չկա աշխարհում: Բայց իրե՞նց ձեւը որն է:

Կամ՝ էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքները պետք է-ով չեն զարգացնում, իրե՞նք ինչ են անելու դրա համար: Հիմնականում գիտե՞ք ինչ են ասում. պետությունը պետք է այս անի, այն անի, կամ՝ պետության փութաջան մասնակցությամբ պետք է այս ու այն արվի, պետք է մասնակցենք տարածաշրջանային ծրագրերին: Բոլորն են այս տողերն ասում: Մեկը չկա, որ ասի՝ այս քայլը կանեմ, որից հետո Հայաստանը կկարողանա մասնակցել այս ու այն ծրագրին: Թե չէ պետության մասնակցությամբ ով ինչ ասես կարող է անել:

Սա ընդհանրական բնութագիր է, առանձին տրամաբանական նախադասություններ, իրատեսական քայլեր տարբեր քաղաքական ուժերի մոտ կան:

Քաղաքական ուժ էլ կա, որ մեր բոլոր խնդիրների լուծման բանալին տեսնում է Թուրքիայի ոտքն ընկնելը: Միայն թե մինչեւ վերջ չի անկեղծանում եւ չի ասում, որ դրանից հետո էլ խաղաղություն չի լինելու: Ու սա՝ մեղմ ասած:

Պատերազմ էլ չի լինելու: Լինելու է այն, ինչ մեր պատմության շատ էջերում է եղել խաղաղության այդօրինակ քարոզներից հետո՝ խաղաղության, հպարտության, ազգային արժանապատվության, լինելության կորուստ:

Դարձյալ ստույգ ասեմ, այս ուժը իբրեւ քաղաքական դաշինք գրանցված է Կոնգրես-ՀԺԿ, բայց իրականում չկա ոչ դաշինք, ոչ ուժ, կա Լեւոն Տեր-Պետրոսյան, որ ծրագիրը պիտի ավարտին հասցնի: Իսկ Ստեփան Դեմիրճյանը պարզապես Կարեն Դեմիրճյանի տղան է եւ՝ վերջ:

Ի դեպ, ինձ լեւոնամերձ հնարավոր քարկոծողներին ասեմ, որ իմ խոսքերում պաթոս չփնտրեն: Ես դրանով ընդհանրապես աչքի չեմ ընկել երբեւիցե:

 Ու ամենայն անկեղծությամբ ինձ մի հարց է հուզում. ինչու՞ է քաղաքական այս ուժը խաղաղության քարոզչությամբ զբաղվում:

Մե՞նք ենք պատերազմ հրահրողը:

Կոնգրես-ՀԺԿ-ի քարոզչական տեսանյութերից մեկում աղջնակը փամփուշտները խորը թաղում է, սա խաղաղությա՞ն քարոզ է, թե՞ անմեղսունակության: Այդ քարոզը պիտի տարվեր այն երկրում, որը հրահրում է պատերազմ: Ադրբեջանի գործը ինչու՞ է անում այս ուժը:

Այդ տեսանյութից հետո այն համոզման եկա, որ այդ դաշինքը հայ ժողովրդի համար այսօր անում է մի բան, ինչ մեր պատմության ընթացքում շատ հաճախ կղերականներն են արել՝ հնազանդության, ստրկամտության, հոգով ու մարմնով աղքատ ապրելու հոգեբանության դաջում: Սա կեղտոտ գործելաոճ է, որ հեռահար է՛լ ավելի կեղտոտ նպատակներ ունի: Ու ավելի զարհուրելի է, որ այդ նպատակով բառիս բուն իմաստով գործածում են ազատամարտիկների: Մարդկանց, ովքեր (որոշները) քաղաքականությունից կիլոմետրերով հեռու են եւ «խաղաղություն» եզրույթը տառացի են ընկալել՝ առանց, կրկնում եմ, իրական նպատակը տեսնելու:

Շարունակելն իրոք անիմաստ է, քանզի դրանից ոչ մեկի քարոզներն էլ չեն փոխվի:

Հիմա երբ պատկերացնում եմ, թե ինչպիսին կարող է լինել մեր ապագա խորհրդարանի գունապնակը, ինչպե՞ս չանհանգստանամ: Ապրիլի 2-ից հետո կերեւա՝ ինչն ինչոց է:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։