Ընտրություններ՝ խիստ հսկող հայացքների ներքո – ԵԽ եւ ԱՊՀ դիտորդները ուսումնասիրում են ու առաջարկում… (ԵԽԽՎ 22 հոգանոց պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ դիտարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները՝ ԵԱՀԿ ԽՎ, ԵԽ եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ միասին)…

«Եվրամիությունը հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո՝ աջակցելու տեխնիկական սարքավորումներով հագեցմանը»,- հայտնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքերով՝ հայ ընտրողը պետք է վստահի նոր ընտրություններին եւ նոր տեխնոլոգիաներին. «Եվրամիությունը եւ Հայաստանում ներկայացված նրա անդամ պետությունները շատ ուշադիր հետեւում են քարոզարշավը, բոլոր իրավախախտումների նշաններին եւ ոչ պատշաճ վարքագծին»:

ԵԽԽՎ 22 հոգանոց պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ դիտարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ միասին։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն է Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի Պասկիեն։ Պատվիրակությունը կհանդիպի ԿԸՀ-ի նախագահի, արդարադատության նախարարի, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաեւ ՀԿ-ների ու ԶԼՄ-ների հետ։

ԱՊՀ դիտորդական առաքելությունը միջանկյալ զեկույց է հրապարակել նախընտրական քարոզարշավի մասինլ, որում նշված է, որ ՀՀ-խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին քարոզարշավի հավասար հնարավորություն է ընձեռվել։ Զեկույցի համաձայն՝ արդի տեխնոլոգիաների օգտագործումն ուղղված է կանխելու կրկնաքվեարկությունները, ուրիշի փոխարեն ընտրություն կատարելը։  

Զեկույցում նաեւ նշվում է, Խորհրդարանական  ընտրությունների մասնակիցներին  հավասար հնարավորություն է ընձեռվել քարոզարշավի համար։ Այն ընթանում է ազատ՝ թույլ տալով մասնակիցներին բացահայտ կերպով մեկնաբանել քաղաքական տեսակետները եւ գնահատականները, ընտրողներին ծանոթացնել նախընտրական ծրագրերի հետ։ Դիտորդական առաքելությունը նաեւ նշում է, որ ընտրական նոր օրենսգքրի ընդունումը ուղղված է ընտրահամակարգի կատարելագործմանը, նաեւ արդար քաղաքական մրցակցության ապահովման հավելյալ երաշխքիներին, քաղաքական կուսակցությունների գործունեության ակտիվացմանն ու ընտրական գործընթացներին մասնակցությանը:

Զեկույցի համաձայն նախընտրական պայքարին մասնակից քաղաքական ուժերը ակտիվ քարոզարշավ են անցկացնում: Քարոզարշավն առնանձնանում է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությամբ: ԱՊՀ երկրների դիտորդները ներկա են գտնվել քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքներին: «Քարոզարշավն ընդհանուր առմամբ ընթանում է գործող օրենքի շրջանակներում»,- նշված է զեկույցում:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետում հրապարակվել են ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական եւ լրացուցիչ ցուցակները: Դրանք տեղադրված են ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

«Եթե նույնսիկ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պասիվ են, ապա հեռուստաընկերություններն ընկնում են քաղաքական ուժերի հետեւից, որպեսզի պահպանեն հավասարությունը: Դա նկատելի է բոլոր հեռուստաընկերությունների պարագայում, դրական երեւույթ է»,- ներկայացնելով հեռարձակվող լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքները, ասել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Մոնիտորինգի խումբը՝ ԵԽ-ի ու ԵՄ-ի համատեղ ծրագրի շրջանակում ուսումնասիրել է միայն հեռարձակվող լրատվամիջոցները, որոնց վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ են գործում: Նախապես պլանավորել են հեռարձակվող 10 լրատվամիջոցների մշտադիտարկում, սակայն ԵԱՀԿ ծրագրերի սառեցման հետեւանքով դրանց թիվը կրճատվել է՝ դառնալով 5: Մոնիտորինգը կատարել են 2 ժամանակահատվածի համար՝ փետրվարի 15-ից մարտի 4-ը եւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի 2 շաբաթները:

«Օրենսդրական որեւէ կարգավորում առաջին ժամանակահատվածի համար բալանսավորված լուսաբանման համար չկա, սակայն քաղաքացիների ընտրության վրա կարող են ազդեցություն ունենալ նաեւ այդ ընթացքում արված լուսաբանումները: Մենք առաջարկել ենք, որ կարգավորումները տարածվեն նաև այդ ժամանակաշրջանի վրա, սակայն չեն ընդունել»,- ասել է Բորիս Նավասարդյանը: Նրա կարծիքով, 27 օրը բավարար չէ բալանսավորված տեղեկատվություն ապահովելու համար: Ապրիլի 4-ին կներկայացվեն մշտադիտարկման վերջնական արդյունքները:

Մոնիտորինգի ընթացքում մեթոդաբանության առումով որոշակի դժվարություններ եղել են վարչապետ Կարեն Կարապետյանի լուսաբանման հետ: «Առաջին անգամ ընտրությունների պատմության մեջ ՀՀԿ-ական բարձր պաշտոններ զբաղեցնող 2 անձինք՝ երկրի նախագահն ու վարչապետը ընդգրկված չեն ցուցակներում: Վարչապետը ամենակարեւոր ուժն է քարոզչության առումով»,- նշել է ակումբի ղեկավարը եւ հավելել, որ որոշվել է, կառավարության նիստը վարող վարչապետի լուսաբանումը չի համարի ՀՀԿ-ի լուսաբանում, իսկ եթե վարչապետը քարոզչական հանդիպումներ է ունենում, կամ հանդիպումներ, որտեղ երեւում է ՀՀԿ լոգոն, ապա դրանք համարվում են ՀՀԿ-ի լուսաբանում: Եթե նա լիներ ցուցակի առաջին 3 համարներից որեւէ մեկը, առնչություն ունենար, ապա դա կհամարեինք ՀՀԿ լուսաբանում:

Մշտադիտարկման արդյունքում իրավական հետեւանքներ չունեցող մի խախտում են արձանագրել, դա պայմանավորում են Հ/Ը-ների ֆինանսական միջոցների սղությամբ: Հ/Ը-ները նաեւ որոշակի կուսակցականացված են եւ նկատվել է նաեւ «քողարկված գովազդի դրսեւորումներ»։ Նկա տվել է նաեւ էթիկայի խախտումներ, որոշներն էլ ավելի վաղ են սկսել քարոզչությունը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։