Հայր եւ որդի՝ պետականաշինության ակունքներում (Անդրանիկ եւ Տարոն Մարգարյաններ).- Ազգային համերաշխության երաշխավոր գործիչը՝ երջանկահիշատակ վարչապետի մահվան 10-րդ տարելիցը… Պատրաստ են պատասխանատվություն կրել, ասում է Երեւանի քաղաքապետը…

Ազգային համերաշխության երաշխավոր գործիչը

Այս տարի լրացավ հանգուցյալ վարչապետ, ազգային, պետական ու քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցը:

Նախագահ Սերժ Սարգսյանը երկրի բարձրաստիճան ղեկավարության եւ պաշտոնատար այլ անձանց հետ, ինչպեսեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ եղավ Կոմիտասի անվան պանթեոնում եւ հարգանքի տուրք մատուցեց անվանի գործչի հիշատակին:

Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի օրը Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել նաեւ հայ արիականների եւ հեթանոս ազգայնականների մի խումբ՝ հարգանքի տուրք մատուցելու: Այդ օրը՝ Հայ Արիական Միաբանության գրասենյակում նաեւ քրմական ծիսական արարողություն է կատարվել, քանզի այլեւս երկնային կյանքով ապրող նախկին վարչապետը հայոց հավատի հետեւորդ էր՝ Գառնո տաճարում օծյալ արորդի (օծվել էր մերօրյա առաջին քրմապետ, նույնպես հանգուցյալ, Սլակ Կակոսյանի կողմից)՝ արիադավան-հեթանոս եւ նժդեհյան ցեղակրոն գաղափարախոսության իրական կրող:

Մեզ հետ զրույցում հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների ղեկավար Արմեն Ավետիսյանը նշեց, որ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրը Գառնո տաճարում կատարվել է քրմական համապատասխան ծես եւ հարգանքի տուրք է մատուցվել հեթանոսական կարգի համաձայն: Հայ ազգայնական գործիչներից շատերն են հիշում, որ քաղաքական ոլորտում երջանկահիշատակ վարչապետն առաջիններից էր, ով որպես պաշտոնյա աջակցեց հայ ազգայնականությանը եւ հայ արիականների առաջարկով կառավարության շենքում, հենց վարչապետի նստավայրում պարբերական հանդիպումներ նշանակեց ազգայնական միավորումների գաղափարական ու հոգեւոր ներկայացուցիչների հետ: Որոշ ժամանակ հայ ազգայնականները կարողացան իրապես բարձր մակարդակով ներկայացնել իրենց հարցերը, որոնք պաշտոնական-պետական բնույթ էին կրում եւ համապատասխան լուծումների դրվում:  

Արմեն Ավետիսյանն ընդգծեց այն հանգամանքը, որ Անդրանիկ Մարգարյանը ոչ միայն ընդունելի եւ ընկալելի գործիչ էր իշխանության ու ընդդիմության տարբեր թեւերի կամ ազգայնականների համար, այլեւ խոսքի տեր մարդ էր (եթե չէր կարողանալու հարցին լուծում տալ, նախապես ասում էր, բայց փորձում էր) եւ իսկական ընկեր, ով ընկերոջը երբեք չէր թողնի դժվարության մեջ: «Ես դա բազմիցս եմ զգացել, անգամ անհիմն բանտարկությանս ժամանակ, երբ շատերն էին հեռու փախչում, անգամ ծանոթ-բարեկամները՝ վախենալով պաշտոնազրկումից կամ ինչ-ինչ եվրակարծիքներից… Չեմ մոռանում, թե ինչպես էր զարմացել ու զայրացել, որ հայ կոչված որոշ լրագրողներ ու հանրային որոշ գործիչներ իմ դեմ հիմնական «գործ տվողներն» էին… Չեմ թաքցնում, իմ ազատության մեջ հայտնվելը, ինչպես Անդրանիկ Մարգարյանի, այնպես էլ 1-2 բարձր պաշտոնյաների (անունները հիմա չեմ տա) շնորհիվ եղավ: Այլապես եվրատղաներն ու մասոնա-սիոնական ուժերի տեղական ներկայացուցիչները որոշել էին ինձ մեկուսացնել 3-6 տարի ժամանակով, այդ ընթացքում նաեւ պարբերաբար ստորացնելու եւ մահվան հասցնելու ծրագրերով, որոնք նույնպես կանխվեցին հիշյալ պաշտոնյաների ու մեր տղաների (հայաստանյան ու սփյուռքյան աջակիցների, անգամ որոշ երկրների դեսպանատների) համատեղ պայքարով՝ հենց բուն իշխանության ներսում»,- ընդգծեց Հայ Արիական Միաբանության առաջնորդը, ապա հավելեց, որ իրենք ուրախ են, որ ոչ միայն Անդրանիկ Մարգարյանի հիշատակն է վառ պահում Տարոն Մարգարյանը, այլ որպես նրա որդի, աշխատում է շարունակել հոր գործը՝ փորձելով լինել պետականամետ գործիչ՝ ընդունելի ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շրջանակներում, իհարկե, նաեւ, հայ ազգայնականության ոլորտում:

Անդրանիկ Մարգարյանը վարչապետի պաշտոնը ստանձնեց ոչ միայն տնտեսական դժվարին պայմաններում, այլեւ քաղաքական խրթին մի ժամանակահատվածում, երբ կատարվել էր «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը եւ երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ էր: Բայց նա այն գործիչն էր, ով իրապես ընդունվում էր եւ՛ իշխանության եւ՛ ընդդիմության կողմից, ու նրան վստահվեց ազգային համերաշխության հասնելու գործը… Նա կատարեց այդ առաքելությունը.  ոչ միայն քաղաքական բնագավառը հանդարտվեց ու մտավ բնականոն հուն, այլեւ տնտեսական որոշակի հաջողություններ գրանցվեցին: Եվ իզուր չէ, որ հանգուցյալ վարչապետը մնում է Հայաստանի վարչապետերից ամենաերկարակյաց պաշտոնավարողը՝ 2000-2007թթ.:

Պատրաստ են պատասխանատվություն կրել

Շենգավիթ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ եղել ու մնում են պատասխանատու իրենց խոսքերի ու գործերի մեջ: «Մենք պատասխանատվություն ենք կրել բոլոր ձեռքբերումների ու անհաջողությունների համար, որոնք եղել են մեր երկրում։ Մենք միշտ պատրաստ ենք պատասխանատվություն կրել»,- ասել է քաղաքապետը նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ապա հավելել. «Դուք գիտեք, որ ապրիլի 2-ին տեղի են ունենալու ընտրություններ եւ բոլոր քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը։ Հանրապետական կուսակցությունը եւս ներկայացնում է իր ծրագիրը, որն իրատեսական է, բխում է մեր ժողովրդի սրտից, երկրի շահերից: Մենք չենք եկել խոստումներով, մենք եկել ենք հստակ կատարած աշխատանքով, ստեղծվել է այն ծրագիրը, որը մեր ժողովրդին տանում է դեպի բարեկեցիկ կյանք, մեր երկրին տանում է դեպի անվտանգություն, բարեփոխումներ եւ առաջընթաց»:

Տարոն Մարգարյանի խոսքով՝ ինչպես շենգավիթցիները, այնպես էլ մայրաքաղաքի բնակչության մեծամասնությունը միշտ եղել է ՀՀԿ-ի կողքին, ինչի համար շնորհակալություն հայտնեց նրանց, որովհետեւ «ՀՀԿ-ն երբեւէ չի խուսափել պատասխանատվությունից»։ Քաղաքապետը կոչ արեց բոլորին մասնակցել ընտրություններին։

Լրագրողներն, իհարկե, չէին կարող չհարցնել նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին: «Սամվել Բաբայանին ես ոչ ճանաչում եմ, ոչ էլ հետը ընկերություն եմ արել»,- հայտարարեց Երեւանի քաղաքապետը:

«ԱԱԾ-ն է ձերբակալել, եւ իր հայտարարության մեջ ասել է, թե ինչի համար, հստակ հոդվածները նշել է: Նրանք են մասնագիտացված այդ հարցում եւ հենց իրենց էլ պետք է հարցնել, թե արդյոք հնարավոր է «Իգլա» բերել Հայաստան, թե ոչ: Ես խորապես չեմ ուսումնասիրել նրա գործունեությունը եւ չգիտեմ նրա հնարավորությունների մասին»,- եզրափայել է խոսքը քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանը քաղաքական ճնշումների պատճառով է ձերբակալվել, պատասխանեց կարճ, քանզի ավելին ասելու համար տեղեկացված չէր. «Դե սպասեք, թող իրավապահները հասկանան, պատասխանեն, «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ  քաղաքացի Սամվել Բաբայանը»:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։