Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապե՛ս հաստատեց մեր զինուժի հակահարվածի ուղղությունը – Հարկ եղած դեպքում « Իսկանդեր»-ները կսլանան Բաքու… Մեր տարածաշրջանում պատերազմը զսպողը հայկական բանակն է… Ահաբեկիչները կարող են ներառվել արցախյան հակամարտությունում… Արցախի հողի վրա իրականության ընկալումն ավելի օրինաչափ է… Աչքս չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս…

Մեր տարածաշրջանում պատերազմը զսպողը հայկական բանակն է

Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների եւ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլին:

Զորավարժությունների ավարտին Սերժ Սարգսյանը խրախուսական նվերներ է հանձնել զորավարժություններին լավագույնս մասնակցություն ցուցաբերած սպաներին ու ժամկետային զինծառայողներին եւ զորքի առջեւ հանդես է եկել ելույթով՝ մինչ այդ շնորհավորելով բոլորին՝ ուսումնամարտական խնդիրը բարեհաջող կատարելու կապակցությամբ:

ՀՀ նախագահն ասել է, որ մեր ժողովուրդը պատմության ընթացքում մշտապես դժվարություններ է ունեցել՝ նրա անվտանգությունն ապահովված չի եղել, եւ այսօր, շնորհիվ հայկական բանակի, մեր ժողովրդի անվտանգությունն ամուր ձեռքերում է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի որեւէ մեկը չփորձի խաթարել այդ անվտանգությունը: «Վերջին 25 տարիների ընթացքում ձեւավորվեց ու ամրացավ հայկական բանակը: Մենք զինված ուժերը ձեւավորում էինք մարտական գործողություններին զուգահեռ, բայց դրա հետ միասին ամեն օր փորձում էինք նոր հմտություններ ձեռք բերել, փորձում էինք ավելի կարգապահ լինել, հակառակորդին ավելի ծանր հարվածներ հասցնել: Նույնը պետք է անենք հիմա: Չնայած նրան, որ մեր զորքի մարտունակությունը բարձր է, բայց մենք ամեն օր պետք է ձեռք բերենք նոր գիտելիք, մենք պետք է կարողանանք մեր սպառազինությունից առավելագույնը քամել, որովհետեւ սպառազինությունը ինքնին ոչինչ է: Սպառազինությունը դառնում է զենք, երբ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին»,- նշել է ՀՀ նախագահը: Նա վստահություն է հայտնել, որ հայ զինվորն ամեն օր ավելի է ամրանում, ավելի մարտունակ է դառնում, որովհետեւ եթե դա չլինի՝ վտանգը, անպայման, դառնալու է իրականություն, դառնալու է հակամարտություն, վտանգը դառնալու է պատերազմ, «իսկ այստեղ՝ այս տարածաշրջանում պատերազմ զսպողը դուք եք»:  

Նախագահը վստահեցրել է զինվորներին, որ Հայաստանի ղեկավարությունը, կառավարությունը շարունակելու է մշտապես իր թիվ մեկ խնդիրը համարել մեր զինված ուժերի սպառազինությունը, մեր զինված ուժերի ապահովումը, եւ բանակն էլ, իր հերթին պետք է ամենօրյա ծառայությամբ վստահեցնի մեր ժողովրդին, որ պատրաստ է անառիկ պահելու մեր սահմանները:

Ահաբեկիչները կարող են ներառվել արցախյան հակամարտությունում

«Իսլամական պետության» գործողությունների գոտուն տարածքային առումով մոտ լինելը Հայաստանին դրդում է նպաստել հակաահաբեկչական գործունեության ծավալմանը: Ահաբեկչությունը չարիք է. նախագահը խոսել է Լոնդոնի ահաբեկչության մասին. «Ժամանակակից աշխարհում սպառնալիքները տարբեր տեսք ունեն, անվտանգության սպառնալիքները շատ տարբեր են։

Մեզ համար դա մեր տարածաշրջանում ստեղծված իրադրություն է, այսինքն՝ ուժային մեթոդներով ղարաբաղյան հարցը լուծելու ցանկությունը։ Իրականում կան Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ, ուստի մեզ համար առաջին սպառնալիքը, առաջին մարտահրավերը հենց դա է»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Հայաստանը մոտավորապես 400 կմ հեռավորության վրա է ԻՊ գործողությունների գոտուց, ինչը նշանակում է, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններն անմիջական կապ ունեն մեր երկրի անվտանգության հետ։

«Եթե հաշվի առնենք, որ ԻՊ գործողություններում ներառված են ԱՊՀ անդամ երկրների շատ քաղաքացիներ (բացի Հայաստանից, բոլոր մնացյալ ԱՊՀ-ական երկրներից կան, առավելապես Ադրբեջանից, որ մասնակցում են թուրք իսլամական ահաբեկիչների հետ,- խմբ.), ապա վաղ թե ուշ մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, որոնք արդեն ռազմական փորձ ունեն, բարբարոսային մեթոդներ են կիրառում, եւ որոնք կարող են լրացուցիչ բարդություններ մտցնել առանց այդ էլ փխրուն կայունության մեջ։

Ցավոք, շփման գծի մյուս կողմում մենք լսում ենք արաբական խոսք եւ այլ ձայներ։ Մեզ թվում է, որ Մերձավոր Արեւելքից հեռացած մարդիկ աստիճանաբար ընդգրկվում են մեր տարածաշրջանում առկա հակամարտություններում։ Դա, իհարկե, շատ եւ շատ վտանգավոր է»,- ասել է մեր նախագահը։ Նա ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ միասին ավելի մեծ ավանդ ունենալ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։

Արցախի հողի վրա իրականության ընկալումն ավելի օրինաչափ է

«Անցած ապրիլին մենք հետ շպրտեցինք միջազգային պայմանավորվածությունները դրժած հակառակորդին բոլոր ուղղություններով, մենք տապալեցինք նրանց ծրագրերը, մենք կատարելապես ջախջախեցինք նրանց՝ այդ օրերի տեղեկատվական պատերազմում, մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ Այսօր մեր տղաները հետեւում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն։ Այսօր պատերազմատենչ հարեւանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչեւ ամենակարեւոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Ու դա հարեւան երկրում շատ լավ գիտեն։ Մենք այլեւս երբեք միլիոնավոր նահատակների սրբադասում չենք անելու։ Հաստա՛տ չենք անելու»:

Նախագահը նաեւ անկեղծացել է. «Անցած ապրիլին հերոս տղաներ կորցրեցինք։ Ոչ ոք չգիտի, թե յուրաքանչյուրի մահն ինչպես եմ վերապրել։ Ես՝ գերագույն գլխավոր հրամանատարս, ով ուղղակի իրավունք չունի թուլություն ցույց տալու։ Յուրաքանչյուր հերոսի հետ վերապրել եմ իր ողջ կյանքը եւ առավոտյան սառը հայացքով հակահարվածի նոր հրաման եմ տվել… «Արցախն ինքը մեր օրերի հերոսն է»,- նշել է ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանը այսօրվա նախընտրական բովում անհնարինը խոստացող քաղաքական ուժերի համար հատկապես ընդգծել է, որ նախանցած ապրիլին մենք սրբադասեցինք 1,5 միլիոն մեր նահատակներին։ Անցած ապրիլին մենք մի բռունցք դարձանք ու հետ շպրտեցինք բանականությունը կորցրած հարեւանի լայնամասշտաբ հարձակումը. մենք կանխեցինք ապագայում նահատակներ սրբացնելու հեռանկարը։ Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը, դրանից միեւնույնն է՝ վտանգը չի նվազելու։

«Մենք պետք է ունենանք անվտանգության ուժեղ ձեռք։ Ամբոխահաճությունը կամ թուլությունը անվտանգության բուրգի գագաթում կկործանի մի ողջ ժողովուրդ»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ մարդկային կյանքը կարող են գնահատել միայն ուժեղները եւ մեր անվտանգությանը ուժեղ առաջնորդություն է պետք։

«Շատ պարզ ու հասկանալի հայտարարում եմ. մեր զինված ուժերը՝ մեր հավաքական պատիվն ու արժանապատվությունը, շարունակելու են իրենց պատրաստվածությամբ, սպառազինությամբ ու մարտական անգերազանցելի ոգով հակառակորդին պարտադրել խաղաղություն, եթե, Աստված մի արասցե, դրա անհրաժեշտությունը կրկին լինի: Թող ոչ ոք չկասկածի՝ աշխարհում հատուկենտ ժողովուրդներ կան, որ գիտեն խաղաղության գինն այնպես, ինչպես մենք: Կրկին, թող ոչ ոք չկասկածի, մենք ժողովուրդ ենք, ում արժանապատվությունը առուծախի առարկա չէ, ում անհնար է սպառնալիքով մղել քայլերի, որ հակոտնյա է մեր արժանապատվությանն ու արդար զգացումին, նաեւ միջազգային իրավունքի նորմերին»,- հայտարարել է ՀՀ նախագահն ու Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

Աչքս չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել է զինված ուժերի մարտական պատրաստականությանը եւ ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը: Ծրագրի ավարտին նախագահները Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար պետական բարձր պարգեւներով՝ Մարտական ծառայության մեդալով, պարգեւատրել են մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկածմի շարք զինծառայողների, նվերներ հանձնել նրանց եւ զինծառայողների այն ծնողներին, որոնց ընտանիքներում 2 կամ ավելի զինծառայողներ մեծ նվիրումով իրենց պարտքն են կատարում հայոց բանակում:

Այստեղ  Սերժ Սարգսյանը առաջին անգամ եւ հստակ հայտարարել է, որ «Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»…

Եթե մինչ այս, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եվրոպական հանդիպումներից մեկում հայտարարել էր, որ կարող են առաջ գալ իրավիճակներ, որ կստիպեն գործի դրվել նաեւ «Իսկանդերները», ապա ՀՀ նախագահը վերջակետ դրեց երկմտությանը՝ հավաստելով, որ դավադիր քայլերի դիմող հակառակորդը հաստատ կզգա մեծ ավերիչ ուժի տիրապետող զենքի ազդեցությունը…

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։