Մեր արտաքին քաղաքականության փոխլրացնող ձեւը թերեւս ամենահարմարն է ներկայիս՝ զարգացող երկիր համարվող Հայաստանի համար:
Այդ փոխլրացնող քաղաքականությունը նախանշում է զուգահեռ տարվող հավասարաչափ հարաբերություններ համաշխարհային քաղաքատնտեսական բեւեռների հետ՝ ի դեմս ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի (ավելի ճիշտ կլինի ասել՝ ԵՄ-ական եւ ԵԱՏՄ-ական ուղղություններ,- Ա.Ք.): Եթե սրան էլ հավելենք, որ փոխլրացնող քաղաքականությունը ներառում է նաեւ լրացուցիչ գործակցության եզրեր՝ ինչպես ասենք միջազգային տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող Չինաստանի եւ տարածաշրջանում լուրջ դերակատարում ունեցող Իրանի հետ, ապա կարելի է ընդգծել, որ մեր պետության այժմյան արտաքին հավասարակշռող ուղին դեռեւս փոփոխման կարիք չի զգում (այլ խնդիր է, որ այդ ուղու որոշ ձեւեր պետք է փոխվեն):
Այնուամենայնիվ, գալիք տնտեսական ուղին որոշվելու է խորհրդարանական կառավարմամբ մեր երկրում, եւ դա որոշելու են այն 4 քաղաքական ուժերը, որոնք հաղթահարեցին ԱԺ ընտրությունների մրցավազքի սահմանագիծը:
Հանրությունը պետք է իմանա, թե ուր է ձգվելու իր երկրի արտաքին տնտեսական ուղին, ինչ խոստուներ են տվել նախընտրական շրջանում այդ ուժերը, որպեսզի հետեւի՝ ինչքանով են տեր լինելու իրենց խոստումներին:
«Ելք» դաշինքն, օրինակ, ԵՄ-ի հետ Ասոցացման եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտությունից էր խոսում նախընտրական ծրագրում եւ արտաքին քաղաքական սխալ էր համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Սա դաշինքը պարզաբանում էր այն հանգամանքով, որ դա լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական եւ քաղաքական բնականոն զարգացման համար:
«Ելք»-ը համարում էր, որ այդ ռիսկերի կառավարումը պետք է տեղի ունենա տարածաշրջանային եւ միջազգային վիճակի խորը վերլուծության եւ Հայաստանի ազգային շահերի հավասարակշռված սպասարկման միջոցով: Խոստանում էր, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ անդամ պետությունների, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի եւ այլ երկրների հետ արժանապատիվ ու փոխշահավետ հարաբերություններ հաստատելու համար:
Ավելին, այս ուժն այնքան է վստահում ոչ ԵԱՏՄ-ական ուղղությանը, որ, ասենք, առողջապահության ոլորտում առաջարկում էր ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնայում եւ Ավստրալիայում գրանցված դեղերը Հայաստանում ինքնաբերաբար գրանցված համարել:
Գլուխ չեմ հանում «Ծառուկյան» դաշինքից:
Նախընտրական ծրագրի համաձայն, հանդես էր գալիս հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացման եւ խորացման օգտին՝ շեշտելով, թե շարունակելու է գործուն մասնակցություն ունենալ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում։ Բայց եվրաինտեգրմանն էլ կարծես դեմ չէ, քանզի հավաստիացնում էր, թե շարունակելու է կառուցողական մասնակցություն ունենալ եվրաինտեգրացիոն գործընթացներին։
Հա, բայց խոստումը տալուց առաջ նախընտրական ծրագրի հիմնադրույթներում Գագիկ Ծառուկյանն ասում է. «Տվեք մեզ 50+1 տոկոս ձայն, եւ մենք պարտավորվում ենք…» այս ու այն անել:
Հիմա որ 50+1 տոկոս ձայն չի հավաքել, ԵԱՏՄ-ի շրջանակներում գործուն մասնակցությունը չի շարունակելու՞ կամ դադարեցնելու՞ է կառուցողական մասնակցությունը եվրաինտեգրացիոն գործընթացներին:
Անկեղծ եմ ասում, գուցե Գագիկ Ծառուկյանի ամեն քայլից տեղյակ չեմ, բայց մի քանիսն իմանալով չեմ կարողանում հասկանալ, թե իր եկեղեցին ու կազինոները ԵԱՏՄ-ի գործու՞նի, թե՞ եվրաինտեգրացիոնի կառուցողականի շրջանակում են, որը ի՞նչն է առաջ գցում:
Հայաստանի հանրապետական կուսակցության օրակարգը չի փոխվել. շարունակելու է եւ-եւ-ի քաղաքականությունը եւ շարունակելու է ընդլայնել հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հետ:
Իր իսկ խոստման համաձայն՝ նոր թափ է հաղորդելու Իրանի եւ Վրաստանի հետ մեր հարաբերություններին՝ հատկապես շեշտը դնելով տնտեսական ողջ ներուժի իրագործման վրա, եւ շարունակելու է ամրապնդել ու զարգացնել երկրի հարաբերությունները գործընկեր երկրների հետ:
Ռուսաստանին համարելով Հայաստանի դաշնակիցը՝ նոր մակարդակի է բարձրացնելու Ռուսաստանի հետ գործընկերությունը։ Ամերիկյան ուղղությունն էլ չի անտեսելու. ԱՄՆ նոր վարչակարգի օրոք աշխատելու է նոր թափ հաղորդել ԱՄՆ հետ բարեկամական գործընկերությանը: Շարունակելու է զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական մյուս երկրների հետ՝ հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի վրա։
Ուրախությամբ է արձանագրում Չինաստանի հետ վերելք ապրող մեր հարաբերությունների փաստը՝ մի բան, որ հաստատապես խոստանում է շարունակել նույն ոգով։
Ի տարբերություն ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու անհրաժեշտությունը տեսնող քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն համարում է, որ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր երկրի տնտեսական զարգացման համար: Այդ առումով օժանդակելու է գործարարներին՝ այդ միության ընձեռած հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու համար: Սակայն, ՀՀԿ-ն նաեւ վստահ է, որ մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին առանցքային է ԵՄ դերը եւ կարեւոր է ԵՄ հետ համագործակցությունը։ Այնպես որ, շարունակելու է խորացնել ԵՄ-ի հետ մեր փոխգործակցությունը՝ շուտով հաջողությամբ ավարտելով բանակցությունները նոր իրավական շրջանակի շուրջ:
Վերջերս էլ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, թե Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի, ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաեւ Իրանի ու Մերձավոր Արեւելքի միջեւ: Վարչապետը մեկ անգամ եւս շեշտել է Հայաստանի դիրքորոշումը. խորացնելով համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ, չի դադարեցնում համագործակցությունը ԵՄ-ի հետ:
Ավելին՝ Հայաստանաը կարող է կապել այդ երկու շուկաները: «Խորացնելով գործընկերությունը ԵԱՏՄ-ի երկրների հետ՝ մենք չենք դադարեցնում փոխգործակցությունը ԵՄ-ի հետ: Մենք չունենք համագործակցության, ներդրումների եւ ԵՄ հետ երկխոսության վերաբերյալ սահմանափակումներ: Այս պահին մենք վարում ենք բաց ու թափանցիկ երկխոսություն եվրոպացի գործընկերների հետ: Մենք տեսնում ենք մեզ որպես այդ երկու շուկաներն իրար մոտեցնող, այլ ոչ բաժանող երկիր»,- ասել էր Կարեն Կարապետյանը:
Ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ հստակ ասված է, բայց լավ կլիներ, որ Հայաստանը կարողանար այդ խոսքերն ամրապնդել քաղաքականապես, քանզի զուտ տնտեսություն աշխարհում չկա, այն սերտորեն միաձուլված է քաղաքականությանը:
Իսկ սրան հասնելու համար շատ քայլեր պետք է անենք, եւ՝ ոչ միայն տնտեսական, եւ՝ ոչ միայն իշխանությունը, իրեն ընդդիմություն համարող հատվածը՝ նույնպես, հանրությունը՝ եւս: Եվ ամենակարեւորը՝ չպետք է մոռանալ այն ուժերին կամ անհատներին, ովքեր իշխանական ու նաեւ ընդդիմադիր հարթակներից դուրս են, բայց ասելիք ունեն ու տարբեր՝ միջազգային ու տեղական ատյաններում մշտապես ապացուցվել է նրանց խոսքերի ճշմարտացիությունը…
Գալով խորհրդարան անցած չորրորդ ուժին՝ ՀՅԴ-ին, ասենք, որ իր նախընտրական ծրագրում թեմայի՝ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հետ գործակցության հետ կապված անդրադարձ նա չուներ:
Միայն ասում էր, թե ոչ ամերիկամետ է, ոչ ռուսամետ, ոչ էլ հայամետ, այլ՝ հայաստանակենտրոն է եւ արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվի բացառապես ազգային շահով:
Վերջինիս մասով մի դիտարկում անենք, ազգային հարթակում ՀՅԴ-ն գրեթե մշտապես խանդով է վերաբերում այն ուժերին, ովքեր փորձում են կամ հաջողում են ազգային ինչ-որ գործ անել, նրանք մի տեսակ մասնավորեցնել են փորձում այդ հատվածը (դրա համար եմ Օտյան շատ սիրում, միշտ արդիական է,- Ա.Ք.):
Ասում եմ՝ «գրեթե մշտապես», որովհետեւ բացառիկ դեպքեր մեկ-մեկ լինում են: Ասենք՝ երբ դեռ ողջ էր Վահան Հովհաննիսյանը…
Բայց սա քննարկման այլ թեմա է, ինչին առիթով կանդրադառնանք:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 13 (446), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



