Զգոնության կոչ. ահաբեկչությունը պտտվում է Հայաստանի շուրջ – Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական նիստը… Պայթյունը խաթարել էր ոչ միայն Սանկտ Պետերբուրգի. այլեւ Մոսկվայի մետրոպոլիտենի աշխատանքը… Սիրիայում քիմիական հարձակման հետեւանքով մոտ 100 զոհ է եղել… Կորեական խնդիրը կրկին թեժացել է…

Զգոնության կոչ. ահաբեկչությունը պտտվում է Հայաստանի շուրջ

Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական XIV խորհրդակցության նիստը՝ նվիրված 1992թ. ղազախական Ալմա-Աթայում ստորագրված «ԱՊՀ պետությունների հետախուզական ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների» շուրջ համաձայնագրի 25-րդ տարեդարձին:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ նիստի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի ԱԱԾ-ից մեկնած պատվիրակությունը գլխավորել է գերատեսչության տնօրեն գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանը։

XIV նիստին մասնակցել են ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Դաշնային անվտանգության ծառայության առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը եւ ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

Կարծում ենք՝ քննարկվել են նաեւ հակաահաբեկչական պայքարը խստացնելու հարցեր: Օրերս Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշադ» կայարանում պայթյունի հետեւանքով զոհվեց 10 մարդ, տուժեց՝ շուրջ 50-ը:

Տուժածների շրջանում ազգությամբ հայեր չկան:  

ՀՀ նախաահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ցավակցել է նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՌԴ Գլխավոր դատախազության լրատվական բաժնի ղեկավար Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարեց, որ տեղի է ունեցել ահաբեկչություն, եւ ահաբեկիչները փնտրվում են: Նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի «պարզեն ամեն մի հանգամանք, որը նպաստել է այդ ահաբեկչության իրականացմանը եւ որպեսզի ապագայում այսպիսի դեպքեր չկրկնվեն»: Խաթարվել էր ոչ միայ Սանկտ Պետերբուրգի. այլեւ Մոսկվայի մետրոպոլիտենի աշխատանքը, ուժեղացվել էր հսկաողությունը, քանի որ կարծիք կար, թե ահաբեկիչները թաքնվում են Մոսկվայում:

Այս դեպքերից հետո հսկողությունն ուժեղացվել է նաեւ Երեւանի մետրոպոլիտենում:

Բացահայտվել է, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունի մեջ կասկածվողը ավտոփականագործ է, ՌԴ քաղաքացիություն ստացած (2011թ.) ազգությամբ զրղզ Ակբարժոն Ջալիլովը: Մինչ այդ Ղրղզստանից տվյալներ էին եկել, որ նա կասկածյալների շարքում է, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, համագործակցոևւմ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Նրա ծնողները բնակվում են Ղրղզստանի Ամիր-Թիմուր միկրոշրջանի Օշ քաղաքում։

Պայթյունի մեջ կասկածվող Ակբարժոն Ջալիլովին հարցաքննում են, իսկ ղրղզ ուժայինները պարզում են, թե երբվանից է նա տարվել արմատական իսլամի գաղափարներով եւ ում հետ է վերջերս կապի մեջ եղել։ Կասկածյալ ահաբեկիչը նախկինում հաշվառման վերցված չի եղել եւ հանցագործություն կատարելու մեջ չի մեղադրվել։

Չի բացառվում, որ ահաբեկչության կազմակերպիչները ներկայումս գտնվում են Մոսկվայում:

Այս դեպքերին հաջորդեց եւս մեկ սարսափելի իրադարձություն՝ Սիրիայում իրականացված քիմիական հարձակման հետեւանքով քաղաքացիական մոտ 100 անձինք են զոհվել, մեծաթիվ մարդիկ թունավորվել են։ Ո՞վ է պատասխան տալու:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը դատապարտել է Սիրիայի իշխանություններին՝ պնդելով, որ Իդլիբի գավառում երկրի կառավարությունն է կրում թունավոր գազով իրականացված հարձակման պատասխանատվությունը։ Աշխարհը չի կարող անտեսել «սարսափելի» այդ գործողությունը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, ով սա համարում է ԱՄՆ-ի նախկին վարչակազմի թուլության արդյունք՝ Բարաք Օբաման ժամանակին ասում էր, թե «կարմիր գիծ» էր գծելու քիմիական զենքերի կիրառման առջեւ, բայց «այդպես էլ այդ գիծը չգծեց»։

Կրեմլը կտրականապես հերքել է քիմիական զենքի կիրառման գործում իր մասնակցությունը, նման հայտարարություն է արել նաեւ սիրիական իշխանությունը:  Իսկ մարդու իրավունքների պաշտպան Միջազագային համաներում կազմակերպությունը հայտարարել է, որ կազմակերպիչները պետք է հայտնաբերվեն ու կրեն պատասխանատվություն։ Կազմակերպության անդամներից Սամահ Հադիդը հիշեցնում է, որ տարիների ընթացքում քիմիական զենք կիրառվել է ե՛ւ կառավարության ե՛ւ ոչ կառավարական զինված խմբերի կողմից։

Նարե Մշեցյան

Կորեական խնդիրը կրկին թեժացել է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կզբաղվի Հյուսիսային Կորեայի խնդրով, եթե նույնիսկ Չինաստանի իշխանությունները հրաժարվեն դա անել. «Եթե Չինաստանը  չի պատրաստվում լուծել Հյուսիսային Կորեայի խնդիրը, դրանով կզբաղվենք մենք»: Նրա խոսքով, Չինաստանն ունի ավելի մեծ ազդեցություն Հյուսիսային Կորեայի վրա եւ «Պեկինը պետք է որոշում ընդունի՝ կամ օգնել Հյուսիսային Կորեային, կամ ոչ: Եվ եթե նրանք որոշեն, դա շատ լավ կլինի Չինաստանի համար, եթե դա չանեն, ոչ մեկին լավ չի լինի»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Վերջերս Հարավային Կորեան, որը միշտ խուսափում է հյուսիսային ազգակիցների հետ սրացումներից, կրկին հայտարարել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին, որը բաց է թողնվել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հրթիռի ճշգրիտ տեսակը դեռ չի հաստատվել: Ճապոնիայի պաշտպանության նախարարության աղբյուրները հայտարարում են, թե Տոկիոն ենթադրում է, որ Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել: Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան տիրապետում է ատոմային զենքի, ինչը խիստ անհանգստացնում է ինչպես տարածաշրջանի երկրներին, այնպես էլ գերտերություններին: Հատկապես, որ Հյուսիսային Կորեան ապրում է աշխարհից գրեթե մեկուսացված վիճակում:

«Լուսանցք» թիվ 13 (446), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։