Կոչ աշխարհի արվեստագետներին. այցելե՛ք Արցախ… Լեւոն Տեր-Պետրոսյան, կարդա՛ այս գիրքը, գտի՛ր հարցերիդ պատասխանները… Բավարար միջոցների հավաքագրման դեպքում մինչեւ 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը…

Կոչ աշխարհի արվեստագետներին. այցելե՛ք Արցախ

«Մեկ տարի առաջ՝ ճիշտ այս օրերին, Արցախյան հակամարտության շփման գիծը դարձյալ բռնկվեց, երբ ադրբեջանական զինված ուժերն անակնկալ հարձակումով կրակ թափեցին ոչ միայն առաջնագծի դիրքերին, այլեւ խաղաղ բնակավայրերի, դպրոցների եւ անզեն գյուղացիների վրա: Հայկական զորքերը, սակայն, արդեն որերորդ անգամ, ինքնապաշտպանական գործողություններով կասեցրեցին ադրբեջանական այս ագրեսիան, որի միակ արդյունքը մարդկային եւ նյութական վնասները եղան՝ երկու կողմերի համար:

1988-ից ի վեր, կամ այն օրից, երբ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Խորհրդային Միության եւ միջազգային օրենքների տառն ու ոգին հարգելով, որոշեց կերտել իր սեփական ճակատագիրը եւ գործադրել ազատ ինքնորոշման իր իրավունքը, Ադրբեջանը հակադարձեց պոգրոմներով, տեղահանություններով, հարձակումներով ու ռազմական լայնածավալ գործողություններով:

Հակառակ այս բոլորին, Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր պապենական հողերը, անկախության հանրաքվե իրականացնել եւ պետություն ստեղծել: Հակառակ նրան, որ միջազգային հանրությունը այլեւայլ պատճառներով դեռեւս չի ճանաչել Արցախի պետությունը, հազարավոր տարիներ ի վեր այս հողի վրա ապրող ժողովրդի զավակները շարունակում են ստեղծագործել ու արարել, կառուցել ու ծաղկեցնել, նույնիսկ երբ սահմանների երկայնքով չեն դադարում ադրբեջանական հարձակումները, ռումբի պայթյունները, զենքերի կրակոցները:  

Այստեղ՝ այս պատմական հողի վրա, ուր զինադադարի խախտման, վիրավորների եւ զոհերի մասին լուրերը շատ ավելի են, քան որեւէ այլ տեղեկատվություն, հազարավոր երեխաներ ու երիտասարդներ զրկվում են ստեղծագործելու եւ արարելու իրենց արդար իրավունքից, քանի որ երկիրը դեռեւս մնում է շրջափակված, իսկ զինադադարը՝ փխրուն: Հազարավոր տաղանդներ գրիչ եւ վրձին բռնելու փոխարեն ստիպված են լինում զենք վերցնել եւ ճակատ մեկնել՝ իրենց տունն ու հայրենիքը պահելու համար:

Ադրբեջանական հարձակումների ու այս պարտադրված պատերազմի բերումով, այս երիտասարդները զրկված են խաղաղության մեջ ստեղծագործելու եւ իրենց տաղանդը բացահայտելու իրավունքից: Սահմանամերձ բնակավայրերում ապրող հազարավոր աշակերտներ դպրոցներում երգ ու երաժշտություն լսելու փոխարեն պայթող ռումբի եւ կրակոցների ձայներն են լսում:

Բայց այս բոլորով հանդերձ՝ մեծ է այն տաղանդավոր երիտասարդների եւ արվեստագետների թիվը, որոնք շարունակում են գրել, ստեղծել, նվագել ու նկարել, նույնիսկ երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից եւ գտնվում են շրջափակման մեջ: Դժբախտաբար, նրանք աշխարհի իրենց գործընկերների հետ շփվելու շատ քիչ առիթ են ունենում, շրջափակումն ու մեկուսացումը խոչընդոտում են փոխադարձ այցելություններին, շփումներին եւ փորձի փոխանակմանը: Այս ստեղծագործ տաղանդները աշխարհին բացվելու եւ փոխադարձ ճանաչողության շատ սահմանափակ հնարավորություններ ունեն: Նրանք պարզապես զրկված են արվեստագետի համար կենսական այս իրավունքից:

Ահա այս պատճառով, կապ եւ շփում հաստատեն տեղի արվեստագետների եւ ստեղծագործ, տաղանդավորբ մարդկանց հետ, աջակցեն, որ նրանք եւս աշխարհին բացվելու հավասար հնարավորություն ունենան ու կարողանան իրականացնել խաղաղության մեջ ստեղծագործելու եւ աշխարհի հետ կիսվելու իրենց համամարդկային իրավունքը»:

Սերժ Թանկյան

Արսինե Խանջյան

Ատոմ Էգոյան

Էրիկ Նազարյան

3 ապրիլի, 2017թ., Ստեփանակերտ

* Նշենք, որ տպավորությունն Արցախից մեծ է, նախագահ Բակո Սահակյանն էլ ընդունել է Սերժ Թանկյանին ու Ատոմ Էգոյանին: Վերջինս հայտնել է, որ ցանկություն առաջացավ Արցախում ֆիլմ նկարահանելու, իսկ Սերժ Թանկյանը հուսով է, որ իր մենահամերգն Արցախում չի ուշանա….

Լեւոն Տեր-Պետրոսյան, կարդա՛ այս գիրքը, գտի՛ր հարցերիդ պատասխանները

«Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր ասում է մտքեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն ու հավելել. «Տեր-Պետրոսյանն ասում է՝ ղարաբաղյան շարժումը սկսվեց, որովհետեւ Ղրիմի թաթարներն իրենց հարցը բարձրացրին, եթե մենք էլ այն ժամանակ հանձնաժողով ստեղծեինք, ապա արցախյան շարժումը չէր լինի: Տեր Աստված, ո՜նց կարելի է այդպես կեղծել: 1985թ. ես շատ լավ գիտեմ, թե ինչպե՞ս սկսվեց շարժումը: Իսկ Լեւոն  Տեր-Պետրոսյանը շարժման անդամ դարձավ այն ժամանակ, երբ այն շատ մե՜ծ թափ էր հավաքել: Իրեն բերեցին լուսահոգի Ռաֆայել Ղազարյանն ու Ալեքսան Հակոբյանը»:

Գառնիկ Իսագուլյանը խիստ վրդովված է Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլից, որով նա արցախյան հարցը դարձրեց քարոզչության հիմնական առարկա: Եվ նա վերջինիս առաջարկում է կարդալ՝ «Ղարաբաղյան հակամարտություն, 15 հարց ու պատասխան, «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» 15 տարիներ անց» եռալեզու գիրքը, որը 2009թ. իր ղեկավարությամբ հրապարակել է Քաղաքացիական հետազոտությունների ինստիտուտը:

«Այդ գրքում Լեւոն Տեր-Պետրոսյանը կստանա իր հնչեցրած բոլոր հարցերի պատասխանները: Ցավոք, նա ասում է մի բան, հետո հերքում իր ասածը: Իսկ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն դիլեման շա՜տ վտանգավոր է»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:

«Մեր քաղաքական գործիչները չեն հասկանում մի պարզ ճշմարտություն, Ղարաբաղն անկախ, կայացած պետություն է: Հայաստանը կամ ՀՀ իշխանությունները չէ, որ պետք է լուծեն ԼՂ հիմնախնդիրը, ոչ էլ միջազգային հանրությունն է լուծողը: Այդ հարցը լուծված, ավարտված է: Մենք իրավունք չունենք այդ պետության ժողովրդի, իշխանության կարծիքը մի կողմ դնել ու ասել՝ մենք գնալու ենք մի փաստաթուղթ ստորագրենք, որ խաղաղություն բերենք: Դա խաղաղություն չէ, դա պատերազմի տանող ամենակարճ ճանապարհն է»:

Բավարար միջոցների հավաքագրման դեպքում մինչեւ 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ականազերծման միջազգային օրվա կապակցությամբ «Հալո Թրասթ»-ի կողմից կազմակերպված միջոցառմանը: «Հալո Թրասթ»-ի ԼՂ-ի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին ներկայացրել է իրենց գործունեությունը եւ ականազերծման միջազգային փորձն ու նշանակությունը: Նա կարեւորել է Արցախի իշխանությունների աջակցությունը երկրում ականազերծման աշխատանքների արդյունավետության ապահովման գործում: Իր պնդմամբ՝ բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչեւ 2020թ., Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը:

Վարչապետը նշել է. «Կազմակերպությունն այնպիսի կարեւոր աշխատանք է կատարում, որը երբեմն տեսանելի չէ, բայց մեծ նշանակություն ունի դժբախտ միջադեպերի կանխարգելման գործում: Շնորհակալություն կազմակերպության աշխատակիցներին եւ բոլոր աջակիցներին, ովքեր մշտապես կանգնել են «Հալո Թրասթ»-ի եւ Արցախի կողքին: Մենք բարձր ենք գնահատում ձեր կատարած աշխատանքը եւ միշտ պատրաստ ենք հնարավորինս աջակցելու կազմակերպության մարդասիրական գործունեությանը»:

«Լուսանցք» թիվ 13 (446), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։