«Մենք հաշվետու ենք».- Սոցիալական ապահովություն… Հատուկ հոգածության խմբեր… Սոցիալական ծրագրերը՝ 2013-2016թթ…  Զբոսաշրջություն… Երեւանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր… Քաղաքապետը հանձնարարել է բարձրացնել ներդրումային փաթեթների մասին տեղեկացվածության մակարդակը… Այցեր՝ սահմանամերձ զորամասերում ծառայող երեւանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր…

Սկիզբը՝ թիվ 7-12-ում

Սոցիալական ապահովություն

Բնակարաններ՝ զինծառայողների ընտանիքներին

Նոր բնակարաններ են տրամադրվել զոհված եւ հաշմանդամ զինծառայողների եւ ազատամարտիկների 7 ընտանիքների, որոնցից 4-ը՝ ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների եւ կամավորների ընտանիքներ:

Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ երեւանաբնակ զինծառայողների 1.200 ծնող հնարավորություն է ստացել տեսակցել ՀՀ սահմանամերձ եւ Արցախի զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Հատուկ հոգածության խմբեր

«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակներում սոցիալապես անապահով 2798 ընտանիք որպես աջակցություն ստացել է կենցաղային տեխնիկա։ Ծրագրում ընդգրկվել են բնակչության սոցիալական տարբեր խմբեր:

Հասարակական կառույցների հետ համագործակցությամբ մայրաքաղաքում շարունակել են գործունեությունը 19 բարեգործական ճաշարանները, տարեցների ցերեկային խնամքի կենտրոնները, որոնցից օգտվել է 2.400 մարդ։

Մայրաքաղաքում բնակվող վետերանները, Եղեռնը վերապրած եւ այլ խմբերի տարեցներ մշտապես եղել են քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Նրանց համար կազմակերպվել են միջոցառումներ, այցելություններ, տրամադրվել է անհրաժեշտ օգնություն:

Երեւանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է եղել 140 անօթեւան։ Նրանց աջակցություն է ցուցաբերվել ժամանակավոր կացարաններում տեղավորման, ընտանիքի հետ կապերի եւ փաստաթղթերի վերականգնման, աշխատանքի տեղավորման հարցերում։

Սոցիալական ծրագրերը՝ 2013-2016թթ.  

Զինծառայողների ծնողների այցելությունների թիվը զորամասեր – 6700

Նոր բնակարաններ ստացած զոհված եւ հաշմանդամ զինծառայողներ եւ ազատամարտիկներ – 39

Երեխաներին տրամադրված պայուսակների քանակը – 54 236

Սոցիալական աջակցություն ստացած սիրիահայ ընտանիքների թիվը – 7119

Պարենային աջակցություն ստացած ընտանիքների թիվը – 42899

Երեխաների համար ճամբարների եւ առողջարանային ուղեգրերի քանակը – 4360

Ամանորյա նվեր-փաթեթներ ստացած երեխաների թիվը – 137 969

Ամանորյա սննդի փաթեթներ ստացած ընտանիքների թիվը – 100 122

Առողջարանային ուղեգրեր ստացած քաղաքացիների թիվը – 1 336

Անվճար բուժման ուղեգիր ստացած քաղաքացիների թիվը – 4655:

Զբոսաշրջություն

Երեւանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր զբոսաշրջային կենտրոնը, եւ քաղաքային իշխանությունների ջանքերը մշտապես ուղղված են պահպանելու մայրաքաղաքի զբոսաշրջային կենտրոնի դերն ու նշանակությունը ազգային եւ միջազգային մակարդակներում։ 2016թ. իրականացված ծրագրերը նպաստել են մայրաքաղաքում իրադարձային զբոսաշրջության զարգացմանը, Երեւան ժամանող զբոսաշրջիկների տեղեկատվական աջակցության ապահովմանը, զբոսաշրջային ինդուստրիայի ենթակառուցվածքների հետ համագործակցության զարգացմանը։ Երեւանի քաղաքապետարանը մշակել է առաջարկներ՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման գործում ներդրողներ ներգրավելու նպատակով:

2016թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 969.010 զբոսաշրջիկ, որոնք առնվազն մեկ օր անցկացրել են Երեւանում:

Երեւանում զբոսաշրջիկների հոսքը տարվա ընթացքում ակտիվացել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցի օրերին, մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների եւ այլ միջոցառումների օրերին։

2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների այցելությունների թիվը Երեւան աճել է 3,6%-ով:

Տպագրվել եւ հյուրանոցներին, զբոսաշրջային ընկերություններին, թանգարաններին են տրամադրվել երկլեզու (ռուսերեն-անգլերեն լեզուներով) զբոսաշրջային քարտեզներ, ամենօրյա առցանց տեղեկատվություն է տրամադրվել տուրիզմի բաժին դիմող զբոսաշրջիկներին: Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ստեղծվել է «Միջոցառումների օրացույց» բաժինը, որի միջոցով ներկայացվում են մայրաքաղաքում կազմակերպվող մարզական, մշակութային եւ զբոսաշրջային-իրադարձային միջոցառումները:

ՀԲԸՄ հետ համատեղ մշակվել է «Բացահայտենք Երեւանը. հայացք քաղաքի անցյալին եւ ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գիրքը:

Իրադարձային զբոսաշրջության զարգացման նպատակով տարվա ընթացքում անցկացվել են ավանդական դարձած Ջազի օր, «Համով-հոտով Երեւան», «Երեւան տարազֆեստ», «Ձմերուկի» եւ «Երեւանի գարեջրի» փառատոնները։

Միջազգային եւ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման նպատակով այս տարի Երեւանը ներկայացվել է 18-րդ Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսին Թբիլիսիում եւ Չինաստանում կայացած Քաղաքապետերի 5-րդ միջազգային զբոսաշրջային ֆորումին:

Քույր եւ գործընկեր քաղաքների համագործակցության շրջանակներում համաձայնագրեր են կնքվել Երեւան եւ Սանկտ Պետերբուրգ, Երեւան եւ Կազան քաղաքների միջեւ՝ զբոսաշրջության զարգացման համատեքստում: Փորձի փոխանակման նպատակով համագործակցության ծրագրեր են իրականացվել ֆրանսիական Լիոն, Իլ դե Ֆրանս, Փարիզ քաղաքների հետ:

Երեւանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր

«Երեւան Սիթի Տուր» զբոսաշրջային առաջարկից 2016թ. օգտվել է շուրջ 4000 այցելու: «Երեւան Սիթի Տուր» շրջայց է կազմակերպվել ԼՂՀ-ում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների, մարզերի երեխաների եւ տարեցների համար:

Շարունակվում է Երեւանի կենդանաբանական այգու արդիականացման ծրագիրը, որի նպատակներից մեկը այգին տարածաշրջանում գրավիչ ու հետաքրքիր զբոսաշրջային վայր դարձնելն է:

Զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերում մասնավոր ներդրողների գրավելու նպատակով մշակվել են ներդրումային փաթեթ-առաջարկներ։ Այդ փաթեթները ներառում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Շենգավիթ հնավայրի, Կարմիր բլուր հնավայրի վերականգնման եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման, «Հաղթանակ» զբոսայգու, Հրազդանի կիրճի տարածքների վերակառուցման ու արդիականացման եւ այլ ծրագրեր։

Ավարտվել է «Վերնիսաժի» վերակառուցման եւ արդիականացման ծրագիրը։ Տարածքի կանաչ մակերեսը կազմում է 6.000 քմ, անցկացվել է ոռոգման նոր ցանց, Հանրապետության եւ Խանջյան փողոցների կողմից կառուցվել են շատրվաններով հրապարակներ, իսկ միջնամասում՝ 7 ցայտաղբյուրներով հրապարակ։ Այգու կահավորանքն ամբողջությամբ փոխարինվել է նորով՝ տաղավարներ, նստարաններ, աղբամաններ։ Նորացվել է լուսավորության ցանցը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարձրացնել ներդրումային փաթեթների մասին տեղեկացվածության մակարդակը

Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները: Ներկայում Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է 71 ներդրումային ծրագիր, որոնցից 50-ը ներդրումային առաջարկներ են, 21-ը՝ արդեն իրականացման փուլում գտնվող ծրագրեր: Քաղաքապետը հանձնարարել է առկա բոլոր ներդրումային առաջարկների փաթեթները ներկայացնել ինչպես տեղի շահագրգիռ ներդրողներին, այնպես էլ արտերկրի գործընկերներին:

«Միայն մեր պաշտոնական կայքում ներդրումային առաջարկները տեղադրելով չպետք է բավարարվել: Անշուշտ, դա կարևոր է, բայց նստել, սպասել մինչեւ որեւէ մեկը հետաքրքրություն կցուցաբերի դրանց հետ կապված, ճիշտ չէ: Զուգահեռ աշխատանքներ տարեք նաեւ պոտենցիալ ներդրողների հետ: Ներդրումային փաթեթները քննարկեք տեղի մեր գործարարների, շահագրգիռ կազմակերպությունների հետ: Բացի այդ, արտերկրի մեր քույր և գործընկեր քաղաքների գործընկերներին եւս պատշաճ ներկայացրեք դրանք: Համոզված եմ, որ նման մոտեցման արդյունքում նկատելի աշխուժացում կունենանք ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ըստ այդմ ակնկալում եմ, որ այսուհետ պարբերաբար զեկուցեք նաեւ այս աշխատակարգով տարված աշխատանքների ընթացքի մասին»,- նշել է Երեւանի քաղաքապետը:

Խորհրդակցության ընթացքում աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի, բնապահպանության, կոմունալ տնտեսության, շինարարության եւ բարեկարգման, ինչպես նաեւ արտաքին ձեւավորման ու գովազդի վարչություններին Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքնային խումբ եւ մեկ ամսում գույքագրել մայրաքաղաքի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը եւ այդ հասցեներում աշխատանքներ տանել կանաչապատման, բարեկարգման ու պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել սահմանամերձ զորամասերում ծառայող երեւանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցերը

Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին եւ վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 28-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երեւանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր հերթական այցը կազմակերպելու ուղղությամբ: «Արդեն 5 տարի է` բարի ավանդույթ ենք դարձրել տարին 2 անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող երեւանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցերի կազմակերպումը, ինչն, իրոք, սպասված է թե՛ ծնողների եւ թե՛ մեր զինվորների համար: Նաեւ փաստենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված մեր այս նախաձեռնությունը մեծ գոհունակությամբ է ընդունվել մեր բոլոր գործընկերների կողմից:

Ըստ այդմ, Պաշտպանության նախարարության եւ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ պատշաճ պետք է նախապատրաստվել ապրիլի 28-ին հերթական այցի կազմակերպմանը։ Հատուկ ուշադրություն դարձրեք, որ իրենց զինվոր որդիներին այցելելու ցանկություն ունեցող որեւէ ծնող դուրս չմնա ցանկից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետն աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ մշակել ծրագիր` ապրիլի 16-ին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Սուրբ Զատիկ) տեղերում պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար։

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 13 (446), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։