«Ես երբեք չեմ խոսում քաղաքականությունից, չնայած քաղաքականությամբ զբաղվող շատ ընկերներ ունեմ, բայց ես նրանց հետ խոսում եմ երաժշտության, արվեստի մասին ու ստեղծագործական այլ հարցերի մասին: Մենք ունենում ենք բավարար նյութ ընտրությունների մասին չխոսելու համար»,- այսպես է արձագանքել ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին, որը տվել են նրան լրագրողները՝ ապրիլի 5-ին Մոսկվայում համերգից առաջ:
Համերգին, շուրջ 2 ժամ առանց դադարի Շառլ Ազնավուրն անսամբլի ուղեկցությամբ, որի կազմում է նաեւ նրա դուստր Կատյան, կատարել է նոր երգեր եւ հին ստեղծագործություններ: Համերգի վերջում հանելով կոստյումը՝ երգել է ռուսերեն եւ ծափահարությունների ներքո պարել «Գնչուհին» երգի տակ: «Հավերժ սեր» երգը ռուսերեն լեզվով հռչակավոր երգիչը երգել է Կրեմլի մեծ դահլիճում՝ երկու օր առաջ կայացած համերգի ժամանակ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, երգիչը սեր է խոստովանել ռուսական երաժշտությանը եւ հատկապես Ալեքսանդր Վերտինսկու ռոմանսներին, որոնք սիրել է լսել Ազնավուրի հայրը: «Իմ հայրը շատ լավ խոսում էր ռուսերեն, նաեւ վրացերեն, հայերեն: Մեր տանը միշտ հնչում էր երաժշտություն, Վերտինսկին այն երգիչն էր, ում ես այդ տարիներին շատ էի լսում»,- բեմից ասել է Շառլ Ազնավուրը:
Դառնալով ընտրական թեմային՝ նշենք, որ աշխարահռչակ հայորդին հավաստել է, որ «ով էլ լինի իմ ժողովրդի ընտրյալը, ես ընդունում եմ: Եթե ժողովուրդն է ընտրել նրան, ապա նա իմ նախագահն է: Ես անկեղծ կլինեմ, չեմ սիրում այն մարդկանց, ովքեր գնում են ուրիշ երկիր եւ քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը: Այդ պատճառով ինձ համար ամեն ինչ գերազանց է»,- ասել է նա:
Փաստորեն, Շառլ Ազնավուրի հայտարարությունը կարծես մոտ է իրականությանը: Հետընտրական որեւէ ընդվզում չի նախատեսվում, իսկ ընտրակաշառք վերցրած ընտրողներն էլ փաստորեն ընտրել են՝ ում ցանկացել են եւ այստեղ էլ չկա «բողոքող կողմ»: Թերեւս բողոքողներ են հայտնվել կաշառատուների շրջանում, ովքեր բաժանել են ընտրակաշառք, բայց համապատասխան ընտրաձայներ չեն ստացել: Իսկ այս տեսակը հաստատ հանահավաքների չի դիմի:
«Ընտրակաշառքի համար սահմանված արժեքը եղել է 5-10 հազար դրամը, բայց եղել են թեկնածուներ, որ խոստացել են 15, բայց 5 հազարը ընտրությունից հետո վճարելու նախապայմանով: Նրանք, ովքեր նորմալ հեռախոսով նկարած ներկայացրել են նկարները, որտեղ հստակ երեւացել է այն, ինչ պետք է երեւար, իրենց գումարները ստացել են: Չի տրվել նրանց, ովքեր կասկածելի կամ միեւնույն նկարած նկարն են ներկայացրել: Օրինակ՝ եթե նկարը խավար է եղել, նրանց 5000 չի տրվել»,- այսպես է մեկնաբանել այդ իրավիճակը ՀՀԿ-ի Շիրակի շտաբի ղեկավար Սամվել Նիկոյանը:
Հարցին՝ թե լսե՞լ եք, որ ՀՀԿ-ի թեկնածուները ընտրություններից հետո հրաժարվում են տալ խոստացված ընտրակաշառքը, Սամվել Նիկոյանը պատասխանել է. «Ես լսել եմ բոլորի վերաբերյալ, պետք չէ սեւեռվել միայն մի ուղղությամբ»:
Շատերն էին սպասում, որ գոնե ՕՐՕ դաշինքը դուրս կգա պայքարի: Հատկապես, որ մինչ ընտրական գործընթացները կալանավորվել է նաեւ նրանց գործընկեր, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Սակայն, ՕՐՕ-ն նահանջեց փողոցային պայքարից: Գուցե դրան նպաստեց նաեւ այն արդյունքը, որը պարզապես խայտառակ պիտի որակել: Դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասել է, որ այս առիթով պարզաբանում չունի, եղել է քննարկում, որից հետո՝ հաղորդագրություն. «Հայտարարության տեքստում ամեն ինչ ասված է»։
Շատերն արձանագրեցին, որ ընտրությունների արդյունքները հատկապես «աղմկոտ ապտակ» եղան անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ոչ այնքան ՀԱԿ-ի, ինչպեսեւ՝ նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի համար, ովքեր ցայսօր շոկի մեջ են:…
Միայն ընտրություններից 2 օր անց լուրեր եղան, թե ՀԱԿ-ն ուզում է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքը: Բայց դեռ բողոքարկման մասին տեղեկություն չկա: Մնացյալն էլ ընդունել են իրենց պարտությունը, եւ ոչ «Ազատ դեմոկրատներ»-ը, ոչ Կոմկուսը, ոչ էլ առաջին անգամ ընտրություններում դատարկաձեռն մնացած (վերջապե՜ս) ՕԵԿ-ՀՎԿ-ն:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 13 (446), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



