Եկե՞լ են գործելու ժամանակները – Վարչապետը խոստանում է նոր Հայաստան… Բայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն» – չկար միասնության տանող որեւէ գաղափար… Քաղաքական դաշտի, առավել եւս ազգային-ազգայնական հատվածի ներկայությունն ապահովված չէր…

ՀՀԿ-ն այս անգամ էլ կարողացավ առաջ անցնել եւ նախընտրական պայքարի ելած եւս 8 այլ ուժերից առավելագույն ձայները հավաքեց: Առաջիկա 5 տարում ՀՀԿ-ն կկազմի խորհրդարանական Հայաստանի առաջին կառավարությունը, եթե կտրուկ փոփոխություններ չկատարվեն Հայաստանի քաղաքական դաշտում կամ մեր հանրային կյանքում…

ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Կարեւորագույն օր էր մեր պետության կյանքում։ Մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկախացումից ի վեր։ Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմանադրական բարեփոխումների իրականացման, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին։ Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն: Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որեւէ ազդեցիկ քաղաքական ուժ,  որը դուրս մնացած լիներ ընտրապայքարից: Դա եւս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում է ճիշտ ճանապարհով»:

Իհարկե, որպես նոր պետական համակարգի անցած երկրի, այս ընտրությունները կարեւոր են, առավել կարեւոր էր ազատ եւ թափանցիկ անցկացման ընթացքը, ինչը եւս բավարար գնահատվեց միջազգային տարբեր դիտորդական խմբերի կողմից:

Բայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն»: Նախ չկար միացյալ ընդդիմության տանող որեւէ գաղափարական կամ այլ առումներով ազդեցիկ ուժ, որը կարողանար համոզել ու համախմբել իր տեսակետներով կամ հավատ ներշնչող դեմքերով: Նույն էր նաեւ իշխանամետ ուժերի պարագայում:  

Իսկ ամենաակնհայտ ոչ համախմբվածությունն այն հիմնարար կետում էր բացակայում, որը համախմբում է նպատակների շուրջ: Չկար համախմբվածություն ժողովրդավար եւ ազատական ուժերի մոտ, չկար համախմբվածություն նաեւ ազգային գաղափարների հետեւորդ ուժերի մոտ: Ամենահամախմբվածը կոմունիստական ուժերն էին, բայց դա ոչ մի վերափոխիչ նշանակություն չի կարող ունենալ մեր կյանքում: Առավել եւս բացակայում էր երկրի ազգայնական քաղաքական ուղղությունը, եւ սա այն ժամանակ, երբ աշխարհում, ընթանում են ազգայնական նոր շարժումներ, որոնք սկիզբ են առել Եվրոպայում, որքան էլ զարմանալի լինի: Անգամ տեսակետ կա, որ այս Եվրամիությունը կփոխարինվի ազգայնական Եվրամիությամբ: Ոչ այնպիսին՝ ինչպես նացիստական Գերմանիայի եւ ֆաշիստական Իտալիայի նախաձեռնությամբ եղավ, այլ կառուցողական՝ ազգային ինքնությունները համադրող ազգայնական ուժերի:

«Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է»,- շարունակել է երկրի նախագահը:

Բայց, այստեղ եւս դժվար է ամբողջովին համաձայնել: Այսօր որպես իրապես նոր ընդդիմություն՝ չկա խորհրդարանում, այն էլ՝ «պատկառելի ներկայացվածութամբ»: Եթե «Ելք» դաշինքը կարող է այնուամենայնիվ համարվել ՀԱԿ-ին եւ «Ազատ դեմոկրատներ»-ին փոխարինող ուժ, ապա «Ծառուկյան» դաշինքը հաստատ չի կարող այդպիսին դիտարկվել, ինչքան էլ կոչվի կառուցողական ընդդիմություն: Կազմն այլ բան է ասում:

Բայց մի բան հստակ է, կան ընդդիմադիր գործիչներ եւ, ընդհանուր առմամբ, կառուցողական խորհրդարանը միայն կարող է օգտակար լինել պետությանը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրների լուծման ճանապարհին: Սա հաստատ է եւ, կարծում ենք, պիտի պտուղներ տա…

Սա, իհարկե կարող է ոգեւորել նախագահին, ինչի վրա էլ հիմնված է նրա հայտարարությունը: ՀՀԿ-ն պատրաստակամ է նաեւ իշխանական դաշինք կազմել, ինչը եւս կարեւոր քայլ կլինի համախմբվածության ճանապարհին, ինչպեսեւ կառուցողական դաշտում աշխատել ընդդիմության հետ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը եւս ոգեւորված է: «Ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին»: Նա ողջունել է ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ եւ պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսեւորելու համար եւ հավելել է. «Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք եւ հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու»:

«Առջեւում սպասվում է հետեւողական եւ քրտնաջան աշխատանք,- նշել է վարչապետը,-անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից, կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից: Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում»:

Եվ Կարեն Կարապետյանը արդեն գործի է անցել: Կառավարության նիստում վարչապետը հայտնեց, որ 2016թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին եւ հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների համար սահմանված ժամկետն ավարտվել է, ապա առկա է նոր միջոցառումների եւ գերակա խնդիրների մշակման անհրաժեշտություն: Այդ պատճառով նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016թ. կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների եւ գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն։

Վարչապետը նաեւ հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր՝ մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները եւ գերակա խնդիրները, հստակ նշելով դրանց կատարման իրատեսական ժամկետները: «Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարեւորությունը եւ անհրաժեշտությունը ոլորտային զարգացումների ու իրականացված գործողությունների վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն»,- նշել է գործադիրի ղեկավարը:

«Կարող ենք շնորհավորել հասարակությանը, քաղաքական ուժերին, որ Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, սա բոլորի հաջողությունն է եւ անկախ այն բանից, թե քանի կուսակցություն կա ԱԺ-ում, այլեւս ժողովրդավարության հաղթանակը Հայաստանում անքննելի փաստ է:

«Ընտրություններին նախորդած հսկայածավալ աշխատանքը, որ կատարվեց ինչպես խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների ու քաղհասարակության մասնակցությամբ, միջազգային հանրության աջակցությամբ, հեղափոխականորեն  ձեւափոխեցին ընտրական կլիման»,- կարծում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նրա խոսքով, ընտրություններն «իդեալական չէին, բայց նման ընտրություններ չեն լինում նույնիսկ ժողովրդավարական կայացած պետություններում»:

Սակայն, ըստ պատգամավորի, դիտորդական գնահատականները հավաստում են, որ այս խորհրդարանական ընտրությունները կարեւոր ներդրում ունեցան ժողովրդավարական երկրի կայացման համար, ինչը վստահաբար կբարձրացնի մեր երկրի վարկանիշը աշխարհում, հատկապես այս միջազգայնորեն լարված ժամանակներում:

Արամ Ավետյան

Լուսանցք» թիվ 13 (446), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։