Նոր պետհամակարգով նոր աշխարհակարգի շեմին – Խորհրդարանական Հայաստանը՝ հայկական նպատակների եւ համաշխարհային փոփոխությունների՝ աշխարհի վերաբաժանման հորձանուտում… Ընտրությունների արդյունքներն ինչպես որ կա…

Մինչ ընտրություններին մասնակցելը քաղաքական շատ ուժերի ներակայացուցիչներ այցելեցին Եռաբլուր, քանզի ապրիլի 2-ին լրացավ քառօրյա պատերազմի մեկ տարին, երբ հայ զինվորը եւս մեկ անգամ հավաստեց, որ պատրաստ կանգնած է երկրի սահմանների պաշտպանության գործում եւ դրասնով իր նպաստն է բերում երկրի խաղաղ գոյության եւ զարգացման համար:

Նախընտրական շրջանում անգամ հարց ծագեց, ընտրությունները տեղափոխել ապրիլի 2-ից հետո, որպեսզի այն նշվի հիշատակի օր, սակայն, քաղաքական ուժերի մեծամասնության կարծիքով, հենց այդ օրը պիտի կայանար խորհրդարանական ընտրությունը, որը թույլ կտար հիշատակի օրվա նշումի հետ միասին հիշել նաեւ, որ հայ զինվորներն ամեն ինչ արեցին, որպեսզի երկրի ներքին քաղաքական կայունությունը չխաթարվի: Իսկ այս խորհրդարանական ընտրություններն առանձնակի նշանակություն ունեցան, քանի որ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանական համակարգի:

Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԱԺ ընտրությունների քվեարկությունից առաջ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ եւս այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցեց հակառակորդի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների եւ Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին:

Հանրապետության նախագահը զորակցություն է հայտնել Հայրենիքի զինվորի ծնողներին, հարազատներին եւ իր ու ողջ հայ ժողովրդի անունից վստահեցրել, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն կհիշեն եւ հավերժ կփառաբանեն Ադամի ու հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը: Պաշտոնական այցելություններ են եղել նաեւ ապրիլյան մյուս հերոսների ընտանիքներ:

Այնուհետեւ, ՀՀ նախագահը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ մայրաքաղաքի թիվ 9/18 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկությանը: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս ի՞նչ մտածեց կամ ի՞նչ հիշեց՝ զինվորների՞ն, սահմա՞նը, ՀՀ նախագահն ասել է. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա, եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի, եւ այդ սահմանները լինեն անձեռնմխելի»: Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է Նախագահը գնահատում քարոզարշավը եւ կուսակցության շանսերը, Սերժ Սարգսյանը նշել է՝ այսօր շանսերը գնահատելու ժամանակը չէ, այսօր քվեներ ստանալու ժամանակն է:  

Առաջ անցնելով նշենք, որ քվեների հարցում Հանրապետականները հաջողեցին եւ կրկին հնարավորություն ստացան ձեւավորել երկրի կառավարությունը:

Համեմատենք Exit Poll-ի տվայլներն եւ ԿԸՀ-ի տվյալները. Հայկական սոցիոլոգիական ընկերության նախագահ Գեւորգ Պողոսյանը ֆ/բ իր էջում տեղադրել է Exit Poll-ի տվյալները՝ նշելով. «Գելափ»-ի եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից անցկացրած ելքի հարցումների (Exit Poll) արդյունքերը 2017թ.ապրիլի 2-ի քվեարկության ավարտից անմիջապես հետո եւ ԿԸՀ-ի ապրիլի 3-ի պաշտոնական արդյունքների համեմատությունը: Հիշեցնենք, որ «Ելք»-ի հարցումը (Exit Poll) անցկացվել են ՀՀ բոլոր մարզերի 125 ընտրական տեղամասերում շուջ 30.000 ընտրողների հետ, որոնցից մոտ 12.000-ը պատասծանել են տրված հարցերին:

Exit Poll-ի տվայլներն ու ԿԸՀ-ի տվյալները.

Exit Poll / ԿԸՀ

  1. «Ելք» դաշինք 10% / 7,77%
  2. «Ազատ դեմոկրատներ» 2% / 0,94%
  3. «Հայկական վերածնունդ» 4% / 3,71%
  4. «Ծառուկյան» դաշինք 25% / 27,32%
  5. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք 3% / 1,65%
  6. «Հանրապետական կուսակցություն» 46% / 49,12%
  7. «Կոմունիստական կուսակցություն» 2% / 0,75%
  8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք 3% / 2,7%
  9. «ՀՅ Դաշնակցություն» 5% / 6,57%:

ՀՀ ԿԸՀ-ն հաշվարկել է խորհրդարանական ընտրությունների բոլոր 2009 տեղամասերի տվյալների նախնական արդյունքները։ Ապրիլի 9-ին ԿԸՀ-ն կհայտարարի ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները, որից հետո խորհրդարան անցած ուժերը նախապատրաստվում են նոր ԱԺ առաջին նիստին։

Զուգադիպությամբ, նույն օրն ավարտվում է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը։ Անշուշտ այս ընտրություններն իրենց ընդգրկմամբ եւ նշանակությամբ չեն կարող մրցել խորհրդարանական ընտրությունների հետ, սակայն չափազանց կարեւոր են բովանդակային առումով։ Լինելով հանրապետության այցեքարտը, դեմքը՝ մայրաքաղաքը պետք է ունենա զարգացման կայուն եւ հեռանկարային ծրագրեր, որոնք կյանքի կոչող ուժերը վստահություն կներշնչեն մայրաքաղաքի ընտրողներին։

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին եւ կավարտվի մայիսի 12-ին։

Դառնալով ԿԸՀ նախնական տվյալներին՝ նշենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 588 հազար 590 քաղաքացիներից 1 միլիոն 577 հազար 323 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93%-ը:

ԿԸՀ-ն իր նիստում ամփոփեց  Հայաստանի տարածքում կազմակերպված բոլոր ընտրատեղամասի տվյալները եւ ԿԸՀ նախագահ  Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ այս տվյալները ստացվել են էլեկտրոնային տարբերակով, հանդիսանում են նախնական տվյալներ:

– «Ելք» կուսակցությունների դաշինք՝ 121 հազար 652 ձայն կամ՝ 7.78%:

– «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14 հազար 690 ձայն կամ՝ 0.94%:

– «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58 հազար 139 ձայն կամ՝ 3.72 %:

– «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք՝ 428 հազար 120 ձայն կամ 27.37 %:

– «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք՝ 25 հազար 863 ձայն կամ՝ 1.65%:

– Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 768 հազար 945 ձայն կամ՝ 49.15%:

– Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11 հազար 707 ձայն կամ՝ 0.75 %:

– «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք՝ 32 հազար 423 ձայն կամ՝ 2.07%:

– «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 102 հազար 938 ձայն կամ՝ 6.58%:

ԿԸՀ-ի արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության կազման, ստորագրման հարցը:

Ըստ արդյունքների՝ մանդատ կստանա նոր խորհրդարանում 4 ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ, Ելք, ՀՅԴ:

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի նորընտիր խորհրդարանում կլինի Ընտրական օրենսգրքով սահմանված մանդատների բաժանման կարգը:

ԱԺ մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն:

Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:

Մինչեւ 101 մանդատ մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվնամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Այսպիսով, նախնական ՀՀԿ-ն կունենա 55 մանդատ, «Ծառուկյան դաինք»-ը՝ 30, Ելք դաշինքը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7: Չեն անցնի խորհրդարան՝ Կոնգրես-ՀԺԿ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքները, «Ազատ դեմոկրատներ» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, ինչպես նաեւ՝ Կոմկուսը։

ՀՀԿ-ն ԳՄ արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել են խորհրդարանական ընտրության արդյունքները, այդ թվում նաեւ ռեյտինգային ցուցակներով կայացած: Նիստը վարել է ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հին Ազգային ժողովի լիազորությունները դադարում են նոր Ազգային ժողովի առաջին նիստի օրը: Իսկ նոր Ազգային ժողովի առաջին նիստը լինելու է ձեւավորվելուց հետո երրորդ հինգշաբթի օրը: Կառավարությունն իր լիազորությունները վայր դնելուց հետո, 10 օրվա ընթացքում նշանակվելու է նոր վարչապետ: Վարչապետին նշանակելու է երկրի նախագահը:

Նա, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, վարչապետ է նշակելու այն անձին, ով վայելում է ԱԺ մեծամասնության աջակցությունը: Վարչապետ նշանակելուց հետո 20 օրվա ընթացքում վարչապետի առաջարկությամբ նախագահը նշանակելու է նախարարներին: Կառավարությունը կազմավորվելուց հետո 20 օրվա ընթացքում կառավարությունն իր ծրագիրը ներկայացնելու է Ազգային ժողով:

Ըստ Սահմանադրության՝ եթե որեւէ կուսակցություն նոր ձեւավորվելիք ԱԺ-ում մեծամասնություն չկազմի, ապա խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլ պետք է լինի: Սակայն, ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական դաշինքը կշարունակի գործել եւ նոր ընտրությունների կարիք չի առաջանա:

Խորհրդարանական այս ընտրությունները Հայաստանում առաջիկա 5 տարիների իշխանությունը ձեւավորելու միակ միջոցն էին, ինչը պետք է կայացած համարել եւ սպասել 2018-ի երկրի նախագահի ընտրությանը, քանզի, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետի պաշտոնը, իսկ երկրի նախագահի աթոռը, ըստ որոշ տեղեկությունների գուցե անցնի ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին:

Անի Մարության

* * *

Ընտրողը 20.000 դրամանոց է դրել ծրարի մեջ եւ այն նետել է քվեատուփի մեջ

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Թիվ 1 ընտրատարածքի 2/22 տեղամասից մեր՝ Ազատ Դեմոկրատների ներկայացուցիչը հայտնում է, որ ընտրողներից մեկը 20.000 դրամանոց է դրել ծրարի մեջ (երեւի վերցված ընտրակաշառքը) եւ այն նետել է տուփի մեջ՝ հայտարարելով, որ ազգը չի վաճառվում։ Երեկոյան քվեատուփը բացելուց հետո, հետաքրքիր է՞ ինչ են անելու այդ ծրարի ու փողի հետ…»:

Պատգամավոր չընտրված թեկնածուն հետ է պահանջում ընտրակաշառքը

Գյումրու Անի թաղամասի բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուներից մեկը, որին չի հաջողվել անցնել ԱԺ, իր շտաբի աշխատակիցների միջոցով հետ է պահանջում՝ մեկ ձայնի համար տված 10 հազար դրամ ընտրակաշառքը։

«Թեկնածուի գրասենյակի աշխատակիցները՝ ցուցակները ձեռքներին, շրջում են թաղով մեկ ու թակում այն բնակարանների դռները, որոնց բնակիչներին շահագրգռել էին գնալ ընտրության։ Նշենք, սակայն, որ այս մասին մեզ պատմողների հավաստմամբ՝ ընտրակաշառք վերցնողները մոլորվել են, քանի որ վաղուց են ծախսել գումարը»,- գրել է «Առավոտ»-ը։

«Լուսանցք» թիվ 13 (446), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։