Իսկ թշնամին փոփոխությունը նկատեց – Մասնակի փոփոխությունները կառավարության կազմում կամ խորհրդարանի պատգամավորների շրջանում էական դերակատորում չեն ունեցել այս 25 տարիների ընթացքում… Իսկ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը վստահ է, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությանը հաղթել են չզիջող ուժերը եւ մնում է ինքնաձիգը վերցնել ձեռքը…

Դեռ սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում «Լուսանցք»-ը միացել էր այն տեսակետին, որ Հայաստանին այսօր առավել օգտակար կլիներ երկրի կիսանախագահական համակարգից անցնել ամբողջական նախագահականի, քան՝ խորհրդարանականի: Բայց Հայաստանն այլեւս խորհրդարանական պետություն է, որի գլխավոր դեմքը այսուհետ երկրի վարչապետն է:

Մեր պարբերականի աշխատակազմը ամբողջությամբ համամիտ էր եւ, ըստ այդմ, պաշտպանում էր հայ արիականների ու համախմբված հեթանոս ազգայնականների՝ նախագահական համակարգի անցնելու տեսակետը, քանի որ մեր երկրի քաղաքական դաշտը, ինչքան էլ հակառակը պնդեն, դեռ ամբողջապես կայացած չէ, ինչը ցայսօր նպաստում է, որ իշխանամետ կամ ընդդիմադիր ուժերի զգալի մասը հայտնվեն հենց գործող իշխանությունների ազդեցության տակ: Սա նրանց ապրելու, իրենց գոյությունը որպես քաղաքական կազմակերպություն քարշ տալու իրավունքն է, բայց այն միաժամանակ հակաիրավունք է՝ ժողովրդի ու երկրի ապագայի նկատմամբ… Եթե իշխանամետ կառույցն է սնվում իշխանությունից՝ նրան գովաբանելու համար, դեռ կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, բայց երբ ընդդիմադիր ուժն է այդպես գոյատեւում, միտքս այլ բառեր է փնտրում:

Հայաստանը պետք է դառնա կենտրոնաձիգ եւ ուղղահայաց հզոր կառավարման համակարգով երկիր, քանի որ բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով (Թուրքիա եւ Ադրբեջան) կամ կիսաթշնամական երկրներով (Վրաստան եւ Իրան (պատմական անցյալից մնացած), որոնք մեր թշնամիների հետ մերթ ընդ մերթ եղբայրության հայտարարություններ են անում ցայսօր), իսկ տարածաշրջանը լեցուն է ամենատարբեր հակահայկական ու ահաբեկչական կազմավորումներով: Կիսանախագահական երկրում անգամ մեր կուսակցությունների (էլ չասենք՝ հասարակական կազմակերպությունների) զգալի մասը իր ծառայություններ էր առաջարկում այս կամ այն երկրին, եթե չասենք՝ թշնամական երկրին, ինչն առավել դյուրին է դառնալու խոոհրդարանական համակարգի ժամանակ:

Սրան նպաստելու է նաեւ կուսակցությունների խոշորացմանը տանող դրսից թելադրված քաղաքականությունը, որպեսզի իրապես պետականամետ (ավելի պարզ՝ հայրենակենտրոն ու ազգամետ) ուժերը, անգամ եթե ընդդիմադիր են, միաձուլվեն եւ խառնվեն ընդհանուր միջազգային (իմա՝ ապազգային) գաղափարակիր զանգվածին:  

Այսինքն, անկախ այն հանգամանքից, որ այսօր չկան գաղափարախոսությամբ առաջնորդվող կուսակցություններ, ինչը ցույց տվեց նաեւ այս ընտրարշավը (պարզապես թղթին հանձնված ծրագրերն ու կանոնագրերը հաշվի մեջ չեն), որոնց կարելի կլիներ միանալ անգամ կամովին, գաղափարական փոքրաթիվ կազմակերպությունները պիտի կամ լուծարվեն կամ դառնան միայն սեփական շահերի հետեւից գնացող որեւէ կառույցի կցորդը…

Նշանակում է՝ խորհրդարանական Հայաստանի թույլ (չի բացառվում, որ իրական ընտրական գործընթացներում ձեւավորիվի այնպիսի խորհրդարան, որ կառավարություն չկարողանա կազմել, ինչը չի կարող ներքին լարման չբերել) վարչակարգին ավելանալու է թույլ եւ թուլացման միտումով քաղաքական ոլորտը, ինչը հաստատ հուսադրող ապագա չի ցուցանում, ինչպես նշվեց վերեւում՝ թշնամիներով շրջապատված Հայաստանի համար:

Կիսանախագահական Հայաստանում ավելի քան 25 տարի ականատես եղանք ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների, այսպես կոչված թիմերի փոխարինումներին, ինչը սակայն որեւէ էական փոփոխության չէր կարող բերել երկրի ներսում եւ մարդկանց կյանքում, քանի որ բոլոր թիմերն էլ իրականում մեկ թիմ են եղել եւ մնում այս տարիների ընթացքում: Մասնակի փոփոխությունները կառավարության կազմում կամ խորհրդարանի պատգամավորների շրջանում էական դերակատորում չեն ունեցել այս 25 տարիների ընթացքում: Ինչպես ՀՀ 1-3 նախագահները, այնպես էլ նրանց թիմակիցները այդպես էլ մնացին նախկին…

Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության թույլատրելի սահմանը այդ 25 տարիների քաղաքական դաշտում եղել է հստակ ուրվագծված, ոչ մի «ավելորդ» նոր ուժ չի կարողացել սողոսկել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ճամբար: Իսկ ում էլ մասնակի հաջողվել է, ապա ընդունել է կամ իշխանության, կամ ընդդիմության խաղի կանոնները…

Այսօր Հայաստանը խորհրդարանական երկիր է դարձել, բայց դիտարկելով խորհրդարանական ընտրությունների ընթացքը եւ ավարտը, կարելի է հավաստել, որ գրեթե ոչինչ չի փոխվել վերջնական արդյունքում: Թե ընթացքում, արդեն խորհրդարանական երկրի քաղաքական խաղի կանոնների փոփոխություններ կկատարվեն ու կբերեն նաեւ փոփոխություններ մեր երկրի ու բնակչության կյանքում, դեռ հայտնի չէ:

Ամեն դեպքում մի բան հստակ է, այս ընտրություններով արձանագրվեց այն փոփոխությունը, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական պետական համակարգի: Նաեւ հստակ է, որ Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունները, համենայնդեպս, մեկ քայլ առաջ էին բոլոր նախորդներից:

Այդ մեկ քայլը չի նշանակում, որ չեն եղել կաշառատվություն եւ կաշառակերություն, ընտրախախտումներ իրենց տարաբնույթ ձեւերով, վարչական ու քրեական իրավախախտումներ նաեւ, բայց, որ դրանք նախկինների նման լայնածավալ բնույթ չեն ստացել, հաստատ է: Գուցե մասնագիտացել են կաշառք տվողները եւ վերցնողները, ինչն էլ բացահայտ խախտումների ու հանցանքների կարիքը նվազեցրել է թերեւս:

Վերլուծաբանները եւս նկատել են, որ մարդիկ փողը վերցրել են ու ընտրել նրան, ում պետք է ընտրեին, պարզապես նաեւ օգտվել են շահ ստանալու առիթից: Իհարկե, սա բարոյական արժեհամակարգի ոլորտից է, ինչը, ցավոք, վաղուց հաշվի չեն առնում մեզանում, քանի որ համոզված չեն, որ ինչ-որ բան փոխվելու է երկրում: Իսկ ամենատխուր իրողությունն էլ հենց այն է, որ այս անհավատությունը դառնում է արդեն կարծրացած՝ ոչինչ չփոխվելու պատճառը…

Եթե այս տրամաբանությամբ դուրս գայինք 1988-ի եւ 1990-ականների հանրահավաքներին, ապաեւ՝ Արցախի ազատագրության պայքարին, այն էլ աշխարհի 1/6-րդ մասը կազմող ԽՍՀՄ-ում, ապա մեր պարտությունն անկասկած ամիսների հարց կլիներ: Այլեւս Հայաստանի անկախության կամ Ադրբեջանի հետ պատերազմի հաղթական ավարտի մասին մտածելն իսկ անիմաստ կդառնար…

Բայց այդպես չեղավ չէ՞:

Մենք կարողացանք անել այն ամենը ինչն անգամ այսօր է անհնարին թվում: ՀՀՇ-ական իշխանության՝ «մեր դեմ խաղ չկա»-ն, ներքին ու արտաքին թշնամիների անհանդուրժողականությունը եւս կոտրվեց, երբ խաղը եղավ…

Իհարկե, իշխանափոխությունը (համակարգային առումով) կատարյալ տարբերակով չստացվեց, բայց եղա՛վ: Այսօր էլ դա հնարավոր է, վաղը եւս, մենք դա ապացուցել ենք եւ՛ ներքին եւ՛ արտաքին ասպարեզներում: Սակայն հենց վերոնշյալ բարոյական անկումն է կործանում մեր միասնականությունը, այն նաեւ փոխադարձ անվստահություն է սերմանում ոչ միայն հարեւանների, բարեկամների, այլեւ մեկ ընտանիքի անդամների միջեւ… էլ ուր մնաց ազգային ասպարեզում չտար ճաքեր:

Բայց մենք նաեւ գիտենք, որ որպես ազգ կենտրոնանում ենք արտաքին վտանգի դեպքում: Պարզապես դա հետո պահպանել չենք կարողանում մեր ներքին կյանում: Նախորդ ընտրությունների համեմատ առկա բարելավումը պետք է հիմք դառնա էլ ավելի լավ ընտրությունների համար: Ափսոս, որ նախընտրական ընթացքը գաղափարախոսական բանավեճերից հեռու մնաց, դա միանշանակ ավելի կամային կդարձներ մեր ընտրողին, ով նաեւ մեր երկրի հենարանն է: Չնայած, անգամ գաղափարական բանավեճի բացակայությունը չխանգարեց, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն ՏերՊետրոսյանի՝ խաղաղություն պարտության գնով թեզը նպաստի, որ ՀԱԿ-ը խայտառակ կերպով (իրենց միակ ընդդիմության հռչակածի համար աննշան քվեներով) չանցնի խորհրդարան: Այս պարտվողական խաղաղության թեզը որոշակիորեն որդեգրել էին նաեւ ՕՐՕ դաշինքում, ինչը տապալեց նաեւ նախկին չինովնիկների եռյակին (Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան եւ Վարդան Օսկանյան):

Այս վերջին դիտարկումը շատ կարեւոր է, քանզի եթե դիտենք մեր թշնամու աչքերով, ապա այս խորհրդարանը մեծապես տարբերվում է նախորդից:

Իհարկե, ադրբեջանցիների համար կարեւոր չէ, թե ինչքան կաշառք է բաժանվել եւ ովքեր են օգտվել, դա իրենց երկրում տասնապատիկ ավելի մեծ ճոխությամբ է կատարվում, նրանց հուզել է, որ խորհրդարանական Հայաստանի խորհրդարանը մնացել է առանց Հայ ազգային կոնգրեսի (Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ) թուրքամետ եւ ադբեջանահաճ հարեւանատենչ ու զիջողական խաղաղասիրական քաղաքականության: Առանց օրինացերկրական (Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ) մերթ եվրո-ամերիկյան, մերթ ռուսական երաժշտության տակ պարող ու ամեն (նաեւ՝ բարոյական ու հոգեւոր) զիջման պատրաստ քաղաքական կազմակերպության, որն իրեն արդեն Հայաստանի վերածննդի միջուկն էր հայտարարել: Առանց այնպիսի քաղաքական այլ ուժերի, որոնք պատրաստ են ազատականացման եւ ազատության գաղափարները սանձարձակության հասցնել՝ թուլացնելով ու ջլատելով ազգը:

Իհարկե, մեր թշնամիներին ամենաշատը վախեցրել է նոր խորհրդարանը ձեւավորող 4 քաղաքական ուժերի արցախանպաստ եւ անզիջում պայքարի պատրաստակամությունը:

Օրինակ՝ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը, անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքին եւ արձանագրելով, որ «հաջողության են հասել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները եւ ՀՅԴ-ն, մնում է ինքնաձիգը վերցնել ձեռքը, քանի որ միայն պատերազմ  է սպասում այս դեպքում»: Այսինքն՝ նա ադրբեջանցիներին ասում է, որ պատերազմով այլեւս չես վախեցնի հայերին, այն ուժերը, որոնք կարող էին պատերազմի վախը բարձր ամբիոններից տարածել հայերի մեջ, պարտվել են, ուստի մնում է բոլորդ զինվեք… Ընդհակառակը, ըստ ադրբեջանցի լրագրողի, Ադրբեջանում պիտի այլեւս անհանգստանան «Հայաստանի ճնշող մերժումից»:

Փաստորեն, խորհրդարանական ընտրությունները նաեւ մի յուրօրինակ հանրաքվե եղան, թե պարտվողական խաղաղության համար քանի կողմնակից կա Հայաստանում, եւ քանիսն են դեմ զիջում կոչվածին: Եվ արդյունքը ադրբեջանցիներին չի գոհացրել… Պետական մակարդակով մարդասպանությամբ եւ հայատյացությամբ զբաղվող Ադրբեջանում արդեն ընդունում են, որ Հայաստանի ԱԺ-ի ընտրության մասնակիցների շուրջ 98%-ը հրաժարվեց Ադրբեջանի պատերազմի իրավունքն արդարացնելուց եւ փաստացի քվեարկեց Հայաստանի հպարտ խաղաղության իրավունքի օգտին:

Տրամաբանական է, որ Բաքվում սա պետք է առաջացնի անհանգստություն, որովհետեւ ինչքան էլ կոչ անեն, ադրբեջանցիների մեծամասնությունը «ինքնաձիգը ձեռքը չի վերցնելու», որովհետեւ դրա ոչ ֆիզիկական ու մտավոր, ոչ էլ հոգեկան պատրաստվածությունը չունի եւ չի էլ կարող ունենալ այլեւս խանական հակումներով շարժվող Ադրբեջանում: Եվ շատ ծիծաղելի է, երբ Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» խոսում է նաեւ Ադրբեջանի նախագահ-խան Իլհամ Ալիեւի կինը եւ անմիջական փոխանորդը՝ Մեհրիբան Ալիեւան, ում «սառցե դիցուհի» են կոչել… Նա անգամ իրեն թույլ է տվել հայ մայրերին դիմել խաղաղության եւ մարդկային զոհերից զերծ մնալու կոչերով, ինչը արդեն ոչ միայն ծիծաղելի, այլեւ զազրելի է:

Վլադիմիր Պուտինին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Միխաիլ Սաակաշվիլուն եւ թե էլ ում իր ամուսնու պես սիրող ու հարգող Մեհրիբանի հայտարարությունները, հատկապես հայ մայրերին ուղղված, շատերը կապում են վերջին շրջանում Ադրբեջանում տարածված «իսկանդերախտով»… Պաշտոնական Բաքվին հանգիստ չի տալիս հայաստանյան «Իսկանդերը»… Խուճապն ավելի է մեծացել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հստակ խոսքից հետո, որ երբեք չի վարանի, եթե պահը գա «Իսկանդերով» հարվածների…

Տեղեկություններ կան, թե Ադրբեջանում նաեւ մտահոգ են, որ այս նոր խորհրդարանը կաջակցի Հայաստանի նախագահին, եթե նա հակահարձակման անցնելու հրաման տա, ինչպես խոստացել է անել, եթե նոր լայնածավալ պատերազմական գործողությունների դիմի Ադրբեջանը:

Ըստ այդ տեղեկությունների, Ադրբեջանի գլխավոր շտաբում մի քանի ուղղություններով ադրբեջանական բանակը օգտագործում է արգելափակող ստորաբաժանումներ, որպեսզի չթողնի սեփական զորքի նահանջը:

Դա է վկայում նաեւ այն, որ Բաքվի մամուլը սկսել է գրել, որ եթե հայկական զորամիավորումները անցնեն հակահարձակման, ապա Թարթառի շրջանում եւ այլ վայրերում կպայթեցնեն կամուրջները իրենց տարածքներում՝ կանխելու համար մեր ուժերի առաջխաղացումը, ինչպեսեւ՝ իրենց զորքերի նահանջ-փախուստը…

Այսպես են ազդել Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանի իշխանության եւ բնակչության վրա:

Փաստորեն, եթե Հայաստանի խորհրդարանը մի օր իրապես այնպիսի տեսք ստանա, որին ձգտում է Հայաստանի բնակչությունը իրականում, ապա Ադրբեջանի համար դա արդեն լուրջ ու կործանարար ազդեցություն կունենա:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 13 (446), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։