Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Եվրոպայում 11 մեդալ նվաճեցինք… Հենրիխը՝ ակումբի ամենաբարձր վարձատրվողների հնգյակում… Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 18 տեղով… Գեղարդ Մուսասիի աղմկահարույց հայտարարությունը՝ փայլուն նոկաուտից հետո… Այլ մարզական լուրեր…

Եվրոպայում 11 մեդալ նվաճեցինք

105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան) Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա երկամարտի 414 կգ արդյունքով (պոկում՝ 184 կգ, հրում՝ 230 կգ) գերազանցել է իր բոլոր մրցակիցներին:

Ծանրամարտի հավաքականի մյուս անդամներ, +105 կգ քաշայիններ Գոռ Մինասյանը (անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան) երկամարտի 446 կգ արդյունքով (պոկում՝ 211 կգ, հրում՝ 235 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը (անձնական մարզիչ՝ Գառնիկ Ալեքսանյան) երկամարտի 434 կգ արդյունքով (պոկում՝ 190 կգ, հրում՝ 244 կգ)՝ բրոնզե մեդալակիր: Նշենք, որ Գոռ Մինասյանը փոքր արծաթ է նվաճել նաեւ պոկում վարժությունում  (211 կգ), իսկ Ռուբեն Ալեքսանյանը փոքր բրոնզ՝ հրում վարժությունում (244 կգ):

Կանանց պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Հռիփսիմե Խուրշուդյան) երկամարտի 227 կգ արդյունքով եւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը (անձնական մարզիչ՝ Գագիկ Սեդրակյան)՝ երկամարտի 230 կգ արդյունքով: Ավելացնենք, որ Սոնա Պողոսյանը փոքր արծաթ է նվաճել նաեւ հրում վարժությունում (126 կգ), իսկ Տաթեւ Հակոբյանը՝ փոքր բրոնզ պոկում վարժությունում (105 կգ):

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն առաջին անգամ մասնակցել է նաեւ 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը (անձնական մարզիչ՝ Հարություն Եղոյան), ում գրաված 7-րդ տեղը մասնագետները բարձր են գնահատում:

Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարի հաղթողը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Էստոնիայում մասնակցել է օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարին, որը մտնում է UWW-ի տարեկան օրացուցային պլանի մեջ: Օլիմպիական արծաթե մեդալակիրն անցկացրել է 3 գոտեմարտ, բոլորն էլ միեւնույն՝ 8:0 հաշվով ավարտել է ժամանակից շուտ եւ նվաճել հուշամրցաշարի հաղթողի կոչումը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հուշամրցաշարն անցկացվում էր ըմբշամարտի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2018թ. հունվարի 1-ից:

3 ոսկե մեդալ` Թբիլիսիից

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Դավիդ Կվաչաձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները նվաճել են 7 մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եզրափակիչ մտած մեր 5 ներկայացուցիչներից երեքը հաղթանակ են տարել եւ արժանացել են ոսկե մեդալների: Նրանք են 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը:

Գասպար Բաբախանյանն (49 կգ) ու Հենրիկ Սարգսյանը (91 կգ) եզրափակիչ մրցամարտում անհաջողության մատնվեցին եւ բավարարվեցին արծաթե պարգեւներով, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը դարձան մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Նշենք, որ Թբիլիսիում մեր թիմը հանդես եկել 8 բռնցքամարտիկով:  

«Ալաշկերտ»-ը վստահ հաղթեց «Բանանց»-ին

«Ալաշկերտ»-«Բանանց» հանդիպումով մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 23-րդ փուլը: Հանրապետության չեմպիոնը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեց եւ վստահ հաղթանակ տարավ՝ 2:0:

«Ալաշկերտ»-ը վաստակեց 45 միավոր եւ կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բանանց»-ն ունի 19 միավոր եւ շարունակում է ընթանալ նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում: Մյուս հանդիպումները տեղի կունենան ապրիլի 15-ին եւ 16-ին: «Շիրակ»-ը կհյուրընկալի «Արարատ»-ին, իսկ «Փյունիկ»-՝ը «Գանձասար-Կապան»-ին:

Հ.Գ. – «Փյունիկ»-ը կրկին պարտվեց սեփական դաշտում – Ֆուտբոլի Հայաստանի բարձրագուն խմբում այսօր կայացավ 23-րդ փուլի վերջին հանդիպումը: Երեւանի «Փյունիկ»-ը սեփական դաշտում հանդիպեց Կապանի «Գանձասար-Կապանի» հետ: Նախ երկու գոլ խփեցին հյուրերը՝ կապանցի ֆուտբոլիստները: Խաղավերջում տանտերերը միայն կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 1:2: «Գանձասար-Կապանը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնության գարնանային հատվածում եւ վաստակած միավորներով կրկին հավասարվեց առաջատար «Ալաշկերտ»ին, իսկ ահա «Փյունիկ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց սեփական դաշտում եւ 3-րդ տեղում գտնվող «Շիրակ»-ից արդեն ետ է մնում 7 միավորով:

Հենրիխը՝ ակումբի ամենաբարձր վարձատրվողների հնգյակում

Մեր հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 5-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: «Հայաստանի կիսապաշտպանը բավականին շռայլորեն է վարձատրվել անցած ամառ Մոուրինյոյի թիմին միանալու համար: Վերջինս շաբաթական վարձատրվում է 180.000 (ֆունտ ստերլինգ)»,- գրել է Daily Mail-ը:

«Մանրեսթեր Յունայթեդ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Ուեյն Ռունին, ովը շաբաթական աշխատում է 300.000 ֆունտ ստերլինգ: 2-րդը Պոլ Բոգդան է, նա շաբաթական վարձատրվում է 290.000: Հաջորդում է Զլատան Իբրահոմիվիչը՝ ստանալով 220.000, իսկ ահա թիմի դարպասապահ Դավիդ դե Խեան ստանում է 200.000:  Ամենահետաքրքիր անվանումը, որը կարելի է տեսնել ցուցակում, Մայքլ Կարիկն է, ով թիմում աշխատում է 2006թ.-ից, բայց ստանում է ընդամենը 80.000: Թիմի ամենաքիչ վարձատրվող ֆուտբոլիստներից է Մարկուս Ռեշֆորդը, ով շաբաթական ստանում է 20.00 ֆունտ ստերլինգ:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 18 տեղով

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Մեր հավաքականն անցած ամսվա համեմատ առաջադիմել է 18 տեղով եւ այժմ 527 միավորով զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը:

Մեր թիմի առաջիկա մրցակիցները զբաղեցնում են հետեւյալ տեղերը. 11. Լեհաստան՝ 1183, 12. Ռումինիա՝ 676, 13. Դանիա՝ 657, 14. Չեռնոգորիա՝ 560, 15. Ղազախստան՝ 325:

Հայաստան է այցելել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը

Ապրիլի 12-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկօրյա այցով ժամանեց Հայաստան: ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը իրականացրել են Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը։

Նույն օրը ՈՒԵՖԱ-ի նախագահը այցեել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ ծանոթացել է ակադեմիայի ենթակառուցվածքներին:

ՖԻԴԵ-ի նախագահը զրկվել է իր գլխավոր իրավունքներից

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովն այդ պաշտոնում կմնա մինչեւ 2018թ. վերջը: Նման որոշում կայացրել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի արտահերթ նիստը, որը կայացել է Աթենքում: Սակայն խորհուրդը միաժամանակ սահմանափակել է Կիրսան Իլյումժինովի իրավասությունները: Մասնավորապես՝ նա այսօրվանից սկսած իրավունք չունի կարեւոր որոշումներ կայացնել կամ պայմանագրեր կնքել:

Նշենք, որ այս տարվա մարտի վերջին ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում լուր է հրապարակվել նախագահի պաշտոնանկության մասին, սակայն որոշ ժամանակ անց այն հանվել է:

Ամերիկահայ շախմատիստը չհասավ բրոնզե մեդալին

Սենթ Լուիսում ավարտվել են շախմատի ԱՄՆ-ի 2017թ. առաջնությունները:

Կանանց մրցաշարին մասնակցած հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանն այս տարի իր հնարավորություններից ցածր խաղաց, 11 հնարավորից վաստակեց ընդամենը 5,5 միավոր եւ զբաղեցրեց 8-րդ տեղը: Չեմպիոն կոչումը նվաճեց Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը, ով հավաքեց 8 միավոր:

Տղամարդկանց առաջնությունում հանդես եկավ Վարուժան Հակոբյանը, ով մինչեւ վերջին պահը համարվում էր չեմպիոնի կոչման ռեալ հավակնորդներից մեկը: Նա վերջին փուլից առաջ 6,5 միավորով Ուեսլի Սոյի եւ Ալեքսանդր Օնիշչուկի հետ բաժանում էր 1-3-րդ տեղերը:

Վերջին խաղում մեր հայրենակիցը պարտվեց փորձառու Հիկարու Նակամուրային եւ ձեռքից բաց թողեց բրոնզե մեդալը: Այն բաժին հասավ ավելի փորձառու Ֆաբիանո Կարուանային: Չեմպիոնի կոչումը թայբրեյքում կվիճարկեն Ուեսլի Սոն եւ Ալեքսանդր Օնիշչուկը, քանի որ նրանք վերջին փուլում ոչ-ոքի են խաղացել եւ վաստակել հավասար քանակությամբ միավորներ:

Լիլիթ Գալոյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությանը

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարի 1-ին փուլում Հայաստանից մասնակցող 4 շախմատիստուհիներից հաղթանակ տոնեց միայն Լիլիթ Գալոյանը, ով սեւ խաղաքարերով առավելության հասավ լատվիացի Ռամոնա Գոլցայի նկատմամբ:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը բելառուսցի Լանիտա Ստեցկոյի հետ պարտիայում միայն վերջում ձեռքից բաց թողեց հաղթանակը: Ոչ-ոքի ավարտեց իր խաղը նաեւ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, վը խաղաղ դաշն կնքեց Իտալիայի ներկայացուցիչ Դանիելա Մովիլեանուի հետ: Իսկ ահա Հայաստանի գործող չեմպիոն, միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը, անհաջող մեկնարկեց եւ անդրանիկ փուլում պարտվեց ուկրաինացի Նատալյա Ժուկովային:

Այս տարվա Եվրոպայի առաջնությանը ընդհանուր առմամբ մասնակցում են 33 երկրների 144 շախմատիստուհի, այդ թվում 12 գրոսմայստեր: Մրցաշարի արդյունքներով կորոշվեն այն 14 ուժեղագույները, որոնք իրավունք կստանան մասնակցելու աշխարհի առաջնությանը:

 Մրցաշարի գլխավոր մրցավարն է մեր հայրենակից, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Հ.Գ. – 1 – Լիլիթ Մկրտչյանն առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնությունում - Հայաստանի շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունում: 4-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանը տոնեց առաջին հաղթանակը՝ սպիտակներով պարտության մատնելով Թուրքիայի ներկայացուցիչ Սիլա Չագլարին: Միավոր վաստակեց նաեւ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը, ով հաղթեց բելառուսցի Օլգա Բադելկային: Մեր առաջատար շախմատիստուհին՝ Էլինա Դանիելյանը, լատվիացի գրոսմայստեր Իլզե Բերզինայի հետ խաղում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Նա դեռեւս կես միավորով ետ է մնում առաջնության առաջատարներից: Իսկ ահա Լիլիթ Գալոյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց եւ բավական զիջեց դիրքերը:

Հ.Գ. – 2 – Էլինա Դանիելյանը վստահ հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինԳրոսմայստեր Էլինա Դանիելյանը 3-րդ հաղթանակը տարավ Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Մեր շախմատիստուհին սպիտակներով մրցեց Ադրբեջանը ներկայացնող Գյունայ Մամադզադայի հետ, վստահ անցկացրեց ամբողջ խաղըն եւ գեղեցիկ հաղթանակ տարավ: 1 միավոր վաստակեց նաեւ Լիլիթ Գալոյանը,ով սեւ խաղաքարերով պարտության մատնեց հույն Յուլյա Մակային: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց իսպանուհի Մոնիկա Գալսետայի հետ, իսկ Մարիա Գեւորգյանը պարտվեց ռումինուհի Իրինա Բուլմագային: 5 փուլից հետո Էլինա Դանիելյանն ունի 4 միավոր եւ այժմ մի քանի մասնակիցների հետ բաժանում է 2-րդ տեղը: Մեր մյուս 3 պատվիրակները վաստակել են 2,5-ական միավոր

Հ.Գ. – 3 – Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթեցինՌիգայում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում ավարտվեցին 6-րդ փուլի խաղերը: Մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթեցին համապատասխանաբար ռուսաստանցիներ Անաստասյա Տրավկինային եւ Իրինա Ուտյացկայային: Ցավոք, նրանց օրինակին չհետեւեց Հայաստանի գործող չեմպիոնը՝ Մարիա Գեւորգյանը, որը սեւերով պարտվեց ուկրաինուհի Նատալյա Բուկսային: 6 փուլից հետո Էլինա Դանիելյանը 4,5 միավորով բաժանում է 3-16-րդ տեղերը: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ունեն 3,5-ական միավոր, իսկ Մարիա Գեւորգյանը՝ 2,5:

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց առաջին խաղը

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն անցկացրեց անդրանիկ խաղը Գերմանիայում մեկնարկած «Գրենկե Չեսս Կլասիկ» շախմատային մրցաշարում: 1-ին փուլում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ: Երկարատեւ պայքարում Լեւոն Արոնյանին չհաջողվեց ստանալ ոչ դիրքային, եւ ոչ էլ նյութական առավելություն: Արդյունքում, հանդիպման 41-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը միավորը կիսեց գերմանացի Մաթիաս Բլուբաումի հետ: Կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը պարտվեց Արկադի Նայդիչին: Վաղը Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

«Ցանկանում եմ` Հայաստանի անունը սուսերամարտում միշտ հորիզոնում լինի»

Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում առաջին անգամ տեղ է զբաղեցրել 8 ուժեղագույնների մեջ: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն արդյունքն է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա ասաց, որ քառյակում հայտնվելու շանս ուներ, սակայն արդեն գերհոգնած էր. «Մրցակիցներս աստիճանաբար ավելի ուժեղ էին դառնում: Ամենադժվար մենամարտն ամերիկացի սուսերամարտիկի հետ էր: Գիտակցում էի այդ փաստը: Սկզբում պարտվում էի, բայց հետո հավաքվեցի եւ 1 միավորի առավելությամբ հաղթեցի (15:14):

Մյուս մարզիկները եւս ուժեղ եւ բարձրակարգ էին: Այս արդյունքն ինձ մեծ վստահություն տվեց: Կանխազգում էի, որ 16 ուժեղագույնների մեջ կլինեմ, բայց, երեւի Աստծո կամքն էր, որ 8-նյակում հայտնվեցի: Մարզուհուխոսքով, այս արդյունքն իր եւ թիմի համար շատ կարևոր էր: Նրանք հետզհետե ավելի շատ մրցաշարերի կմասնակցեն. «Միջազգային մակարդակում աստիճանաբար երեւում ենք: Մեզ նաեւ հրավերներ են ուղարկում տարբեր երկրներում մրցումների մասնակցելու համար: 9 օրից կմեկնեմ Մինսկ, որտեղ կմասնակցեմ Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Ակնկալում եմ, որ այնտեղ նույնպես լավագույն 16-ի կամ 8-ի մեջ կլինեմ, չնայած մրցակիցներս ինձնից մեծ են: Դրանից հետո Վրաստանում եւ Գերմանիայում կմասնակցեմ մեծահասակների մրցաշարերի, օգոստոսին՝ ուսանողական խաղերին:

Ցանկանում եմ` Հայաստանի անունը սուսերամարտում միշտ հորիզոնում լինի: Իսկ ինձ համար նպատակ ունեմ լինել ոչ միայն ուժեղագույնների թվում, այլև` ուժեղագույնը»,- ասել է ԷմմաՊողոսովան:

Գեղարդ Մուսասիի աղմկահարույց հայտարարությունը՝ փայլուն նոկաուտից հետո

Միացյալ Նահանգների Բուֆալո քաղաքում ավարտվեց խառը մենամարտերի երկար՝ UFC 210 մրցաշարը, որտեղ փայլուն ելույթ ունեցավ Հոլանդիան ներկայացնող հայազգի Գեղարդ Մուսասին (Մովսեսյանը): Ամերիկացի Քրիս Վայդմանի հետ երկար սպասված մենամարտի արդեն երկրորդ ռաունդում հայազգի մարտիկը ծնկի հարվածով նոկաուտի ենթարկեց մրցակցին: Այս դրվագը ոչ միանշանակ գնահատական ստացավ, քանզի Վայդմանը պնդում էր, որ Մուսասին արգելված հնարքով է նոկաուտի ենթարկել: Մրցավարները տեսագրությունը ուսումնասիրելուց հետո հաղթանակ շնորհեցին Մուսասիին: Ի դեպ, համոզվելու համար, որ Վայդմանը նոկաուտի ազդեցության տակ է, մրցավարը հարցրել է նրան. «Այսօր ի՞նչ օր է»: Ամերիկացի մարզիկը չի կարողացել հստակ պատասխան տալ: Մրցավարները համոզվել են, որ Վայդմանի վիճակը շատ ավելի լուրջ է, քան թվում է:

Այս մենամարտից առաջ Մուսասին հայտարարել էր, որ ցույց տալով բարձր արդյունքներ՝ ինքը չափազանց փոքր հոնորարներ է ստանում, եւ հաղթանակի դեպքում պահանջելու է մի քանի անգամ բարձրացնել վարձատրությունը: Եվ ահա, տպավորիչ հաղթանակից հետո Գեղարդ Մովսեսյանը աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել՝ կարծիք հայտնելով, որ մարտերը կազմակերպող կազմակերպությունը չի ցանկանում իրեն նորմալ վճարել հայ լինելու պատճառով: «Ինձ պետք է վճարեն: Ես հաղթեցի Ժակարին, հաղթեցի Մարկ Հանթին, հաղթեցի Դեն Հենդերսոնին, հաղթեցի Վիկտոր Բալֆորտին, հաղթեցի Վայդմանին: Էլ ո՞ւմ հաղթեմ: Այն տղաները, որոնց ես հաղթել եմ, ինձնից շատ փող են ստանում: Ո՞րն է պատճառը: Այն, որ ես հա՞յ եմ: Ուզում եք, որ դառնամ շիկահե՞ր: Սա ինչ ք… է: Ես ուժեղագույններից մեկն եմ եւ պետք է արժանի վարձատրություն ստանամ: Ես արդար տղա եմ: Վճարեք այնքան, որքան պետք է: Կարծում եք՝ չե՞մ կարող հաղթել UFC-ի չեմպիոն Բիսփինգին: Նա մեծ-մեծ խոսում է, բայց երբ մենամարտի ինձ հետ, ամեն ինչ իր տեղը կընկնի»:,- ասել է Մուսասին:

Վերջինս նշել է նաեւ, որ խիստ հիասթափված է Վայդմանից, ով սիմուլյացիայի օգնությամբ մրցավարներին փորձում էր համոզել, որ նոկաուտի դրվագում մրցակցի կողմից կանոնների խախտում է եղել. «Դա տղամարդուն վայել արարք չէր: Նա առաջին ռաունդում հաղթեց, բայց ես սթափվեցի եւ արժանի հաղթանակ տարա: Պատրաստ եմ քննարկել ռևանշի մարտի կայացման հարցը, բայց իմ գերնպատակը չեմպիոնական տիտղոսը նվաճելն է: Բիսպինգի հետ մենամարտում ես ակնհայտ ֆավորիտ եմ: Տվեք ինձ այդ հնարավորությունը»:

Դեռևս մենամարտից առաջ Մուսասին իր դժգոհությունն էր հայտնել, որ իրեն հնարավորություն չի տրվում չեմպիոնական տիտղոսի համար մենամարտելու՝ պնդելով, որ նման մենամարտերի մասնակցում են այն մարզիկները, ովքեր ինքնագովազդի միջոցով փորձում են ուշադրություն գրավել: «Եթե ուշադրություն դարձնեք իմ վիճակագրությանը, ապա կհամոզվեք, որ տիտղոսային մենամարտի արժանի էի վաղուց եւ ոչ մեկ անգամ: Որոշ մարտիկներ չեմպիոնական գոտու համար մենամարտին մասնակցելու իրավունք են ստացել պարտվելուց անմիջապես հետո: Պարզապես ոմանք ամպագոռգոռ հայտարարություններ անելով՝ փորձում են հեղինակություն ձեռք բերել եւ դառնալ երկրպագուների սիրելին: Դա է պատճառը, որ առանց երկար ճանապարհ անցնելու՝ նրանք հայտնվում են ուշադրության կենտրոնում և չեմպիոնական մարտեր անցկացնում: Մի՞թե ես արժանի չեմ նման մենամարտի: 100 տոկոս արժանի եմ: Բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա կապիկություն անել: Դա իմը չէ: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ»,- ասել էր Մուսասին:

Վայդմանի նկատմամբ տարած փայլուն հաղթանակից բացի՝ Մուսասին նաև ամրապնդվել է UFC-ի ռեկորդակիրների շարքում: Նա ունի ամենաերկար հաղթական շղթաներից մեկը: Մուսասին վերջին 5 մենամարտերում նույնքան հաղթանակ է տարել: Այս արդյունքը գերազանցում է թերեւս կուբացի Իոել Ռոմերոն: Ժամանակից շուտ տարած հաղթանակների ցուցանիշներով էլ հայազգի մարտիկը 2-րդ հորիզոնականում է գտնվում: Այդ 5 մենամարտերից 4-ը Մուսասին հաղթել է նոկաուտով: Առաջին հորիզոնականում է ֆրանսիացի գերծանրքաշային Ֆրանսիս Նգանուն:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 14 (447), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։