Ամերիկահայ սփյուռքի նոր հաղթարշավը – ԱՄՆ-ում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդելի Քաղաքային խորհրդի, Միացյալ կրթական խորհրդի եւ Համայնքային քոլեջի խորհրդի ընտրությունները… …Ցավոք, ինչը չի կարելի ասել եվրոպական ու ասիական (թուրք-հրեական կազմաքանդման հետեւանքով անցան այն ժամանակները, երբ Իրանի ու արաբական որոշ երկրների հայաշատ սփյուռքը իր ազդեցիկ լծակներն ուներ տարածաշրջանում), ինչպեսեւ ու հատկապես ռուսաստանյան հայկական սփյուռքի մասին…

Հայերիս մոտ հաճախ կես կատակ – կես լուրջ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգը Հայաստանի Միացյալ Նահանգներ ենք անվանում՝ հաշվի առնելով այդ տարածքում ամերիկահայության ինչպես քանակական, այնպես էլ որակական ազդեցությունը:

Այդ ազդեցությունը (միջազգային առումով՝ նաեւ քաղաքական հարցերում) ոչ միայն ԱՄՆ-ի տարածքում է նշանակալի, այլեւ ամբողջ հայկական սփյուռքում:

Ցավոք, ինչը չի կարելի ասել եվրոպական ու ասիական (թուրք-հրեական կազմաքանդման հետեւանքով անցան այն ժամանակները, երբ Իրանի ու արաբական որոշ երկրների հայաշատ սփյուռքը իր ազդեցիկ լծակներն ուներ տարածաշրջանում), ինչպեսեւ ու հատկապես ռուսաստանյան հայկական սփյուռքի մասին:

Իսկ ըստ տվյալների՝ ամենահայաշատ երկիրը Ռուսաստանն է, որտեղ սակայն հայկական ազդեցությունը պետական ճնշումների ու վերահսկողութհյան տակ է: Երեւի Մոսկվան այդպես է իր սերը ցույց տալիս դաշնակից Հայաստանին՝ համարելով, որ իր աջակցությունը բավարար է, եւ ռուսաստանահայ համայնքը կարող է լռել…

Իսկ ահա Լոս Անջելեսի՝ Լոս Արմենիոս անվանումը ոչ միայն հայերն են գործածում, այլեւ այդ տարածքում բնակվող մեքսիկացիները, չինացիները, եւ այլք:

Իսկ Գլենդեյլը գրեթե հայկական քաղաք է համարվում… Այստեղ նույնիսկ խանութներում, ռեստորաններում, բենզալցակայաններում եւ սպասարկման այլ վայրերում տարբեր ազգեր ներկայացնող աշխատակիցները, անգամ սեւականները հաճախ հայերեն են պատասխանում ու սպասարկում:

ԱՄՆ-ում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդելի Քաղաքային խորհրդի, Միացյալ կրթական խորհրդի եւ Համայնքային քոլեջի խորհրդի ընտրությունները:  

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Քաղաքային խորհրդի 3 թափուր տեղերի համար պայքարել են 10 թեկնածուներ, որոնցից 4-ը հայազգի՝ Արա Նաջարյան, Զարեհ Սինանյան, Վրեժ Աղաջանյան, Օնիկ Մեհրաբյան: Նախնական տվյալներով ամենաշատ ձայները հավաքել են հայ թեկնածուները՝ Արա Նաջարյան՝ 8305 ձայն, Զարեհ Սինանյան՝ 7892 ձայն, Վրեժ Աղաջանյան՝ 7885 ձայն:

Այսպիսով, Քաղաքային խորհրդի 5 անդամներից 4-ը հայազգի են, ամենայն հավանականությամբ 2017-2018թթ. Գլենդելի քաղաքապետի պաշտոնը կստանձնի Քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարապետյանը: Քաղաքի քարտուղարի պաշտոնում վերընտրվել է Արտաշես Քասախյանը՝ հավաքելով 12,630 ձայն, իսկ քաղաքի գանձապետի պաշտոնում՝ Րաֆֆի Մանուկյանը՝ 12,123 ձայնով:

Գլենդելի Միացյալ կրթական խորհրդի 3 թափուր տեղի համար պայքարել են 5 թեկնածուներ, որոնցից 4-ը՝ հայազգի: Հաղթող են ճանաչվել Արմինե Կարապետյանը՝ 3165 ձայն, Գրեգ Կրիկորյանը՝ 3030 ձայն, Շանթ Սահակյանը՝ 1891 ձայն:

Այսպիսով, Կրթական խորհրդի 6 անդամներից 4-ը հայազգի են:

Գլենդելի համայնքային քոլեջի խորհրդի ընտրություններում 3 թափուր տեղի համար պայքարել են 5 թեկնածուներ,  2-ը՝ հայազգի: Հաղթող են ճանաչվել Արմինե Հակոբյանը՝ 3075 ձայն, Իվետտա Վարդանյան Դեւիսը՝ 1685 ձայն:

Այսպիսով, Գլենդելի համայնքային քոլեջի խորհրդի 6 անդամներից 3-ը հայազգի են, իսկ նախագահը մեքսիկուհի է՝ ամուսնացած հայազգի Լեւոն Գաբրիելյանի հետ:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 14 (447), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։